Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Armen AvetisyanՀարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Արմեն Ավետիսյանի հետ

- Հայ Արիական Միաբանությունը չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրությանը, իսկ հետընտրական գործընթացներում կարծես թե չեզոք դիրք գրավեց: Արդյո՞ք հիմա էլ, երբ անցել է բավականաչափ ժամանակ, համարում եք, որ ճիշտ եք վարվել:

- Նախ՝ սկսեմ այն բանից, որ համամիտ չեմ հարցադրումների ձեւակերպման հետ: ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրելը կամ առաջադրված որեւէ թեկնածուի չպաշտպանելը ամենեւին չի նշանակում, որ մենք չենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը: ՀԱՄ-ը մի քանի ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, բացատրելով, թե ինչու ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին, իսկ մեր կազմակերպությունների հազարավոր անդամներն ու համակիրները մասնակցել են քվեարկությանը եւ որեւէ մի թեկնածուի ձայն չեն տվել: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, եւ պաշտպանել ենք եւ’ մեր ընտրելու իրավունքը, եւ’ հիմնավորված դիրքորոշումը: Կասեմ ավելին՝ մենք չպաշտպանելով ոչ մի նախագահի թեկնածուի, ավելի հստակ դիրքորոշումով (այդ թվում՝ հրապարակայնորեն) ենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, քան այս կամ այն թեկնածուին մի քանի «հերթապահ» նախադասությամբ պաշտպանողները կամ շահախնդրորեն ու ստիպողաբար «կողմնորոշված» կուսակցությունները: Ինչ մնում է չեզոք հետընտրական դիրքորոշմանը, դրա հետ էլ համաձայն չեմ, ՀԱՄ-ը մի շարք հայտարարություններով ու ոչ պաշտոնական հանդիպումներով ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում, շատ հստակ հասկացնելով, որ երկու հակամարտող կողմերում էլ մեր ժողովրդի հատվածներն են, որ բողոքող մարդկանց շատ պահանջներ արդարացի են ու հրատապ լուծում են պահանջում, որ իշխանության եւ ընդդիմության ղեկավարները նաեւ հայտնի գերտերությունների ու որոշ մութ ուժերի շահերն են մեր երկրում խաչաձեւում, որ պետք է անհապաղ բանակցել… ու մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար՝ դեռ մինչեւ մարտի 1-ի դեպքերը, նաեւ՝ դրանից հետո: Մենք շատերի նման բերաններս ջուր չառանք, նախընտրական ու հետընտրական «բիզնես» չարեցինք կամ էլ չվազեցինք այս կամ այն թվացյալ ուժեղի կողմը: Եվ կրկնում եմ, ունեցանք հստակ դիրքորոշում: Նաեւ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվեցինք քաղաքական ու բարոյական գնահատական: Սա ամենեւին չեզոքություն չէ: Ուստի, հիմա էլ, վստահ եմ հետո էլ, ես համոզված եմ լինելու մեր կեցվածքի ու դիրքորոշումների՝ ազգայնական տեսանկյունից ճիշտ լինելում:


- Իսկ Ձեզ հետ բանակցելու փորձեր եղա՞ն:

- Այո եղան: Մենք իհարկե «վերին» մակարդակով հանդիպումներ չենք ունեցել եւ սա էլ նպատակայնորեն ենք արել, էլի որդեգրած սկզբունքները չխախտելու համար, սակայն, ես հանդիպել եմ ինչպես երկու հիմնական կողմերի, այնպես էլ այլ թեկնածուների շահերը պաշտպանող ներկայացուցիչների հետ, ովքեր համոզում էին գնալ «բարձր» հանդիպումների՝ առաջարկելով իրենց միջնորդությունը…

- Իհարկե, չեք մանրամասնի թե ովքեր են փորձել միջնորդել:

- Ինչ իմաստ կա հիմա դա անելու, երբ մենք ժամանակին նրանց առաջարկներից չենք օգտվել, իսկ այժմ էլ դա անելը որեւէ ազդեցություն կամ էական նշանակություն չի ունենալու: ՀՀ նորընտիր նախագահը պաշտոնապես երդվել է ու անցել իր պարտականությունների կատարմանը, ընդդիմության ղեկավարների մի մասը ձերբակալված է, մի մասը թաքնված, իսկ նրանց առաջնորդն սպասողական վիճակում է…

