Մեղադրանքի սեփական ձայնը.- «Իսկ ինչու՞ չկարողացաք վերցնել Ղարաբաղը» (ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին՝ նախագահ Իլհամ Ալիեւն)… «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրահրեցին ղարաբաղյան զինված բախումը» (Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշ)…

Ադրբեջանցի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները‘հասկացան վերջապես, որ ալիեւյան ամպագոռգոռ հայտարարությունները ոչինչ չարժեն իրականում, բացառապես ներքին սպառման համար են հնչում, քանի որ հայկական բանակը մնում է տարածաշրջանի ամենակազմակերպված ու մարտունակ զինուժը:

Իսկ Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդը՝ Ալի Քերիմլին չհապաղեց արտահայտվել ու հանդես եկավ ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների մասով: Նա երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված սուր քննադատաությամբ խոսեց: azadliq.info լրատվական կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց, առաջին հերթին Իլհամ Ալիեւին՝ «…Իսկ ինչու՞ չկարողացաք վերցնել»:

«Եթե խոսում եք մեր բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես՝ Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու…»: Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված Ալի Քերիմլիի այս ուղերձը նաեւ ժողովրդական այն զանգվածների սրտով է եղել, որոնք տարիներ շարումակ թալանվում են ու լռում՝ կարծելով թե երկրի բանակն են հզորացնում:

Չի բացառվում, որ ադրբեջանական բանակի՝ այսքան հզոր զենքերի ցուցադրմամբ պարտությունը պատճառ դառնա ներքին լուրջ ընդվզումների համար: Այլեւս հնարավոր չէ խաբել մարդկանց՝ իբր հզոր բանակ ունի Ադրբեջանը եւ մի քանի օրվա խնդիր է Հայաստանի հետ հարցերը լուծելը…

Անհանգստացած եւ ապշահարված են նաեւ Թուրքիայում: Պաշտոնական Անկարան թուրքերին համոզում էր, թե վարժել են եղբայր ադրբեջանցի զինվորականներին, եւ այս անգամ հայերը պատասխան են տալու, չեն խուսափելու պարտությունից: Մեծ գումարներ են ներկայացվել, իբր ադրբեջանական զինուժին վերապատրաստելու եւ հզորացնելու վրա ծախսված:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու մեջ: Այս մասին տեղեկացրել է «Ակոս» պարբերականը:

«Լեռնային Ղարաբաղն ինքնավար տարածք էր: Հայաստանն ու Ադրբեջանը հարցը պետք է կարգավորեին բանակցային սեղանի շուրջ, քանի որ պատերազմը որեւէ կողմի օգուտ չի տա: Ամենասկզբի պահից էլ Էրդողանն ու Դավութօղլուն սկսեցին պատերազմ հրահրող հայտարարություններ անել, «ադրբեջանցիները թող ճզմեն, անցնեն» ասելով նոր պատերազմ հրահրելու ոգեւորության մեջ են»,- նշել է Դեմիրթաշը: Ըստ երեւույթին, Անկարայի մոլագար պատասխանատուները եւս հավատում էին, թե մեծաքանակ ռուսական զենքի ու թուրքերի վարժեցրած ադրբեջանցի զինվորների համար հայերին ճզմելը մեկից մեկ է…

Բայց այն, ինչ կատարվեց, թուրքերի համար ավելի քան անսպասելի էր: Թուրքական գորշ գայլերի զինված ոհմակն անգամ չդիմացավ հայկական զինուժի հարվածներին, տասնյակ սատկած գայլեր ԻՊ-ական ադրբեջանցի ահաբեկիչների հետ փռված մնացին մարտի դաշտում: Իսկ սահմանամերձ բնակչությունից առաջ ընկած փախչող ադրբեջանցի զինվորները եւ նրանց հետեւից կրակող իլհամական սպաները պարզապես սարսափեցրել են ու հուսախաբ արել թուրքական ազգայնամոլական դրոշ պարզած Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով փորձում է Աթաթուրքից հետո՝ բոլոր թուրքական ցեղախմբերի (որ իրենց ազգի տեղ են դրել) նոր հայրը դառնալ…

Խուճապն ու ձախողումը այնքան ակնհայտ էր, որ թուրքական մամուլը սկսել էր հերքել Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները: ԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տարածում էին միայն իշխանամետ զլմ-ները: Իսկ ահա, թուրքական DemokratHaber-ը հայտնում էր, որ սուտ են դուրս եկել ԼՂ-ի եւ Ադրբեջանի սահմանային գծում ընթացած բախումներում որոշ շրջանների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին ադրբեջանական ՊՆ-ի պնդումները: Կայքը նաեւ հայտնել էր Ադրբեջանի ու Թուրքիայի զլմ-ներում այդ մասին հաղորդագրությունները Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանի կողմից կտրականապես հերքվելու մասին: Որոշ զլմ-ներ էլ նշել են, որ Ադրբեջանն այդ կերպ ապատեղեկավություն է տարածում ներքին քաղաքականության մեջ սեփական հեղինակությունը չկորցնելու համար: Փորձում է բախումներում կորուստները օրինական դարձնել այսպիսով: Իսկ կորուստները մեծ են ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի առումով, պարբերաբար նշվում էր կորուստների քանակը…

