Թուրքիան՝ աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան – Եվ թուրքական երազանք՝ Օսմանյան կայսրությամբ՝ դեպի «Մեծ Թուրան»… Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում…

Թուրքիան՝ ահաբեկչության սնուցարան

Թուրքիայի՝ ահաբեկչությանը նպաստող դերակատարության մասին խոսում են բոլորը, սակայն որեւէ պատիժ, որեւէ արգելափակում չի հետեւում այսպես կոչված միջազգային հանրության կողմից: Իսկ Անկարան օրեցոր ավելի է մեծացնում ախորժակը հարեւան երկրների տարածքների զավթման հարցում: Թուրքիայի իշխանություները կարծում են, թե ահաբեկիչների օժանդակությամբ կարող են հասնել իրանց ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ֆաշիստի որակավորում է ստացել ոչ միայն սեփական երկրում, այլեւ՝ եվրոպական որոշ երկրներում:

Մոսկվայի բոլոր ջանքերը՝ Անկարային պատասխանատվության ենթարկելու, մերժվեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից: Ռուսական կողմն անգամ անհերքելի փաստեր ներկայացրեց, թե ինչպես են թուրքերը համագործակցում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ, նաեւ նավթ եւ գազ են ներկրում Թուրքիա, սակայն դա էլ արդյունք չտվեց: Եվ Եվրոպան ստացավ իր պատասխանը՝ Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչական շարքի տեսքով…

Բայց ոչ միայն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում են արդեն մեղադրում Անկարային, ավելի վաղ Մերձավոր Արեւելքի երկրներն են Թուրքիային մեղադրել այդ հարցում: Անգամ փաստեր եղան, թե ինչպես են թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր իսլամական ահաբեկիչներ կռվում Սիրիայի դեմ՝ «Իսլամական պետության» խմբավորումներում: Բայց Արեւմուտքը էլի լռում էր՝ պաշտպանելով իր ՆԱՏՕ-ական հենակետ հանդիսացող Թուրքիային:

Այս ընթացքում, մինչեւ Բելգիաում կատարված ահաբեկչությունները, իսլամականները ահաբեկչություններ իրականացրեցին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Եվ ահաբեկիչների մի մասը հենց Թուրքիայով էին անցել Եվրոպա՝ իբրեւ գաղթականներ:  Վերջերս Բրիտանական «The Guardian» պարբերականը գրեց, թե Հորդանանի Աբդուլլահ 2-րդ իբն Հուսեյն թագավորը ամերիկացի կոնգրեսմենների հետ զրույցում պատմել է Մերձավոր Արեւելքի խնդրի հանգուցալուծման գործընթացում «արմատական իսլամիստների» վրա Թուրքիայի կատարած խաղադրույքի մասին: Պարբերականի տրամադրության տակ կա Հորդանանի միապետի ու բարձրաստիճան ամերիկյան օրենսդիրների, այդ թվում՝ սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մակքեյնի զրույցի սղագրությունը: Ըստ այդմ՝ հանդիպումը տեղի է ունեցել 2016թ. հունվարի 11-17-ը:

Աբդուլլահ 2-րդը շեշտել է, որ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավատում է, որ տարածաշրջանում առկա խնդիրները լուծվում են «արմատական իսլամիզմի» միջոցով: «Փաստը, որ ահաբեկիչները ուղեւորվում են դեպի Եվրոպա, Թուրքիայի քաղաքականության մասն է կազմում: Թուրքիային շարունակում են կշտամբել դրա համար, սակայն վերջինս միշտ ջրից չոր է դուրս գալիս»,- նշվում է փաստաթղթում: Հորդանանի միապետը ընդգծել է, որ երկրի հատուկ ծառայությունները պատրաստվում են Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության հետ համատեղ գործողություն իրականացնել Լիբիայում: Աբդուլլահ 2-րդը նաեւ նշել է, թե իր երկրի զորքերը պատրաստ են Մեծ Բրիտանիայի եւ Քենիայի հետ համատեղ մտնել Սոմալի, որպեսզի վճռական հարված հասցնեն «ալ-Շաբաբ» խմբավորմանը, որին «բոլորն աչքաթող են արել»: Ըստ թագավորի, Սոմալիի իսլամիստները կապված են ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ «Ալ-Քաիդայի» հետ:

«Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է,- Հորդանանի միապետի արտահայտությունն է մեջբերել պարբերականը ամերիկյան կոնգրեսմենների հետ ունեցած զրույցից,- հիմնախնդիրը շատ ավելի լայն է, քան «Իսլամական պետությունը»: ԱՄՆ-ի սենատում «The Guardian»-ի աղբյուրները հաստատել են Հորդանանի թագավորի եւ ամերիկյան կոնգրեսմենների հանդիպման փաստը, սակայն հրաժարվել են նշել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: Լոնդոնում եւ Վաշինգտոնում Հորդանանի դեսպանությունները հրաժարվել են մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակած հոդվածը:

Հիշեցնենք, նաեւ, որ Մեծ Բրիտանիան կամ Անգլիան այն երկիրն է, որը պարբերաբար փորձում է Թուրքիային դարձնել ԵՄ լիարժեք անդամ եւ միշտ աջակից է թուրքական շահերին: Նման կերպ են վարվում բրիտանացիները նաեւ Ադրբեջանի պարագայում, բայց ԵԽԽՎ-ում:

Լոնդոնը հաճախ էլ խառնում է համաեվրոպական միասնության փորձերը, երբ եվրոպական շահերը փորձում են գերակա դառնալ ամերիկյանի համեմատ կամ լինում է Եվրոպա-Ռուսաստան մերձեցում: Լոնդոնն անմիջապես միացնում է Եվրամիության կազմից դուրս գալու բարձրախոսը, ինչը նպաստում է ԵՄ կազմաքանդման խոսակցությունների ծավալմանը: Ավելին՝ նոր եվրոպական կառույցի ստեղծման անհրաժեշտությանը: Չնայած ԵՄ-ից դուրս գալու դեպքում, բրիտանական տնտեսության հնարավոր կորուստները կկազմեն երկրի տարեկան ՀՆԱ-ի մոտ 5%-ը, բայց ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ հանրաքվեն կկայանա այս տարվա հունիսի 23-ին:

Իսկ բրիտանական կայսրության բարեկամ (օսմանյան կայսրության նպատակներ ունեցող) Թուրքիան ունի ծայրահեղականության աճի վերաբերյալ մտահոգվելու բոլոր հիմքերը, մանավանդ որ պաշտոնական Անկարայի որդեգրած քաղաքականությունը տանում է դրան: Առաջին հերթին դա Թուրքիայի նախագահն է, ով աթաթուրքյան հանրապետության դեմ հանդես եկավ դեռ նախագահ դառնալու ընթացքում՝ հասկացնելով, որ Աթաթուրքի ստեղծած «Թուրքիայի Հանրապետությունը» պիտի փոխարինվի «Օսմանյան Թուրքիայով», որն էլ կտանի դեպի «Մեծ Թուրան»…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գնալով ջնջվում են ահաբեկիչների եւ ընդդիմության միջեւ առկա տարբերությունները. ահազանգում են եվրոպական լրատվամիջոցները: Նրա որդեգրած քաղաքական գիծը տանում է երկրում այլախոհության իսպառ վերացման: Այս քաղաքականության զոհերն են դառնում Թուրքիայի քաղաքացիների բոլոր տարիքային խմբերը՝ երեխաներից մինչեւ ծերեր, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ ու մշակույթի մարդիկ: Անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի կողմից Դիարբեքիրի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ իրականացվող ռազմական գործողություններին՝ միջազգային զլմ-ները նշել են, որ դրանց հետեւանքով զոհվում են երկրի հարավ-արեւելյան շրջանների խաղաղ բնակիչները: «Forighn policy» հանդեսը անգամ մեջբերում է զոհվածներից մեկի մոր խոսքն առ այն, որ նրանք ուղղակի երեխաներ են եւ պարզապես չեն կարող լինել ահաբեկիչներ: Բացի դրանից զոհվածների հարազատները շատ հաճախ չեն կարողանում անգամ վերցնել իրենց հարազատների դիակները փողոցներից, որտեղ չեն դադարում ռազմական բախումները: Այսպես էլ իրավապաշտպաններին, գիտնականներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին են ուղղակի ձերբակալում: Թուրքիայում սկսել են ահաբեկիչ համարվել եւ՛ նրանք, ովքեր իրենց ձեռքում ունեն ռումբեր, եւ՛ նրանք, ովքեր իրենց ձեռքում պահում են գրիչ:

Բայց այս երկիրը շարունակում է միլիարդներ ստանալ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից՝ Աֆրիկայի ու Ասիայի գաղթականներին ընդունելու եւ Եվրոպա առաքելու դիմաց: Ըստ եվրոպական վերլուծաբանների, Անկարան այդ միլիարդների մի չնչին մասն է գործածում փախստականների ու գաղթականների համար, առավելապես այդ գումարները ծառայում են իշխող վարչակարգի նպատակներին:

Իսկ այդ նպատակների մեջ նաեւ ահաբեկիչներին Եվրոպա հասցնելն է, ինչպես նշեցինք վերեւում:

Հայկ Թորգոմյան

Ռուսաստանի նախագահ Պուտինը՝  Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով Ուկրաինայի հոգեւոր առաջնորդարանի պատվիրակությանը, հերթական անգամ կրկնել է, որ «ոչինչ չի կարող լրջորեն խարխլել հավերժ տեւող արյունով կապված միությունը Ուկրաինայի հետ, չնայած Ուկրաինայի իշխանություն եկած չարագործների ցանկության»,- հայտնում է sminewss.com-ը:

«Ուկրաինայում նեոֆաշիզմի վերադարձը շատ նման է փտախտի (գանգրենայի) վարակի, որը կարող է տարածվել ամբողջ եվրոպական աշխարհամասում, եւ մենք, որպես Դաշնության ժողովուրդ ու Սովետական միության սերունդ, մտադիր ենք կանգնեցնել այդ հիվանդությունը»:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Պուտինը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագրերը՝ Սիրիայում եւ Իրաքում. այն, որ նրանք «Իսլամական պետության» եւ «Ալ-Ղաիդա»-ի ահաբեկիչներին սատարելու միջոցով ուզում են վերադարձնել Օսմանյան կասրությունը:

Նա ասել է, որ Սիրիայում տեւական զինադադարի հեռանկարները կասկածելի են թվում՝ հաշվի առնելով Անկարայի ռազմատենչ տրամադրվածությունը եւ նրա աղետալի խմբավորումը Սաուդյան Արաբիայի հետ: «Իսկ եթե Էրդողանը չդադարի հովանավորել Սիրիայի ահաբեկիչներին, ապա ես ավարտին կհասցնեմ Նիկոլայ 2-րդի գործը եւ Ստամբուլը կվերադարձնեմ քրիստոնյաներին»,- ամփոփել է իր խոսքը ցար-նախագահ Վլադիմիր Պուտինը…

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։