Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Հայ մարզիկները մեր երկրում եւ արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.-

Մեր ծանրորդները՝ ՌԴ նախագահի գավաթակիր

Մեր ծանրորդները հաջող հանդես եկան Կազանում  ավարտված ծանրամարտի «ՌԴ նախագահի գավաթի» խաղարկությունում: Նախ Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն հավասարը չունեցավ գերծանր քաշային կանանց պայքարում՝  երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք: Ապա գերազանց հանդես եկավ նաեւ մեր գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ պոկում վարժությունում բարձրացրեց 189 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝  241 կգ, եւ երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը:

Մեր երկիրը ներկայացել էր 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացավ 10-րդ փուլը: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին պարտվելուց հետո, Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել մրցաշարի ետնապահ բուլղարացի Վեսելին Թոփալովին՝ գրանցվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4-րդ տեղերը՝ 4,5 միավորով: Առաջատարներն են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 6-ական միավորով:

Հ.Գ.-1 – Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջը – Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը մինչ այդ 9 ոչ-ոքի էր արել եւ կրել մեկ պարտություն: Լեւոն Արոնյանը, ինչպես եւ նածորդ փուլում կայացած Վեսելին Թոփալովի հետ խաղում, բավական վստահ սկսեց հանդիպումը եւ միջնախաղում լավ դիրք ստացավ: Սակայն հետագայում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ արդեն ինքը հայտնվեց ոչ շահեկան վիճակում՝ ինչից էլ օգտվեց Պյոտր Սվիդլերը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով եւ այժմ Սվիդլերի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ով 1 միավոր ավելի ունի: Հաջորդ, 12-րդ տուրը, տեղի կունենա վաղը, մարտի 25-ին: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ

Հ.Գ.–2 – Լեւոն Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունըՄոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի  հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 12-րդ փուլը: Այն անչափ վճռորոշ նշանակություն ուներ մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտության դեպքում նա միանշանակ զրկվում էր առաջին տեղ գրավելու հնարավորությունից, իսկ հաղթանակը, հակառակը, նրան դարձնում էր գլխավոր հավակնորդներից մեկը:

Սակայն լարված պայքարում խաղը 67-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ տեսականորեն դեռեւս պահպանում է առաջին հորիզոնականը գրավելու շանսերը: Հաջորդ, 13-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է մրցաշարի առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ, որն ունի 7 միավոր: Վերջին, 14-րդ փուլում, նա սեւերով մրցելու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին վստահ հաղթել է առաջին շրջանում: Հաղթանակների դեպքում Լեւոն Արոնյանը կարող է հավակնել առաջին տեղին, եթե, իհարկե, միավորներ կորցնեն առջեւում գտնվող մյուս երկու շախմատիստները՝ Ֆաբիանո Կարուանան (7 միավոր) ու Վիշի Անանդը (6,5 միավոր): Հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջատարները անցկացնելու են լրացուցիչ մրցամարտ կամ մրցաշար:

Հաղթել է կայացած բոլոր փուլերում

Մեր շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Արդեն կայացել է 3 փուլ, եւ նա հաղթել է բոլոր մրցակիցներին ու մի խումբ շախմատիստների հետ: Սույն մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:  ՀՀ նախագահը՝ ՖԻԴԵ-ի  պատվավոր փոխնախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական եւ մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման եւ զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու բարձր հեղինակությունը շախմատային աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք ու ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան ամենաակտիվներից է

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հավակնորդների մրցաշարի ընթացքում տվել է մի շարք հարցազրույցներ, որոնցում անդրադարձել է հավակնորդների մրցաշարի ընթացքին եւ խոսել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ու ՖԻԴԵ-ի համագործակցության մասին: Մասնավորապես նշել է. «Հայաստանի շախմատային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի 186 անդամ ֆեդերացիաներից ամենաակտիվներից մեկն է եւ օրինակ է ծառայում բազմաթիվ ֆեդերացիաների համար, եւ ես այլ երկրների ղեկավարներին ներկայացնում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ու նրա նախագահի՝ Սերժ Սարգսյանի աշխատանքը: Նա եւ իր թիմը շատ մեծ աշխատանք են կատարում տանում շախմատի հանրայնացման ուղղությամբ, եւ պատահական չէ, որ հենց Հայաստանի հավաքականն է 3 անգամ դարձել շախմատի Օլիմպիական չեմպիոն: Շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ եռակի Օլիմպիական չեմպիոն հավաքականով: Հայաստանում նպատակային աշխատանք է տարվում պրոֆեսիոնալ շախմատիստներ ձեւավորելու համար, եւ մյուս կողմից այն Հայաստանում զանգվածային սպորտաձեւ է: ՖԻԴԵ-ի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ շախմատը դառնա մասսայական սպորտաձեւ»:

Այնուհետեւ ՖԻԴԵ-ի նախագահը նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է դարձել, եւ Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում Շախմատի ակադեմիան, ապա ավելացրել է. «Անցյալ տարի Հայաստանում անցկացվեց «Շախմատը՝ դպրոցներում» խորագրով միջազգային համաժողով, իսկ ես եւ Նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի համայնքներից մեկում շախմատի ակումբ բացեցինք»: Կիրսան Իլյումժինովը խոսել է նաեւ ՀՀ նախագահի հետ իր արդեն հանրահայտ դարձած խաղի մասին: «Նախագահ Սարգսյանը շատ լավ խաղարկեց սկզբնախաղը եւ ստացավ մեծ առավելություն: Նա ճնշեց ինձ, ու ես սկսեցի շատ ժամանակ ծախսել՝ ճիշտ քայլեր գտնելու համար, այդ իսկ պատճառով սպառեցի խաղային ժամանակը եւ պարտվեցի, Սերժ Սարգսյանը հիանալի մարզավիճակում է եւ խորությամբ գիտի սկզբնախաղը»:

Առաջին գոլն է խփել ԱՄՆ-ում 

Յուրա Մովսիսյանը առաջին գոլը խփեց ԱՄՆ-ի ֆուտբոլի ուժեղագույն լիգայի ընթացիկ առաջնությունում: Մեր հավաքականի հարձակվողը իր թիմի՝ «Ռեալ սոլթ լայքի» կազմում մասնակցել է «Պորտլենդ Տայմբերսի» հետ արտագնա խաղին: Յուրա Մովսիսյանը 58-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը, կրկնապատկել է հաշիվը, սակայն հյուրերին չի հաջողվել պահպանել երկու գնդակի առավելությունը եւ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: «Ռեալ Սոլթ Լայքի» 3 խաղից հետո վաստակել է 5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն այս տարվա ձմռանն է Մոսկվայի «Սպարտակ»-ից տեղափոխվել ԱՄՆ: Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նրան չի հրավիրել թիմ՝ մարտի 25-ին Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը պատրաստվելու համար:

Արաս Օզբիլիսը՝ «Ռայո Վալեկանո»-ում

Իսպանիայի առաջնության 28-րդ փուլում «Ռայո Վելականոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Էսպանյոլ»-ին: Մադրիդցիների կազմում 55-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Դա 25-ամյա ֆուտբոլիստի նորամուտն էր իսպանական թիմում եւ 67-րդ րոպեին նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ, որի շնորհիվ Բեբեն հավասարեցրել էր հաշիվը: «Ռայո Վալեկանո»-ն» վաստակած 26 միավորով 17-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը նույնպես Մոսկվայի «Սպարտակ»-ի խաղացող էր եւ այդ թիմից տեղափոխվեց Իսպանիա: Հիշեցնենք նաեւ, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաեւ «Մոնակո»-ն:

Հետաձգվել են Հայաստանի առաջնության խաղեր

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլի հանդիպումները հետաձգվել են: Խաղացանկի փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի հավաքականների հետ: Մեր ազգային թիմը մարտի 25-ին ընկերական խաղ է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ իմիջիայլոց, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով, չնայած մեր ֆուտբոlիստները գոլ խփելու պահեր ունեցան), իսկ Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության շրջանակում մարտի 29-ին կմրցեն Դանիայի այդ տարիքային հավաքականի հետ:

Առանց հանդիսատեսի չեն անցնի «Եվրո-2016»-ի խաղերը

ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը պաշտոնապես հաղորդել է, որ չի պլանավորում Եվրոպայի առաջիկա առաջնության հանդիպումներն անցկացնել առանց հանդիսատեսի: Այդուհանդերձ, շեշտվում է, որ կազմկոմիտեն աշխատում է պահեստային տարբերակների մշակման ուղղությամբ, որոնք կգործարկվեն արտակարգ իրավիճակներում՝ կապված Եվրոպայում կատարվող ահաբեկչական դեպքերի հետ:

«Մենք վստահ ենք, որ անվտանգության բոլոր միջոցառումները կօգնեն՝ ապահովելու տոնական «Եվրո-2016»,- նշված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:- Ուստի չկա պլան, որ խաղերը կարող են անցկացվել փակ դռների հետեւում: Բայց մենք պահեստային տարբերակներ ենք մշակում ճգնաժամային իրավիճակների համար, քանզի պատասխանատու ենք գործընթացի բոլոր մասնակիցների (ֆուտբոլիստներ, երկրպագուներ եւ այլք) անվտանգության համար ու լրջորեն ենք մոտենում այդ հարցին»:

Հայ մրցավարները՝ միջազգային արենայում

Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումը, որը կկայանա մարտի 25-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը եւ Էրիկ Արեւշատյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերկյանը:

«Բորուսիա»-ն՝ ընդդեմ եվրոպական Սուպերլիգայի ստեղծման

Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները հանդես են եկել եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի դեմ: Անգլիական «Տոտենհեմ»-ի հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ նրանք պաստառ են բարձրացրել՝ «Ձայներդ կտրեք վերջապես» գրությամբ: Ավելի վաղ տեղեկատվություն է հրապարակվել, որ ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Ռոսսը պլանավորում է ստեղծել նոր մրցաշար՝ եվրոպական Սուպերլիգա, որում հայտնվելը կախված չի լինի ներքին առաջնություններում արձանագրված արդյունքներից:

Փոքրիկը հանդիպեց Հենրիխ Մխիթարյանին

Մարտ 23-ին կատարվեց 13-ամյա Կառլենի երազանքը. նա հանդիպեց իր սիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ երեխան Թրիչեր Քոլինզի համախտանիշով է հիվանդ: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Մխիթար Հայրապետյանն, ով հանդիպման նախաձեռնողն է, օրեր առաջ հանդիպեց Կառլենին եւ իմացավ նրա երազանքի մասին: Մխիթարը շատ արագ ֆեյսբուքյան խումբ բացեց՝ Երազանքի հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ անվամբ, հորդորելով բոլոր սրտացավ մարդկանց օգնել՝ հայտնի հայազգի ֆուտբոլիստի հետ կապ հաստատելու հարցում: Աջակիցների միջոցով ի վերջո հանդիպումն իրականացավ: «Կառլենի ուրախությունը բառերով չեմ կարող նկարագրել: Միայն կարող եմ իր խոսքերը փոխանցել. «Հենոյի հետ հանդիպումն ինձ ուժ կտա, առաջ կմղի: Զգացի, որ Հենոն ինձ շատ է սիրում»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Հայրապետյանը:  Նա նշեց նաեւ, որ Կառլենի հետ որոշել են ամեն տարի մարտի 22-ը նշել որպես հատուկ օր:

Ի դեպ, հանդիպումը ոչ հրապարակային է եղել՝ պայմանավորված սիրված ֆուտբոլիստի ցանկությամբ: Հիշեցնենք, որ հայտնի հայ ֆուտբոլիստը հաճախ է հիշում երեխաներին: Նախորդ տարեվերջին հիշարժան էր նրա այցը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ նա նվերներ է բաժանել երեխաներին, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին նվիրել է համակարգիչներ: Հենրիխի այցելությունը մեծ խանդավառություն է առաջացնում երեխաների շրջանում, նրանք հիմնականում ճանաչում եւ սիրում են հանրահայտ ֆուտբոլիստին,, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, ուրախանում նրա հաջողություններով: Հայաստանի հավաքականի ավագը ժամանակ է գտել նաեւ ու սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ: Երեխաները եւս հետ չեն մնացել ու ներկայացրել են իրենց  բեմադրած պարային համարները:

Հայաստանի ձյուդոյիստները կմեկնեն Թբիլիսի

Հայաստանի ձյուդոյիստները մարտի 24-27-ին կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք Մեծ մրցանակի մրցաշարին: Այդ մրցումներում մեր երկիրը կներկայացնի 6 մարզիկ-մարզուհի. Գարիկ Հարությունյան (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչ (52 կգ):

«Վարկանիշային միավորների համար կպայքարեն Ֆերդինանդ Կարապետյանը եւ Ժաննա Ստանկեւիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս մրցաշարը հնարավորություն կտա փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների հետ պայքարում»,- հայտարարել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։