Տարածաշրջանի կայունության գրավականը – Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին,… Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի… Ադրբեջան փախած դավաճան ընտանիքը ծպտվա՞ծ է մնում, թե՞…

Տարածաշրջանի կայունության գրավականը

Հայաստանի նախագահի այցը Հունաստան եւ Կիպրոս տեղավորվում է տարածաշրջանային այն քաղաքականության մեջ, որով պաշտոնական Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին, եթե սիրիական հարցը կրկին դառնա աշխարհաքաղաքական բաժանումների պատճառ: Սերժ Սարգսյանի հանդիպումները բարձր մակարդակով են անցել եւ շատ ընդգրկուն, ինչը հավաստում է, որ հակաթուրքական ճակատում Հունաստանն ու Կիպրոսը մնում են կարեւոր դաշնակիցներ: Այս առումով հատկապես կարեւոր է Հունաստանի առկայությունը, քանի որ այս երկիրը եւս ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, ինչպես Թուրքիան:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի, նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ, եւ հանդիպումները երկուստեք արդյունավետ են գնահատվել: ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ հունահայ համայնքի եւ Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կիպրոի այցը եւս արդյունավետ է գնահատվել: Մեր երկրի ղեկավարը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Իանակիս Օմիրուի հետ, ով անձնական մեծ ավանդ ունի Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործում: Հանդիպումներ են եղել նաեւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեր նախագահն անդրադարձել է համագործակցության բոլոր բնագավառներին, բայց առանձնահատուկ նշել է, որ այսօր լինելով փոքրատարածք պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը, որտեղ կարեւորվում է այն հանգամանքը, որ երկրները պատասխանատու են տարածաշրջանի խաղաղության համար: «Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որեւէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»:  Նշվել է, որ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փոխշահավետ գործընկերություն է զարգացնում արեւմտյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տասնյակ պետությունների հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բրազիլիա: Ըստ նախագահի, այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել, նա չի շրջանցել նաեւ Մերձավոր Արեւելյան տարածաշրջանի երկրների հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար երեւէ խոչընդոտ չի հանդիսացել կրոնական, ազգային կամ որեւէ այլ գործոն։ Որպես օրինակ է բերվել տարիներ ի վեր եղբայրական արաբական երկրներում ծաղկող եւ այդ երկրների զարգացմանն իրենց ավանդը բերող հայ համայնքները։ «Հայերիս համար այնտեղ տիրող իրավիճակը կրկնակի ցավալի է, քանի որ մեկ անգամ արդեն իսկ ցեղասպանություն վերապրած եւ Սիրիայում ու Արեւելքում ապաստան գտած հայ գաղթականների սերունդները 100 տարի անց կրկին ստիպված են թողնել իրենց տներն ու տարիների վաստակը եւ 21-րդ դարում փախուստի դիմել՝ հանուն իրենց գոյության պահպանման»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նույն տրամաբանությամբ՝ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, իսկ այս տարի նաեւ նախագահող, Հայաստանը շարունակում է արդյունավետ ծրագրեր իրականացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ: Միջազգային խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստն է բերում միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը:

ՀՀ նախագահն ասել է նաեւ, որ 2015թ. շատ խորհրդանշական էր հայ ժողովրդի համար. «Հայաստանը, համայն հայությունը, ինչպես նաեւ առաջադեմ մարդկությունը ոգեկոչեց 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն անցկացված միջոցառումների նպատակը ոչ միայն մեր ժողովրդի համար արդարության վերականգնումն էր, այդ տարելիցին ընդառաջ մենք նպատակ էինք դրել նոր շունչ հաղորդել ցեղասպանությունների կրկնության դեմ ուղղված պայքարին, ամրապնդել դրա կանխարգելման հիմքերը։ Եվ այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց»։

«Մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծման բանակցային եղանակը, մեր խորին համոզմամբ, չունի այլընտրանք 21-րդ դարում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Արցախյան հարցում բարձր են գնահատվել նաեւ Հունաստանի ու Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հայկական պետությունն էլ մշտապես աջակցելու է Հունաստանին ու Կիպրոսին՝ Կիպրական եւ այլ հիմնախնդիրներում: Սա ոչ միայն համերաշխության դրսեւորում է եղբայրական երկրներին, այլ խորին համոզմունք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է յուրովի լուծում ստանա, քանի որ տարբեր են դրանցից յուրաքանչյուրի ակունքներն ու տրամաբանությունը:

Կիպրոսի հիմնահարցի խաղաղ կարգավորումը Հայաստանը շատ իրատեսական է համարում, եթե անմիջական ներգրավվածություն ունեցող այլ ուժեր չխոչընդոտեն խնդրի կառուցողական լուծմանն ուղղված քայլերին։ «Հայաստանը հարատեւ խաղաղություն ու արդար լուծում է փափագում հայ եւ հույն ժողովրդների առջեւ ծառացած կիպրոսյան ու արցախյան հիմնախնդիրների համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:

Արտակ Հայոցյան

Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի

ՌԴ ԱԳՆ-ն հնարավոր չի համարում 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագրի խզումը. այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Այս դիրքորոշումը հիմնավորել է այն բանով, որ միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրերը, որոնք որոշում են երկրների միջեւ սահմանները, ենթակա չեն չեղարկման:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ պայմանագրի խզումը ոչ մի իրական փոփոխության չի հանգեցնի, ընդհակառակը, ապակայունացնող քաղաքական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում, քանի որ դա վերաբերում է տարաշարջանում գոյություն ունեցող պետական սահմանների վերանայման հարցին:

Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից

Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի մասին վերջին տեղեկությունը մամուլում հայտնվել է նախորդ տարվա աշնանը՝ կապված նրա մոր վրաերթի ենթարկվելու փաստի հետ: Ի՞նչ վիճակում է այդ ընտանիքը, ինչո՞վ է զբաղվում, ավելի քան 5 ամիս է այդ մասին ոչ մի տեղեկություն չկա:

Այս ընտանիքի մասին որեւէ տեղեկություն չունի նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը Ադրբեջանում աշխատակիցներ ունի լիազորված՝ գերիների եւ նրանց հարազատների միջեւ կապ հաստատելու մանդատով:

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին հայտնել է, թե չի կարող հաստատել ոչ նրանց գոյության փաստը, ոչ էլ որեւէ տեղեկություն հայտնել: «Վահան Մարտիրոսյանը ոչ ռազմագերի է, ոչ էլ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական անձ: Կարմիր խաչը նրա հետ կապված տեղեկություններ կարող է ունենալ միայն իր դիմումի համաձայն, եթե ցանկանա կապ հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ»,- ասել է հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակը:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։