Եթե բանակցություն՝ ապա միայն ԼՂՀ մասնակցությամբ – եթե Ադրբեջանը կրակի դադարեցման պայմանավորվածությունը չպահպանի, հայկական կողմն այլեւս կանգ չի առնի… ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են՝ քննարկել փոխհամագործակցության հարցեր… Ընդդեմ Ռուսաստանի հակահայ քաղաքականության՝ բողոքի ցույց Երեւանում…

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար այլեւս (թերեւս վաղուց) պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: Այսպես է կարծում Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշել է նա:

Իհարկե, այսօր բոլոր հիմքերը կան, որպեսզի անվտանգության եւ իրավական բոլոր տեսանկյուններից հիմնավորված պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը վերահաստատեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ վերջնականապես ու համատեղ հայտարարությամբ: Բայց, ցավոք, նման տեսակետ չի քննարկվում դեռ:

Միայն ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը բարձրացվեց բարձր մակարդակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նա նշեց, որ լայնածավալ եւս մեկ նման հարձակման դեպքում մենք ստիպված կլինենք ճանաչել Արցախի անկախությունը: Հանձնարարություն տրվեց ԱԳՆ-ներին՝ միասնական ծրագիր մշակելու առումով:

Կարեն Միրզոյանը հայտնել է, որ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ եւս բարձրացվել է. «Դա Արցախի մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլեւ շատ այլ հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչեւ այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցող լիարժեք կողմ»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) Ստեփանակերտում էին ապրիլի 7-ին եւ այլ հարցերի հետ նաեւ այս մոտեցումն են քննարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը 4-օրյա պատերազմից հետո արդեն արդարացիորեն «սպառնացել է դաշնակիցներին»՝ ասելով, որ «ցանկացած քննարկում եւ որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության. «Այս պահի դրությամբ համանախագահների կողմից ձեռնարկվել են տարբեր քայլեր, եւ ես չունեմ տեղեկություն, թե ինչ են Բաքվում քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Բայց մի բան հստակ կփաստեմ, եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք միշտ թերի լուծումներ»:  Պատասխանելով տեղացի եւ օտարերկրյա զլմ-ների հարցերին՝ Արցախի ղեկավարը շեշտեց՝ եթե Ադրբեջանը կրակի դադարեցման մասին վերջին պայմանավորվածությունը չպահպանի, ապա հայկական կողմը «այդ դեպքում, ինչպես ամսի 1-ի, լույսի 2-ի գիշերվա զարգացումների ընթացքում, զինված ուժերը մեր մյուս ստորաբաժանումների հետ միասին, լինեն դրանք կամավորական կամ ոչ կամավորական, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը»:

Նաեւ տեղեկացրեց, որ ղարաբաղյան կողմը ունի մի շարք պահանջներ, որ կներկայացվեն ոչ միայն համանախագահներին: Նշվեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ով իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում,  պետք է փոխի իր  վերաբերմունքը իրականության նկատմամբ, որ միջազգային հանրությունն ամեն անգամ նույն տեսակետները չլսի՝ կարծելով թե ամեն բան իր հունով է ընթանում: Ու հանկարծ… անակընկալի գա՝ պատերազմական վիճակի «ի հայտ գալով»…

Արման Դավթյան

ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարեւորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկության իրագործումը։ Անդրադարձ արվեց ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-ների համագործակցությանն առնչվող հարցերի։

Մենք գնում ենք՝ հետ գալու նպատակով

Կատարվեց այն, ինչը հասունացել էր: Ընդդեմ Ռուսաստանի հակահայ քաղաքականության՝ Երեւանում անցկացվեց բողոքի ցույց, որն ավարտվեց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մետ: Այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ չկարողացան անել Արեւմուտքի երկրները, ծախսելով միլիարդավոր դոլարներ, արեց Ռուսաստանը՝ ինքն իր դեմ:

Ցույցի մասնակիցները զգուշացրեցին. «Մենք գնում ենք հետ գալու նպատակով, եթե Ռուսաստանը չհայտարարի, որ այլեւս չի զինելու Ադրբեջանի բանակին, մենք մեր քայլերն ենք անելու եւ բացելու ենք նրանց աչքերը»… «Փսլինքը դու ես, սապլյակը դու ես»,- հայտարարեցին մասնակիցները, դիմելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, ձվեր ու մանրադրամներ շպրտելով դեսպանատան ուղղությամբ։ Շպրտելուց հետո մասնակիցների ու ոստիկանության միջեւ հրմշտոց սկսվեց։ Կազմակերպիչներից ոմանք հորդորեցին մասնակիցներին անցնել դիմացի մայթ եւ բողոքը շարունակել այնտեղ, որպեսզի երթեւեկությունը չխոչընդոտվի։

Բայց մարդիկ անդրդվելի էին, վանկարկեցին՝. «Մը-նում-ենք, մը-նում»… ապա՝ «Ղարաբաղը մե՛րն է» եւ այլ հայրենասիրական կոչեր…

Չնայած ոստիկանները թույլ չէին տալիս մասնակիցներին անցնել փողոցն ու մոտենալ դեսպանատան դարպասներն, բայց քաղաքացիներն, այնուամենայնիվ, մոտեցան՝ փակելով փողոցը։ Երբ ոստիկանները հորդորում էին քաղաքացիներին հեռու կանգնել դարպասներից, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց. «ի՞նչ տարբերություն, այնպես եք պաշտպանում, ոնց որ Ղարաբաղի սահմանն է»։

Բողոքի ցույցի մասնակիցները դժգոհ էին նաեւ ՀՀ ԱԳՆ գործունեությունից եւ մեկ րոպեով կանգ առան նաեւ ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք դժգոհեցին նաեւ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է մեկներ Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ վարաչապետների նիստին, «ինչը նսեմացնում է մեր արժանիքները»։ Կարծիք ասվեց, որ սա դիվանագիտական առումով նշանակում է՝  թքել է մեզ վրա։ Նշանակում է՝ ԵՏՄ թյուրքական երկրները այսպես աջակցում են Ադրբեջանին, որը կապ չունի այս կառույցի հետ:

Նշվեց, որ չենք մոռացել, որ «1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց Լենին-Աթաթյուրք խայտառակ պայմանագիրը եւ Արեւմտյան Հայաստանը հանձնվեց Թուրքիային: Իսկ հուլիսի 5-ին Ստալինի գլխավորությամբ բոլշեւիկների կովկասյան բյուրոն Արցախը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը հանձնեց Ադրբեջանին: Մինչ այդ էլ՝ Ջավախքի հարցը լուծեցին Վրաստանի օգտին: Զանգեզուրը շնորհիվ Նժդեհի դիմադրության, մնաց հայկական ու պահպանում է շատ կենսական սահմանը Հայաստանի եւ Իրանի միջեւ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։