Խուճապն ու տարակուսանքը Ադրբեջանում եւ Թուրքիայում ավելի թեժացավ, երբ ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց չեզոք գոտում Ադրբեջանի զինուժի տարբեր կորուստները փաստող լուսանկարները:

Հետո, երբ սահմանամերձ շրջաններից փախչողները հասան Բաքու եւ անգամ որոշ ցույցեր եղան, Ադրբեջանի մամուլը (թուրքական զլմ-ներ եւս) հաստատեցին Արցախի հետ սահմանամերձ գոտիներից բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ լինելու փաստը, համատարած փախուստը: Օրինակ՝ նշվեց, որ Թարթառի բնակիչները անմիջապես են փախուստի դիմել՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂՀ-ի դեմ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողություններին հայկական կողմից համարժեք ու լիարժեք պատասխան հարվածներ հասցվելուց հետո:

Ապրիլյան այս օրերին Իլհամ Ալիեւն իր զայրույթն ու հիասթափությունն արտահայտեց նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանում «Քարվաճառի օկուպացիայի օրը» որեւէ ձեւով չկարողացավ իր հասարակությանը կերակրել փոքր հաղթանակներով անգամ…

Իսկ Ադրբեջանի նախագահը զայրացած էր վերադարձել ԱՄՆ-ից. պետքարտուղար Քերիի հետ հանդիպմանը ոչ ցանկալի բաներ էր լսել Իլհամ Ալիեւը: Նա ամեն բան արեց, որ Վաշինգտոն մեկնելիս Սերժ Սարգսյանի հետ հանդիպում տեղի չունենա՝ ԱՄՆ նախագահությամբ: Նաեւ կարծում էր, թե իրեն լավ կդիմավորեն, քանզի ազատ էր արձակել որոշ քաղբանտարկյալների, ինչի պահանջը ներկայացրել էր հենց ամերիկյան կողմը:

Բայց Քերի-Ալիեւ հանդիպման ժամանակ հստակ ու ընդգծված ցույց տրվեց, որ հակամարտության վերջնական լուծումը խիստ պայման է, պարզ ակնարկեցին, որ Ադրբեջանը պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել, զբաղվել խնդրի խաղաղ կարգավորմամբ: Սա ալիեւյան ծրագրերում չկար… Գուցե ռուսական կողմում այլ (իրականում՝ ձեւական) հաջողություններ էր գրանցել, ինչը կարող էր հաղթանակ դիտվել, եթե ամերիկյան կողմը եւս ցանկալի, թեկուզ ցուցադրական ընդունելություն դրսեւրեր: Բայց ոչ: Եվ այսպես Ադրբեջանի նախագահը դեռ Բաքու չհասած, արդեն կատաղած էր իր ծրագրերի ձախողման մեջ, իսկ ռազմաճակատի լուրերն ավելի էին կատաղացրել նրան:

Պաշտոնական Բաքուն ձախողեց ինչպես դիվանագիտական ասպարեզում (միայն Մոսկվայի սիրաշահումները բավարար չէին), այնպես էլ` ռազմա-քաղաքական` ջախջախիչ հարված ստանալով հայկական զինուժի կողմից:

Խոսք կա շուրջ 2500 զոհի, հազարավոր վիրավորների եւ տասնյակների հասնող խոշոր կամ ծանր զինտեխնիկայի ոչնչացման մասին: Ռուսական զենքը եւ թուրքական զինվորը ճիշտ այնքան են զորացնում միմյանց, ինչքան սլավոնա-թյուրքական դաշինքն է զորացնում Ռուսաստանին կամ Թուրքիային:

Մի կողմից՝ վաղուց սպառված ու նենգափոխված Բելառուսն է, որպես Ռուսաստանի դաշնակից, մյուս կողմից ճիվաղային մի քանի արհեստածին երկրներ՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը եւ Ադրբեջանը՝ Թուրքիայի կողմից, որոնք այսօր ապրում են միայն իրենց խորհրդային գողացված ժառանգությունից մնացած մեծ տարածքների ու բնական հարստությունների հաշվին…

Բայց դրանք անսպառ չեն: Կա նաեւ տարածքների կռիվ, որ ունեն՝ Թուրքմենստանն ու Ադրբեջանը՝ Կասպից ծովի նավթա-գազային որոշ կղզիների հարցում, Ղազախստանն ու Ռուսաստանը՝ առաջինի հյուսիսային հատվածի շուրջ 40% ռուսալեզու բնակչությամբ տարածքի հարցում, Ղրղզստանն ու Ուզբեկստանն էլ (սա էլ մի քիչ պակաս թյուրքա-սլավոնական խաղալիք է)՝ վերջերս կանգնած էին զինված բախման առջեւ՝ հողային պահանջների առումով…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։