Տարածաշրջանի թարախային պալարները – Վաշինգտոնում նախագահը խոսել է իրական վտանգից… Հայաստան.- ատոմային երկրից՝ միջուկային երկրի – Չէ՞ որ ժամանակին Իսրայելը ստեղծեց միջուկային զենք իրեն պաշտպանելու համար…

Տարածաշրջանի թարախային պալարները – Վաշինգտոնում նախագահը խոսել է իրական վտանգից

Արցախյան վերջին դեպքերից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում էր: ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել էր Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում էր նաեւ մեր երկրի ղեկավարը:

Ելույթ ունենալով այդ գագաթաժողովում՝ նախագահն ասել էր, որ 2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում արված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:

«Այս դրական միտումը լավագույնս դրսեւորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված եւ կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարեւոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»,-նկատել էր Սերժ Սարգսյանը:  Նա միաժամանակ հավելել էր, թե չնայած այս հանդիպումը վերջինն է միջուկային անվտանգության գագաթաժողովների շարքում, մենք պարտավոր ենք ապահովելու գործընթացի շարունակականությունը՝ օգտագործելով այլ ձեւաչափեր. «Անելիքներ դեռ շատ կան, եւ մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը մեզ շրջապատող աշխարհն առավել անվտանգ դարձնելու համար»:

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգտվելով հնարավորությունից՝ նախագահը ներկայացրել էր՝ Հաագայի գագաթնաժողովից հետո Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Այն է՝ այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին: Շարունակում ենք փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցել միջազգային կառույցների եւ գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ: «Առանձնացնեմ ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման եւ այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ եւ այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:

Հայաստանն ակտիվ ներգրավված է նաեւ միջուկային ահաբեկչության դեմ պայքարի եւ Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ եւ ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:

Մեր այս հետեւողական մոտեցումը լինելու է շարունակական եւ անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին»:

Հասկանալի է, որ միջազգային որեւէ միջոցառում, որտեղ ներկա են Թուրքիան եւ Ադրբեջանը, չի կարող չմխտռվել (երեւույթն իր անունով կոչելը էթիկայի խախտում չեմ համարում: Նաեւ՝ եթե երբեւէ նկատել եք, թե ինչպես է պայթում թարախային պալարը, կհասկանաք, թե ինչու եմ մխտռել բառով բնութագրել դրանց,- հեղ.): Պարզ է, թե ինչ պիտի ասեին գագաթաժողովում:

Ինչեւէ, դրանց Սերժ Սարգսյանը դիպուկ էր արձագանքել. «Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետեւ դրանք առաջին հերթին անվստահության դրսեւորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում՝ միջազգային հանրության եւ կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների եւ մոտեցումների ստահոդ մեկնաբանում եւ ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար եւ ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը»:

Ատոմային երկրից՝ միջուկային երկրի

Ի դեպ, այս օրերին, երբ Ադրբեջանը սանձարձակվել էր Արցախի սահմաններին, մի առաջարկ էր արել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ում գործունեությունը երբեւէ չեմ հավանել եւ տեսակետներին գրեթե երբեք համամիտ չեմ եղել: Բայց այս վերջին ասածը սրտովս է:

Բանն այն է, որ նա առաջարկել է միջուկային զենք ստեղծել. «Այս պատերազմը նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար 3 զենք: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի զինատեսակներից, որ նա կուտակել է: Սարսափելի բացասական, ոչ մարդկային զինատեսակներ են: Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա էլի, մենք մեզ պիտի պաշտպանենք»:

Իսկ ինչու՞ ոչ:

Չէ՞ որ ժամանակին Իսրայելը ստեղծեց միջուկային զենք իրեն պաշտպանելու համար: Մեր պարագայում էլ եւ՛ պատճառաբանությունը եւ՛ արդարացումը կա. մենք էլ ենք շրջապատված թշնամիներով, ինչպես Իսրայելն էր իր համար նշում այդ գործոնը: Իսկ այդ գործոնը մեզ մոտ կրկնակի կարեւոր է. մենք շրջապատված ենք արնախում եւ ցեղասպան թշնամիներով (Իսրայելի դեպքում հաստատ այդպես չէ), որոնք պետություն են սարքել մեր հայրենի տարածքների վրա:

Ուրեմն՝ միջուկային զենք ունենալու մեր իրավունքը եւս կրկնակի է, եթե ոչ ավելին:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։