Ռուսական օդուժի հեռացումը՝ քաղաքական նոր մեկնարկ Սիրիայում – Պատերազմները հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բայց նաեւ՝ զենք-զինամթերքի առեւտուր միաժամանակ…

Ռուսաստանի նախագահի որոշումը՝‘օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, միանշանակ չեն վերլուծումները. ոմանց համար անսպասելիի էր սա, մյուսների համար՝ ակնկալելի:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան իր օդուժի ներգրավման քայլը բացատրել էր ժամկետային սահմանափակվածությամբ, թեեւ հստակ ժամկետներ չէին նշվել: Բայց խոսքը՝ որոշակի պատժիչ քայլերից հետո հեռանալու մասին է եղել: Որոշակի առաքելություն իրականացնելուց հետո: Նշենք նաեւ, որ տարածաշրջանում տարբեր գերտերությունների օդուժի ներգրավման գործողությունները եւս երկարատեւ բնույթ չեն ունեցել, այդ թվում՝ ամերիկյանն ու ֆրանսիականը: Օդուժը պատերազմների ընթացքում, կարճաժամկետ դրվածքով գործողություն է իրականացնում եւ, առհասարակ, նպաստող գործ ու գործոն է՝ ավելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմների ժամանակ:

Թվում է՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումները հաղթանակ պիտի նկատեն Մոսկվայի որոշումը, սակայն այն, ինչ կատարեց ռուսական օդուժը Սիրիայի տարածքում, թույլ չի տա այդպես մտածել: Սիրիական կառավարական ուժերը բավականին ամուր դիրքերի վրա են այժմ եւ ազատագրել են մի շարք կարեւոր կենտրոններ, որոնք ԻԼԻՊ-ին թույլ էին տալիս անգամ մտածել Սիրիայի մասնատման մասին: Իմիջիայլոց, այս խնդիրը եւս դրվել էր Մոսկվայի կողմից, որ Սիրիան ոչ միայն չի կարող մասնատվել, այլեւ չի կարող դաշնային պետության վերածվել, ինչին ձգտում է Արեւմուտքը՝ քրդական խնդիրը այստեղ եւս խաղարկելով:  Մոսկվայի այս քայլի առաջին պաշտոնական ողջունողները Բեռլինն ու Թեհրանը եղան, ինչն էլ հավաստում է, որ ռազմաքաղաքական տարբեր ուղղությունների վրա գտնվող երկրները սիրիական պատերազմի հարցով գրեթե հասել են նույնատիպ մտածողության: Գերմանիան միանշանակ պաշտպանում է Արեւմուտքի շահերը, իսկ Իրանը՝ Սիրիայի ու Ռուսաստանի:

Սա էլ նշանակում է՝ խնդիրը ռազմական լուծումից անցնում է քաղաքական լուծման:

Ոմանք էլ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն են պատճառ բերում, բայց եթե նման բան կա էլ, ապա հաստատ դա չէ գլխավորը: Մոսկվան այս ընթացքում Սիրիայում գործել է հենց այդ ճգնաժամի ընթացքում եւ ետ չի կանգնել, մինչեւ ԻԼԻՊ-ին հասցված վնասները նկատելի չեն դարձել:

Պատերազմները հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բայց նաեւ՝ զենք-զինամթերքի առեւտուր միաժամանակ: Իսկ ռուսական զենքի ցուցադրումները Սիրիայում ավելի մեծացրեցին ռուսական զենքի վաճառքի ծավալները: Եվ ուրեմն՝ խնդիրը տնտեսական ճգնաժամի մեջ չէ: Եվ վերլուծաբանների մի մասը հակված է կարծելու, որ սա ռուս-ամերիկյան ինչ-որ պայմանավորվածություն հետեւանք է: ԱՄՆ-ն էլ է մեծ ծախսեր կատարում այս կամ այն տարածաշրջանում ռազմական բախումների ժամանակ, ինչը Վաշինգտոնին եւս ստիպում է գնալ հրադադարի եւ քաղաքական համաձայնության:

Քաղաքական տրամաբանությանը մոտ է հնչում նաեւ Սիրիայի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական զորքի (այս դեպքում օդուժի) հեռացման՝ ընտրությունների օրինականացմանը նպաստելու տարբերակը: Որպեսզի արեւմտամետ ընդդիմությունը չխաղարկի ռուսական գործոնը:

Միաժամանակ նշենք, որ ռուսական օդուժի հեռացումը բոլորովին չի նշանակում ռուսական վերահսկողության վերջը, Մոսկվան իր ռազմանավերը դեռ սիրիական ջրերում է պահում, եւ շարունակվում է ամեն տեսակի ռուսական օժանդակությունը ներկա վարչակարգին: Հատկապես այն հարցում, որ քրդերը չկարողանան հասնել իրենց նպատակին:

Իսկ քրդերը պատրաստվում են հայտարարել, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա դաշնային համակարգ պիտի ստեղծվի:

Տարածքները պիտի կոչվեն Հյուսիսային Սիրիայի դաշնություն: Եվ իբր քրդական բառակապակցության բացակայությունը նշանակում է, որ այդ միավորման մեջ կմտնեն նաեւ այլ ազգաբնակչություններ եւս: Սա իհարկե կարող է լինել, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը չկարողանան պահել համաձայնությունը եւ աշխարհաքաղաքական շահերի նոր բախում առաջանա:

Հրադադարը եւս համաձայնեցված էր. դա վերաբերում էր նաեւ թուրքական տարածքներից Սիրիայում քրդական հենակետեր ռմբակոծելու արգելքին: Ի պատասխան Անկարայում մեծ պայթյունին՝ Թուրքիան հրթիռակոծում էր Իրաքի քրդերին եւ լուռ մնում Սիրիայի քրդերի նկատմամբ:

Ռուսական օդուժի հեռացումը կարող է նկատվել քաղաքական շրջադարձային փուլի նախասկիզբ: Այդ գործընթացում կներառվի նաեւ քրդական գործոնը, որ այս դեպքում կվայելի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի աջակցությունը: Սա էլ վախեցնում է Անկարային: Այս դեպքում Հյուսիսային Սիրիայի դաշնությունը կարող է եւ իրականություն դառնալ: Ռուսաստանը սովոր է իր դաշնակիցներին դարձնել քավության նոխազ, ինչը Սիրիայում պետք է հաշվի առնեն: Մենք՝ հայերս, այդ մասին շատ բան գիտենք, շատ ենք տուժել մեր պատմության ընթացքում ռուսական նման քաղաքականությունից… Եվ քրդական գործոնի ակտիվացումը կարող է նաեւ Իրաքի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքներ հասնել:

Հակառակ դեպքում՝ Ռուսաստանն իր ուժերը Սիրիայում կարող է վերատեղակայել 48 ժամում: Ի դեպ, Լաթաքիայի գավառի Հմեյմիմի ռազմական հենակետում ռուսական ուժերի թվակազմը գաղտնի է պահվում, սակայն, ըստ արբանյակային նկարահանումներին հիմնված տեղեկությունների, Ռուսաստանն այստեղ ունեցել է 36 կործանիչ։

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։