Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Մաս առաջին

Գաղափարական առումով հայոց աշխարհը մեր տարածաշրջանում առանձնանում է այն բանով, որ կրոնական ընկալումներում միաստվածության օրրան է, եւ արեւապաշտական դիցաբանական համակարգի ուսումնասիրման ժամանակ մշտապես հարկավոր է հաշվի առնել՝ հայոց աշխարհը, որպես միաստվածության օրրան, կրոնական դոգմատիկ երեւույթ է։

Ընդհանրապես արեւապաշտական համակարգի վերականգնման փորձը հնագույն շերտերի միջոցով՝ մշտապես բախվում է եղած նյութերի հատվածականությանը կամ նրա առաջնային նյութի հետագա ժամանակաշրջաններում կրած փոփոխություններին: Համանման վիճակն է նաեւ մեր դավանաբանական մշակույթում. մեր հնագույն մշակութային շերտերում նույնպես պահպանված են արեւապաշտական համակարգը հիշեցնող որոշ ավանդապատումներ ու ծեսեր, որոնց միջոցով հնարավոր է ձեւավորել ընդհանրացված պատկերացումներ հայոց արեւապաշտական համակարգի մասին։

Մինչեւ այժմ չունենք որեւէ ամբողջական ուսումնասիրություն համակարգի վերաբերյալ, չնայած այն բանին, որ թե՛ հայկական մշակույթի, եւ թե՛ հարակից մշակույթների մեջ առկա են մեծաքանակ նյութեր, որոնք պահպանված են որպես արեւապաշտական տիեզերաշինության էլեմենտներ: Այս նյութերի օգտագործմամբ մենք կարող ենք ստանալ ամբողջական մի պատկեր արեւապաշտական համակարգի մասին ընդհանրապես եւ հայոց համակարգի մասին՝ մասնավորապես:

Համաձայն կրոնական ընդհանրական ավանդապատումների՝

– արարումից հետո ամենից շատ կրկնվում են աստվածները եւ իրար փոխարինող աստվածների սերունդները, որոնց միջոցով եւ կառավարվում է արարված աշխարհը,

– ըստ դավանաբանական ալգորիթմի՝ կյանքը հենվում է միայն Արարչի վրա,

– բոլոր տիեզերաշինական ավանդապատումները ծագում են մեկ աղբյուրից,

– անցած եւ այս քաղաքակրթության մեզ հայտնի բոլոր առանցքային ավանդապատումների մեջ պահպանել է Արարչության եւ մոնոֆիզիտական՝ միաստվածության գաղափարը:  

Ըստ իմ պրպտումների՝ արեւապաշտական տիեզերաշինության առաջնային սկզբունքը պահպանված է միայն հայոց փիլիսոփայական մտքի մեջ, որտեղ ամբողջը՝ կազմը Արարիչ եւ Մեկ Էության միավորումն է: Արարիչը ներկայանում է որպես սկիզբ եւ ձեւավորում է անեզրականը (արարչագործվածը): Արեւապաշտական կազմաբանության անեզրականը՝ արարչագործվածը, իր հերթին բաժանվում է տիեզերականի (լուսավոր սահմանափակի) եւ եզրականի (սահմանափակի), որը մենք ընկալում ենք որպես Մեկ Էություն: Այս ընկալումը հայոց փիլիսոփայության մեջ հայտնի է որպես կազմաբանություն, իսկ հելլենական փիլիսոփայության մեջ՝ կոսմոս, որը ծագում է հայոց կազմ տերմինից:

Հայոց արեւապաշտական կազմաբանության մոդելը ամրագրված է Սասունցի Դավիթ էպոսում: Արարիչը ներկայանում է Ծովինարի անեզրականի (արարչագործվածի) միջոցով, Մեկ Էությունը ներկայանում է Սանասարի՝ տիեզերական (լուսավոր սահմանափակի) եւ Բաղդասարի՝ եզրական (սահմանափակի) միջոցով: Հայոց էպոսի շրջանակներում քառակողմ կազմաբանությունը՝ Մեկ Էությունը, Ծովինարը, Սանասարը, Բաղդասարը, զարգանում է, եւ անցում է կատարվում դեպի համակարգված բազմակողմ կազմաբանության՝ համակարգի:

Արեւապաշտական կազմաբանության քառակողմ կառավարման մոդելի մասին, բացի հայոց էպոսից, իմանում ենք նաեւ շումերական կոչվող մշակույթի գրավոր աղբյուրներից: Ըստ այդ աղբյուրների՝ քառակողմ կառավարման մոդելի հիմնադիրներն են շումերական բարձրագույն աստված Անը, նրա Նիհուրսագ դուստրը եւ Էնկի/Հայան եւ Էնլիլ որդիները:

