Ռուսաստանը փորձում է ճնշել Հայաստանին – Հայաստանի նախագահն անսպասելի անկեղծանում է, իսկ վարչապետը՝ կասկած հայտնում Մոսկվա գնալու առումով… Կեղծ քաղաքականություն, որ միտված է կողմերի միջեւ հավասարակշռություն ստեղծելուն…

Եռաբլուր զինվորական պանթենում Սերժ Սարգսյանը մասնակցում էր Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը: Այստեղ նախագահը շատ անկեղծ ելույթ ունեցավ եւ կարելի է ասել, առաջին անգամ  բաց տեքստով ներկայացրեց իրականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրանքներ, հզոր հովանավորներ չունի, բայց ունի աշխարհի արդար մարդկանց համակրանքը: «Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո եւ քո ընկերների սուրբ գործը, հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»,- ասաց երկրի նախագահը:

Անկեղծությունն այնտեղ հասավ, որ առաջին անգամ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրը չէ եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ:

Որոշ տեղեկություններով՝ Ռուսաստանը այս օրերին փորձում է ճնշումներ բանեցնել նաեւ Հայաստանի նկատմամբ եւ դա է պատճառը, որը ստիպել է Սերժ Սարգսյանին խոսել բաց ու անկաշկանդ: Ասել այն, ինչ այսքան ժամանակ չի ասվել, ավելին՝ ասվել է հակառակը: Նշանակում է՝ ազգային ու պետական խնդիրը վեր դասվեց անձնական հարաբերություններից, որն առկա է ՀՀ եւ ՌԴ նախագահների պարագայում:

Հայաստանի նկատմամբ բանեցվող ճնշումների շարքից է նաեւ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի այցի հետաձգման փորձը: Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երեւանում վարչապետերի գագաթաժողովը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ: Հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է, այն կկայանա Մոսկվայում: Իսկ Ռուսաստանի վարչապետը Երեւան է շտապել…  Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե դեռ չի որոշել՝ կմեկնի՞ Մոսկվա, թե՞ ոչ…

Հայաստանն իրապես անկախ քաղաքականությամբ առաջնորդվելու լուրջ քայլեր է անում, միայն թե…

Իմիջիայլոց, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը այլ հարցերի հետ միասին կրկին արծարծեց Ռուսաստանի հետ բարեկամության թեման: «Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, եւ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, եւ ոչ միայն Ռուսաստանը (Բելառուսը եւս հետ չի մնում, էլ չասենք թյուրքական Ղազախստանի մասին,- Ա.Ա.), այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանալի է, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա (սա եւս լուրջ եւ համարձակ արծարծում է,- Ա.Ա.): Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երեւի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, եւ այս 3 օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, եւ ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրվա հակամարտությունը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, եւ ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, եւ մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վարկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավրովել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս 3 օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետեւ ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է»:

Իսկ ԵՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է, նախնական տվյալներով՝ այն կկայանա ապրիլի 12-ին՝ Մոսկվայում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ղրղըզստանի վարչապետի մամո ծառայության ղեկավար Նազիրա Ահմեդովան։

«Ավելի վաղ ծրագրվել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը կանցկացվի Երեւանում՝ ապրիլի 8-ին։ Բայց մենք ծրագրում ենք կառավարությունների ղեկավարների հանդիպումը անցկացնել Մոսկվայում»,- ասել է Նազիրա Ահմեդովան։

Երեւի Բաքվից էլի նամակներ է գնացել Պուտին-Նազարբաեւ-Լուկաշենկո սլավոնա-թյուրքական դաշինքին…, Ինչպես եղավ Աստանայի գագաթաժողովում՝ Արցախի խնդրի արծարծմամբ:

Արամ Ավետյան

Կեղծ հավասարության ու մեղադրանքների հետեւանքները

Արդեն որերրորդ անգամն է Ադրբեջանն արհամարհելով միջազգային կազմակերպությունների, աշխարհի գերտերությունների կոչերը՝ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, անցել է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ չհայտարարված պատերազմի: Պատերազմական կոչերը այդ նույն միջազգային հանրության կողմից արհամարհվեցին այնքան ժամանակ, մինչեւ այն դարձավ իրականություն:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը (եւ հաջորդող օրերին) շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ պատերազմական գործողությունները այն իրավիճակն են ստեղծել, երբ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ այն ներկայացնող 3 պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը, պարտավոր են մի կողմ թողնել իրենց կողմից ավելի քան 2 տասնամյակ շարունակվող կեղծ քաղաքականությունը, որ միտված է իբր կողմերի միջեւ հավասարակշռություն ստեղծելուն:

Այլեւս պարտավոր են դադարեցնել կողմերին հավասարաչափ մեղադրելու կեղծավոր հայտարարությունների ոճն ու արդարացի գնահատական տալու իրավիճակին: Իսկ արդարացին ու իրականն այն է, որ Ադրբեջանը չհայտարաված պատերազմ է սկսել հայկական 2 պետությունների՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ:

Պատերազմական այս լարված իրավիճակում Մոսկվայից դարձյալ լսվեց նույնաբովանդակ լղոզված կոչը՝ ուղղված կողմերին: Ինչպես

հաղորդեց Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, նախագահը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:

Սա այլ բան չէ, քան հերթական «բարեկամական» թշնամանքի դրսեւորումը բարեկամ Հայաստանի նկատմամբ:

Արեւմուտքի հայտարարությունների մեջ գոնե արդարացի ինչ-որ տարրեր կային: Եռանախագահող երկրները պարտավոր են աջակցել Հայաստանին ու Արցախին՝ տարածաշրջանը վտանգող ու միշտ ծավալապաշտ (իր մեծ եղբոր՝ Թուրքիայի նման) Ադրբեջանին համարժեք հակահարված հասցնելու հարցում: Նաեւ պարտավոր են միջազգայնորեն դատապարտել խառնակիչ երկրի պատերազմական գործողությունները:

Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պարտավոր են մի կողմ թողնել նավթային ու գազային գործոնը՝ գիտակցելով, որ ահաբեկչական պետություն Ադրբեջանը վտանգավոր է դառնում աշխարհի համար: Իսլամական ահաբեկչությունը արդեն հասավ Եվրոպայի սիրտը՝ Բրյուսել: Պարտավոր են գոնե իրենց համար սթափվել, քանզի Ադրբեջանը պետություն է, որը սատարում է ահաբեկիչներին, նաեւ սնուցում է ահաբեկիչներով, որոնց մի մասը վերադարձել ու մասնակցում էր այս քառօրյա պատերազմին:

ԵԱՀԿ ՄԽ-ն առաջիկա շաբաթում Վիեննայի նիստից հետո կրկին կքննարկի հակամարտության գոտում վիճակի խիստ սրման հարցը եւ կփորձի հակամարտ կողմերի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։