Դադարեցնե՛լ բանակցությունները.- Ադրբեջանի դեմ՝ միջազգային պատժամիջոցներ եւ անաչառ դատավարություն… Հայկական կողմը ընդգծել է՝ զինադադարի խախտումների դատապարտումը եւ խաղաղությանն ուղղված կոչերը պիտի հասցեական լինեն՝ Ադրբեջանին սանձող…

Ժամանակն է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառվեն. այլեւս պնդում են հենց եվրոպական երկրների մի շարք պաշտոնյաներ, խորհրդարականներ, քաղաքական գործիչներ:

Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել, խախտվում են բոլոր պայմանավորվածություններն ու միջազգային նորմերը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան եւս շեշտել է, որ միջազգային իրավունքի ու դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:

«Լիահույս եմ, որ միջազգային հանրության, Եվրոպական միության արձագանքը եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունների սառը դատողությունը կկանխարգելեն Եվրոպայում նոր պատերազմի մեկնարկը»,- ասել է նա: Սա եւս մի վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական վարչակազմը հանձնառություն չունի խաղաղ կարգավորմանը, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած նախաձեռնություն, ինչպես օրինակ հրադադարի խախտումների վերահսկման միջազգային մեխանիզմի ստեղծումը շփման գծում, որն առաջարկվել էր դեռեւս 2012թ.:

Էդուարդո Լորենցո Օչոան հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն իր վերջին բանաձեւերից մեկում արդեն իսկ առաջարկել էր կիրառել մի շարք պատժամիջոցներ ադրբեջանական վարչակազմի նկատմամբ: «Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կիրառել այդ բանաձեւը»:

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդեն պատրաստվում է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը ներկայացնել միջազգային կառույցներին: Արցախից հայտնել է ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը: «Այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն միջազգային կառույցներին, քանի որ տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ, դրանք ուղղված են եղել նաեւ խաղաղ բնակչության դեմ: Ինչպես գիտենք՝ Մարտունի, Մարտակերտ քաղաքները, խաղաղ բնակիչների տներն են ռմբակոծվել, ավերվել են գյուղեր եւ այլն: Ինչն առավել ցավալի է՝ զոհվել եւ վիրավորվել են երեխաներ: Փաստեր կան, որ նրանք սպանել են տարեց մարդկանց: Այդ սպանությունները զուգորդվել են նաեւ առանձնակի դաժանություններով: Չեմ ուզում բոլորը կրկնել»,- նշել է նա:  ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: «Ես դիմել եմ ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կառույցների՝ Amnesty International, Human Rights Watch եւ այլն: Դիմել եմ նաեւ օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի ղեկավարությանը, որի անդամ ենք ես ու Ադրբեջանի օմբուդսմենը: Այս դեպքում նա պարտավոր էր կարգի հրավիրել իր իշխանություններին, որ նման խախտումներ են թույլ տվել»,- շեշտել է ԼՂՀ ՄԻՊ-ը

Յուրի Հայրապետյանն իր դիմումների արձագանք է համարում այն, որ ԼՂՀ քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարությունները հրապարակվել են Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականում: «Չեմ ակնկալում, որ այն մարմինները, որոնց մասին ասացի, պարտավոր են ինձ գրավոր պատասխան ուղարկել:  Ավելի քան համոզված եմ, որ նրանք որոշ քայլեր են ձեռնարկում: Հավատում եմ, որ քայլեր արվում են, կցանկանայի, որ ռեալ ու կոնկրետ ինչ-որ բան արվեր: Մեծ սպասելիքներ ունեմ իմ գործընկերներից, որոնք նույն ինստիտուտի անդամ են: Ես դեռ դիմել եմ այդ մարմիններին: Որեւէ ապացույց մենք չենք հասցրել ներկայացնել: Դրա համար մի քանի օր հետո կհավաքագրենք փաստերը, փաստաթղթերի կվերածենք, ես եւս մեկ անգամ կդիմեմ այդ մարմիններին՝ արդեն ներկայացնելու փաստերը եւ խնդրելու, որ իրենք Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած վայրագություններին համապատասխան գնահատական տան»:

Հայկական կողմը փաստերի հավաքագրումից հետո պետք է որոշում կայացնի, թե որքանով ճիշտ կլինի դիմել միջազգային որեւէ դատարան, որը կոչված է պատասխանատվության ենթարկելու այս կամ այն պետությանը, որը նման հանցագործություններ է կազմակերպել: Արցախի օմբուդսմենի խոսքով՝ այս օրերին իր կողքին է Հայաստանի իր գործընկերը՝ Արման Թաթոյանը, ում եւս հրավիրել է Արցախ: «Խնդիրների լուծման համար փորձում են օգտագործել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի մեծ ներուժը: ՀՀ ՄԻՊ-ը եւս դիմել է տարբեր կառույցների, որի  խոսքը ավելի մեծ կշիռ ունի, քանի որ ճանաչված պետության, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի անդամի խոսք է:

