Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Կրկին հետաձգվեց աշխարհի չեմպիոն ունենալու հարցը

Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, եւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 14 խաղափուլում վաստակեց 7 միավոր: Դեռ մինչեւ մրցաշարի ավարտը, 4 փուլ առաջ, մեր շախմատիստը առաջատարն էր Սերգեյ Կարյակինի հետ, ինչը ոգեւորել էր բոլոր հայերին: Ցավոք, վերջնամասում սկսեցին սայթաքումները, ու հայ շախմատիստը կրեց 2 պարտություն եւ բաժանեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում, ինչի համար պարգեւատրվեց 28 հազար եվրոյով:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով վերջին փուլում հաղթեց Ֆաբիանո Կարուանային, որ նույնպես հավակնում էր դառնալ մրցաշարի հաղթող: Ռուսաստանցին վաստակեց 8,5 միավոր՝ արժանանալով 95 հազար եվրո պարգեւի, 2-3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդը, ովքեր վաստակեցին 7,5-ական միավոր: Սերգեյ Կարյակինը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ եւ կպայքարի շախմատի թագի համար:

Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղն է գրավել Ավստրալիայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո մասնակցեց Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում կայացած «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարին: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Նա 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր եւ Սուրյա Գանգուլիի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հրանտ Մելքումյանը արծաթե մեդալը զիջել է հնդիկ գրոսմայստերին: Մրցաշարի հաղթող է դարձել ավստրալացի միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը, որը վաստակել է 7,5 միավոր:

Մեր շախմատիստը պատրաստվում է 2016թ. Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը:

Հայտնի են դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Երեւանի քաղաքային փուլի արդյունքերը: Շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 175 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 10-ը:

Հաղթող թիմերին պարգեւատրել՝ մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Երեւանի 55 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ եւ 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 74 հիմնական եւ 119 ավագ դպրոցների թիմերը: Դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մյուս կրթօջախներն էլ արժանացել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի: Ամփոփման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա շնորհակալություն է հայտնել Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու վստահության համար. «Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երեւանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձեւավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով եւս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երեւանի քաղաքապետ և թե՛ որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը»:

Մարզիչն առաջարկում է չշտապել եւ աշխատել

Բելառուսի ընտրանու հետ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղից հետո  (այն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0), Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց, որ թիմը 2-րդ խաղակեսում ավելի լավ սկսեց գործել եւ գոլային պահեր ստեղծել: «Խաղասկզբում լարվածություն կար տղաների գործողություններում, սակայն 2-րդ կեսում ավելի որակյալ ու հարձակողական խաղ ցուցադրեցինք: Գոհ եմ Գոռ Մալաքյանի ու Դավիթ Մանոյանի խաղից: Կարծում եմ՝ նրանք մեկնարկային կազմի խաղացողներ են: Կապված այն ֆուտբոլիստների հետ, ովքեր խաղադաշտ չմտան, կարող եմ ասել, որ մինչեւ աշխարհի 2018թ. առաջնության մեկնարկը բավական ժամանակ ունենք, եւ բոլորն էլ դեռ կհասցնեն դրսեւորել իրենց ունակությունները»,- ասել է գլխավոր մարզիչը: Նա ազատ է հավաքականի կազմի ու մարտավարության ընտրությունը կատարելու մեջ եւ ինչպես ինքը նշեց՝ «լիազորությունների առումով ես ու ֆեդերացիայի նախագահը միասնական ենք: Լավ նախապատրաստվելու համար անհրաժեշտ է գործի մեջ տեսնել բոլորին, ու մենք փորձարկումների միջոցով կձեւավորենք թիմի հիմնական կազմը: Ժամանակ ունենք, եկեք չշտապենք ու հանգիստ աշխատենք»:

Հայաստան-Բելառուս խաղի 2-րդ խաղակեսում միջադեպ է տեղի ունեցել՝ խաղադաշտ է մտել մի երիտասարդ՝ ծխացող ջահով եւ վազել դաշտով մեկ: Ոստիկանությունը տղային արագ դուրս է բերել դաշտից՝ վերսկսելու հնարավորություն տալով ֆուտբոլային խաղին: Սակայն պետք է ուշադիր լինել, որ նման դեպքերի կրկնությունից մեր հավաքականը կամ ՀՖՖ-ն ՖԻԴԵ-ի կողմից պատժի չարժանանան:

ՖԱՖ-ի եւ ՀՖՖ նախագահի նոր առճակատումը

«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նամակում գրված է.. «Մինչու 2007թ. ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007-ին նաեւ մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել ենք ստեղծել ու զարգացնել ֆան մշակույթը Հայաստանում: Ինչպես Դուք տեղյակ եք, մեր ջանքերով ազգային ու տարբեր տարիքային հավաքականների մարզիչները ուշադրություն են դարձրել և ի վերջո հրավիրել են մի շարք հայազգի ֆուտբոլիստների, ովքեր դարձել են թիմի անդամներ: Մենք կանգնած ենք «ՖԱՖ» ֆան ակումբի ստեղծման ակունքներում: Ներկայում, թեեւ չենք պատկանում որևէ ֆան ակումբի, սակայն, ծանոթանալով Ձեր մամուլի ասուլիսին, ու քանի որ սրտացավ ենք հայկական ֆուտբոլի համար, հարկ համարեցինք մեր մոտեցումները ներկայացնել Ձեր որոշ դիտարկումների վերաբերյալ:

Կարծում ենք՝ ՀՀ ֆուտբոլային հանրությունը առնվազն ապշած է Ձեր արտահայտած այն մտքից, թե Հայաստանի հավաքականում տեղի է ունեցել դավաճանություն: Առավել եւս, որ, ինչպես Դուք եք ասում, փաստեր չունեք: Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր հավաքականը 2012թ. Եվրոպայի առաջնությանը, ի թիվս այլ գործոնների չմասնակցեց նաեւ առեղծվածային հանգամանքներում ու առանց որեւէ լրջմիտ բացատրության Ռուսաստանի հավաքականի հետ 2 խաղերի դաշտի տերերին փոխանակելու արդյունքում, երբ հունիսին մեր հավաքականը, գտնվելով լավագույն մարզավիճակում, ստիպված էր հյուրընկալվել Սանկտ Պետերբուրգում: Իսկ հակառակ պարագայում, եթե հանդիպումը կայանար Երեւանում, հաղթանակը շատ ավելի իրական կլիներ, քան մարտ ամսին: Այդ 2 միավորը մեզ համար այնքան կարեւոր էր… իհարկե, չկան փաստեր, եւ բնական է, որ ոչ ոք չի մեղադրում մեր Ֆան-շարժման նախկին անդամները ներկայացրել են իրենց տեսակետները Ռոբերտ Արզումանյանի,Յուրա Մովսիսյանի, Գեւորգ Կասպարովի եւ այլոց մասին, նշելով, որ մեր ֆուտբոլիստները անհիմն մեղադրանքի են արժանացել: Նրանք անտրամաբանական են համարել այն, որ պնդումը, որ ֆեդերացիայի նախագահը պետք է խառնվի հավաքականի գործերին: «Ամբողջ աշխարհում ֆեդերացիայի նախագահը կատարում է մենեջերի աշխատանք՝ տալիս է հանձնարարականներ եւ պահանջում արդյունքներ, որոնք էլ ներկայացնում է հանրության դատին: Իսկ համապատասխան ոլորտների ղեկավարները իրենք են իրականացնում պահանջվող գործողությունները արդյունքն ապահովելու համար: Թեեւ, իմանալով Վարուժան Սուքիասյանի նշանակման մասին, ակամա հիշեցինք նախկինում Ձեր արտահայտած կարծիքը նրա մասին, սակայն կարծում ենք, որ այնուամենայնիվ մարզիչը, եթե նշանակվել է, իրավունք ունի ինքնուրույն որոշելու եղած խաղացողների որակները համապատասխանում են պահանջվող մակարդակին, թե ոչ: Այդպիսի լիազորություն ունենալու համար նա մասնակցում է մի շարք դասընթացների, վերապատրաստման է մեկնում, համապատասխան փորձ է ձեռք բերում եւ այլն: Իսկ ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե այդպիսի գիտելիքներ չունի: Զարմանալի է նաեւ Ձեր պնդումը, թե հավաքականի 9 ֆուտբոլիստների նամակից 7-ը տեղյակ չեն եղել բովանդակության մասին: Իսկ ինչն էր խանգարում այդ 7 ֆուտբոլիստներին մինչ օրս հերքմամբ հանդես գալ: Իրենց լռության պայմաններում ամենեւին վստահություն չի ներշնչում Ձեր կողմից հրապարակված կարծիքը»,- նշել են նամակագիրները: Նրանք կարծում են, որ զսպումների ու հակակշիռների համակարգի գոյության պայմաններում է միայն հնարավոր զարգացնել որեւէ ոլորտ:

