Հանցագործ Ադրբեջանի հարցը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի hատուկ նիստին Հայաստանը պարտավոր է միջազգային ատյաններ ու դատարաններ մտնել… Կորուստներ եւ հերոսներ, որ արդար համարժեք պատժի են սպասում…

Հանցագործ Ադրբեջանի հարցը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի hատուկ նիստին

Ապրիլի 5-ին գումարվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գերմանական նախագահությանը ՄԽ հատուկ նիստը հրավիրելու համար եւ երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին, որոնք ցավակցություն հայտնեցին ռազմական առճակատման ընթացքում զոհվածների ընտանիքներին: Ըստ դեսպանի, լայնածավալ ռազմական գործողությունները որեւէ օգուտ չեն կարող բերել տարածաշրջանի ժողովուրդներին:

Նա ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ ագրեսիայի ընթացքը՝ նշելով, որ Բաքվի կողմից բազմիցս հնչեցվող ուժի կիրառման սպառնալիքներն իրականություն դարձան: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, քաղաքացիական բնակավայրերը եւ ենթակառուցվածքները դարձան հրետանու, տանկերի եւ օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ: Ադրբեջանական կողմն օգտագործեց «Գրադ» եւ «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային կայանքներ, «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ, 152 մմ. տրամաչափի ծանր հրետանի եւ տարբեր տրամաչափի ականանետներ:

Դեսպանի խոսքով, վճռական հարված հասցնելու ու ռազմական հաղթանակ տանելու Ադրբեջանի փորձը ձախողվել է ԼՂ ՊԲ ստորաբաժանումների կողմից, եւ Ադրբեջանը կորցրել է զգալի քանակով տանկեր, զրահամեքենաներ, մի շարք հարվածային եւ այլ նշանակության անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ ու հարյուրավոր զինվորներ՝ ծանր գին վճարելով իր ռազմական արկածախնդրության համար:

Դեսպան նաեւ տեղեկացրել է ԼՂ ՊԲ կորուստների մասին: Նշվել է, որ սպանվել են մի շարք քաղաքացիական անձիք, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու Խալափյանների ընտանիքի 3 տարեց անդամները:

Հատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերից, զսպել հասարակության դժգոհությունը նավթի գների անկմամբ ու գնաճով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներից ու խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փորձելով առավելություններ ձեռք բերել սադրանքների եւ ուժի կիրառման միջոցով: Այս վերջին առճակատումն առանձնանում է նախորդ սրացումներից տարածքի զավթման փորձերով եւ քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությամբ, ինչը միտված է ահաբեկելու ԼՂ ժողովրդին:

ԼՂՀ-ում դպրոցի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է երեխաների սպանության եւ վիրավորման, ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից Թալիշ գյուղում իրականացված տարեցների դաժան սպանությունը որակվեցին որպես պատերազմական հանցագործություններ: Քաղաքացիական անձանց այդ կոտորածը հիշեցնում է ԼՂ հակամարտության սկզբնական փուլում Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ ու այլ քաղաքներում հարյուրավոր հայերի ջարդերը: Հայկական կողմը փաստեց, որ Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի ձեռագիրը՝ իրականացնելով խաղաղ բնակչության առանձնակի դաժանությամբ սպանություններ միջոցով իրենց մարտական ոգին բարձրացնելու համար:

Ադրբեջանն անգամ չի փորձում թաքցնել սահմանամերձ բնակավայրերի, հատկապես, Մարտակերտի հրետակոծությունն ու անգամ սպառնում է թիրախ դարձնել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դեսպանն ընդգծեց, որ վերոհիշյալ պատերազմական հանցագործություններն ակնհայտ են դարձնում, թե ինչ կպատահի ԼՂ բնակչության հետ, եթե Ադրբեջանի զինված ուժերը կարողանային հաղթանակի հասնել: «Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանզի խոսքը ժողովրդի ֆիզիկական գոյության մասին է:

Հայաստանըը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք եւ Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտանգության երաշխավոր, կսատարի ԼՂ-ին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ»,- շեշտել է դեսպանը, ով դրական գնահատեց միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայց եւ շեշտեց, որ ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին: Հայկական կողմը փաստեց, որ բազմիցս բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների խնդիրը ԵԱՀԿ հարթակում: Երեւանը համաձայնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մինչդեռ Բաքուն մերժել է միջազգային միջնորդների բոլոր առաջարկությունները՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը:

…Դեսպանն անդրադարձավ Թուրքիայի բացասական դերին՝ նշելով, որ հայերի հանդեպ իր թշնամական վերաբերմունքով հայտնի այդ երկիրը սատարում է Ադրբեջանին: Թուրքական բարձր մակարդակի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները վերջին ռազմական առճակատման նախօրեին եւ ընթացքում ու հետեւողական աջակցությունն Ադրբեջանի զինված ուժերին իրենցից ներկայացնում են հայ ժողովրդի դեմ նոր հանցանքների բացահայտ խրախուսում:

Ներկայացվեց Երեւանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայկական կողմի դիրքորոշումը առճակատման հանգուցալուծման վերաբերյալ. 1., Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված 1994թ. եռակողմ զինադադարի պայմանագիրը պիտի խստորեն պահպանվի, պիտի դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, հայկական ու ադրբեջանական զորամիավորումները պիտի վերադառնան մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: 2. Անհրաժեշտ է շտապ ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունները պետք է զգալիորեն ընդլայնվեն, այդ թվում՝ դաշտային օգնականների քանակի ավելացման միջոցով: 3., ԼՂ իշխանությունը հանդիսանում է 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրող կողմ, ուստի հակամարտող բոլոր կողմերը պետք է վերականգնեն ուղիղ շփումները ԼՂ հետ:

Պարտավո՛ր ենք պատժել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին եւ արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ եւ զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով՝ զոհերի ու վիրավորների թիվը նշվում է ավելի քան 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում դադարեցվել է կրակը: Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը, ԼՂ ՊԲ օպերատիվ բաժնի պետի փոխանցմամբ, ունեցել է հետեւյալ կորուստները. մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի: Իսկ Երեկվա դրությամբ տվյալները փոխվել էին՝ 36 զոհ, 21 կորած, 122 վիրավոր: (ցավոք, այս թվերը դեռ փոփոխվում են կորած տղաների զոհված լինելու փաստով պայմանավորված)

Թեեւ թշնամու կորուստներն ավելի շատ են, քան մերը, բայց դա ցավին դարման չի անում: Մեր ամեն զոհված զինվորի դիմաց դրանց լեշերը դեռ պիտի հազարներով փտեն: Իսկ «բարոյախոսներին» խնդրում ենք մեծահոգության դասեր չտալ:

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։