Եվրոպա-Թուրքիա սահմանը՝ փակի տա՞կ . Հակաիսլամական պոռթկումները Եվրոպայում անխուսափելի են – Թուրքիան դեռ մնում է ահաբեկիչների հավաքատեղի… «Հյուսիսային հոսք-2»-ը չսկսված՝ ճաք է տալիս…

Վերջին ահաբեկչությունները Եվրոպայում կարող են հանգեցնել ԵՄ-Թուրքիա սահմանի վերահսկողությանը կամ որոշակի ու ժամանակավոր արգելափակումների: Բելգիան փակել էր Ֆրանսիայի հետ սահմանը, որն այժմ կանցնի հատուկ հսկողության տակ: Խիստ վերահսկողություն է սահմանվել նաեւ եվրոպական այլ երկրների սահմանային հատվածներում, նաեւ կարեւորագույն քաղաքական ու տնտեսական շենքերի շուրջ, հատկապես՝ ատոմային օբյեկտների նկատմամբ: Հատուկ միջոցառումներ են իրականացվում հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իտալիայում:

«Եվրոպայում ահաբեկչական նոր գործողություններ են նախապատրաստվում»,- նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ահաբեկչական խմբավորումների թիրախները կարող են լինել հանգստյան գոտիները, տուրիստական կենտրոնները, սպորտային միջոցառումները, հանրային տրանսպորտն ու ռեստորանները: Անգամ Ֆրանսիայում կայանալիք «Եվրո-2016» եվրոպական առաջնությունը հանդիսականներով անցկացնելն է հարցականի տակ, չնայած ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ նման բան չի ծրագրել: Առկա սպառնալիքների պատճառով, ԱՄՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հաշվի առնել փաստացի վիճակը՝ Եվրոպա մեկնելու մտայնություն ունենալիս:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության սահմանների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կազմակերպված խուսափեն ահաբեկչություններից եւ հնարավոր նոր զոհեր ունենալուց:  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս անդրադարձել է Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողություններին եւ նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ բարեկամ եւ դաշնակից Բելգիային աջակցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ պահին նա գտնվել է Կուբայում՝ պատմական այցով, որտեղ մի քանի տասնյակ տարի ամերիկացիները ոտք չէին դնում: ԱՄՆ նախագահը կոչ է արել աշխարհին՝ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում. «Մենք պետք է միասնական լինենք՝ անկախ ազգությունից կամ ցեղից, պետք է միասնաբար պայքարենք ահաբեկչական գրոհների դեմ: Կարող ենք ու պետք է պարտության մատնենք նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը, ովքեր սպառնում են աշխարհի մարդկանց անվտանգությանը»:

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հորդանանում ասուլիսի ժամանակ հուզվել է՝ հազիվ զսպելով արցունքները հեռացել սրահից: Ասուլիսը տեղի էր ունեցել Բրյուսելում կատարվածից հետո, որի հետեւանքով 34 մարդ է մահացել, 200-ից ավելին էլ վիրավորվել է: Դիվանագետը հազիվ կարողացել է ասել, որ Եվրոպան ու Մերձավոր Արեւելքը պետք է միավորվեն ընդդեմ ծայրահեղականության ու բռնության, ինչը հանգեցնում է մահվան երկու կողմերում էլ. «Սա տխուր օր է Եվրոպայի համար, քանզի Եվրոպան ու իր մայրաքաղաքը տանջվում են այնպիսի վշտից, ինչպիսին ապրում է Սիրիան ամեն օր»:

Կարճ ժամանակ անց տեղեկատվություն տարածվեց, թե տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցել են Բելառուսի քաղաքացիներ: Բայց Բելգիայի ազգային անվտանգության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ պաշտոնական որեւէ տեղեկության չի տիրապետում: Բելառուսի ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Դմիտրի Պոբյարժինը եւս տեղեկացրել է, որ Բելառուսի նախագահի մակարդակով նման տեղեկատվություն հայտնի չէ իրենց: Բայց ավելի վաղ Sputnik լրատվամիջոցը, վկայակոչելով Բելառուսի իրավապահ համակարգում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Բելգիայում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվողներից 3-ը Բելառուսի քաղաքացիներ են: Իսկ երեկ նոր տեղեկատվություն եղավ, որ Բրյուսելում կատարված ահաբեկչություն իրականացնողները Իբրահիմ եւ Հալեդ Բակրավի եղբայրներն են, ովքեր Բելգիայի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է Ալ-Արաբիան՝ հղում կատարելով բելգիական RTBF TV-ին: Ըստ աղբյուրի՝ այս եղբայրների մասին Բելգիայի ոստիկանությանը հայտնի է եղել մինչ ահաբեկչությունը: Ավելի վաղ, տեղական զլմ-ները հայտնել են 3-րդ ահաբեկիչի անունը, որի լուսանկարը տարածել է ոստիկանությունը: Նա 24 տարեկան Նաջիմ Լաշրավին է, ենթադրվում է, որ հենց նա է հավաքել ռումբերը՝ ահաբեկչություն իրականացնելու համար: Նա նաեւ մասնակցել է Փարիզի վրա հարձակմանը: Հայտնի է, որ այս ահաբեկիչը 2013թ. մեկնել է Սիրիա:

Թուրքիան դեռ մնում է ահաբեկիչների հավաքատեղի, այստեղ գալիս են ամբողջ աշխարհից: Վերջերս այստեղ ձերբակալել են նաեւ մի ճապոնացու, ով նպատակ ուներ ԻԼԻՊ-ի խմբավորում մտնել։ 24-ամյա երիտասարդին բռնել են Սիրիայի սահմանի մոտ։ Անձնական իրերի զննման ժամանակ նրա հեռախոսում գտել են նամակագրություն զինյալների հետ։

Մի զարմանալի դեպք է արձանագրվել այս ահաբեկչության ընթացքում: Մի քանի անգամ ահաբեկչություններից բարեբախտաբար չտուժած մի երիտասարդ վնասվել է Բրյուսելում: Ըստ լուրի, Բոստոնի ու Փարիզի ահաբեկչություններից փրկված ամերիկացի միսիոներ-մորմոն երիտասարդը Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում են զլմ-ները, վկայակոչելով նրա հոր՝ Չադ Ուելսի խոսքը: 19-ամյա տղան պայթյունի պահին մյուս միսիոներների հետ եղել է օդանավակայանում: Կտրվել է նրա ոտքի ջիլը, վնասվածքներ ու այրվածքներ է ստացել դեմքին ու ձեռքերին: Այս տղան 2013-ին եղել է Բոստոնում՝ ոչ հեռու մարաթոնի անցկացման վայրից: 16-ամյա տղան այդ պահին հոր հետ սպասելիս է եղել մորը, երբ տեղի են ունեցել պայթյունները: Իսկ 2015-ի նոյեմբերին Փարիզում ահաբեկչությունների ժամանակ ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա է եղել: «Մենք ուղղակի շնորհակալ ենք, որ նա կենդանի է»,- ասել է հայրը:

Եվրոպայում չեն բացառում, որ հակաիսլամական ընդվզումներ կլինեն: Պարարտ հող կա բոլոր եվրոպական երկրներում, նաեւ Ռուսաստանում: Իսկ ահա Իսպանիայում արդեն գործի են անցել: Մադրիդում Hogar Social Madrid ծայրահեղ աջ ակտիվիստները ազդակային հրթիռներ են նետել ամենամեծ մզկիթի վրա, որի հետեւանքով այն այրվել է: Պաստառ են փակցրել մզկիթին՝ «Այսօր Բրյուսելը, վաղը Մադրի՞դը» գրությամբ:

Արման Դավթյան

«Հյուսիսային հոսք-2»-ը չսկսված՝ ճաք է տալիս

«Պաշտոնական Բեռլինը ակտիվորեն մասնակցում է Եվրահանձնաժողովի հետ քաղաքական եւ իրավական հարցերի լուծման նպատակով «Հյուսիսային հոսք-2» նախագծի քննարկմանը»,- նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ներկա պահին ակտիվորեն քննարկվում է մասնակից ընկերությունների եւ Եվրահանձնաժողովի կողմից: «Իհարկե, մենք մասնակցում ենք այդ երկխոսությանը, որի ընթացքում պետք է լուծել բազմաթիվ բարդ, ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական հարցեր»,- ընդգծել է նախարարը:

Եվրոպացիները հայտարարում են, որ Եվրոպային անհրաժեշտ է անվտանգ տարատեսակացված եւ ձեռնտու սակագներով գազի մատակարարում:

Իհարկե, չեն մերժում, որ Ռուսաստանը էներգետիկայի ոլորտում մշտապես եղել է հուսալի գործընկեր, բայց առկա են խնդիրներ, որոնք նոր լուծումներ են պահանջում: Նշենք, որ ԵՄ անդամ 8 երկրեր՝ Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Լատվիան եւ Լիտվան՝ «Հուսիսային հոսք-2» նախագծի իրականացման դեմ հատուկ նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Իսկ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկը նշել էր, որ կապույտ վառելիքի մատակարարման հարցում Չեխիան չի ցանկանում կախված լինել բացառապես «Հուսիսային հոսք-2» նախագծից:

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։