Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք – Ով կհամախմբի մտավորականներին՝ մտավորականություն ստեղծելով… Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը տանում է դեպի վարչապե՞տ –  Ի՞նչ է կատարվում Ազատ գետի կիրճում…

Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք

Այսօր էլ դեռ չենք կարողանում ստեղծել մտավորականության այն կորիզը, որի շուրջը կհամախմբվեն մյուսները: Նման կորիզ կար անգամ ԽՍՀՄ տարիներին, երբ մարդիկ շրջում էին Երեւանում, որպեսզի հանդիպեն նրանց, տեսնեն, թեկուզ մեկ անգամ խոսեն: Մարդիկ հավատում էին նրանց: Մտավորական փաղանգը կար նաեւ արդեն սեւացող 1915-ին, որին էլ թուրքերը առաջիններից տարան գնդակահարության՝ հասկանալով, որ այդպես գլխատում են հայությանը:

Բայց այսօր մենք, ավելի քան 100 տարի հետո, չունենք այդ կորիզը, որ պատիվ ու ապրած կյանքի արժանիք պիտի համարեր գնդակահարությունը թշնամու կողմից…

Ոչ ոք չի ժխտում, որ ունենք անհատ մտավորականներ, իսկապես կան, որոնց խոսքը իրապես լսվում եւ արժեքավոր է համարվում, բայց համախումբ մտավորականություն այդպես էլ չի ստեղծվում: Մեր ոչ հեռավոր եւ վերոնշյալ ժամանակներում հայ մտավորականության հիմքը կազմել են գրողները, հետո նկարիչներն ու քանդակագործները, դերասաններն ու մամուլի ներկայացուցիչները, երաժիշտներն ու ասմունքողները, գիտական աշխարհի մարդիկ եւ այլն: Բայց այսօր որեւէ արվեստի կամ արհեստի կառույց չի կարողանում ստանձնել նախնական աշխատանքը եւ կազմակերպել մտավորականության համախմբումը:

Եթե 100 տարի առաջ հայությունը չկորցներ իր մտավորական փաղանգին, ապա ինքնապաշտպանվելու հարցերին ավելի շուտ կանցներ, քան դա եղավ կուսակցական ու կրոնական կառույցների ներքին ու արտաքին տարաբնույթ խաղերի միջոցով:

Այսօր, երբ երկրի մշակույթի նախարարությունը տանուլ է տալիս մեր արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը, մի նոր ահազանգ է հնչել՝ հայոց ինքնությունը պաշտպանելուն ուղղված:

Միշտ սպասում են, որ գոնե գրողների միությունը կանի առաջին քայլը, ինչպես արեցին Շիրազը, Սեւակը, Իսահակյանը, եւ կգան միանալու մշակույթի ու արվեստ-արհեստների մյուս բնագավառների ներկայացուցիչները, բայց…

Այսօր շատ ենք  լսում, թե «սովետական տարիներից մինչ օրս Գրողների միությունում ոչինչ չի փոխվել»… Իհարկե, ամբողջությամբ համաձայն չենք ասված մտքի հետ, սակայն դա չէ էականը: Սովետական տարիների գրողների համայնքի մակարդակը գուցե այսօր էլ բավարարեր մեր նշած կարեւոր գործը սկսելու համար, ուստի համեմատությունները խիստ անհատական են:

Մի բանում չենք կարող չհամաձայնել, որ այս կամ այն միության նախագահի ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվում երկրի նախագահի ընտրություններից: Այ սա է վատը: Քաղաքական ընտրությամբ մտավորականը չի կարող բարեփոխել իր ասպարեզը, ապաեւ՝ ազգայինը:  

Գրողների միության անդամ դառնալը պարզապես կարգավիճակ է դարձել, չկա՛ նախկին հոգեվիճակը: Եվ ոմանք անգամ ԳՄ անդամ չեն էլ ցանկանում դառնալ հենց այս պատճառով: Այսպես է նաեւ այլ միություններում…

Իսկ Գրողների միությունը նախորդ տարին ամփոփել էր «ինքնաբավ ու հագեցած» տրամադրությամբ: Այսպես է կարծում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ըստ նրա, այսօր էլ մեր գրական կյանքը հարուստ է «ստեղծագործական նախագծերի, դրանց իրականացման, արտասահմանյան երկրների հետ համագործակցության, թարգմանական գրականության եւ գրական այլ աշխատանքների իրագործմամբ»:

ՀԳՄ նախագահը կարծում է, թե այն, ինչ նախատեսվում է, միշտ չէ, որ լավագույնս է իրականացվում,  «դու պլանավորում ես, Աստված տնօրինում է»… Բայց իրենք կարողացել են իրականացնել ծրագրված «նախորդ տարվա կտրվածքով գրեթե բոլոր նախագծերը»:

