Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն – Ետ կանչելու դեսպաններ ունենք… Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից… Մոսկվան չի ցանկանում խզել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը…

Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարություններին, որոնք նրա խոսքով, «ցնցել էին համացանցը»: Մենք կհավելենք՝ ոչ միայն համացանցը:

Հիշեցնենք, որ մեր դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ «զավեշտալի» (հասկանում ենք նաեւ, որ այլ բան է ցանկացել ասել, սակայն բառաչիմացությունը ակնհայտ է այս, այսպես կոչված դիվանագետի մոտ):

Բայց սա միակ մտքի գոհարը չէր: Եվ նրա մամուլի խոսնակը թեեւ փորձել է մեղմացնել վիճակը, բայց ավելի անհեթեթ բան է դուրս եկել: Դեսպանը որոշել է անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եվ որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, նա խորհուրդ է տվել ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ ու համոզվել, որ արտագաղթ չկա»։

Այս դեսպանը առավելապես որպես ուղղակի սովետական անկիրթ մարզիկ է մնացել ցայսօր, քան՝ քաղաքական գործիչ, որը դեռ փորձում է դառնալ՝ թեկուզ մեր քաղաքական շահերը ոտնահարելով… Հայաստանի ԱԳՆ-ն արդեն պետք է ետ կանչած լիներ հայոց լեզվից (ուրեմնեւ՝ լեզվամտածողությունից) կիլոմետրերով հեռու դեսպանին:

Դեսպանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոհափիլիսոփայական մտորումներն ավարտել է եւս մեկ վիրավորական ձեւակերպմամբ՝ մեծահոգաբար հույս տալով բոլորիս, որ ցեղասպանության 200-ամյակը մենք կնշենք շատ ավելի բարձր մակարդակով»…

Այսինքն՝ քաղաքագետը տառապում է նաեւ քաղաքատգիտությամբ, եւ հայկական հարցի հետապնդումը եւ հաղթանակը եւս «զավեշտալի» է համարում…

Ինչպես պնդում է Նաիրա Զոհրաբյանը, շատերը դա վերածեցին «կարիկատուրայի», բայց ոչ մեկը չփորձեց կատարվածից լրջագույն հետեւություններ անել։ «Արտգործնախարարությունը լռում է։ Նրանից եկավ մեկ պատասխան՝ լռությունը եւս պատասխան է։ Ոչ, հարգելի Արտաքին գործերի նախարարություն, չի կարող լռությունը լինել պատասխան։

Սա եզակի դեպք չէ։ Մի դեսպանը նոտարում վավերացնում է իր հավատարմագիրը, տանում է իր հետ իր երկիր, մեկ այլ դեսպանի մասին ստանում ենք սկանդալային տեղեկություններ նրա բիզնես գործունեության մասին: Փոխանակ սրա պատասխանը լիներ մեր շատ հարգված ծանրորդին հետ կանչելը, ԱԳՆ մեր պաշտոնյաներն ուղղակիորեն լռում են»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նրա կարծիքով, այսպիսի գործիչների պատճառով Հայաստանը միջազգային ասպարեզում լուրջ չի ընկալվում, իսկ մեր թշնամիներն օգտվում են դրանից եւ, ստացվում է, դա ԱԳՆ-ն խրախուսում է:

Արման Դավթյան

Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից

Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի մասին վերջին տեղեկությունը մամուլում հայտնվել է նախորդ տարվա աշնանը՝ կապված նրա մոր վրաերթի ենթարկվելու փաստի հետ: Ի՞նչ վիճակում է այդ ընտանիքը, ինչո՞վ է զբաղվում, ավելի քան 5 ամիս է այդ մասին ոչ մի տեղեկություն չկա:

Այս ընտանիքի մասին որեւէ տեղեկություն չունի նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը Ադրբեջանում աշխատակիցներ ունի լիազորված՝ գերիների եւ նրանց հարազատների միջեւ կապ հաստատելու մանդատով:

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին հայտնել է, թե չի կարող հաստատել ոչ նրանց գոյության փաստը, ոչ էլ որեւէ տեղեկություն հայտնել: «Վահան Մարտիրոսյանը ոչ ռազմագերի է, ոչ էլ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական անձ: Կարմիր խաչը նրա հետ կապված տեղեկություններ կարող է ունենալ միայն իր դիմումի համաձայն, եթե ցանկանա կապ հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ»,- ասել է հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակը:

Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի

ՌԴ ԱԳՆ-ն հնարավոր չի համարում 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագրի խզումը. այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Այս դիրքորոշումը հիմնավորել է այն բանով, որ միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրերը, որոնք որոշում են երկրների միջեւ սահմանները, ենթակա չեն չեղարկման:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ պայմանագրի խզումը ոչ մի իրական փոփոխության չի հանգեցնի, ընդհակառակը, ապակայունացնող քաղաքական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում, քանի որ դա վերաբերում է տարաշարջանում գոյություն ունեցող պետական սահմանների վերանայման հարցին:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։