Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանությունն անցկացրեց հերթական Հայոց Ամանորը: Շնորհավորանքներ հղվեցին ոչ միայն հայությանը, այլեւ՝ արիական մյուս ազգերին:

Այդ օրը մեր երկրի սահմաններին 21 խորհրդանշական կրակ վառվեց, որոնք 21 հաղթական խորհուրդ ունեին, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհում վերակերտման ճանապարհին:

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն է արվել Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոներն անում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում:

Այս այգաբացին տոնական ծեսերն արել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:

Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում՝ նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին՝ Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Այդ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը: Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Ու քանի որ այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, քրմերը ոգեկոչել են հայ նախնյաց եւ փառաբանվել այն հայորդիներին, ովքեր Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում: Ի նշան այդ երազանքի ու նպատակի՝ հայոց հողահավքի եւ հայահավաքի, եւ  ի նշան Տիեզերական Հուրի խորհրդի հանդեպ սիրո, 21 փոքր կրակները աշտանակների վրա վեր են բարձրացվել:

Վահագնը Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը – Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Ըստ այդմ, Վահագնը միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, Ուժի հովանավորն է: Ըստ հայկական ավանդության, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱԳՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, սանձելու, հնազանդեցնելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, Վահագնին անվանում են նաեւ Վիշապաքաղ: Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում եւ կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Եվ ավանդաբար գարնան 1-ին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին, սպասում են Նրան: Եվ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Զորավոր Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Տոնական օրը շարունակվել է Երեւանում՝ ՀԱՄ գրասենյակում: Այնուհետեւ բոլորն իրենց տներում, ընտանիքների եւ հարազատների հետ են նշել Ամանորը:

Սեփ. լրատվություն

* * *

«Նովրուզի նախօրեին Հայաստան մուտք գործած իրանցիների թիվն ավելացել է»,- հայտարարել է Ջուլֆայի քաղաքապետ Զահեդ Մահմուդին: Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ իրանական ամանորին՝ Նովրուզին նախորդած 3 օրերի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Իրանից Հայաստանի սահմանն անցած ուղեւորների թիվը ավելի քան 43%-ով ավելացել է:

Տարիներ շարունակ հազարավոր իրանցիներ իրենց Նովրուզ-Նոր տարին նշում են մեր երկրում: Այցելում են Գառնո արիադավան-հեթանոսական տաճար, բայց ոմանք լինում են նաեւ մեր այլ հնավայրերում, որտեղ հատկապես լինում են հեթանոսական ծեսերը:

Հիշեցնենք, որ «Տաթեւ» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանն օրերս տեղեկացրել էր, որ իր հաշվարկներով այս տարի շուրջ 10 հազար իրանցի կժամանի Հայաստան:

Նովրուզը Հայաստանում նշում են նաեւ քրդերը, որոնց, ինչպեսեւ՝ իրանցիներին, շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաճախ նաեւ արեւապաշտ եզդի համայնքի ներկայացուցիչներն են Հայաստանում միանում հայ արիներին եւ միասին նշում ամանորը:

Հանձնաժողովի նիստը՝ Հայաստանում

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մեր երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ամփոփել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները: Անդրադարձ է եղել ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։

Նիստին ներկա են եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ու Մատենադարանի ներկայացուցիչներ:

Մշակույթի նախարարը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։ Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարմանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։