Երեւանյան խնդիրները՝ ափի մեջ կամ՝ hաջողված երկխոսություն՝ էլեկտրոնային տիրույթում – Անկեղծ զրույց մայրաքաղաքի բնակիչների հետ՝ մինչեւ քաղաքապետի կենցաղը…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է խնդիրների հետ կապված երկխոսության: 24 ժամում մոտավորապես 300 հարց էր ուղղվել քաղաքապետին: Դրանք եւ՛ գործնական էին՝ ներառելով քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները (բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունքներ, ճանապարհաշինություն, հասարակական տրանսպորտային ցանց, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն եւն), եւ՛ անձնական բնույթ ունեին:

Երկխոսությունը ստացված կարելի է համարել. հարցերն ուղղվել էին պատշաճության սահմաններում, նկատելի էր, որ քաղաքացիներն իսկապես մտահոգ են Երեւանի ճակատագրով եւ առարկայական խնդիրներ են արծարծում, ու նաեւ քաղաքապետն էր բարեհամբույր պատասխանել այնպիսի հարցերի, որոնք, ըստ էության, քաղաքապետարանի տիրույթում չեն. քաղաքապետը այդ օգտատերերին հստակ ուղղություն էր տվել, թե որոշակի հարցերով ում կարող են դիմել: Թերեւս ամենակարեւորը. քաղաքապետը բոլոր հարցերին պատասխանել էր հայերեն, պարզ, քաղաքացու համար ընկալելի:  Տարոն Մարգարյանի հետ բնակիչների հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված բոլոր հարցերի շրջանակում գերակշռում էին քաղաքային տրանսպորտի վերաբերյալ հարցերը: Երեւանի բնակիչներն ահազանգում էին քաղաքային տրանսպորտի անմխիթար վիճակի, իսկ որոշ դեպքերում էլ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում երթուղիների ավելացման, մետրոյի նոր կայարանների բացման, տրոլեյբուսային ցանցի վերակառուցման, ինչպես նաեւ երթուղային տաքսիների անմխիթար վիճակի ու կենտրոնական փողոցների ծանրաբեռնված երթեւեկության մասին: Քաղաքապետը նկատել էր, որ քաղաքային տրանսպորտը ոչ թե մասնակի փոփոխությունների կամ վերանայումների, այլեւ համալիր փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Եվ այս հարցը մեր օրակարգում է։ Առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմնահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներակայացվի հանրությանը: Մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ եւ «ջի-փի-էս» համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր եւ այլ մոտեցումներ, ինչը երեւանյան ներքաղաքային տրանսպորտի վիճակը կբարձրացնի միջազգային մակարդակի»: Ինչ վերաբերում է մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելուն, ապա դա բավականին թանկարժեք գործընթաց է եւ պահանջում է ահռելի ներդրումներ: Քաղաքային իշխանությունը բանակցում է տարբեր միջազգային կառույցների հետ եւ արդյունքների մասին բնակիչներին լրացուցիչ կտեղեկացվի: Իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ էլ բանակցություններ են տարվում տրոլեյբուսային ցանցի վերակառուցման եւ արդիականացման ուղղությամբ: Արդեն պատվիրվել է իրագործելիության ուսումնասիրություն, որից հետո պարզ կլինի անհրաժեշտ ներդրումների չափը, անելիքների հնարավոր ժամանակացույցը:

Երեւանի քաղաքապետի եւ բնակիչների երկխոսությունն այնքան անկեղծ էր ստացվել, որ մեկը նույնիսկ հարցրել էր, թե ինչ մասնագիտություն ընտրի՝ հետագայում հարմար աշխատանք ունենալու համար: «Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մարդու անձնական որոշումը պետք է լինի, իսկ իմ կողմից կառաջարկեմ երկրորդ մասնագիտության ընտրության հարցում մոտենալ գործնական տեսանկյունից ու աշխատաշուկայի պահանջներին համահունչ՝ ոլորտում լավագույնը դառնալու համար: Մաղթում եմ հաջողություն այս կարեւոր հարցում: Նշեմ նաեւ, որ Երեւանի քաղաքապետին կից գործում է երիտասարդության խորհուրդ, որը հանդես է գալիս տարաբնույթ նախաձեռնություններով, որի շրջանակում ներկայացվում ու քննարկվում են նաեւ երիտասարդությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ զբաղվածության խնդիրը: Կառաջարկեմ կապ հաստատել խորհրդի երիտասարդների հետ, ինչը, կարծում եմ, բավականաչափ օգտակար կլինի Ձեզ համար»,- պատասխանել էր քաղաքապետը:

«Ես եւ ընտանիքս ապրում ենք Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում,‘ այսինքն՝ Երեւանի Բագրեւանդի փողոցի ձախակողմյան հատվածում: Մեր համայնքի բնակիչների շրջանում ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ Ջրվեժ գյուղի հիշյալ հատվածը՝  Ա թաղամասը, շուտով ընդգրկվելու է Երեւան քաղաքի վարչական տարածքի մեջ, ինչը շատ ցանկալի եւ իրատեսական տարբերակ է: Խնդրում եմ պատասխանել՝ որքանով են ճշմարտացի այդ խոսակցությունները եւ գործնականում հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան»,-հարցրել էր օգտատերերից մեկը: Քաղաքապետը պատասխանել էր, որ առաջին անգամ է լսում նման բան, եւ որ Երեւանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:

Ի դեպ, քաղաքացիները նաեւ առաջարկներով էին հանդես գալիս:

Նրանցից մեկն, օրինակ, առաջարկել էր «ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, ներգրավել միջազգային մասնագետների եւ ստեղծել ներդրումային ծրագիր բուսաբանական այգու վերակառուցման եւ արդիականացման: Կարելի է ստեղծել փոքրիկ դրախտային անկյուն՝ աշխարհում հազվադեպ հանդիպող ծառատեսակներով, ծաղիկներով եւ թփերով, ստեղծել գեղեցիկ կոմպոզիցիաներ, ձեւավորումներ, արհեստական գետակներ, լճակներ, ջրվեժներ: Բացի նրանից, որ քաղաքում կունենանք փոքրիկ դրախտ, այն կարող է նաեւ շահութաբեր լինել՝ դառնալով տուրիստական կենտրոն եւ ինչու՞ չէ՝ մեր քաղաքի այցեքարտերից մեկը»: Տարոն Մարգարյանն անկեղծացել էր. «Շատ լավ առաջարկ եք ներկայացնում, բայց պետք է նշեմ, որ քանի որ բուսաբանական այգին տնօրինվում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի կողմից, հետեւաբար Ձեր առաջարկը ճիշտ կլինի ներկայացնեք նրանց»:

Երկխոսող երկու կողմերն էլ հակված էին մտերմիկ զրույցի: «Պարոն Մարգարյան, վերջը Real Madrid, թե՞ Barca, հասցնու՞մ եք խաղերը նայեք»,- հարցրել էր քաղաքացիներից մեկը: «Ընդհանրապես նախընտրում եմ գեղեցիկ խաղ, իսկ նայել՝ որքան ժամանակս հերիքում է»:

Մեկ այլ առաջարկ էլ փոքրիկ թաղամաս կառուցելուն էր վերաբերում, որտեղ կհամատեղվեն հին երեւանյան ֆասադներով շենքեր, շինություններ՝ Արեւմտյան Հայաստանի տների յուրօրինակ ճարտարապետությամբ, գեղեցիկ քանդակներով. «Երեւանցիները այլեւս չեն տրտնջա, երբ կենտրոնում քանդվեն հնացած շինությունները: Կիրականացնե՞ք իմ խնդրանքը»:

«Ձեր առաջարկը բավական հետաքրքիր է, սակայն պետք է անկեղծորեն նշեմ, որ այս պահի դրությամբ մեր ընթացիկ խնդիրների եւ ծրագրերի համատեքստում չենք կարող նման մեծածավալ ծրագիր իրականացնել։ Միաժամանակ ներկայումս աշխատանքներ են իրականացվում «Հին Երեւան» նախագծի մասով, որի շրջանակում նախատեսվում է 18 պատմամշակութային շինություն տեղափոխել եւ կենտրոնացնել մեկ վայրում»,- պատասխանել էր Տարոն Մարգարյանը:

Քաղաքացիներին հետաքրքրել է նաեւ քաղաքապետի կենցաղը, թե ո՞վ է նրա վարսավիրը, ի՞նչ է սիրում ուտել, ի՞նչ դպրոց են հաճախում նրա երեխաները եւ այլն: Պատասխանն էլ շիտակ էր. վարսավիրը Ավանի վարսավիր Նորիկն է, որին բոլոր ավանցիներն են ճանաչում: Սիրում է հայկական խոհանոցը եւ նախընտրում է ճաշել տանը: Երեխաներն էլ հաճախում են պետական, անվճար, Ավանի թիվ 177 հիմնական դպրոցը, ոտեղ ժամանակին նաեւ ինքն է սովորել:

Մեկն էլ հարցը խոսակցական մակարդակով էր ձեւակերպել. «Էս Նոր Տարվան էլա էն անդուր անճաշակ տոնածառը լինելու հրապարակում»: Քաղաքապետը սա էլ չէր անտեսել եւ կատակով դաս էր տվել. «ճաշակին ընկեր չկա, լավից լավն էլ միշտ կա։ Իսկ մնացածը հնարավորությունների հարց է»:

Մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է քաղաքապետին, թե ով է նրա սիրելի քաղաքական գործիչը: Քաղաքապետը առավել քան շիտակ էր արտահայտվել. «Ինձ համար լավագույն քաղաքական գործիչը եւ ուսուցիչը եղել է եւ կա հայրս՝ Անդրանիկ Մարգարյանը»:

Քաղաքացիների հետ ֆ/բ հարց ու պատասխանի այս ձեւաչափը շատ հարմար է նաեւ այլ տեսանկյունից էլ. յուրաքանչյուրն ափի մեջ տեսնում է, թե ինչ է հուզում ոչ միայն իրեն, այլեւ մյուս համաքաղաքացիներին եւ թե ինչ խնդիրներ ու ինչպես կարելի է լուծել միակամ:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։