«Չենք ցանկանում միջամտել կամ կարծիք հայտնել ՖԱՖ-ի բարձրացրած պահանջների վերաբերյալ: Սակայն մենք տեղյակ ենք, որ մարզադաշտ այցելությունը սահմանափակվում է համապատասխան իրավական կարգավորումների միջոցով: Այդ առումով էլ զարմանալի են Ձեր սպառնալիքները ՖԱՖ-ի անդամների մուտքը արգելափակելու վերաբերյալ, քանի որ ըստ ՀՀ սահմանադրության մարդը մեղավոր չէ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել… Հակառակ դեպքում, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը: Իհարկե դժվար է Ձեր իսկ կայացրած կառույցից հեռանալը, սակայն աշխարհում ոչինչ հավերժ չէ»… (ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր, նախկին անդամներ Սամվել Մովսիսյան եւ Տիգրան Մկրտչյան, ՖԱՖ ֆան ակումբի ղեկավար խորհդրի նախկին անդամներ Ռոբերտ Ղեւոնդյան, Արման Վարդանյան, Հայկ Մարտիրոսյան, Հենրիկ Սեւոյան, Միքայել Հասրաթյան, Դավիթ Վահրադյան, Գրիգոր Բարսեղյան, Տիգրան Սիմավորյան):

Դեմ է ֆուտբոլի ֆանատների կազմակերպած բողոքի ցույցերին

«Ես ֆուտբոլից շատ բան չեմ հասկանում, սակայն որպես երկրպագու որոշակի կարծիք ունեմ երեկ կայացած Հայաստան-Բելառուս խաղի մասին: Երեւում է, մեր տղաները քիչ ժամանակ են ունեցել միմյանց հետ խաղալու, միմյանց ճանաչելու: Կային նորեկներ, որոնք մյուս տղաների հետ խաղալու փորձ չունեին, որոշ դրվագներում դրանք զգացվում էին: Ուշագրավ էր դարպասապահ Արսեն Բեգլարյանի նորամուտը, որը բավականին վստահ էր գործում: Հույս ունեմ, որ նա կդառնա Ռոման Բերեզովսկու արժանի հետնորդը, ով փառքով հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին այդ օրը»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով մեր ազգային թիմի շուրջ ծագած աղմուկին՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամը մասնավորապես աել է. «Կարծում եմ, ՀՖՖ նախագահը հիմնավոր պատճառներ է ունեցել, որ հրաժարվել է որոշ խաղացողներից, առավել եւս, վերջինները երկար ժամանակ խաղացել են հավաքականում, պարգեւատրվել են, ամեն ինչի արժանացել են: Ֆուտբոլասերները հիմնականում առաջնորդվում են ֆուտբոլիստների մարզավիճակով, անցկացրած խաղերի քանակով: Սակայն հավաքականը մի փոքր ուրիշ է, բացի խաղամակարդակից, կան նաեւ այլ պատճառներ, որոնց հետեւանքով  կարող է ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական: Ֆեդերացիայի նախագահը ակնարկել է այլ պատճառների մասին, որոնք, ըստ իրեն, մի օր կբարձրաձայնվեն, բայց ոչ այս պահին»:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամը դեմ է Հայաստան-Բելառուս խաղի ժամանակ ՖԱՖ-ի ֆանատների կողմից կազմակերպած ցույցերին (նրանք կրկին անգամ պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը, իսկ նրանցից մեկը մտել էր խաղադաշտ), «անկախ նրանից, մեր հավաքականը լավն է կամ վատն է, ուժեղ է կամ թույլ է, մենք, ֆուտբոլասերներով, որպես 12-րդ խաղացողներ, միշտ պետք է լինենք թիմի կողքին եւ ամեն ինչ անենք օգնելու համար»:

«Ժողովուրդը շատ կուրախանա, որ պարտվեցինք, բայց ոչինչ»…

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով ԱԺ թիմի կենտրոնական հարձակվողն էր, խաղից հետո այսպես մեկնաբանեց նման ջախջախիչ պարտությունը. «Լրագրողները շատ լավ էին պատրաստվել եւ այսօր նրանք միանշանակ ուժեղ էին: Մենք առաջին խաղն անցկացրինք այս մրցաշարում եւ դեռեւս լավ մարզավիճակում չենք: Հույս ունեմ, որ խաղից խաղ ավելի հաջող հանդես կգանք»: Լրագրողների հետ հանդիպումն անցկացվեց ֆուտզալի բիզնես լիգայի շրջանակում, որի նպատակն է հանրապետությունում մասսայականացնել այս սպորտաձեւը, ինչպես նաեւ առողջ կենսակերպը: Ըստ ԱԺ փոխնախագահի. «Մենք պետք է առողջ ապրելակերպի մշակույթ զարգացնենք ժողովրդի մոտ, որ ոչ թե զբաղվեն սպորտով, այլ՝ ֆիզկուլտուրայով: Երբ դպրոցական էի, մեր դասարանում չկար երեխա, որ չզբաղվեր որեւէ մարզաձեւով: Հիմա չգիտեմ ինչպես է: Կարծում եմ՝ մեր սպորտի նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի զարգանա մեր մասսայական սպորտը: Սա եւս պրոպագանդում է: Ճիշտ է, ժողովուրդը շատ կուրախանա, որ մենք պարտվեցինք, բայց ոչինչ»:

Իսկ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը պարզապես ջախջախել է ԱԺ հավաքականին՝ 14:2 հաշվով։

ՖԻՖԱ-ՀՖՖ «Live your goals-2016» միջոցառումը՝ Երեւանի թիվ 181 դպրոցում

Մարտի 31-ին Երեւանի թիվ 181 դպրոցում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի հերթական միջոցառումը: Ծրագրի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ՝ ֆուտբոլ խաղալու համար:

Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 50 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ, ովքեր կատարեցին ֆուտբոլային վարժություններ ու անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր դպրոցի բակում եւ խաղադաշտում: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ եւ ֆուտբոլային այլ պարագաներ:

Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս տարվա մայիսին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում: Մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Սալվադորի ազգային թիմի հետ:

Հայաստանի երիտասարդականը Եվրո-2017-ում այլեւս անելիք չունի

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական փուլում: Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների մեր ընտրանին սեփական դաշտում ընդունեց Դանիայի այդ տարիքային հավաքականին: Հանդիպման հենց սկզբում զգացնել տվել հյուրերի բարձր խաղամակարդակը, նչանց բոլոր գրոհներն անչափ վտանգավոր էին: Մեր պաշտպանները դիմացան մինչեւ 28-րդ րոպեն, որից հետո դանիացիները իրար ետեւից 2 գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Բարեբախտաբար, Հայաստանի երիտասարդականը խուճապի չմատնվեց եւ սկսեց ավելի համախմբված գործել եւ 35-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Գոռ Մալաքյանը, ով վստահ իրացրեց 11մ հարվածը: Ընդմիջումից հետո պայքարն ավելի սրվեց: Մեր ֆուտբոլիստները մրցակցի գրոհներին պատասխանում էին իրենց  հակագրոհներով, սակայն այդպես էլ չկարողացան դրանք հասցնել տրամաբանական ավարտի: Իսկ ահա դանիացիները հանդիպման վերջին րոպեին երրորդ գնդակն ուղղարկեցին մեր դարպասը եւ վերջնականապես վճռեցին խաղի ելքը՝ 1:3:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում եւ շարունակում է 1 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: Դանիայի ընտրանին տարավ իր 5-րդ հաղթանակը, վաստակեց 16 միավոր եւ ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հանդիպումից հետո ասաց, որ դժգոհ է որոշ ֆուտբոլիստների խաղից, սակայն չի պատրաստվում նշել նրանց անունները, քանի որ դա իր եւ խաղացողների ներքին խնդիրն է: Ըստ նրա մեր ընտրանին այլեւս անելիք չունի եվրոպական այս առաջնությունում եւ արդեն պետք է պատրաստվի հաջորդ մրցափուլին: Դանիացիների գլխավոր մարզիչ Նիլս Ֆրեդրիկսենը ետխաղյա ասուլիսին ասաց, որ անցած հանդիպման համեմատ Հայաստանի ընտրանին բավականին ուժեղացել է, հիմնականում կենտրոնական հարձակվող Դավիթ Արշակյանի հաշվին: Նա ցավով նշեց, որ իր թիմն առաջին գոլը բաց թողեց ընթացիք առաջնությունում՝ գտնելով, որ 11 մ հարված չկար այդ դրվագում:

Փոփոխություններ Հայաստանի առաջնությունների խաղացանկերում

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ 1-ին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Մարտի 26-ից հետաձգված բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին: «Արարատ»-«Ալաշկերտ», ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա, սկիզբը ժամը 14:00-ին: «Շիրակ»-«Բանանց», Գյումրի «Քաղաքային» մարզադաշտ, սկիզբը ժամը 16:00-ին: «Գանձասար-Կապան»-«Փյունիկ», Կապան, «Գանձասար» մարզադաշտ, սկիզբը ժամը 14:00-ին:

Մարտի 7-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ փուլի «Փյունիկ-2»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում / Ֆուտբոլի Ակադեմիայում, սկիզբը ժամը 16:00-ին: Մարտի 21-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ փուլի «Միկա-2»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, «Միկա» մարզադաշտում, սկիզբը ժամը 16:00-ին:

Բաքվի «Ինտերին» զրկել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից

ՈւԵՖԱ-ի որոշման համաձայն՝ Բաքվի «Ինտերն» առաջիկա 3 մրցաշրջանից մեկում չի կարողանա մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերին, եթե թիմը նման իրավունք ձեռք բերի: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: ՈւԵՖԱ-ն դեկտեմբերին հայտարարել էր, որ «Ինտերը» կպատժվի, եթե ակումբը մինչև հունվարի 31-ը չկարողանա ապացուցել, որ փակել է պարտքերը 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ:

Ադրբեջանական ակումբը մտադիր է այդ որոշումը բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում:

Մեր առաջատար մարմնամարզիկն 1-ինն է

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը հաղթել է Քաթարում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում: Ռիո-2016-ի ուղեգիր ունեցող մարզիկը, նժույգաթափերի մրցումներում հավաքելով 15,675 միավոր, գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի:

Օղակների վրա վարժությունում մեր ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:

Տիրացավ աշխարհի գավաթին

Մոսկվայում կայացած սամբոյի «Անատոլի Խառլամպիեւի» հուշամրցաշարին, որը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է, Հայաստանը ներկայացրել էր 5 մարզիկ: Մեր սամբիստներից 3-ն արժանացել են տարբեր կարգի պարգեւների: Մարտական սամբոյի մրցումներում Սամվել Բադալյանը (68 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) եզրափակիչ վճռորոշ մարտում պարտվել են եւ արժանացել արծաթե մեդալների: Իսկ մարզական սամբոյի մրցաշարում գերազանց է հանդես եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), ով  հաղթել է բոլոր մրցակիցներին եւ գրավել 1-ին տեղը:

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Սամսունի «Գրան պրիին»

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները կմասնակցեն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանշային «Գրան պրիին»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ): Մրցաշարը կկայանա ապրիլի 1-3-ը:

Հ.Գ.-1 – Ձյուդոյի Հայաստանի հավաքականներն առաջիկա օրերին կմասնակցեն տարբեր միջազգային մրցաշարերի: Մեր մեծահասակ ձյուդոիստները հանդես կգան Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք վարկանիշային Գրան պրիին: Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանդ Կարապետյանը (66 կգ քաշային կարգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ): Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Հաղթողը կստանան 3000 դոլար պարգեւ, 2-րդ տեղը՝ 2000, 3-րդ՝ 1000-ական: Մեր ձյուդոիստները տատամի կմտնեն ապրիլի 1-ին եւ 2-ին: Հայաստանի երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Աթենքում, ապրիլի 1-4-ը: Այդ մրցումներում մենք հանդես կգանք յոթ մարզիկով՝ Շահեն Աբաղյան, Էրիկ Հովհաննիսյան (50 կգ), Տիգրան Բադալյան (60 կգ), Վարդան Գրիգորյան, Հարություն Դերմիշյան (66 կգ), Հարություն Առաքելյան (73 կգ) եւ Դավիթ Նալբանդյան (81 կգ):

Հ.Գ.-1 – Ֆերդինանդ Կարապետյանը 3-րդ տեղը գրավեց ԹուրքիայումՀայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող հանդես եկավ Թուրքիայում անցկացվող Գրան պրիի հերթական մրցաշարում: Մեր 66 կգ քաշային մարզիկը չնայած պարտություն կրեց քառորդ եզրափակիչում, սակայն 3-րդ տեղի համար մարտերում իրար ետեւից հաղթեց ռուսաստանցիներ Անզաուր Արդանովին ու Յակուբ Շամիլովին եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում հաղթեց հարավկորեացի Լիմ Հվան Կիմը, ով էլ նախապես ընդհատել էր մեր ձյուդոյիստի հաղթարշավը: Վաղը մրցասպարեզ կմտնեն մեր մյուս 2 մարզիկները: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանին առաջին փուլում բարդ մրցակից է բաժին հասել՝ հանձինս թուրք ձյուդոյիստ Դիլիգամ Ալիեւի: 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը մրցաշարը կմեկնարկի իսլանդացի Սվենբյորն Իուրայի հետ մրցամարտով:

Հ.Գ.-2 – Եվրոպայի գավաթի նվաճում՝ ադրբեջանցի ձյուդոյիստին հաղթելով – Ադրբեջանցի ձյուդոյիստին հաղթելով՝ Շահեն Աբաղյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր: Հունաստանի Աթենք քաղաքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ եւ 73 կգ քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը հենց մեկնարկային գոտեմարտում նկատելի առավելության հասավ թուրք ձյուդոյիստ Չելիկ Էմրեի նկատմամբ: Հետագայում հաղթելով արդեն վրացի ձյուդոյիստներ Գեորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին՝ Աբաղյանը դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ հայ ձյուդոյիստը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Նաթիգ Գուրբանլիին՝ նվաճելով Եվրոպայի գավաթը: Եվրոպայի նորընծա գավաթակիրը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, 2015թ-ին ներկայացված լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է: Ապրիլի 3-ին գոտեմարտելու դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ եւ 100+ կգ քաշային մարզիկները:

Հատանի հայ ձյուդոյիստը դարձել է Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ Գասպար Հայրապետյանը (50 կգ) փոխչեմպիոն է դարձել: ՌԴ  Տվեր քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկության շրջանակներում մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 55 կգ, 60 կգ եւ 66 կգ քաշային մարզիկները: Գասպար Հայրապետյանը հաղթանակ է տարել 4 գոտեմարտերում եւ հասել է եզրափակիչ: Եզրափակչում հայ ձյուդոյիստը ցավալիորեն պարտվել է ռուսաստանցի Գեորգի Տրետյակովին՝ դառնալով Եվրոպայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն:

