Արցախի խնդիրը եւ համաշխարհային սարդոստայնը – Արցախը՝ Միացյալ Հայաստանի վերականգնման եւ Հայկական Լեռնաշխարհի՝ որպես ինքնուրույն տարածաշրջանի վերհառնման հիմնաքար…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատերազմատենչ կոչերն ու հայտարարությունները երկար ժամանակ անտեսվեցին Ռուսաստանի ու Եվրոպա-ԱՄՆ-ի կողմից: Կամ էլ՝ այդ կոչերը մի դեպքում պետք էին Մոսկվային, մեկ այլ դեպքում՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին: Գերտերություններն այդպես էլ չհասկացան, որ անտեսումը հանգեցնում է բումերանգային քաղաքականության: Կամ, որ ավելի ճիշտ է, դա գերտերություններին պարտադրում է նրանց ստվերային տերը՝ համաշխարհային գաղտնի կառավարությունը, որը այդպես հանդուրժում է գերտերությունների գերտերություններ մնալու կարգավիճակը…

Անգամ կարելի է կասկածել, որ Բրյուսելի ահաբեկչությունները (հայ արիները նաեւ նյույորքյան երկնաքերերի կործանումը եւս այդպես համարեցին) այդ գաղտնի ուժերի զգուշացումներից մեկն էր, որն իրականացվեց ծայրահեղ իսլամականների ձեռքով: Այս առումով մեջբերեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի այն խոսքերը, որ՝ «դա զգուշացում է ինչպես գերտերություններին, այնպես էլ բոլորին՝ համաշխարհային մեկ-պետություն եւ մեկ-ազգ կերտելու ուղղուց չշեղելու համար… Համաշխարհային համապարփակեցումը միադեմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ անդեմ մի զանգվածի ստեղծումն է՝ համաշխարհային ազգ ձեւակերպմամբ: Խորհրդային ազգի կերտումը ձախողվեց, եւ համայնավարներն էլ փորձեցին ինքնուրույն քայլեր անել ու… ԽՍՀՄ-ը որ աշխարհի 1/6-րդ մասն էր կազմում ու անսասան թվում, քանդվեց ինչպես թղթե տնակը: Հիմա Միացյալ Նահանգներն ու Միացյալ Եվրոպան պիտի ստեղծեն կա՛մ ամերիկացիներ, կա՛մ եվրոպացիներ ազգատեսակը, այլապես՝ կառաջանան նոր գերտերություններ կամ գերմիավորումներ՝ եղածները մասնատելու հաշվին: Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիան, որ ամենամութ եւ ամենաանարդար երկիրն է աշխարհում, խոսում է նոր եվրոպական միություն ստեղծելու մասին… Չմոռանանք, որ Անգլիան, որին մութ Ալբիոն են ասում, այն վայրն է, որի մայրաքաղաք Լոնդոնում հավաքվում ու որոշումներ է կայացնում համաշխարհային գաղտնի կառավարության հիմնական կազմը»:

ՀԱՄ առաջնորդի նշված մեկնաբանությունից հետո գոնե որոշակիորեն հասկանալի է լինում, թե ինչպես չեն կարողանում ժամանակակից զինտեխնիկայով զինված հզոր երկրները, որ անգամ բաց տիեզերքում ունեն լրտեսող ու հարվածող սարքավորումներ, մի խումբ՝ թեկուզ բազմաքանակ ահաբեկիչների հախից գալ:

Այս հետաքրքրությունը բավարարելու համար կրկին պիտի դիմեմ Արմեն Ավետիսյանի մեկ այլ մեկնաբանությանը. «Չեչենական պատերազմը պարտադրվեց ԽՍՀՄ կուսմարմիններին եւ վերածվեց դաժան պատերազմի, անգամ վահաբական եւ այլ կրոնական վարձկանները դրսից մտան խաղի մեջ, մինչեւ ԽՍՀՄ քաղբյուրոն հասկացավ, որ տանուլ է տվել խաղը, եւ ԽՄԿԿ ղեկավար պիտի դառնա այն անձը, ով տրոհման կտանի գաղտնի ուժերի համար այլեւս անպետք հսկա տերությունը: Այդ անձը Միխայիլ Գորբաչովն էր, եւ նա ԽՍՀՄ-ը կազմաքանդելու վերջին ծանր հարվածը հասցրեց ազգային հարցի արծարծմամբ: Դա եւս մտածված էր: Մինչեւ վերջ՝ հանուն ազգային արդարության կպայքարեր միայն «սովետահայը», որ ոչ մի դեպքում չմոռացավ իր ոխերիմ թշնամուն՝ թյուրքին… Չեչենական ահաբեկչությունը դադարեցվեց եւ գործի դրվեց ազգերի ինքնորաշման իրավունքը: Պարզապես աշխարհի գաղտնի տերերը մոռացել էին հայի վրեժի անսահմանության աստիճանը եւ մի կերպ կանգնեցրին հայկական ազատագրական պայքարը: Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Արցախի պայքարը միջազգայնորեն ստացել էր ազգերի ինքնորոշման իրավունքի քարտ, իսկ գերհսկա կայսրության կազմաքանդումից հետո, նույն միջազգային հանրությունը Արցախի պայքարը մտցրեց նաեւ տարածքային անձեռնմխելիության քարտադարան… Հիմա ամեն բան կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանի Դաշնությունը կարդարացնի՞ իրեն որպես համաշխարհային 2-րդ բեւեռ, թե՞ ոչ: Որպեսզի մի բեւեից խռովածները այլ բեւեռ գնալու հնարավորություն ունենան՝ մտածելով թե այլ բեւեռ է իրականում: Իսկ դա կորոշի այլ հարցեր եւս: Եթե դառնա՝ ապա իսլամական ծայրահեղականների հզորացումը անիմաստ կլինի, ու նրանք կպատժվեն՝ վերածվելով մի փոքր խմբակի՝ հետագա գործածման  համար, ինչպես «Ալ-Ղաիդա»-ն: Եթե համաշխարհային վերաձեւումները հաստատվեն, ապա չի բացառվում, որ Հայաստանը նոր դերակատարում ստանա:

Այսինքն՝ Արցախի հարցը այստեղ կմտնի ազգերի ինքնորոշման ուղի՝ հասկանալի ավարտով, իսկ Հայաստանի տարածաշրջանային դերակատարման նոր փուլը կհանգեցնի հայկական 2 պետությունների վերամիավորման, եւ Արեւմտյան Հայաստանի խնդիրը կդառնա օրակարգային հարց: Այստեղ մեր հակառակորդը, որքան էլ տարօրինակ հնչի, կդառնա երբեւէ գոյություն չունեցած Քրդստան պետությունը…»:

Այստեղ դադարեցնեմ մեջբերումը, քանի որ մեր թեման դեռ Արցախի խնդրի կարգավորման ոլորտում է: Դեռ հայտնի չէ՝ մեր խնդիրը միջազգային ասպարեզում ազգային ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային անձեռնմխելիության սկզբունքով է լուծվելու: Բաքվի ռազմատենչ հայտարարությունները գործի դրվեցին ապրիլի 1-5-ը:

Հակառակորդը զինադադարը խախտեց Արցախի սահմանի ամբողջ երկայնքով. իրավիճակն այնքան լարվեց, որ հայկական կողմը միանգամից անցավ պատերազմական վիճակի:

Միջազգային բոլոր պատասխանատու մարմինները եւ երկրները զգուշացվեցին, որ հայական զինուժը տալու է համարժեք պատասխան եւ ավելի ցավոտ: Մեր թշնամին հենց սկզբից գործածել է ծանր զինատեսակներ՝ տանկեր, անօդաչու սարքեր, ուղղաթիռներ, արձակել է հրթիռներ՝ փորձելով հասնել կայծակնային հաջողության:

Ինչպես ընդգծեցին մասնագետները՝ իրավիճակն այնպիսին էր, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր: Անգամ ազատագրական պատերազմի ժամանակ նման զինատեսակներով լայնածավալ գրոհ չի եղել: Սա աննախադեպ մի քայլ էր, որը հուշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուրջ բեկումնային քայլ էր նախատեսել, ինչն ավարտվեց խայտառակ պարտությամբ: Եթե անգամ Թուրքիային օժանդակելու համար էր այս հարձակումը, ապա ադրբեջանական երազանքի մասին ասվածը նախեւառաջ էր հաստատ: Բաքուն վաղուց փորձում է դուրս գալ պարտվածի հոգեբանությունից ու դրանից բխող բարդույթից, որ նոր դերակատարում ստանձնի Կովկասի տարածաշրջանում:

Պաշտպանության նախարարության մեր պատասխանատուները վստահ են, որ «Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն իրենց նախաձեռնությունը: Ըստ երեւույթին՝ Բաքվի մեջքին կանգնած են որոշ ուժեր՝ մասնավորապես՝ Թուրքիան: Այսպիսի զարգացումները, հատկապես՝ Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում, որտեղ քննարկվում են կարեւորագույն հարցեր միջուկային ոլորտում, Իլհամ Ալիեւը գնում եւ հանդես է գալիս որպես ահաբեկիչ, ինչն արդեն ահազանգ է բոլորի համար»:

Պետք նշել, որ ՀՀ ՊՆ-ն եւ ԼՂՀ ՊԲ-ն իսկապես հզոր միասնական ուժ ցուցադրեցին եւ կարողացան ռազմի դաշտում վերահաստատել հայկական բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակ լինելը: Այս անգամ մենք հաղթեցինք նաեւ տեղեկատվական դաշտում, ինչը մեր գրեթե բոլոր զլմ-ների, տեղեկատվական անվտանգության մասնագետների, փորձագետների, հաքերների եւ ՊՆ խոսնակի միասնական ջանքերի արդյունքն էր:

Մենք հաղթեցինք այս քառօրյա պատերազմում եւս, քանի որ կրկին դարձանք մեկ մարմին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ: Զարմանալի գնահատական տվեց օտարը մեզ, ինչի մասին մենք գուցե չենք էլ մտածել, չգիտեմ՝ ով ու երբ ասաց, թե հայերը միակն են աշխարհում, որ խաղաղ պայմաններում արտագաղթում են, իսկ պատերազմի դեպքում՝ ներգաղթում: Սա անգնահատելի գնահատական է, իհարկե մի քիչ ցավալի նրբերանգով (արտագաղթի մասով), բայց մի օր կգա նաեւ հայահավաքի ժամանակը, երբ վերոնշյալ հողահավաքի օրակարգը դառնա առաջնային:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։