Ուտողները պայքարում են ուտողների դեմ – Իսկ մեր կառավարությունը «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»… Ընդդինադիր գործիչը հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ…

Ուտողները պայքարում են ուտողների դեմ

Ըստ միջազգային կազմակերպությունների տարբեր ուսումնասիրությունների, Հայաստանին բնորոշ են «համակարգային կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացմամբ՝ Հայաստանում տնտեսության 35%-ը ստվերում է՝ հարկ չի վճարում։ Վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված որոշ գործարար խմբեր։

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի  զեկույցում  էլ նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարեւոր խնդիրներից, չնայած այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:

Այս խումբը պաշտոնական Երեւանին հատկապես հորդորում է քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլեւ ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով եւ նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»,- ասված է զեկույցում։  Որպես լուծում հակակոռուպցիոն խումբն առաջարկում է՝ նվազեցնել Հանրապետության նախագահի դերը դատավորների առաջխաղացման ու պաշտոնանկության գործընթացում։

Դեռեւս 2013թ. ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է դատական ատյաններում շրջանառվող կաշառքի չափերը։ Ըստ ՄԻՊ այդ  զեկույցի՝  խնդիրը առաջին ատյանում կարող է լուծվել 500-ից 10.000 դոլարով, վերաքննիչում՝ 2.000-ից 15.000, իսկ վճռաբեկում՝ 10.000-ից 50.000 դոլարով։

Չնայած այսպիսի փաստերին՝ Հայաստանի կառավարությունը դեռ հայտարարում է, թե «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»։ Շուրջ 1 տարի է  գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի կազմում ընդգրկված պետական պաշտոնյաների անունները ժամանակ առ ժամանակ կապվում են կոռուպցիոն ռիսկերի հետ։

Իմիջիայլոց, ոստիկանության տվյալներով՝ 2015թ. կոռուպցիոն բնույթի՝ 616 հանցագործության դեպք է հայտնաբերել, որից 97-ը՝ կաշառակերության։

* * *

ԱԺ-ում ԸՕ քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ունի լայն հնարավորություններ արտասահմանից հսկայական գումարներ ձեռք բերելու համար: Նման քայլի նա դիմեց, երբ առաջարկվեց, որ մինչեւ մոտակա ԱԺ ընտրությունները, այսինքն՝ մինչ 2017թ. ապրիլի 1-ը, Հայաստանում բոլոր ընտրողներին տրամադրվեն նույնականացման քարտեր:

Այդ ծախսը պատգամավորը առաջարկում էր կատարել պետբյուջեից. «իսկ եթե այդ գումարները պետբյուջեից չեք կարող ապահովել, ապա խնդրեմ, մենք կարող ենք դիմել արտասահմանյան գործակալություններին եւ հեշտությամբ լուծել այդ հարցը>:

Այսպես, նա ակամա փաստեց, որ հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ ու կարելի է ենթադրել, որ բազմիցս արդեն ստացել է: Թե ի՞նչ նպատակներով, գուցե հետո էլ ակամա խոստովանի:

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։