Մարզաական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով…ԱՄՆ-ում Ադբեջանի դեսպանը պաշտոնապես բողոքել է Քիմ Քարդաշյանից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

ԱՄՆ-ում Ադբեջանի դեսպանը բողոքել է Քիմ Քարդաշյանից…

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայոց բանակի հաղթական լուսանկար է տեղադրել եւ գրառել, որ աղոթում է Հայաստանի համար: ՀՀ ԶՈւ լուսանկարով նրա գրառումը ադրբեջանցիների շրջանում իսկական հիստերիա է առաջացրել: Լուսանկարի տակ ադրբեջանցի հազարավոր օգտատերեր հազարավոր մեկնաբանություններ են արել եւ սպառնացել հայերին:

Բայց նրանք փոքրամասնություն են կազմում, քանի որ Քիմի Instagram-ի հետեւորդների թիվը 70 մլն է: Հիշեցնենք, որ Արցախյան մարտերի վերաբերյալ լուսանկարներ եւ գրություններ էին տեղադրել նաեւ Քիմի քույրերն ու եղբայր Ռոբերտը: Այդ գրառումները տեսել է ավելի քան 175 մլն. մարդ:

Ծիծաղելի է, բայց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը  պաշտոնապես բողոքել է Քարդաշյանների նախաձեռնության դեմ՝ հակաադրբեջանական համարելով այն. «Նա շատ հայտնի եւ սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմի ու խաղաղության հարցերը ռեալիթի շոուի աստղի համար մի փոքր շատ լուրջ են»,- նշել է ադրբեջանցի դեսպանը՝ կարծելով թե ինքը Քիմից շաաա՜տ խելոք է:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Եվրոպայի չեմպիոն՝ 1 թուրք +2 վրացի + 1 ադրբեջանցի ջախջախելով

Ադրբեջանցի ձյուդոյիստին հաղթելով՝ Շահեն Աբաղյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությանը:

Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը հենց մեկնարկային գոտեմարտում նկատելի առավելության հասավ թուրք մարզիկ Չելիկ Էմրեի նկատմամբ: Հետագայում հաղթելով վրացի ձյուդոյիստներ Գեորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին՝ հայ մարզիկը դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ մեր ձյուդոյիստը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Նաթիգ Գուրբանլիին՝ նվաճելով Եվրոպայի գավաթը:

Եվրոպայի նորընծա գավաթակիրը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, 2015թ. ներկայացված լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:

Գերմանիայից Հենրիխ Մխիթարյանը միասնության կոչ է արել

Հայտնի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի եւ գերմանական «Դորտմունդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ ժողովրդին միասնության կոչ է արել ղարաբաղյան հակամարտության աննախադեպ սրման ժամանակ:

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում եկե՛ք դրսեւորեք միասնություն եւ տոկունություն։ Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար, մտքերով հայրենակիցներիս եւ նրանց ընտանիքների հետ եմ։ #NKpeace»:

Յուրա Մովսիսյանն ԱՄՆ-ից փառք է տվել հայ զինվորին

Միացյալ Նահանգների «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլային հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում կատարել է  գրառում եւ տեղադրել լուսանկար. «Միասին մենք ուժեղ ենք: Փա՛ռք ու պատիվ Հայ Զինվորին #ArtsakhStrong»:  - Նման կոչերով ու աջակից հայտարարություններով հանդես են եկել շատ հայ անվանի մարզիկներ, մարզիչներ, ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ՝ Սփյուռքում: Մարզիկներից հետ չեն մնացել նաեւ մշակույթի եւ արվեստի գործիչները, գիտական ու կրթական ոլորտների ներկայացուցիչները: Չկա մի ոլորտ, որի ներկայացուցիչը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համակարգում արտահայտված եւ արձագանքած չլինի…

Հայ բռնցքամարտիկները Թուրքիա կմեկնեն Օլիմպիական ուղեգրերի հետեւից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը հայտնել է, որ մեր բռնցքամարտիկները կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը պաշտոնապես հայտնել էր, թե հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու նախ Թուրքիայում, ապա նաեւ այս տարվա հունիսին՝ Ադրբեջանում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին. Նա ասել էր. «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է, որ, որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ես թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Ամենից կարեւորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է: Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա»:

Սակայն, հետագայում ՀՕԱԿ-ի հետ քննարկումների արդյունքում նոր որոշում է կայացվել, ըստ որի՝ այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները կմասնակցեն Սամսունում տեղի ունենալիք վարկանիշային մրցաշարին՝ նպատակ ունենալով հնարավորինս լավ արդյունքներ գրանցել եւ արդարացնել նախաօլիմպիական քառամյա շրջափուլի ակտիվ աշխատանքը:

ՀԱՕԿ նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանն ասել է, որ այդ որոշումը վերանայվել է: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը Հայաստանում չէ, ինքս չեմ կարող ասել, թե արդյո՞ք այդ որոշումը նախապես համաձայնեցված է եղել: Տարածված հայտարարությունից հետո ես անձամբ զրուցել եմ նրա հետ: Նա իր մտավախությունն ունի հայ մարզիկների անվտանգության համար, քանի որ Սամսունի մրցաշարին ադրբեջանցի մարզիկներ էլ պետք է մասնակցեն: Նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն հանդիպել է մարզիչների հետ եւ անձամբ զրուցել է Արթուր Գեւորգյանի հետ: Նրանք եկել են վերջնական որոշման, ըստ որի հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Սամսունում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Կողմերը եկել են համաձայնության, եւ խնդիրը լուծված եմ համարում: Այժմ մնում է միայն լավ մասնակցություն ունենալ»,- հայտարարել է Դերենիկ Գաբրիելյանը:

Արդեն հայտնի է նաեւ, թե ապրիլի 7-18-ը ովքեր կմեկնեն Սամսուն՝ բարձր պահելու հայկական բռնցքամարտի պատիվը: Մրցաշարում Հայաստանը կներկայանա 10 մարզիկով՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Հարությունով (81կգ), Ռաֆայել Սիմոնյան (91+կգ) եւ Անուշ Գրիգորյան (51 կգ):

«Բռնցքամարտիկները շատ մարտական տրամադրություն ունեն: Վախի կամ տագնապի զգացում նրանց մոտ ի սկզբանե չի եղել»,- հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Սամսունում կայանալիք վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի կարժանանան տղամարդկանց 10 քաշային կարգերից յուրաքանչյուրում 3-ական մարզիկ՝ 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, ընդ որում՝ կիսաեզրափակչում անհաջողության մատնված բռնցքամարտիկները եւս 1 լրացուցիչ մենամարտ կանցկացնեն 3-րդ տեղի եւ օլիմպիական ուղեգրի համար: Կանանց մրցաշարի դեպքում 3 քաշային՝ 51 կգ, 60 կգ եւ 75 կգ կարգերից յուրաքանչյուրում օլիմպիական ուղեգրի կարժանանա միայն եզրափակչում մրցողները:

Ընդհանուր առմամբ Սամսունի օլիմպիական վարկանշային մրցաշարում 36 օլիմպիական ուղեգիր է վիճարկվելու՝ տղամարդկանց դեպքում՝ 30, կանանց՝ 6:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում հունիսին կայանալիք վարկանշային մրցաշարին, ապա այդ մասին ընդունված որոշումը դեռ չի վերանայվել, իսկ որոշված է, որ Հայաստանը չի մասնակցելու այդ մրցաշարին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա

Հ.Գ. – Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնեց Թուքիայի Սամսուն քաղաք, որտեղ ապրիլի 7-18-ը տեղի կունենա օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարը: Այդ մրցումներում Հայաստանը հայտավորել է 10 բռնցքամարտիկ. Արթուր Հովհանիսյան (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), Ռաֆայել Սիմոնյան (+91 կգ) եւ Անուշ Գրիգորյան (51 կգ):

– Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին: Ապրիլի 11-ին կայանալիք 1/8 եզրափակչում Անուշը կմրցի Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: 64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովն իր մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել Բելգիան ներկայացնող Անտուան Վանաչերեի նկատմամաբ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ,  որտեղ մրցելու է իտալացի Վիչենցո Արեչիայի հետ: Մենամարտը կկայանա ապրիլի 11-ին: Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանն իր առաջին մենամարտում, ցավոք, պարտվել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրովին: Ռինգ դուրս կգան 75 կգ քաշային Արման Հովհիկյանն ու 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը:

Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:  Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ, ԱՄՆ) կայացած 12 ռաունդանոց մրցամարտում նա պարտվեց Խիլբերտո Ռոդրիգեսին: Բոլոր 3 մրցավարներն էլ միեւնույն 120:108 հաշվով հաղթանակ շնորհեցին 24-ամյա մեքսիկացի բռնցքամարտին:

35-ամյա Արթուր Աբրահամը մինչեւ այդ 4 անգամ պաշտպանել էր չեմպիոնի կոչումը, սակայն այս անգամ նա ոչինչ չկարողացավ հակադրել իրենից երիտասարդ մրցակցին եւ զիջեց բոլոր ռաունդներում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։