Լեռը մուկ ծնեց, որը քանդում է լեռը – Արեւմուտքի բումերանգը ետ վերադարձավ ջիհադականների եւ իսլամական ահաբեկիչների ու ծայրահեղականների դրոշներով…

Երբ են գերտերությունները վերջապես հասկանալու, որ սեփական շահերի պաշտպանության հարցում այս կամ այն տարածաշրջանում ահաբեկչական ուժերին աջակցելը բումերանգային քաղաքականության է վերածվում ի վերջո: Այդ ուժերը այս կամ այն համաշխարհային բեւեռին ծառայում են այնքան ժամանակ, մինչեւ ամրանում եւ արդեն սեփական շահերն են առաջ քաշում՝ առաջին հերթին հարվածելով հենց իրենց ծնող-սնող պետությանը:…

Այդպես եղավ Աֆղանստանում, երբ տարիներ շարունակ սովետական զորքերի դեմ պայքարում ամերիկացիները գործածում էին իսլամական ծայրահեղականներին: Երբ ԽՍՀՄ իշխանությունը որոշեց հեռանալ այդ երկրից, ԱՄՆ-ն փորձեց իրեն ենթարկեցնել Քաբուլի հետագա քաղաքականությունը… Եվ «Ալ-Ղաիդա»-ն առաջինը հենց Միացյալ Նահանգներին հարվածեց, այն էլ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ԱՄՆ-ի շահերը գրեթե անթերի պաշտպանված էին: Հետո Բեն Լադենի ահաբեկիչները նաեւ Եվրոպա ու ԱՄՆ հասան՝ տարիներ շարունակ վախ, մահ ու ավեր սփռելով:

Սովետական, հետո նաեւ ռուսական իշխանություններն էլ փորձեցին այսպես կոչված կովկասյան ահաբեկչական խմբավորումներ ձեւավորել՝ հիմնականում չեչենական հիմքի վրա կազմված, որը պիտի գործեր ընդդեմ Արեւմուտքի: Ինչ-որ տեղ նաեւ սեփական ժողովրդի դեմ, երբ ընդվզումներն ազգային բնույթ ստանան… Սակայն, թե ինչ եղավ եւ ինչերի հասցրեցին չեչենական պատերազմները՝ հայտնի է բոլորին: Ժամանակին (1930-ականներին, երբ մարդկանց առանց դատ ու դատաստանի պետք է աքսորեին կամ վախեցնեին)  ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց այսպես կոչված «գողական շարժում», եւ այդ գողականներին էին գործածում քաղաքացիական տարբեր շարժումներն ահաբեկելու, ցրելու համար, որը տարբեր ձեւերով դեռ պահպանվել է հետխորհրդային երկրներում, հատկապես պետական նշանակության ընտրական գործընթացների ժամանակ:

Արեւմտյան ու եվրոպական պետությունները քաղում են իրենց անդեմ քաղաքականության պտուղները. ասում են վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ միջազգային ահաբեկչական սպառնալիքն աննախադեպ ծավալներ է ընդգրկել հենց նրանց պատճառով: Սակայն, դա շատ արագ դառնում է համաշխարհային չարիք, քանի որ ոչ միայն Եվրոպայում, այլեւ մյուս աշխարհամասերում եւս իրականացվում են ահաբեկչական գործողություններ: Ինչպես ասում են, տեսականորեն ծայրահեղ արմատականների կողմից, իհարկե, տարբեր  չափով, թիրախավորված են այն բոլոր երկրները, որոնք ունեն մահմեդական համայնքներ կամ ընդունել են փախստականներ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից: Հետագայում թիրախավորվում են արդեն բոլոր երկրները:

Այսօր ամենալարված վիճակը Եվրոպայում է: Եվրոպական ոստիկանական գործակալության ղեկավար Ռոն Ուեյնրայթին հայտարարել է, որ «Եվրոպան կանգնած է վերջին 10 տարում ահաբեկչական ամենամեծ սպառնալիքի առաջ»:

Փորձագետների կարծիքով՝ 2010-2011թթ. ի վեր «արաբական գարուն» կամ «գունավոր հեղափոխություն» անվանումը ստացած հեղափոխական (իրականում երկրներում հեղաշրջում իրականացնող) գործընթացների հետեւանքով Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առանձին երկրներում աճել են ներքին զինված հակամարտությունները՝ պատճառ դառնալով որոշ երկրներում անիշխանության, սպանդի եւ ավերածությունների: Հենց այս ամենն էլ անհրաժեշտ նախադրյալները ստեղծեցին ահաբեկչական կառույցների հզորացման համար, որոնց շարքերը համալրվում են օրեցօր այդ երկրների բնակիչներով՝ համատարած քաոսային իրավիճակին թեկուզ ծայրահեղ գնով վերջ տալու համար:

Եվ ստեղծվել է մի վիճակ, երբ հատկապես Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Սուդանում (արդեն պառակտված Սուդան-ներում) «գունավոր հեղափոխություն» ասված, իրականում՝ քաղաքացիական պատերազմների հետեւանքով ստեղծված անիշխանական բացը լցվեց ահաբեկչական կազմակերպությունների գործունեությամբ: «Ալ-Ղաիդան» քիչ էր, կարծես, եկավ նաեւ «Իսլամական պետությունը»: Իհարկե կան էլի նմանատիպ կառույցներ, որ դեռ ծավալումների ընթացքում են: Արեւմուտքի քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ «Իսլամական պետությունը» իսկապես վերածվեց պետության, որը աշխարհում կամավորների հավաքագրման մեծ ցանցեր ստեղծեց: Դրա առաջին փորձարկումները եւ «ջիհադականների» հոսքը հատկապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ այլ արաբական երկրներում եղան:

Վերջին մեկ տարում միջազգային հանրությունը Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում առավել հզոր պայքար է սկսել ԻՊ-ի, «Ալ-Ղաիդայի» եւ այլ կառույցների դեմ, բայց մի քիչ ուշացել է. այդ ահաբեկչական կառույցները ցանցեր ունեն տարբեր երկրներում եւ գրեթե համարժեք հարվածներ են հասցնում Արեւմուտքին: Նույնը փորձում են անել նաեւ Ռուսաստանում՝ հենվելով իսլամական արմատականների վրա: Ահաբեկիչներն ամեն ինչ անում են, որ իրենց դեմ պայքարող երկները մշտապես զգան «ջիհադականներ», «իսլամական ահաբեկիչներ» եւ նման ձեւակերպումների սարսափը: Աֆրիկայից ու Ասիայից փախստականների վերջին հոսքը եւս նպաստեց եվրոպական երկրներ ներթափանցմանը: Այս հարցում, չնայած Արեւմուտքը դեռ լռում է, բայց մեծ է Թուրքիայի բացասական դերը, որը նպաստում է, որ եվրոպական երկրներում փախստականների անընդհատ աճող հոսքերի հետ հազարավոր զինյալներ հասնեն Եվրոպա: Ինչպես ասում են՝ Եվրոպան «ձրի աշխատուժ» էր հավաքում, բայց հավաքեց նաեւ ահաբեկիչների…

Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի կազմավորման եւ ծավալման փուլում Ստամբուլը դարձել էր ահաբեկիչների հավաքագրման համաշխարհային կենտրոն, որտեղից էլ նրանք անցնում էին Իրաքի ու Սիրիայի տարածք՝ լրացնելով իսլամական ահաբեկիչների շարքերը:

Սա՞ էլ չի նկատել Եվրոպան:

Թե՞ այդպես աննկատ մնացին թուրքական ու ադրբեջանական հարյուրավոր ահաբեկիչների գործողությունները «Իսլամական պետություն» կոչվածի կազմում: Եթե այն ժամանակ լռում էին, որովհետեւ Սիրիայի դեմ էին հանդես գալիս, ապա հիմա ի՞նչ են անելու:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստագույնս դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները. «Ահաբեկչությունները Բրյուսելում, Փարիզում եւ եվրոպական երկրների այլ քաղաքներում փաստում են, որ ահաբեկչությունը սահմաններ չունի: Սա որոշ երկրների սխալ քաղաքականության հետեւանքն է, այն երկրների, որոնք կանխամտածված ձեւով վահաբիստական ահաբեկչական կառույցներին անվանում են չափավորներ»: Հիշեցնենք, որ վահաբականներն էին նաեւ ռուս-չեչենական պատերազմի վերջին կազմակերպիչները: Սիրիայի ԱԳՆ-ն էլ հիշեցնում է, որ արդեն 5 տարի Սիրիայի իշխանությունները պայքարում են ահաբեկչական տարբեր խմբավորումների դեմ ու կրկին կոչ է անում աշխարհին դիմակայել մարդկության այդ սպառնալիքին: «Պետք է նաեւ վերջ դնել որոշ երկրների կողմից ահաբեկիչներին աջակցելուն՝ հանուն խաղաղության եւ կայունության ապահովման»,- ասված է հայտարարությունում:

Ահա այս իրավիճակն է, որ ստիպում է եւ՛ եվրոպական պետություններին, եւ՛ ԱՄՆ-ին, եւ՛ Ռուսաստանին ու ԱՊՀ-ի երկրներին, եւ՛ առհասրակ բոլորին ուժեղացնել իրենց անվտանգության ծառայությունները՝ օրեցօր աճող ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար: Իսկ միջազգային հանրությունից պահանջվում է իրապես արմատախիլ անել ահաբեկչությունը ծնող պատճառները, որոնց ստեղծողները հենց միջազգային հանրության անունից հանդես եկողներն են:

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները եւս պայմանավորված են վերոգրյալով, եւ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, ցավոք, դեռ վերջինը չեն: Այդպես է, քանի որ որոշ երկրներում, այդ թվում նաեւ՝ եվրոպական, ահաբեկչական սպառնալիքը բավական բարձր աստիճանի է հասել, իսկ պետությունները դեռ լավ չէին գիտակցել դա՝ անվտանգային ծառայություններում առկա լուրջ խնդիրներն արագ վերացնելու առումով: 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւս ծրագրվել ու նախապատրաստվել էին Բելգիայի տարածքում, ինչը հավաստում է, որ պետությունների պատասխանատուները չպիտի բավարարվեն միայն այն բանով, որ սեփական երկրում չեն նկատում ծայրահեղական խմբավորումների հետքեր:

Իսլամական ահաբեկիչները այս օրերին ընտրեցին Բելգիան, քանի որ այստեղ առկա է համեմատաբար ավելի բարենպաստ իրավիճակ՝ նման բռնարարքների իրագործման համար, նաեւ՝ Բրյուսելը հանդիսանում է ԵՄ մայրաքաղաքը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, եւ այս հարձակումներով ԻՊ-ը պատասխանեց Սիրիայում եւ Իրաքում իր դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակակահաբեկչական կոալիցիային: Երեւի թե հաջորդ նման ահաբեկչությունը կարող է լինել Մոսկվայում կամ ԱՊՀ որեւէ երկրի մայրաքաղաքում, ինչը չպետք է անտեսել:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։