Հայաստանը Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցում է 15 ձյուդոյիստներով, որոնց մի մասը (Գոռ Հովսեփյան 55 կգ, Դավիթ Գաբրիելյան 60 կգ, Մերուժան Սարգսյան 60 կգ, Ռոբերտ Թորոսյան 66 կգ, Նորայր Ներսիսյան 66 կգ) ցավալիորեն չի կարողացել հաղթահարել առաջին 2 գոտեմարտերի արգելքը: Հայաստանը ներկայացնող Արսեն Ավետիսյանը 3 հաղթանակ եւ 2 պարտություն կրթելով զբաղեցրեց 7-րդ, իսկ Նարեկ Ումրոյանը եւ Սեւակ Սարգսյանը գրավեցին 9-րդ տեղը: Ումրոյանը 2 հաղթանակից հետո 2 պարտություն կրեց, իսկ ահա Սարգսյանը պարտվելուց հետո հաղթեց, սակայն չկարողացավ շարունակել հաղթական երթը՝ զիջելով ղազախ Դամիր Բոլատբեկովին: Մրցահարթակ դուրս կգան նաեւ 73 կգ, 81 կգ, 90 կգ եւ 90+ կգ քաշային մարզիկները:

Հրաձիգներն իրենց ուժերը կփորձեն հուշամրցաշարի ընթացքում

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության մրցաշարին մարզիկները մրցում էին գնդակային հրաձգության օդմղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ եւ խառը վազք: Ապրիլի 1-ին տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությունից հետո ապրիլի 2-ին սկսվել են հուշամրցաշարի մրցումները: «Խորհրդային միության փլուզումից հետո հրաձգությունը բավականին մեծ անկում ապրեց Հայաստանում: Իհարկե, կային անհատներ, ում ջանքերով որոշակի արդյունքներ գրանցվում էին, սակայն չկային համապատասխան ենթակառուցվածքներ: Միայն 2000-ական թվականներից հետո հնարավորություն ունեցանք որոշակիորեն բարելավելու պայմանները, 2010թ.-ից հետո իրավիճակը դեպի դրական կողմ թեքվեց, կան նաեւ արդյունքներ: Հույս կա, որ կկարողանանք նաեւ Օլիմպիական խաղերին մասնակից ունենալ: Ներկայում մենք ունենք շատ խոստումնալից պատանի ու երիտասարդ հրաձիգներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն»,- նշել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը՝ չմոռանալով անդրադառնալ նաեւ ապրիլի 2-ից մեկնարկած հուշամրցաշարին:

Ըստ նրա՝ Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է սույն հուշամրցաշարի նախաձեռնողն ու իրականացնողը: Արեգ Սարիբեկյանի խոսքով՝ աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության եւ Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, սպորտի վաստակավոր վարպետ, անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը կտեւի մինչեւ ապրիլի 3-ը: Այն ամենամյա է: Ընդհանուր թվով խաղարկվելու է 24 մեդալ: «Հաղթող մարզիկները կարժանան դրամական պարգեւների, դիպլոմի ու մեդալի, կպարգեւատրվեն նաեւ հաղթող մարզիկների անձնական մարզիչները»,- հավելել է նա:

Այս տարի մրցման մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 15-ով եւ կազմել 85: Առաջին անգամ հուշամրցաշարին մասնակցում են նաեւ Վրաստանի հավաքական թիմը` 6 մարզիկով, այդ թվում՝ նաեւ օլիմպական խաղերի չեմպիոնուհի Նինո Սալուկվադձեն: Մրցմանը մասնակցում են նաեւ Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցի, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության  հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Վանաձոր քաղաքի թիմի եւ Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզիկ-մարզուհիները: Մրցաշարի առաջին օրվա արդյունքներով՝ օդամղիչ հրացան վարժությունում 60 կրակոցից հետո տղաների պայքարում առաջատարը 14-ամյա Վրեժ Թորոսյանն էր, նույն վարժությունում 40 կրակոցից հետո աղջիկների պայքարում առաջատարը 13-ամյա Ալլա Պողոսյանն էր: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում 30+30 կրակոցից հետո տղաների պայքարում 1-ին տեղ գրավեց 18-ամյա Հովհաննես Խաչատրյանը, իսկ ահա նույն վարժությունում 20+20 կրակոցի արդյունքում աղջիկների պայքարում 1-ին տեղում 14-ամյա Գոհար Հարությունյանն էր:

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության մրցաշարի մյուս վարժություններում հաղթողները կորոշվեն ապրիլի 3-ին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։