Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…

Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին

Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:

Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:

Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…

Աշտիշատի տաճարները հողին հավասարեցնելուց հետո Տարոնից դուրս Տոսպի Ահեւական գյուղում դեռ կանգուն էր եւս մեկ Վահեվանյան մեհյան, որի մասին հիշատակում է Թովմա Արծրունին. «Քանզի էր եւ տեղին յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»: Խավարիչի նախաձեռնությամբ Աշտիշատում կանգնեցված տաճարներն ավերեցին եւ նրանց վայրում հիմնվեց Աշտիշատ անունով մի վանք, քրմերի փոխարեն վերակացու կարգեց Դանիել անունով մի ծերունու՝ որպես իր փոխանորդի ու Վահագնի տոնի փոխարեն սահմի 7-ին սահմանեց Հովհաննես կարապետի եւ Աթենոգինես եպիսկոպոսի տոն: Ղեւոնդ Ալիշանը գրում է, որ Գրիգորիսը Վահագնի պաշտամունքը շատ դժվարությամբ ջնջեց, քանզի «քրմերը եւ ժողովուրդը համառորեն պաշտում էին նրան»: Չնայած ամեն ինչ արվեց վերացնելու այս պաշտամունքը, բայց Վահագնի մասին պատառիկներ միշտ մնացել է հայության մեջ: Հարդագողի ճանապարհը, որ հայերը կոչել են՝ Ծիր կաթին, եւս չմոռացվեց (հնում նաեւ Հեծանոց են ասել, իբրեւ թե հեծանոց փայտով էր հարդը շալակել): Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, դրա մի մասը թափվել է երկնակամարում եւ հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ: Հայոց տոմարի յուրաքանչյուր 27-րդ օրը նվիրված էր Վահագնին կամ Վահագնն այդ օրվա պահապանն էր:

Մեր երկրում (նաեւ Արեւմտյան Հայաստանում) ընթացող պեղումները նույնպես նոր պատմական հետքեր են բացահայտում հայոց հնագույն հավատի մասին: Վերջերս Պորտասարում հայտնաբերվեց Վահագնի քանդակը, որը պատկերված է այնպես, ինչպես մեզ հասած հնագույն երգը Վահագնի ծնունդի մասին: Այսինքն՝ Վահագնի հետքերը 12 եւ ավելի հազար տարվա վաղեմություն ունեն եւ վստահաբար դեռ շա՜տ հեռուները կտանեն…

Վահագն Նանյան

Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ

2016թ. մարտի 22-23-ի Լուսնի խավարումը եւս արժանացավ աստղագուշակների եւ էքստրասենսների ուշադրությանը: Նրանք, ինչպես միշտ, իրենց զգուշացումները հայտնեցին:

Լուսնի խավարումը շատ կարեւոր բնական-տիեզերական երեւույթ է եւ, անշուշտ, ազդեցություն է թողնում: Հատկապես ազդում է մարդկանց մտածողության, տրամադրության եւ գործունեության վրա:

Իսկ ի՞նչ բան է Լուսնի խավարումը: Այն, ըստ աստղագիտական չափանիշների, բավականին հաճախ հանդիպող բնական երեւույթ է, որի ժամանակ Արեգակը, Երկիրը եւ Լուսինը մի շարքում են լինում: Արեգակը լույսը գցում է Երկրի վրա, իսկ մեր մոլորակը ստվեր է ստեղծում, որն էլ ընկնում է Լուսնի վրա: Գիշերային ժամերին դա շատ հետաքրքիր տեսարան է. Լուսինը կարող է ընդունել նարնջագույն, դեղին կամ նույնիսկ կարմիր գույն:

Աստղագուշակները եւ էքստրասենսները իրենց կարծիքն ունեն:

Այս տարվա նմանօրինակ առաջին երեւույթը տեղի ունեցավ մարտի 23-ին: Լուսինն այդ օրը հայտնվել էր Կշեռքի ազդեցության տակ՝ գտնվելով Երկրի կիսաստվերում: Այդ օրը, ըստ լուսնային օրացույցի, այնքան էլ բարեհաջող չէր: Աստղագուշակները վստահ են, որ այդ օրը շատ արտասովոր բաներ են կատարվել:

Լուսնային խավարումները, ըստ իրենց ավանդության, շոշափում են միայն մարդկային փոխհարաբերությունների ոլորտը: Եվ Կշեռքը օգնել է կանոնավորել իրավիճակը, բայց մյուս կողմից էլ առաջին տեղում է «դրել» զգացմունքները:

Դա նշանակում է, որ մարդիկ վարվել են միայն այնպես, ինչպես իրենց է հարմար եղել: Այդ օրը շատ «հարմար» օր էր դավաճանությունների, վեճերի, հակասությունների համար, ընդ որում, նույնիսկ ամենամոտ մարդկանց հետ:

Նաեւ զգուշության խորհուրդ կար, քանի որ այդ օրը լիալուսին է սպասվում: Լիալուսինը ծնում է աշխուժություն, ինչ-որ բան անելու ձգտում, եւ մարդկանց ղեկավարում են զգացմունքները, գայթակղությունը: Ոչ մի դեպքում չպիտի տրվել դրանց, պայքարելու կամք պիտի դրսեւորել:

Էքստրասենսները հաճախ են նման խավարումը անվանում չար ուժերի ժամանակահատված: Լիալուսինը ուժեղացնում է Երկրի արբանյակի էներգետիկան մի քանի անգամ եւ շատերը պաշտպանիչ թալիսմաններ են պահում այդ օրերին:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։