- Իմիջիայլոց, երդման արարողությունից հետո Դուք շնորհավորել ե՞ք արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

- Սպասում եմ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին…

- Չէ իսկապես: Որպես ազգայնական գործիչ ինչպես եք վերաբերվում նորընտիր ՀՀ նախագահին: Համագործակցելու ե՞ք:

- Ինչպես արդեն ասեցի, մենք որեւէ նախագահի թեկնածուի չենք պաշտպանել, եւ ով էլ հաղթեր, մենք փորձելու էինք համագործակցության եզրեր գտնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակներում էլ մենք ճանաչել ենք մարդկանց՝ ում հետ հնարավոր էր աշխատել հանուն ազգային շահերի: Այդպես էլ արել ենք: Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք էլ համագործակցության եզրեր եղան մի շարք հարցերում: Մինչեւ հոկտեմբերի 27-ի դեպքերը Վազգենը շատ լրջորեն պատրաստվում էր հզորացնել հայ ազգայնական քաղաքական դաշտը եւ մենք բանակցում էինք դա առավելապես արագ ու ճիշտ կազմակերպելու նպատակով, կան բարձրաստիճան անձինք, ովքեր այսօր էլ պաշտոններ են զբաղեցնում ու լավ գիտեն այս մասին, նրանցից մի քանիսն էլ կային բուն բանակցություններում: Սակայն, հայտնի դեպքերից հետո ամեն բան հօդս ցնդեց: Նույնն էր նաեւ Անդրանիկի վարչապետության օրոք, սակայն այստեղ էլ խառնակիչներ հայտնվեցին ու նրա հետ արդեն պայմանավորված գործը կասեցվեց: Այդ խառնակիչներն այսօր էլ կան իշխանական ու կուսակցական վերնախավում, խարդավանքների մեծ վարպետներն են: Իմիջիայլոց, վարչապետ Մարգարյանը գիտեր իր նախորդի ծրագրերը՝ ազգայնական ուղղությունը հզորացնելու մասին, եւ շատ ոգեւորված էր, բայց… Հիմա ամեն բան կախված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից, կցանկանա՞ լսել այն ամենը, ինչի մասին խոսել ենք նախկին ու այլեւս հանգուցյալ երկու վարչապետների հետ, թե՞ նրան միայն եվրաարժեքները կամ ավելի ստույգ՝ քրիստոնյա-ժողովրդավարական ազգաքանդ ու արդեն մեռնող արժեքային համակարգը կհետաքրքրի: Մեզ համար կարեւորը Հայաստանի ամբողջացումը եւ հայության իրապես հզորացումն է, դրա համար անմնացորդ գործելը, ով մեզ այդ հնարավորությունը կնձեռի, մենք ամենայն պատասխանատվությամբ կաշխատենք կամ կհամագործակցենք նրա հետ: Թե չէ թղթի վրա գրված սին դրամա-տնտեսական հաշվետվություններով մարտադաշտում կամ գաղափարա-քաղաքական ոլորտում չես հաղթի, իսկ տնտեսական ամենատարբեր «աճ» արձանագրած փաստաթղթերով մարդկանց չես կշտացնի, աղքատությունն ու արտագաղթը չես կասեցնի, իրավական ու սոցիալական անարդարությունը չես վերացնի…

- Իսկ չե՞ք կարծում, որ այս ամենին հասնելու համար պետք է ձգտել նաեւ ազգային միասնության, համագործակցել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ:

- Դա լավագույն տարբերակը կլիներ բոլոր կողմերի համար, ազգի համար: Բայց դա կազմակերպելն այսօր բարդ գործ է: Բարդ է ոչ նրա համար, որ ՀՀ քաղաքական ուժերը դա չեն ուզում, այլ՝ որ օտար արտաքին ուժերը դա չեն ցանկանում, որոնք էլ նախաձեռնել են այս հակամարտության տանող քաղաքական խաղը եւ այժմ էլ այն շարունակում են…

- Ընդդիմության եւ արեւմտյան որոշ ղեկավարների մասի՞ն է խոսքը:

