Պայքար ոչ թե տարածքների, այլ՝ հայրենի երկրի համար – Բակո Սահակյանը միջազգային հանրությանը դաս է տալիս… 600 տարի հորդան իր գենը հորդացրել է Ռուսաստանի մեջ… Ղազախստանի նախագահը ջանքեր է գործադրում ռուսալեզու բնակչությունը նվազեցնելու՝ ձուլելու համար (թյուրքական ձեւն է)…

Պայքար ոչ թե տարածքների, այլ՝ հայրենի երկրի համար – Բակո Սահակյանը միջազգային հանրությանը դաս է տալիս

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հրավիրած մամլո ասուլիսում միջազգային հանրությանը երկու դաս տվեց. նախ՝ ԼՂՀ պահանջը ներկայացրեց՝ հասկացնելով, որ այն միշտ անբեկանելի է մնալու եւ ապա՝ բացատրեց, թե հանուն ինչի է պայքարում ԼՂՀ-ն, եւ որ այդ պայքարից էլ հայը երբեք չի հրաժարվելու:

Եվ այսպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից եւ միջազգային հանրությունից պահանջում է վերջնականապես լուծում տալ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին. «Եթե չվերանայենք մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք թերի որոշումներ: 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ ԼՂ-ն հակամարտության կողմ է, եւ այդ որոշումն իրակավական առումով ուժը կորցրած չէ: Հետեւաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայություն, եւ վերջին իրադարձությունները հիմք են միջազգային հանրության համար՝ վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի»:

Համապատկերում Բակո Սահակյանը շեշտեց, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի:

Ու որպեսզի նույն այդ միջազգային հանրության համար թյուրըմբռնում չլինի, հավելել է, թե այնպես չէ, որ Հայաստանն ամբողջապես չի ներկայացնում Արցախի շահերը, ընդհակառակը, Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Պարզապես հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու Արցախի պահանջը բխում է տրամաբանության դիրքերից. աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի:  Արցախի նախագահը չի հերքել միջազգային ջանքերի դերակատարությունը, բայց մնացել է իր խոսքին. առանց Արցախի արցախյան խնդիրը լուծվել չի կարող: Նա ընդգծել է, որ ՄԽ համանախագահներն իրականացնում են ակտիվ միջոցառումներ, որոնք բերել են նրան, որ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Մշտապես հնարավորություն եմ ունեցել գնահատականներ տալու միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը եւ ոչ միայն գնահատականներ եմ տվել, այլ շնորհակալություն եմ հայտնել միջազգային հանրությանը նրանց ջանքերի համար:

Հարաբերական խաղաղությունը, որ տիրում էր մինչեւ ապրիլի 1-ը, ապահովվում էր նաեւ ՄԽ համանախագահների շնորհիվ: Շնորհակալության հետ մեկտեղ, սակայն, դժգոհություն էի հայտնում բոլոր հանդիպումների ժամանակ, որ խաթարված ձեւաչափով անհնար է հասնել վերջնական լուծման: Այսօր էլ այն համոզմանն ենք, որ ցանկացած նախաձեռնություն եւ առաջարկություն առանց ԼՂ պաշտոնական մասնակցության, չի կարող լիարժեք լինել եւ վերջնականապես կյանքի կոչվել»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա այն Ադրբեջանի կողմից ի սկզբանե աղավաղված է ներկայացվում: Բանն այն է, որ, ինչպես ասուլիսում ասել է Բակո Սահակյանը, Ադրբեջանը հիմնախնդիրը մշտապես ուղղորդվում է յուրահատուկ հիստերիայով, որի ժամանակ անընդհատ մատնանշվում է տարածքների հարցը:

Մինչդեռ՝ «այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար: Հնարավորություն ունեցել եմ ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն՝ ուղղված պարզապես Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը. հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, եւ մենք այս պայքարի առաջամարտիկներն ենք, յուրահատուկ առաքելություն ենք իրականացրել եւ իրականացնում ենք: Այդ նույն գիտակցությամբ շարունակելու ենք իրականացնել՝ հայրենիքը վեր դասելով ամեն ինչից»:

Եվ սա է պատճառը, որ Արցախի սահմաններին փաստացի արդեն 7-օրյա պատերազմը ոտքի է հանել աշխարհի բոլոր հայերին: Միջազգային հանրությունը հարկ է, որ սա հասկանա՝ ԼՂ հարցը հայրենի երկրի հարց է: Իսկ այս դեպքում հայ ժողովուրդը միասնական է, միակամ:

«Չենք տարբերակում մայր Հայաստանի, Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին արցախցիներից: Մենք մի ամբողջություն ենք եւ այսուհետ էլ շարունակելու ենք այդ գիտակցությամբ կերտել մեր կյանքը եւ արձանագրելու ենք հաջողություններ»,- ամփոփել է Արցախի նախագահը:

Անի Մարության

600 տարի հորդան իր գենը հորդացրել է Ռուսաստանի մեջ

Պատմության ընթացքում գենի այնպիսի աղավաղում եղավ, որ այսօր զտարյուն, մաքուր ռուսներ շատ քիչ կարելի է գտնել, եւ փաստերը բազմահազար են: Աղավաղումն այն կարգի եղավ, որ դարձան սպիտակ թուրք, եւ, ի դեպ, այս փաստերն էլ բյուր են: Հիմա՝ Ռուսաստանն իր խեղման հետ վաղուց հաշտվել է, մե՛նք չենք հաշտվում, ու շարունակում ենք այդ պետությանը մեզ ռազմավարական դաշնակից համարել:

Ու քանի որ ես լրագրող եմ, իմ համոզմունքը կարող եմ հանգիստ բարձրաձայնել: Ես կարող եմ ինձ այդ շռայլությունը թույլ տալ, ինչը, հասկանալի է, անել չի կարող մեր երկրի նախագահը: Եվ ապրիլի 6-ին, Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պիտի ասեր, թե ցավալի է, որ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում թշնամի երկրին:

Լավ է, որ ես նախագահ չեմ, ու այստեղ էլ կարող եմ ասել, թե Ռուսաստանից նեղանալու կարիք չկա, ասում եմ չէ, այնքան է գենախեղվել, որ թշնամի-բարեկամ իրարից չի տարբերում: Միայն թե զենք վաճառի, միայն թե գումար աշխատի ու վերջ: Ճիշտ է, արդի աշխարհի «կանոնակարգով» քաղաքականությունն անբարոյականություն է, բայց Մոսկվան մեր հանդեպ այդ նշաձողի սահմանն էլ է գերազանցել…

Ինչեւէ: Նշյալ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներն ենք, եւ մեզ համար, իրոք, ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ այդ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին։

Բայց, ուշադիր լինենք, նախագահը հավելեց միաժամանակ, որ Հայաստանի՝ այդ գործընթացի վրա ազդելու հնարավորությունները սահմանափակ են։

Սա, ոչ դիվանագիտական լեզվով ասած, նշանակում է՝ Եվրոպա, դու՛ ունես այդ՝ անսահմանափակ հնարավորությունը, ազդի՛ր Ադրբեջանի վրա, եթե իսկապես ժողովրդավար ու խաղաղասեր ես:

Ի դեպ, ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Ադրբեջանը ժամանակակից զենք ունի, եւ եռօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ նա դրանք օգտագործում է։ Սակայն ուժը զենքի արդիականության եւ տանկերի մեջ չէ, այլ այն հավատի, որն ունի Ղարաբաղի եւ, առհասարակ, հայ ժողովուրդը։ Հավատն առ այն, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, սակայն եռօրյա կոնֆլիկտը ցույց տվեց, որ մենք դրանով կռվել գիտենք, եւ տեսնում եք, թե ինչ կորուստներ ունի ադրբեջանական կողմը եւ ինչ՝ մենք։ Տեսնում եք, թե ինչպես մեր հասարակությունը իրեն դրսեւորեց։ Ադրբեջանում դուք կորուստների մասին ինֆորմացիա չեք գտնի։ Եռօրյա լարվածությունը ցույց տվեց, որ լավագույն հասարակությունները նաեւ լավ կռվել գիտեն»:

Աստղինե Քարամյան

* * *

…Ղազախստանի տարածքի մի հսկայական մասում բնակվում է ռուսախոս բնակչություն: Այս տարածքները (5 շրջաններ) խորհրդային իշխանության տարիներին, անջատվելով ներկայիս Ռուսաստանի տարածքից, միացվել են սկզբում ղազախական ինքնավար, իսկ 1936թ.-ից՝ միութենական հանրապետությանը: Խորհրդային քաղաքականությանը բնորոշ սահմանների ձեւախեղման այս գիծը առաջ է տարվել գլխավորապես քաղաքական նպատակներով՝ առանց հաշվի առնելու էթնիկական եւ պատմական գործոնները: 1991թ.-ից հետո ինչպես նախկին միութենական այլ հանրապետություններում, Ղազախստանում նույնպես ծառացավ այս լուրջ հիմնախնդիրը:

Անկախություն ձեռք բերելուց հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շատ ջանքեր է գործադրել ռուսալեզու բնակչությունը մինիմումի (թյուրքական ձեւն է) հասցնելու եւ ապառուսաֆիկացման քաղաքական գիծը հաջողությամբ իրագործելու համար: Նա արձանագրել է որոշակի հաջողություններ:

Բայց տեսնելով Ղրիմի հետ կատարվածը՝ ինչպես ղազախստանյան, այնպես էլ ռուսական վերլուծական կենտրոնները հանդես եկան հոդվածների ու վերլուծականների տարափով՝ համեմատականներ անցկացնելով Ղրիմի ու հյուսիսային Ղազախստանի միջեւ:

Մինչ օրս շրջանառվում է այն միտքը, որ Ղրիմին հաջորդելու է հյուսիսային Ղազախստանը: Տվյալ իրադրության պայմաններում նախագահ Նազարբաեւին մնում էր արցախյան հակամարտության «հաշվին» արձանագրել, որ բոլոր երկրները պետք է Մաքսային միություն մտնեն միմիայն ամրագրված սահմաններով՝ քաղաքական առաջանցիկություն ապահովելով Հեյդար Ալիեւի, բայց որ ամենակարեւորն է, հենց Ղազախստանի տարածքային ամբողջականության համար:

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։