Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկին:
Ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանում 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչեւ 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 դոլարի չափով:
Իսկ թե ինչ գին կվճարենք ապրիլի 1-ից հետո, պարզ չէ: Համենայնդեպս, եթե համաձայնագիր չկնքվի, ապա ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին կվճարենք նախկին՝ 189 դոլար գնով:
Հնարավո՞ր է այսպես լինի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը չի կարծում: Այդ դեպքում ինչու՞ են բանակցությունները ձգձգվում: «Աշխատանքային գործընթաց է»,- նախարարի հակիրճ պատասխանն է:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար կնվազեցնի գազի գինը: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարի կեսերին Հայաստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին՝ ռուսական բնական գազի սակագնի նվազեցման խնդրանքով (մենք միշտ խնդրանքով ենք դիմում, ոչ թե առաջարկով, դրա համար էլ հույս ենք ունենում, ոչ թե հավատացած կամ համոզված լինում,-խմբ.): Ներկայում կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում: «Ելնելով միջազգային տնտեսական իրավիճակից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ ակնհայտ է դառնում, որ գազի գնի նվազեցումը ոչ միայն անհրաժեշտ, այլ հնարավոր է»,-նկատել է կառավարության ղեկավարը: Որ գազի սակագնի նվազեցումը հնարավոր է, արդեն չի հերքում անգամ հայկական կողմը (հիշեցնենք, որ ամեն անգամ, երբ լրատվամիջոցները այս թեմայի համապատկերում խոսում էին ռուսական կողմի՝ հայկական կողմի նկատմամբ ոչ դաշնակցային հարաբերություններից, հայկական կողմը մշտապես պնդում էր, որ ռուսական կողմը գազի գինը նվազեցնելու հնարավորություն չունի,-խմբ.):
«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը կայուն գործի եւ եկամտաբեր լինի խելամտության սահմաններում: Սակայն բնակչության համար գները պետք է մատչելի լինեն: Գազի սպառման նվազումը խոսում է այն մասին, որ ընկերությունը սակագների նվազեցման պայմաններում կարող է ավելի մեծ եկամուտ ունենալ»,- ասել է վարչապետը:
Ի դեպ, 2015թ. Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1920,9 մլն..խմ գազ, որը 6,8%-ով քիչ է 2014թ.-ից: Սա նշանակում է, որ եթե գազի սակագինը ռուսական կողմը չվերանայի, ապա տարեցտարի մեր երկիր մուտք գործող ռուսական գազի ծավալները կնվազեն: Գյուղերում վաղուց են կրկին ցախի ու աթարի անցել…
Աստղինե Քարամյան
* * *
Հայկական 7 ընկերություն՝ միջազգային ցուցահանդեսում
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական 7 ընկերությունների հետ համատեղ մարտի 13-15-ը մեկ միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցել է «PROWEIN2016» գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին:
Տեղեկացնենք, որ այն Եվրամիության առաջատար եւ աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին այս տարի ներկայացված է շուրջ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից:
Ամեն տարի, ցուցահանդեսից առաջ, փետրվարին տեղի է ունենում՝“MUNDUS VINI միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություններ՝ «Ոսկեվազի Գինու Գործարան», «Վան Արդի» եւ «Արմենիա Վայն», արժանացել են 2-ական ոսկե եւ արծաթե մեդալների։
Հայկական գինին Եվրոպա մտավ
Հայաստանի զարգացման հիմնադրամից փետրվարի 29-ին տեղեկանում ենք, որ 2015թ. հունիսի 11-ին Բրյուսելում հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց՝ 2016թ. հունվարին Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը՝ 23 տեսակի 10 000 շիշ գինի եւ 12 տեսակի 1700 շիշ կոնյակ։
Համաժողովից հետո բելգիական With Us ընկերությունը դիմել էր խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների եւ կաշվե իրերի տեսականուն:
With Us-ը մտադրություն էր հայտնել կազմակերպել հայկական գինիների ներմուծումը Բելգիա եւ Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Համաժողովից քիչ անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը ԵՄ-ում Հայաստանի առեւտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է With Us-ի տնօրենի այցը Երեւան։ Այստեղ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումների ու քննարկումների արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» եւ «Նոյ» ընկերությունների հետ:
Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքի միջոցով:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում, Հայաստանի եւ Բելգիայի միջեւ գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառմանը, փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել նշյալ հիմնադրամի եւ Վալոնիայի արտահանման ու ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության, Բրյուսելի առեւտրի պալատի միջեւ:
«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