- Ոչ միայն: Իսկ ինչու՞ չեք հարցադրումն անում այսպես – ընդդիմության եւ արեւմտյան որոշ ղեկավարների, ռուսաստանյան ու իշխանության որոշ ղեկավարների եւ եվրոպական երկրների ու կեղծ ընդդիմություն աշխատած – միշտ իշխանություն դարձած որոշ ղեկավարների մասի՞ն է խոսքը:

- Պարզ է: Այսինք՝ այսօր հնարավոր չէ հասնել ազգային միասնության եւ խժդժություններ դեռ կլինեն:

- Կարծում եմ այո, այսօր միասնության մասին խոսելը դեռ վաղ է: Նշեցինք նաեւ, որ դա միայն հայ քաղաքական ու հանրային այլ ուժերից չէ կախված, կան պատվիրատուներ ու պատվեր կատարողներ: Մենք դեռ առաջին ձերբակալությունների ժամանակ իշխանություններին կոչ արեցինք ընդդիմադիր քաղաքական գործիչներին սին քրեական պիտակավորումներ չկպցնել, եթե իհարկե դրանք ակնհայտ ու ապացուցելի չեն: Հիմա կսկսվեն դատավարական գործընթացները եւ ամեն բան կերեւա: Ես, իհարկե,այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե մեր դատական համակարգը սրբերով է պարուրված, բայց սպասենք, տեսնենք: Ամեն դեպքում եւս մեկ անգամ կոչ եմ անում ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու այդպես շարունակել նախաքննությունը, դատավարությունը: Ասեմ ավելին, եթե ՀՀ նորընտիր նախագահը համարձակ քայլի գնար ու ՀՀ վարչապետ առաջարկեր ՀՀ 1-ին նախագահին, ապա դա բոլորովին նոր իրավիճակ կստեղծեր երկրում, մարդկանց սրտերում: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդուներ առաջարկը եւ աշխատեր, ապա ըստ իր աշխատանքի՝ շատ կարճ ժամանակամիջոցում կարժանանար ժողովրդի համարժեք գնահատականին, լավ աշխատանքի դեպքում՝ լավ գնահատականի, ինչը նաեւ ՀՀ նախագահի օգտին կգրանցվեր, վատ գործելու դեպքում՝ վատ գնահատականի, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եթե ՀՀ 1-ին նախագահը հրաժարվեր վարչապետ աշխատելուց (իսկ ՀՀ վարչապետը ժողովրդին ծառայելու մեծ լծակներ ունի), ապա դա հասկանալի չէր լինի շատ-շատերին ու ահագին բան էլ կբացահայտվեր, իշխանություն ես ուզում, ահա քեզ իշխանություն… Հիմա, եթե նոր կառավարությունը կարճ ժամանակում չկարողանա տեսանելի դրական տեղաշարժեր արձանագրել եւ որ ավելի վատ է, հանգստանա ու մոռանա մարտյան դեպքերը, ապա հաստատ բողոքի նոր ալիք կբարձրանա: Եթե իշխանությունները կարողանան դրական փոփոխության տանող քայլեր արձանագրել, թեկուզ թեթեւակի, ապա գուցեւ խժդժություններ չլինեն: Չնայած միշտ դժգոհ մարդիկ կգտնվեն, բայց ոչ հարյուր հազարների հասնող:

- Իսկապես համարձակ տեսակետ արտահայտեցիք, սակայն, արդեն դա հնարավոր չէ, կա նոր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան եւ նոր կառավարություն: Դուք պատրաստ ե՞ք նրանց հետ աշխատել:

- Գիտեք, երբեք ուշ չէ: Բայց հիմա թողնենք այդ առաջարկի արծարծումը, որովհետեը մենք չենք որոշողը: Միայն ասեմ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միանշանակորեն մերժեց համագործակցել արմատական կոչված ընդդիմության հետ, իսկ ՀՀ վարչապետ եւ ապա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց է թողել համագործակցության դռները բոլորի համար… Գուցե սա իրավիճակային լուծում է, բայց գուցե իսկապես երկրի նախագահն ուզում է հասնել ազգային համախմբման, ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Իսկ ՀՀ նորանշանակ վարչապետի հետ մենք համագործակցելու եզրեր չունենք՝ սկզբունքային տեսանկյունից, բայց ՀՀ նախագահի հետ կարող ենք համագործակցել մեզ հուզող ազգային-ազգայնական շատ հարցերում:

- Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետների հետ համագործակցության փորձ ունեք:

- Մենք որոշակիորեն համագործակցել կամ համագործակցելու փորձ ենք արել ընդհամենը երկու-երեք վարչապետների հետ, այնպես որ կան որոշ մոտեցումներ, որոնցից հրաժարվել չենք կարող որեւէ դեպքում: Իմիջայլոց, կարծում եմ ՀՀվարչապետի նշանակումն էլ պարտադրված քայլ է՝ արեւմտյան ուժերի հետ առկա խնդիրները կարգավորելու առումով, իրավիճակից ելնելով տարբեր կուսակցական «չինովնիկներ» կրկին նախարարներ ու այլ պետական պաշտոնյաներ կնշանակվեն, կլինեն նաեւ օտար ուժերի «սրտով» նշանակված նախարարներ: Այս ամենը մենք հասկանում ենք, բայց երբ ՀՀ նորընտիր նախագահի «տակը պնդանա», նա պիտի իր շրջապատի զտման լուրջ քայլեր անի, այլապես ինքն էլ կթաղվի այդ ճահճում:

- Այսինքն ներկայիս ՀՀ նախագահը համապատասխանու՞մ է ձեր սկզբունքներին, իսկ վարչապետը՝ ո՞չ:

- Ես ասեցի մոտեցումներ: Սկզբունքներից մենք երբեք չենք հրաժարվի: Կան քաղաքական, բարոյական ու գաղափարական մոտեցումներ, տեսակետներ, որոնք կարող են համադրվել այլոց տեսակետների հետ, եթե դրանցում մեր սկզբունքները չեն խախտվում: Եթե ՀՀ նորընտիր նախագահը ամբողջապես համապատասխաներ մեր պատկերացումներին՝ կպաշտպանեինք հենց ՀՀ նախագահի ընտրության ժամանակ: Սերժ Սարգսյանի հետ որոշակի համադրելի եզրեր տեսնում ենք, իսկ վարչապետի համար արդեն ասեցի…

- Իսկ ընդդիմությա՞ն հետ:

- Այստեղ էլ կան գործիչներ, որոնց հետ ժամանակին համագործակցել են ու էլի կարող ենք համագործակցել, նրանց մի մասն այսօր ձերբակալված է կամ թաքնվում է դեռ:

- Ուրեմն կարծում եք, որ եւ’ իշխանությունների, եւ’ ընդդիմության հետ կարելի է համագործակցե՞լ միաժամանակ:

- Իսկ ինչ է երկու կողմերում էլ հայեր չե՞ն: Անպայման պիտի հակամարտե՞նք կամ թշնականա՞նք: Այլ բան է, երբ նրանք չեն ցանկանում ճիշտ համագործակցել: Այսինքն՝ շատերը կարծում են համագործակցելը սուս ու փուս ամեն բանում ենթարկվելն է, սեփական կարծիքը չպնդելը: Ես ասեցի կան գործիչներ՝ կուսակցական եւ պետական, որոնց հետ կարող ենք համագործակցել հայ ազգայնական քաղաքական դաշտը հզորացնելու եւ այդ ուժը ազգային շահերի պաշտպանության համակարգում աշխատեցնելու համար: Նույնիսկ իշխանությունն է ընդդիմությանը համագործակցելու կոչ անում, ի՞նչ կա զարմանալու:

- Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց ՀՀ վարչապետ նշանակվի Ռոբերտ Քոչարյանը:

- Եթե ի նկատի ունեք ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի քայլի նմանակումը՝ վարչապետական աթոռը ստանձնելու իմաստով, ապա կարծում եմ Սարգսյան-Քոչարյան եւ Մեդվեդեւ-Պուտին հարաբերությունները նույնական չեն, բոլորն են հասկանում, որ Պուտինը վարչապետ լինելով ՌԴ նախագահ է աշխատելու, իսկ Սարգսյան-Քոչարյան պարագայում դա անհնարին է՝ երկուսն էլ առանցքային «խաղացողներ» են եւ բարդություն կառաջանա երկիրը կառավարելու առումով: Կարծում եմ՝ միայն խիստ պարտադրված իրավիճակում կառաջանա վարչապետական հարցի նման լուծման անհրաժեշտության:

- Դուք վերեւում նշեցիք, որ քրիստոնյա-ժողովրդավարական արժեհամակարգը կործանվում է: Այս եւ այլ հարցերում Ձեզ հաճախ են համարում ծայրահեղական գործիչ: Գուցե սա է խանգարում, որ Ձեզ հետ դժվարանում են համագործակցել: Իսկ ինչ է հին հավա՞տն է փրկության ուղին, չէ որ այն մեր պատմության փառահեղ, բայց անցյալ փուլ է:

- Ամեն անբնական համակարգ էլ ժամանակավոր երեւույթ է մարդկության եւ ազգերի կյանքում: Երկիր մոլորակն իր ամբողջական բնությամբ ու օրինաչափություններով Տիեզերքի արտացոլանքն է, մարդիկ՝ Աստվածների: Տիեզերակարգը կար, երբ դեռ մարդկություն եւ ազգեր չկային: Ուստի արարչական օրենքները բոլորի համար են ու բոլոր ժամանակներում, որովհետեւ մարդիկ էլ են այդ օրենքների կիրառմամբ ու գիտակցությամբ ծնվել՝ որպես բնական արարածներ: Ովքեր փոքր-ինչ պատկերացում ունեն Տիեզերքից, գիտեն, որ կան մշտառկա օրինաչափություններ ու պարբերականություններ, կա հիերարխիա՝ երկնային սրբազան իշխանակարգ, փոխազդող եւ ձգողական անխախտ ազդեցություններ, որի անտեսումը հանգեցնում է մահվան: Հիմա, երբ մարդկանց գլուխը լցնում են, որ ամեն հին բան մեռած է այլեւս եւ նորն է զարգացվածության չափանիշը, մոռանում են, որ այդ նորը կառուցվել է հնի վրա ու ինքնին արմատ չունի, ուստի, հինը մերժելով խախտել է շարունակականության արարչական սկզբունքը, այլեւս խեղված է ու պարզապես ոմոնց շահերին ծառայող համակարգ է դարձել ընդհամենը: Երբ խոսքը վերաբերում է հին հագուստին կամ համակարգիչին, հին տանն ու ավտոմեքենային, այն ամենին՝ ինչը մարդկային ուղեղի ծնունդ է, ապա իհարկե, նորն ավելի նախընտրելի ու անհրաժեշտ: Սակայն, երբ խոսքը հավիտենարժեք հասկացությունների մասին է, այստեղ չկա հին կամ նոր, դրանք մնայուն են ու անխախտ: Ոչ մի մարդ, սուրբ կամ կույս, չի կարող տեղաշարժել կամ թարմացնել Տիեզերքը, մոլորակը, փոխել Արարչին ու Աստվածային համակարգերը, վերացնել ազգերն ու մարդկանց ինքնատիպությունը: Դրանք բացառապես Արարչի, Ամենայն Ստեղծիի մենաշնորհն են, Նա կարող է վերացնել այս կամ այն Աստղային ու Աստվածային համակարգը կամ ստեղծել նորը: Իսկ այսօր հուդայականները, քրիստոնյաները, մահմեդականները եւ այլ նոր կրոնների այսպես ասած հոգեւոր պատասխանատուները փորձում են անտեսել այս ամենը եւ իրենց կրոնախեղ կամքը թելադրել, իրենց ուղեղի պարունակությունը գերբավարար համարելով «ոչնչացնել» Աստվածային համակարգերը, Արարչական Օրենքները, պարտադրելով ինչ-որ «սուրբ» մարդկանց մտքի անկանոնությունն ու անտրամաբանությունը, հակաբնականությունը: Ահա այս տրամաբանությամբ էլ Տիեզերքը հենց իրենք են ղեկավարում, տիեզերական ժողովներ են անում, որոշումներ կայացնում, քանզի իրենց պաշտած մարդու որդին է Արարչի գահին բազմել… Աստվածավախությունից են խոսում, բայց հակաստվածային, աստվածասպան քարոզներ են անում: Իսկ Տիեզերքն իր տեղում է, Աստվածներն էլ՝ իրենց: Թող ոչ ոք չկասկածի: Հայ Աստվածները վերադառնալու են մեր սրտերի կանչով ու վերադառնում են: Որեւէ մեկը չի կարող խաթարել այդ ընթացքը: Եվ հոգեւոր սպանդի համար պատասխան տալու պահն արդեն մոտ է: Մենք սա ենք ասում: Մարդը չի կարող իր սկզբից հեռանալ, այն անխախտ է, քանզի ակունքն է ու մաքուր է, իսկ իր առօրյան բազմազանեցնելով ու գեղեցկացնելով մարդը ապահովում է իր զարգացումը, իր ապագան, սրան ոչ ոք չի կարող դեմ լինել: Ազգերն էլ արարչածին են, բազմազան բնության մի տարրը եւ դրանք էլ պիտի պահպանել: Կենդանական ու բուսական աշխարհների պահպանման «Կարմիր գիրք» են ստեղծում, սակայն ազգերի ձուլման, կործանման քայլեր են իրականացնում՝ համամարդկայինի անվան տակ: Մարդու ազատությունը հենց Տիեզերակարգի անխախտ տարր է, այդպիսին է նրան ստեղծել Արարիչը, ոչ թե դա ժողովրդավարական արժեք ու «ստեղծագործություն» է: Սերն ու ազատությունը, արդար ուժը՝ արդարադատությունն ու ողջախոհությունը, իմաստությունն ու հավատը Աստվածային համակարգերի հիմքում են ու այսօր էլ դա այդպես է… Ժողովրդավարություն ձեւակերպումն իսկ վիրավորական է, գոնե ժողովրդաիշխանություն ասեն: Ժողովրդաիշխանական հասարակ-ությունում չկա որեւէ դրական տարր, ինչը վերցված չլինի Ազգիշխանական հատուկ-ությունից, պարզապես ազգ հասկացությունից վախենալով, այն ոչնչացնելու նպատակով ժողովուրդ բառն են կերտել ու ժողովրդա-վարում են ու վարում, նույնն է քրիստոնեա-վարման դեպքում…