Մեկ Էությունը ներկայացնող քառակողմ կառավարման մոդելը բաժանվում է երկու մասի եւ ստեղծվում է երկդեմ կառավարման մոդելը. Էնկի/Հայան դարձավ մարդկանց հովանավորը եւ պահապան կառավարիչը, իսկ Էնլիլը դարձավ երկրի կառավարիչը: Ստեղծվեցին Էնկի/Հայայի եւ Էնլիլի համակարգերը: Երկու համակարգի գոյությունը հիմք դրեց դիցահավատամքային եւ քաղաքակրթական նոր հարաբերությունների: Մեկ էության վերականգնման կամ քառակողմ կառավարման մոդելի համար պայքարի դուրս ելավ Ալալուն, սակայն գրավոր ավանդապատումներն ասում են, որ նրա վերականգնման փորձն անհաջող ավարտ ունեցավ:

Առաջին անգամ շումերական գրավոր աղբյուրներում մենք հանդիպում ենք մի շատ կարեւոր փաստի՝ Էնկի/Հայան ստեղծեց մարդուն (տես՝ Հայա աստծո գենեզիսը, «Լուսանցք» թիվ 39-42 (170- 173), 2010թ.), եւ մարդկանց նկատմամբ ցուցադրած սիրո համար շումերական ԱՆ կամ Ա աստվածը Էնկի/Հայային շնորհեց արեւի խորհրդանիշը կրելու իրավունքը, որը իր հերթին կրոնական ընկալումներում հաստատվեց որպես արեւը ներկայացնելու առաքելություն:

Ըստ շումերական գրավոր աղբյուրների՝ Էնկի/Հայան դարձավ արեւակիր ընտանիքի հիմնադիրը եւ Արարչի արեւակիր առաքյալը, ով սիրում էր մարդուն։ Արեւապաշտական կազմաբանության մեջ մարդու նկատմամբ Էնկի/Հայայի ցուցադրած սերը նույնությամբ ամրագրվեց Աստվածաշնչում՝ «սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15:1-27):

Արեւի երեւույթի եւ նրան ներկայացնող աստվածների նկատմամբ շումերները ունեին առանձնակի ընդգծված վերաբերմունք՝ Արեւը (dUTU-ութը) ծագում եւ մայր է մտնում այնտեղ, որտեղ սկիզբ են առնում Տիգրիս եւ Եփրատ գետերը, եւ որտեղ գտնվում է Արատտա երկիրը։ Դավանաբանական եւ կրոնական կազմաբանության մեջ՝ շումերական գրավոր աղբյուրներում մատնանշված արեւի ֆիզիկապես ծագելու եւ մայր մտնելու ավանդական վայրը, ինչպես նաեւ Արեւակիր աստվածների կողմից իրարից հեռու գտնվող, տարբեր աշխարհների կառավարումը շրջապատող աշխարհի կողմից, ընկալվել է որպես երկու աշխարհները կառավարելու իրավունք կամ առաքելություն: Ըստ շումերական գրավոր աղբյուրների՝ արեւապաշտական կազմաբանության մեջ այդ առաքելականությունը իրականացնողը dUTU-ութն է, կամ ութ կառավարիչների համակարգերը: Արեւակիր Էնկի/Հայա աստծո ընտանիքը տվել է աստվածների չորս սերունդ եւ ութ կարավարիչ:

Կատարենք ամփոփում. շումերական գրավոր աղբյուրներից մեզ հասած նյութերը հաստատում են՝

– Էնկի/Հայան արեւակիրների դավանաբանական եւ կրոնական կազմաբանության հիմնադիրն է եւ Մեկ Էության առաքյալը,

– արեւը խորհրդանշորեն իջնում եւ բարձրանում է այն տարածքում, որտեղ հիմնադրվել է արեւապաշտական հավատամքի համակարգը,

– Արեւի ծագման եւ մայր մտնելու վայրը մատնանշում է երկու աշխարհների համատեղվածությունը, որը կառավարվում է մեկ էության կողմից,

– առաքելականությունը արեւապաշտական կազմաբանության անփոփոխ դոգմա է, արեւապաշտական համակարգի բարձրագույն աստծո նստավայրը Արատտա աշխարհն է:

Հեթական կոչվող մշակույթի գրավոր աղբյուրներից իմանում ենք, որ հեթերը եւ հայասները եղել են հարեւաններ եւ պատերազմել են, ապա կնքել են հաշտության պայմանագիր։ Կողմերը որպես պայմանագրի հովանավոր են ճանաչել արեւապաշտական դիցարանի dU.GUR-ին: Հայասայի dU.GUR-ի մասնակցությամբ պայմանագրի ստորագրումը փաստում է այն հանգամանքը, որ նա բարձրագույն հեղինակությամբ մի աստվածություն է, որի մասնակցությունն ապահովում էր կողմերին՝ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Հարկ է նշել, որ անդրաշխարհի dU.GUR աստվածությունը դիցարաններում զբաղեցնում է չորրորդ տեղը, եւ նա է կնքված պայմանագրի վերահսկիչը, եւ որպես անդրաշխարհի աստված՝ իրավասու էր պատժի ենթարկելու այն աշխարհում որեւէ կողմի, ով չէր կատարի պայմանագիրը (տես՝ «Արամազդ Աստծո պաշտամունքը», «Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.): Ըստ էության, կողմերը լուծել էին անժամկետ գործող պայմանագրի հարցը, կամ որի գործունեության ժամկետը կարող էր սահմանափակված լինել պայմանագիրը կնքողների բարձրագույն աստծո գործունեության դադարեցմամբ:

Տարածաշրջանի հաջորդ հիմնադիր մշակույթը կոչվում է հուրիական. հուրիական արեւապաշտական համակարգը եւ դիցարանը պահպանվել են ամբողջությամբ: Այս մշակույթում նույնպես համակարգը կառավարվում է արեւապաշտական կազմաբանության միջոցով։ Այդ մասին ավելի ամբողջական տեղեկություններ պահպանված են հեթական կոչվող մշակույթում, մասնավորապես՝ «Երկնքում թագավորելը» պոեմի միջոցով, որը հուրիական ծագում ունի: Պոեմը պատմում է այն մասին, որ երկնային Կումմի (Կումախի) քաղաքում կառավարում էր Ալալուն (նա է պայքարել Մեկ էության վերականգնման կամ քառակողմ կառավարման մոդելի վերականգնման համար): Կումարբի (ներկայացնում է մարդկանց հովանավոր եւ պահապան կառավարիչ՝ Էնկի/Հայային եւ Անու (ներկայացնում է երկրի կառավարիչ Էնլիլին) աստվածները ինը տարին մեկ մենամարտում են իրար հետ, եւ հաղթողը կառավարում է աշխարհը: Վերջին մենամարտի ժամանակ Կումարբին կծելով պոկեց Անու աստծո սեռական օրգանը: Կումարբին բեղմնավորվեց, եւ նրա գլխի մեջ առաջացան Ամպրոպի Աստվածը, Արանցախ (Տիգրիս) գետը եւ Տասմիսու (Մասիս) լեռը: Երբ հասավ ծննդաբերության ժամանակը, ժառանգները ծնվեցին Կումարբիի գլխից եւ Անու աստծո օգնությամբ հաղթեցին Կումարբիին: Կումարբին արեւակիր աստվածների երրորդ սերնդի ներկայացուցիչն է. բառի իմաստն է՝ «շարժվող, գնացող կամ եկող արեւ»:

Այս քառակողմ կառավարման մոդելը dUTU-ութը, կամ ութ արեւակիր աստվածների համակարգերով քաղաքակիրթ աշխարհը ապրել է մինչեւ այն ժամանակները, երբ արեւապաշտական կազմաբանության քառակողմ՝ բազմադեմք եւ կառավարվող համակարգին հելլենական փիլիսոփայական միտքը հակադրեց «քաոսի» գաղափարը՝ որպես հայոց համակարգված բազմադեմք կազմաբանությանը այլընտրանք։

Կատարենք ամփոփում.

Հեթերը ընդունում էին՝

– արեւապաշտական համակարգը ճանաչում էր dU.GUR-ի գերակայությունը,

– Հայաստան աշխարհը ընդունվում էր որպես dU.GUR բարձրագույն աստծո երկիրը,

– Հուրիական աշխարհը՝ Կումախին, ղեկավարել է արեւային աստվածների երկրորդ սերնդի ներկայացուցիչ Կումարբին, ով պարտվեց իր ժառանգների կողմից։

Արեւապաշտական կազմաբանության հաջորդ հզոր կենտրոնը դարձավ Վանը։ Ուրարտական կայսրության դիցարանը, առանց ներքին եւ արտաքին հակամարտությունների, ղեկավարում եւ առաջնորդում են Թեյշիբանի (լուսավոր սահմանափակի) եւ Հալդի (սահմանափակի) աստվածները: Երկու աստվածներից Հալդին ավելի էր օժտված մարդուն բնորոշ գծերով, ինչի վկայությունն են նրա արքունական հագուստները եւ մահճակալը, որ պահվում էր Մուցածիրի Հալդիի տաճարում։ Որպեսզի հասկանանք Ուրարտական կայսրության տարածքային մեծությունը, նաեւ՝ արեւապաշտական կազմաբանության գերակայությունը, նշեմ, որ Մուցածիրը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում։ Այսինքն՝ կայսրության մեկ կենտրոնը գտնվում է Վան քաղաքում, իսկ մյուս կենտրոնը՝ ժամանակակից Իրաքում:

Կայսրության արեւապաշտական դիցարանում Թեյշիբանի-Հալդի զույգի առաջնայնության մասին է խոսում «Մհերի դուռ» կոչվող արձանագրությունը: Այստեղ մենք հանդիպում ենք Մհերին՝ որպես խաղողի եւ գինու հովանավոր աստված, նրա համարժեքը հունական ավանդապատումների մեջ համարվում է խաչակիր Դիոնիսոսը: Ավելի ուշ շրջանում հայոց հավատամքի մեջ խաչակիր Դիոնիսոսի համարժեք աստվածն էր Հայ-Արիքի արեւապաշտական հավատամքի անդրաշխարհի աստվածությունը՝ Սանդարամետը: Ըստ Ագաթանգեղոսի վկայության, Կաթողիկե եկեղեցին (Մայր Տաճարը՝ քրիստոնեական Հայաստանի պաշտոնապես հռչակված առաջին տաճարն է) կառուցվում է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի ցանկությամբ, Սանդարամետի մեհյանի տեղում:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։