Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- «Տանկային բիաթլոն»-ի մրցանակ-տանկը չի ուղարկվել Հայաստան… Մեր պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականության ձայնը՝ «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով

Հայ մարզիկներն իրենց հաղթանակները նվիրել են Արցախի քառօրյա հաղթական պատերազմի հերոսներին

Հայ ծանրորդներն ընդհանուր հաշվարկով  առաջինն են

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեր թիմը հավաքեց 503 միավոր: 1-ին տեղում Ռուսաստանի թիմն է՝ 524 միավորով, 3-րդ տեղում՝ Թուրքիան: Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Տիգրան Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Մեր հավաքականը 449 միավորով եւ 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով Եվրոպայի թիմային առաջնությունում 1-ինն է: 2-րդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, 3-րդ տեղում՝ Թուրքիան՝ 399 միավորով:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, եւ Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող ընդհանուր հաշվարկում: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում Թուրքիան է, 3-րդում` Ուկրաինան:

Ապրիլի 17-ին ծանրամարտի Հայաստանի հավաքականը 18 մեդալով վերադարձավ Երեւան: Չնայած ուշ ժամին, «Զվարթնոց» օդանավակայանը բազմամարդ էր. մարզասերները ծափահարություններով դիմավորեցին հայ ծանրորդներին: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էին եկել նաեւ Հայաստանի ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպեսեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Այսօրվա դրությամբ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիական խաղերի 5 ուղեգիր ունի, կանանց հավաքականը՝ 2: Բոլոր ուղեգրերը ձեռք են բերվել դեռ մինչեւ Եվրոպայի առաջնությունը:

- Հայ բռնցքամարտիկներն օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել Թուրքիայում - Սամսուն քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ էին անցել, որոնցից 4-ը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

- Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից – Զրենյանին քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Այդ ուղեգիրը  նվաճել է 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր են դարձել:  

- Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր՝ օլիմպիական վարկանիշային 2-րդ մրցաշարին մասնակցելու համար: Այս անգամ Ռիո-2016-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ քաշային կարգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Իսկ ահա նախապես հայտավորված Արթուր Շահինյանը (85 կգ) վերջերս վնասվածք է ստացել եւ ստիպված բաց կթողնի իր 2-րդ վարկանիշային մրցաշարը (մինչ այդ նա չէր մասնակցել նաեւ Սերբիայի մրցաշարին):

Մաքսիմ Մանուկյանը 2016թ. օլիմպիական խաղերի ուղեգիր է արդեն նվաճել: – Մեր 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ եւ ապահովելեց Ռիո-2016-ի մասնակցությունը: 1-ին տեղի համար մրցամարտում նա կհանդիպի Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզատովի հետ:

- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս մեկնեցին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր: Այս մրցումներում Հայաստանը կներկայացնեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Վերջինս նոր է համալրել հավաքականի կազմը: Գեորգի Կետոեւը 2007թ աշխարհի չեմպիոն է, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Մեր երիտասարդ ըմբիշների հաջողությունը Բելառուսում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մասնակցեց Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի: Մրցումային 2 օրվա ընթացքում հայ ըմբիշները նվաճել են 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: Հաղթող են դարձել Հայկ Բադալյանը (50 կգ) եւ Տիգրան Մնացականյանը (74 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (60 կգ) եւ Աշոտ Վելիցյանը (66 կգ):

Հայ սամբիստների հարուստ ավարը Ֆրանսիայից

Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների ու աղջիկների առաջնությունը: Հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ եւ 3-րդ թիմային տեղը՝ երիտասարդների միջեւ:

Նրանք, ինչպես այս օրերին մեր բոլոր մարզիկները, իրենց մարզական արդյունքը եւ հաջողությունները նվիրել են Արցախի ու Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին:

Հաղթելով բոլորին՝ դարձավ աշխարհի գավաթակիր

Մոսկվայում կայացած սամբոյի «Անատոլի Խառլամպիեւի» հուշամրցաշարին, որը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է, Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով: Մեր սամբիստներից 3-ն արժանացել են տարբեր կարգի պարգեւների: Մարտական սամբոյի մրցումներում Սամվել Բադալյանը (68 կգ քաշային կարգ)եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ), հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մտել են եզրափակիչ, սակայն վճռորոշ մարտում պարտություն են կրել եւ արժանացել արծաթե մեդալների:

Իսկ ահա մարզական սամբոյի մրցաշարում գերազանց է հանդես եկել Տիգրան Կիրակոսյանը, ով 52 կգ քաշային կարգում հաղթել է իր բոլոր մրցակիցներին եւ զբաղեցրել 1-ին տեղը:

Ռիո-2016-ում Հայաստանից կմասնակցի 3 մարմնամարզիկ

2016թ. ամառային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 3 մարմնամարզիկ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Թեսթ Իվեթ»-ում մեր մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Հուռի Գեբեշյանը հաստատել են անցած տարվա աշխարհի առաջնությունում ձեռք բերված ուղեգրերը եւ իրավունք ստացել մասնակցելու աշխարհի գլխավոր մարզական ստուգատեսին:

Նշենք, որ մեր մարմնամարզիկներից Ռիո-2016-ի ուղեգիր նախապես նվաճել էր Հարություն Մերդինյանը:

Բարձրագույն խմբում ավարտվեց 22-րդ փուլը

Ֆուտբոլային այս խաղափուլի արդյունքներն այսպիսին են՝ «Ալաշկերտ»-«Փյունիկ»՝ 3:0, «Գանձասար-Կապան»-«Շիրակ»՝ 0:0, «Ուլիս»-«Արարատ»՝ 0:3 (տ.պ.) եւ «Միկա»-«Բանանց»՝ 0:0:

                          Մրցաշարային աղյուսակ

N    Թիմեր                           Խ     Հ    Ո   Պ    ԽԳ  ԲԳ   Մ

  1. Ալաշկերտ                    22   13   6   3     39    17    45
  2. Փյունիկ                          22   11   5    6     37    17    38
  3. Շիրակ                           22   10   6    6     27    22    36
  4. Գանձասար-Կապան  22     8   9    5     25    24    33
  5. Արարատ                      22     8   9    5     25    21    33
  6. Միկա                            22     7  10  10    20    21    26
  7. Բանանց                        22     5   10  7     29    29    25
  8. Ուլիս                             22     0    2   20     8     58     2

Ռմբարկուներ՝ Միհրան Մանասյան (Ալաշկերտ)՝ 15, Հեբեր Արաուխո Դոս Սանթոս (Ալաշկերտ)՝ 13, Լաերսիո (Բանանց)՝ 10, Վարդան Պողոսյան (Փյունիկ)՝ 8:

Հայաստանի ակումբներին շնորհվեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր

ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի 1-ին ատյանի մարմնի հերթական նիստը: Քննության են դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնցով դրանք դիմել էին ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ի արտոնագրերի համար: Հիմնվելով դրանց վրա՝ Արտոնագրման կոմիտեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր է շնորհել թեկնածու բոլոր ակումբներին՝ «Փյունիկ»-ին, «Շիրակ»-ին, «Միկա»-ին, «Բանանց»-ին, «Գանձասար»-ին, «Արարատ»-ին եւ «Ալաշկերտ»-ին: Արտոնագրերը իրավունք են ընձեռում մասնակցելու 2016/2017թթ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը:

Հայաստանից եվրոգավաթներին կմասնակցեն 4 ակումբ: Առաջնության մասնակից բոլոր 7 թիմերն էլ պայքարում են այդ ուղեգրերի համար: «Միկա»-ն ու «Բանանց»-ը 1 ուղեգիր կվիճարկեն գավաթի եզրափակիչում, իսկ մյուս երեքը կստանան առաջնությունում 1-3-րդ տեղերը գրաված թիմերը:

- Հայաստանի Մ-16 հավաքականը գրավեց 2-րդ տեղը – Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել Կիպրոսում ավարտված ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարում: Մեր պատանիները նախ 11մ հարվածներով հաղթել են Ուելսի այդ տարիքային թիմին (0:0, 11մ՝ 3:2), ապա 2:6 հաշվով պարտվել են դաշտի տերերին, իսկ վերջին խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության են հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:

Հայաստանը եւ Ուելսը վաստակել են 5-ական միավոր, սակայն անձնական հանդիպման հաշվին մերոնք ճանաչվել են 2-րդը: Մրցաշարի հաղթող է դարձել Կիպրոսի հավաքականը, որը 3 միավոր ավելի է վաստակել:

«Տանկային բիաթլոն»-ի մրցանակ-տանկը չի ուղարկվել Հայաստան

Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները: Միջազգային այս մրցույթին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում: Կազմակերպիչը ՌԴ պաշտպանության նախարարությունն էր:

Հայաստանը ներկայացավ տանկային լավագույն անձնակազմով: Մինչ այդ, մեր զինված ուժերում մրցույթ անցկացվեց, որ միջազգային տանկային բիաթլոնին մասնակցեն Հայաստանի չորս լավագույն տանկային անձնակազմերը եւ հենց նրանք ներկայացնեն մեր երկրի Զինված ուժերը միջազգային մրցույթում: Երկարատեւ պատրաստվածությունը տվեց իր արդյունքը, եւ թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը:

Որպես մրցանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվեց հավաստագիր, որ Հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր S-90Ս տանկ: ՀՀ Զինուժը դեռ չի ստացել մրցանակը:

 

Հայաստանի պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը

Թբիլիսիում կայացած Վրաստանի պարային օլիմպիադայում Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց ժողովրդական պարը ներկայացրել են Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Դա զարմացրել է Հայաստանի պատվիրակությանը, սակայն մերոնք որեւէ բողոք չեն ներկայացրել օլիմպիադայի կազմակերպիչներին:

«Եթե մենք բողոքեինք, ապա ադրբեջանցիները քաղաքական աստառ կտային դրան, ինչը մեզ պետք  չէր: Հակառակը, մենք մտածեցինք, որ կարելի է դրանով ուրախանալ, որ Ադրբեջանը հայկական կոմպոզիտորի երաժշտության ներքո է հանդես գալիս: Երեւի իրենք չունեն նման երաժշտություն»,- մարզական լրագրողին հայտնեց մեր պատվիրակության ղեկավար, «Կատարողական արվեստների համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը:

Ինչպես նշեց նա, Հայաստանի պարային համույթները եւ մենապարողները 20 տարբեր որակի մեդալ են նվաճել օլիմպիադայում, իսկ թիմային հաշվարկով մերոնք 1-ին տեղն են զբաղեցրել 12 երկրների մեջ: Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա նրանք զրո են ստացել «Արցախ» պարի համար:

Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջում կանցկացվի Հայաստանի 6-րդ պարային օլիմպիադան, որին կմասնակցեն հանրապետության մոտ 95 պարային կազմակերպություններ:

Վլադիմիր Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը «Դուբայ օփենում»

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը մրցանակային տեղ գրավեց շախմատի «Դուբայ օփեն» միջազգային խոշոր մրցաշարում: Մեր շախմատիստը վերջին 9-րդ փուլում սեւ խաղաքարերով վստահ հաղթեց վրացի Լեւան Պանցուլայային եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 7,5-ի: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ անգլիացի գրոսմայստեր Գավայն Ջոնսը, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց վերջինը:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վաստակեց 6,5 միավոր եւ մրցաշարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Զավեն Անդրիասյանի արդյունքն է 5,5 միավոր՝ 35-րդ տեղ:

Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին արեց Նորվեգիայում ընթացող շախմատի խոշոր գերմրցաշարում

4-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով հանդիպեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ եւ հերթական խաղաղ դաշնը կնքեց: Այդպիսով, հայ շախմատիստը 4-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց խաղը:

Լեւոն Արոնյանն այժմ 2 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի: Հաջորդ, 5-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:

Լեւոն Արոնյանն իր առջեւ նպատակ է դրել

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գտնում է, որ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը արժանիորեն է հաղթել վերջերս Մոսկվայում ավարտված հավակնորդների մրցաշարում: «Սերգեյն իսկական մարտիկ է: Ֆաբիանո Կարուանայի հետ վերջին տուրում նրան ձեռք էր տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն նա խաղաց հաղթանակի համար եւ հասավ իր նպատակին»,– «Կուլտուրա» թերթին տված հարցազրույցում ասել է մեր շախմատիստը:

Գնահատելով իր իսկ ելույթն այդ մրցաշարում՝ Լեւոն Արոնյանը նշել է, որ ինքը գոհ է իր խաղից, բայց ոչ արդյունքից (5-րդ տեղ 8 մասնակիցների մեջ): «Ես միշտ էլ հաճույքով եմ խաղում Ռուսաստանում, քանի որ մեր երկրները իրար հետ համագործակցում են տարբեր բնագավառներում, այդ թվում սպորտում: Օրինակ, Մոսկվայի մրցաշարը հովանավորել էր հայկական կողմը: Այն բարձր մակարդակով անցկացվեց եւ բոլորն էլ գոհ մնացին»,- ասել է հայ գրոսմայստերը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Լեւոն Արոնյանը նշել է, որ դեռեւս մեծ հաճույք է ստանում շախմատ խաղալիս եւ որ իր առջեւ նպատակ է դրել, որից չի պատրաստվում հրաժարվել:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։