- Այս թեման շատ բարդ է: Հետաքրքիր է ՀՀ ԶԼՄ-ները, հատկապես եթերային, վերջերս սկսել են ավելի հաճախ խոսել ազգային գաղափարախոսության կարեւորության մասին: Ձեզ չե՞ն հրավիրում, թե էլի «բոյկոտ» են անում:

- Հիմքին հասնելը միշտ էլ բարդ է, բայց ինչքան մոտենում ես ակունքին, կյանքդ եւ առաքելությունդ առավել իմաստալից ու սիրելի են դառնում: Հարցի երկրորդ մասին պատասխանեմ, որ տարօրինակ չէ, որ ազգային գաղափարների «գեներացիա» է սկսվել: Ծանոթ գործելաոճ է, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը հավատավոր համայնավարները ազգային ժողովրդավարներ ու քրիստոնեավարներ դարձան, երբ տապալվեց ՀՀՇ-ն, նրանք թունդ ժողովրդավարներ ու եվրոպացիներ դարձան (ասիացի լինելը հետամնացություն համարելով), հիմա, երբ Արեւմուտքը ինչ-ինչ հարցերում նեղում է՝ կդառնան ազգայնականներ, հետո՝ էլի կլինեն ժողովրդավարներ, երբ կհարթվեն սրված հարաբերություները: Կարժ ժամանակահատված առաջ այլ բան էին ասում, երբ իրենց հարաբերությունները գերտերությունների հետ լավ էին եւ մեր ազգային հիմնախնդիրներն աչքներին չէին երեւում: Այսօր քաղաքական գործիչներ կան, ովքեր զարթնել ու բղավելով հիշում են, որ Նոր Ջուղայի խաչքարերի ավերումից հետո պետք էր Մինսկի խմբից դուրս գալ, հարկավոր էր Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնել եւ այլն, գուցե շուտով ոչ միայն Արցախի ու Նախիջեւանի, այլեւ Ջավախքի վերամիավորումից էլ խոսեն (եթե Վրաստանը կատարի ԱՄՆ հրահանգները): Բայց կարծում եմ այս ամենը կմոռանան, երբ ՄԱՀ-ը կամ ՀԲ-ն կամ «Հազարամյակների մարտահրավերներ»-ը նոր գումարներ տրամադրեն ու համագործակցեն իրենց հետ: Սա է ցավալին: Թե չէ, երբ իրապես առաջնորդվեն ազգային գաղափարախոսությամբ ու դրանից տրամաբանված շահերով, ապա դա շատ ողջունելի կլինի: Մի հայտնի անձնավորույուն կա, մի անգամ ասեց՝ «հիշի’ր, կգա ժամանակ, երբ բոլոր քաղաքական ուժերը կխոսեն արիականությունից ու հայկականությունից ու մեզ էլ (ի նկատի ուներ արիականությունը դավանողներիս) չինացիների տեղ կդնեն… Բայց ես ուրախ կլինեմ»: Ինչ մնում է ինձ «բոյկոտ» հայտարարելուն, ապա արտակարգ իրավիճակում շատ ընդդիմադիր ԶԼՄ-ներ իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ աննորմալ երեւույթ է դա: Խոսքի ազատությունից բարբաջողները հասկացա՞ն արդյոք իրենց սխալը: Շուտով կտեսնենք: Ամեն դեպքում, երբ ՀԱՄ-ը պաշտոնական կայք ունեցավ, իր էջերում տեղ հատկացրեց նաեւ իրեն «բոյկոտ»-ող A1+-ի լուրերին ու միշտ փորձեց համագործակցել բոլորի հետ: Պետք է ասեմ, որ այս նախընտրական ու հետընտրական ընթացքում A1+-ն էլ մեզ անակնկալ մատուցեց ու լուսաբանեց մեր դիրքորոշումները, բայց միայն նրանք՝ «բոյկոտ» հայտարարածներից: Իսկ մնացյալ՝ ընդդիմադիր ու իշխանամետ ԶԼՄ-ները, մեր առջեւ դեռ փակ են: Մի մասը կարծում է մենք ծայրահեղականներ ենք ու վտանգավոր ժողովրդավարության համար, մի մասն էլ ըստ երեւույթին համարում է՝ թե ազգայնականներն իրենք են, իսկ մենք «անկանխատեսելի» քաղաքական ուժ ենք, ուստի էլ ո՜վ ենք, ինչի՜ համար ենք հայտնվել: Բայց ես վստահաբար կասեմ՝ ծայրահեղականներն իրենք են, քանզի մերժում են ազատ խոսքը, այլակարծությունը, բնականի ու բնապաշտների գոյությունը եւ երկուսն էլ անկանխատեսելի են իրենց բնույթով, քանզի ժամանակ առ ժամանակ մաշկափոխվում են… կարծում են իրենք ամեն ինչ են, ամենակարող են, միայն ու միայն իրենք են որ կան, բայց հենց դրանով էլ նրանք ոչինչ են, հազար դեմք ունեցողն էլ անդեմ է, հազար գործ բռնողը ոչ մեկն ավարտին չի հասցնում: Եթե համայնավարը համայնավար մնա, ժողովրդավարը՝ ժողովրդավար, ազգայնականը՝ ազգայնական, հավատացյալը՝ հավատով, իսկ աթեիստն էլ՝ անհավատ, եւ ոչ թե այս բոլորը մեկ անձը լինի հերթով, ապա ամեն բան կկարգավորվի: Եվ առհասարակ ամեն մեկն իր մասնագիտական կամ նախընտրած գործով պիտի զբաղվի: Թե չէ քաղաքական գործիչը նաեւ գործարար է, պետական պաշտոնյան էլ՝ քաղաքական մեկնաբան…

- Այսքանից հետո էլի՞ պատրաստ եք համագործակցել Ձեր նշած իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հետ:

- Իսկ ի՞նչ փոխվեց իմ ասածից հետո, որ չպիտի համագործակցենք: Այն ամենն ինչ ասեցի, գյուտ չէր, կատարվում է բոլորի աչքերի առջեւ: Պարզապես պիտի քաջություն ունենան ու ընդունեն դա, այլապես ամեն մի քայլ, նույնիսկ՝ ամենամաքուրն անգամ, կասկածելի կթվա:

Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի

«Լուսանցք», թիվ 54

17.04.08թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։