«Նման ոճրագործություններ ծրագրողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն արժանի պատասխանատվության»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին:  «Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակողական գործողությունների սանձազերծումը ոչ միայն ոտնահարեց իր կողմից 1994թ. ստորագրված հրադադարի հաստատման, 1995թ. հրադադարի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, այլեւ ուղեկցվում են միջազգային մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով»,- ասել է ԱԳՆ փոխխոսնակը:

Նշենք, որ ադրբեջանական գործողությունների առաջին իսկ ժամերից միտումնավոր եւ անխտիր թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ եւ տարեց մարդիկ: Խաղաղ բնակչության թվում առաջին տուժածներից էին ադրբեջանական կրակից սպանված 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ինչպես նաեւ եւս 2 վիրավորված դպրոցականներ:

Ադրբեջանը խախտում է Միջազգային մարդու եւ մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. Ժնևյան կոնվենցիաները, 1977թ. Լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. Կոնվենցիան:

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գազանաբար խոշտանգել, խեղել եւ սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների, որոնցից ամենատարեցը 1924թ. ծնված Մարուսյա Խալափյանն էր: Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ նման բարբարոսության որեւէ արդարացում: Ադրբեջանական բանակի գործողությունները դուրս են գտնվում ոչ միայն վերոնշյալ կոնվենցիաների, պատերազմի սովորութային իրավունքի, այլ նաեւ որեւէ քաղաքակրթության տարրական նորմերի սահմաններից:

«Կարեւորում ենք, որ միջազգային հանրությունը, ներառյալ մարդու եւ մարդասիրական իրավունքի օրակարգով գործող միջազգային կառույցները, խստագույնս դատապարտեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց հանդեպ կիրառվող բռնությունները»,- նշվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Որը, ի դեմս  նախագահ Արտակ Զաքարյանի, նամակներ է հղել իրենց արտասահմանյան գործընկերներին:

Այս ընթացքում հանձնաժողովը ապրիլի 2-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ պարբերաբար կապի մեջ է եղել արտասահմանյան գործընկերների հետ եւ հանձաժողովի անունից նամակներ ու տեղեկատվական-փաստական նյութեր ուղարկել 55 պետությունների խորհրդարանների նմանատիպ հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին:

Իրենց օտարերկրյա գործընկերներին համապատասխան նամակներ են ուղարկվել նաեւ ԱԺ միջխորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների եւ գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի կողմից:

Դրանցում անդրադարձ է կատարվել 1994թ  հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի կողմից հրադադրի խախտմանն ուղղված ռազմական գործողություններին, ընդգծվել է, որ ծանր հրետանու, տանկերի եւ օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, այլեւ քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերը, ինչի մասին վկայում են նաեւ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, ներառյալ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, ծերերի ու երեխաների շրջանում:

Հայկական կողմից պատկան իրավասու մարմինները նշել են, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարմանը հանգեցնող ադրբեջանական սադրիչ քայլերի եւ ագրեսիայի մասին:

Սակայն, միջազգային արձագանքները եղել են անհասցեական եւ նույն բնույթի՝ ուղղված երկու կողմերին հավասարապես…

Հղված նամակներում նաեւ ընդգծվել է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր տապալել ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունը՝ նույնիսկ սահմանափակելով հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ամրապնդումը, ինչպեսեւ չհիմնավորված կերպով մերժում էր վստահության միջոցների ներդրման առաջարկները:

Օտարերկրյա պետական գործընկերների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ Բաքուն շարունակաբար ոտնահարել է միջազգային հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որոնք պահանջում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով եւ բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:

Փաստերի ներկայացմամբ ապացուցվել է, որ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես արդեն նշեցինք, ժնեւյան կոնվենցիաները, լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

Հայկական կողմը իր տարբեր կառույցների միջոցով մի անգամ էլ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում խիստ կարեււոր է զինադադարի խախտումների դատապարտումը եւ խաղաղությանն ուղղված կոչերը՝ հատկապես կարեւորելով իրավիճակի սրման միակ պատասխանատու Ադրբեջանի սադրիչ գործողությունների հասցեական քննադատումը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։