Ըստ Կոմանդոսի՝ բանակցելու փոխարեն հարկ է 1-2 հրթիռ ուղարկել Բաքու… Կեղծ հավասարության ու մեղադրանքների հետեւանքները… Իրենց կամքից անկախ, Ադրբեջանին օգնում են բանկի վարկառուները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են…

Բանակցելու փոխարեն հարկ է 1-2 հրթիռ ուղարկել Բաքու

Ադրբեջանը չկարողացավ մեզ հաղթել եւ այն, ինչ հերթական անգամ ծրագրել էր, շատ արագ տապալվեց, ու նախաձեռնությունը մեր կողմն անցավ: Սա չէին սպասում եւ ձախողեցին: Սա Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի խոսքերն են: Ըստ նրա, Ադրբեջանը փորձեր է արել առաջխաղացման, սակայն անմիջապես այդ փորձը կասեցվել է:

«Այո, մենք ունենք զոհեր, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, եւ պատերազմն առանց զոհերի չի լինում: Եվ այդ պատերազմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք չէ, որ սկսում ենք: Նախահարձակն իրենք են, եւ ստացվում է, որ մենք կռվում ենք պարտադրված պատերազմում»,- նշել է Կոմանդոսը: Նա նաեւ հայտարարել է, որ տարիների փորձը հուշում է, որ սխալ է պատերազմի կեսին թողնել մարտական ուղին եւ խոսել դիվանագիտության կամ բանակցությունների լեզվով:

Ռազմական գործիչն անիմաստ է համարում այս զինադադարը, եթե դիմացինը բանակցությունների լեզվին չի տիրապետում, այդ լեզուն չի հասկանում: Իրենք ի՞նչ են հասկանում դիվանագիտությունից: Երբ ասում են դիվանագիտություն, իրենք հասկանում են մորթել, կտրել, ջարդել… Դրա համար այդպես պետք է «բանակցել» Ադրբեջանի հետ՝ զենքի բանակցություններով:

Իմիջիայլոց, սա պատերազմի մեծաթիվ մասնակիցների տեսակետ է նաեւ, եւ նրանք համոզված են, որ Բաքուն բանակցել ասվածը իր համար ժամանակավոր դադար է հասկանում: Ըստ այս տեսակետի կողմակիցների, ի՞նչ է նշանակում շնչելու հնարավորություն տալ նրան, ով մեզ վրա կրակում է, խփում է մեր անմեղ գյուղացիներին, խաղաղ բնակիչներին, մտնում տները, մորթում մեր սահմանամերձ գյուղերի մարդկանց, իսկ մենք պիտի ընկնենք դիվանագիտական ոլորանները: Խորհրդարանում, թե կառավարությունում մտածում են՝ ինչ հայտարարություն անեն, որ անցնեն բանակցության: «Ու՞մ հետ գնանք բանակցե՞նք: Էլ ի՞նչ բանակցենք…»,- զայրանում է Կոմանդոսը: Նրա համոզմամբ՝ այս պատերազմը գոնե միառժամանակ կդադարի, եթե Հայաստանը կարողանա մի քանի նոր տարածքներ ազատագրել:

«Իրենք խոսում էին Ստեփանակե՞րտը ռմբակոծելու մասին, մեր համարժեք քայլը պետք է լինի՝ մի 2 նախազգուշական ռակետ ուղարկել Բաքվի վրա: Ստեփանակերտը սովոր է, թող բաքվեցիք էլ զգային՝ դա ինչ է… Թող մի պուճուր էլ բաքվեցիք վախենան, հասկանան, թե դա ինչ է, մտածեն հետեւանքների մասին, բոլորն էլ հարազատ ունեն, երեխեք ունեն: Թե չէ ի՞նչ է նշանակում իրար վրա տանկեր բերել, հետո նստել ասել՝ «Ապեր ջան, արեք բարիշենք»: Ի՞նչ բարիշել, իրենք չեն ուզում բարիշել, իրենք կռիվ են ուզում, պետք է կռվել»:

Ինչեւէ, Կոմանդոսը վստահ է, որ «ամեն ինչ վերահսկողության տակ է. կարծես շախմատ են խաղում ու մերոնք շատ լավ են խաղում»…

Կարեն Բալյան

Կեղծ հավասարության ու մեղադրանքների հետեւանքները

Արդեն որերրորդ անգամն է Ադրբեջանն արհամարհելով միջազգային կազմակերպությունների, աշխարհի գերտերությունների կոչերը՝ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, անցել է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ չհայտարարված պատերազմի: Պատերազմական կոչերը այդ նույն միջազգային հանրության կողմից արհամարհվեցին այնքան ժամանակ, մինչեւ այն դարձավ իրականություն:  Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը (եւ հաջորդող օրերին) շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ պատերազմական գործողությունները այն իրավիճակն են ստեղծել, երբ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ այն ներկայացնող 3 պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը, պարտավոր են մի կողմ թողնել իրենց կողմից ավելի քան 2 տասնամյակ շարունակվող կեղծ քաղաքականությունը, որ միտված է իբր կողմերի միջեւ հավասարակշռություն ստեղծելուն:

Այլեւս պարտավոր են դադարեցնել կողմերին հավասարաչափ մեղադրելու կեղծավոր հայտարարությունների ոճն ու արդարացի գնահատական տալու իրավիճակին: Իսկ արդարացին ու իրականն այն է, որ Ադրբեջանը չհայտարաված պատերազմ է սկսել հայկական 2 պետությունների՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ:

Պատերազմական այս լարված իրավիճակում Մոսկվայից դարձյալ լսվեց նույնաբովանդակ լղոզված կոչը՝ ուղղված կողմերին: Ինչպես հաղորդեց Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, նախագահը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:

Սա այլ բան չէ, քան հերթական «բարեկամական» թշնամանքի դրսեւորումը բարեկամ Հայաստանի նկատմամբ:

Արեւմուտքի հայտարարությունների մեջ գոնե արդարացի ինչ-որ տարրեր կային: Եռանախագահող երկրները պարտավոր են աջակցել Հայաստանին ու Արցախին՝ տարածաշրջանը վտանգող ու միշտ ծավալապաշտ (իր մեծ եղբոր՝ Թուրքիայի նման) Ադրբեջանին համարժեք հակահարված հասցնելու հարցում: Նաեւ պարտավոր են միջազգայնորեն դատապարտել խառնակիչ երկրի պատերազմական գործողությունները:

Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պարտավոր են մի կողմ թողնել նավթային ու գազային գործոնը՝ գիտակցելով, որ ահաբեկչական պետություն Ադրբեջանը վտանգավոր է դառնում աշխարհի համար: Իսլամական ահաբեկչությունը արդեն հասավ Եվրոպայի սիրտը՝ Բրյուսել: Պարտավոր են գոնե իրենց համար սթափվել, քանզի Ադրբեջանը պետություն է, որը սատարում է ահաբեկիչներին, նաեւ սնուցում է ահաբեկիչներով, որոնց մի մասը վերադարձել ու մասնակցում էր այս քառօրյա պատերազմին:

ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկա շաբաթում Վիեննայի նիստից հետո կրկին կքննարկի հակամարտության գոտում վիճակի խիստ սրման հարցը եւ կփորձի հակամարտ կողմերի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել:

Արման Դավթյան

Մեկը զրոյացնում է, մյուսը՝ ունեզրկում

Մեր երկրի բանկերից մեկը Արցախի տարածքում  ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողներին աջակցելու գործնական քայլ արեց:

«Հայբիզնեսբանկ»-ից  հայտնել են, որ բանկը զրոյացրել է վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները: Բանկը, ի դեմս նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի եւ ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների՝ բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

Մեղմ ասած տրամագծորեն հակառակ գործն է անում մեկ այլ բանկ՝ ՎՏԲ բանկը: Ադրբեջանն այս բանկի բաժնետերերից է, ինչը նշանակում է, որ ոչ միայն տերն է բանկի եկամուտների իր բաժնի, այլեւ տիապետում է ՀՀ տնտեսության, ՀՀ քաղաքացիների մասին տվյալների:

Այլ կերպ՝ Հայաստանում անարգել գործում է թշնամական բանկ: Բանկ, որի պաշտոնական տվյալներից կարող ենք տեղեկանալ, թե քանի գույքի սեփականատեր է ՀՀ-ում:

Բացի այդ. փաստորեն, այս բանկը մեր երկրից ֆինանսներ գանձում եւ ուղղում է Ադրբեջանին:

Նաեւ՝ իրենց կամքից անկախ, Ադրբեջանին օգնում են բանկի վարկառուները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Եթե չօգնեն, այսինքն՝ չկատարեն բանկի առջեւ իրենց ստանձնած պարտավությունները, կունեզրկվեն՝ դրանով ավելի աջակցելով թշնամուն:

Սա հրատապ լուծում պահանջող խնդիր է, եւ դրա լուծումը միանշանակ պիտի տա պետությունը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։