Այո, տարին սեւեռված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ «130-ից ավելի միջոցառում, շնորհանդես ու գրական հանդիպումներ են իրականացվել» բացառապես պետպատվերի շրջանակներում եւ դա չի կարելի ներկայացնել որպես «տարեկան միջոցառումների ծրագիր»: «Այս տարի հաստատ այդքան միջոցառում չի անցկացվի երկրի մարզերում ու Հայաստանի սահմաններից դուրս՝ Սփյուռքում»: Իսկ որտե՞ղ են պարբերական հանդիպումները դպրոցներում, կրթօջախներում, հանրային լսարանի առջեւ, չէ՞ որ նաեւ այսպես պիտի կրթել ժողովրդին եւ ամրացնել ժողովուրդ-մտավորական կապը:

Իսկ Էդվարդ Միլիտոնյանին այլ բան է հետաքրքրում, որն ընդգծել է, որ «Հայաստանի գրողների միությունն այն եզակի միությունն է, որ ունի համահայկական նշանակություն ու անդամներ ոչ միայն՝ Հայաստանից, այլ նաեւ՝ երկրի սահմաններից դուրս բնակվող ստեղծագործողների թվում»:

Լավ, իսկ հետո՞:

Հետոն նույնն է. «Սփյուռքի բոլոր գրողները՝ լինի հայագիր թե օտարագիր, մեր Գրողների միության անդամ են, եւ, բնականաբար, մեր աշխատանքները նրանց հետ էլ են»: Նշանակում է՝ ունենալով համահայկական նշանակություն, ՀԳՄ-ն ոչինչ չի կարողանում նախաձեռնել համահայկական նշանակության բազմաթիվ հարցերի ուղղությամբ: Այսինքն՝ ՀԳՄ-ն հերթական միություն է, որ քանակ է ապահովում իր շարքերում՝ այս կամ այն պետպատվերը իրականացնելու համար: Իսկ պետպատվերների մեծ մասը ոչ թե մշակութային են, այլ քաղաքական… Ուրեմն՝ այս միությունը չի կարող համախմբել իր շուրջը մտավորականությանը:

Քանակ փորձում են ապահովել բոլորը, քանակից  նաեւ որակ է դուրս գալիս, բայց այս դեպքում՝ բոլորովին այդպես չէ: Ինչու՞:

Իհարկե, կարեւոր է նաեւ այլ երկրներ այցերը, մերձեցման աշխատանքները, բայց որտեղ են այն «բարձր եւ արդյունավետ գնահատված եվրոպական ու այլ երկրներ» այցերի արդյունքները, եթե համահայկական ասպարեզում որեւէ գրողի անուն չի շոշափվում:

Նա նշեց նաեւ, որ այս տարի մեկնարկել է Գրողների միության դահլիճի վերանորոգումն ու վերազինումը, որ դեռ ընթացքում է, անդրադարձավ Գրողների միությանը կից նոր՝ պոեզիայի պարտեզի ստեղծմանը, որտեղ արդեն հասցրել են իրականացնել մի շարք գրական միջոցառումներ, անդրադարձավ նաեւ միության անդամների սոցիալ-տնտեսական եւ հատկապես՝ բժշկական ապահովագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այս տարի էլ Գրողների միության նախագահը խոստացել է, որ «հագեցած գրաֆիկ ու ստեղծագործական առումով շատ անելիքներ նախատեսող տարի է լինելու»: Անգամ առաջ են անցել եւ հայտարարել, որ 2017-ը կհայտարարվի գրական տարի: Ինչեւէ, գոնե 1932թ. ի վեր հրատարակվող «Գրական թերթ»-ը գուցե փորձի դառնալ համախմբող օղակ:

Ժամանակին այդ դերը ստանձնել է թերթը, որը «Գարուն» կամ «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրերի հետ կարողանում էր ոտք գցել, չկտրվել ստեղծագործողներից ու գիտական շրջանակների ներկայացուցիչներից:

Էդվարդ Միլիտոնյանն առաջարկել է 2016թ.-ն Հայաստանում հայտարարել Գրականության տարի: Իսկ ի՞նչ է արվում տարին այդպիսին դարձնելու համար: Մի բան է նկատվում ցավոք: Բոլոր նախագծերը նետվում են ասպարեզ, որպեսզի դրամաշնորհային կամ այլ օժանդակություն ստանան ու հաջողելուն պես, շատ արագ դառնան ոչ թե համահայկական, այլ ներքին սպասրկման մի միջոցառում՝ ոչինչ չտալով ազգային էությանը: Սա միայն գրողների միության համար չենք ասում:

Վերոնշյալի առումով՝ է՜լ միմյանց գիրք նվիրելու օր տոնեցինք, է՜լ ընթերցանության դաշտը մեծացնելու քայլերի մասին լսեցինք, գրադարանների ու այլ մշակութային հաստատությունների վիճակի բարելավման եւ այլ աշխատանքների մասին եւս տեղեկացանք ու այսպես շարունակ:

Գալով նկարիչների միությանը՝ նկատենք, որ այդ միության նախագահ Կարեն Աղամյանը վաղուց հայտարարել է, թե նկարիչները հիասթափված են միությունից: Եվ պատճառը սոցիալականն է. նախկինում նկարիչների միությունը կարողանում էր օգնել իր անդամներին, այսօր՝ ոչ: Այսքան բան:

Ինչեւէ, միությունում արդեն ծրագրված է, թե մինչեւ տարեվերջ ինչ ցուցահանդեսներ են բացվելու: Մի քանիսը բացվել են արդեն, մեծ մասը՝ դեռ առջեւում են: Ծրագրված է 45 ցուցահանդես: «Նույնքան բացվել է նաեւ 2015-ին: Մենք ավելի չենք կարող, 2 դահլիճներում միաժամանակ կազմակերպում ենք, տեւում են 8-10 օր»,- նշել է միության նախագահը եւ կրկին հիշեցրել, որ նկարիչների շրջանում նկատվում է եւ ակտիվություն, եւ հիասթափություն: Առաջինի ապացույցը ցուցահանդեսներն են: Նկարիչները ստեղծագործում են՝ հույս ունենալով, որ մի օր կնկատեն իրենց:

Ըստ Կարեն Աղամյանի, Նկարիչների միությունն այսօր կարողանում է միայն ցուցահանդեսներ կազմակերպել. «Վերացել են բոլոր նախկին առավելությունները… Ինչե՜ր էին ստանում գեղարվեստի ֆոնդից, որն այսօր գոյություն չունի, Նկարիչների միությունից, որը հարուստ էր, այսօր այդ բանը չկա: Ունենք միայն դահլիճներ»:

Իրենց առավելություններից զիկվել են նաեւ գրողների, կոմպոզիտորների եւ այլ միությունները: Իհարկե, կարեւոր է, որ մեր արվեստի աշխարհի մարդիկ օժանդակություն ստանան, բայց եթե պետությունը այս մակարդակում այդ բոլոր միություններին տա իրենց ցանկացած օգնությունները, ապա ի՞նչ պիտի ասի այն մարդկանց, որ օրը ցերեկով մտավորականություն են փնտրում Հայաստանում ու չեն գտնում…

Վերջերս այս ու այլ թեմաներով կրկին խոսեցին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Վերհանվեցին խնդիրներ, որոնք իսկապես լուծման կարիք ունեն ու տարրական պայմաններ են գոնե ապահովում ստեղծագործելու եւ կատարելագործվելու համար: Շատ մտահոգիչ է նաեւ արվեստանոցների խնդիրը: Սրանից 10-15 տարի առաջ, ըստ բանախոսի, կարելի էր փաստել, որ ունենք 1000-ից ավելի արվեստանոցներ, բայց դրանց թիվը հիմա չի գերազանցում 100-ը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ավելի դրական է տրամադրված եւ կարող է խոսել ձեռքբերումների մասին: Բայց այստեղ էլ նույն խնդիրն է. «Խոստացել էին, որ միության կողմից կազմակերպվող միջոցառումներն ավելի մեծ չափով կֆինանսավորվեն, բայց այդպես չեղավ: Մշակույթի նախարարությունից ստանում ենք քիչ գումար, եւ այն, ինչ տեղավորվում է այդ գումարի մեջ, իրականացնում ենք, մնացյալ նախագծերի իրականացման համար մասնավոր հովանավորներ ենք փնտրում՝ հիմնականում դրսից»:

Կոմպոզիտորների միությունը համերգային ծրագրեր է իրականացրել ինչպես եվրոպական մի քանի երկրներում, այնպես էլ Միացյալ Նահանգներում եւ, փաստորեն, մտավորականության համախմբման շուրջ մտածելու ժամանակ թերեւս չունի: Իսկ արտասահմանյան համերգների կազմակերպման հիմնական նպատակներից մեկն այն է, «որ հայկական երաժշտությունը նվագեն արտասահմանցիները, նույնիսկ երգարվեստում՝ օրինակ Նյու Յորքում կայացավ մի համերգ, որին մասնակցում էին սեւամորթ կատարողներ»,- ասել է կոմպոզիտորների միության նախագահը:

Շատ հարգելի Տիգրան Մանսուրյանն արդեն այցելում է Կոմպոզիտորների միություն. որտեղ չէր լինում տարիներ շարունակ ձգված անառողջ մթնոլորտի պատճառով: Փաստորեն, Արամ Սաթյանը փորձում է աշխատել բոլորի հետ՝ ներգրավելով տարբեր սերունդների ստեղծագործողներին: Այս դրական տեղաշարժը ու Տիգրան Մանսուրյանի նման անհատը կարող են բացի կոմպոզիտորների տարբեր սերունդների միավորումից նաեւ այլ ոլորտի ստեղծագործողների միավորել, բայց դեռ նման քայլեր չենք նկատում...

Միության  նախագահը մտահոգիչ է համարել հայկական երաժշտություն ներթափանցած օտար տարրերի առկայությունը, որ տարեցտարի լայնամաշտաբ ծավալներ է գրանցում: Դրանում Արամ Սաթյանը մեղադրեց տեղական հեռուստաընկերություններին ու ռադիոկայաններին ու դրանց վարած քաղաքականությանը եւ ընգծեց, որ Կոմպոզիտորների միությունն արդեն մի շարք ծրագերի իրականացման շուրջ համաձայնության է եկել որոշ հեռուստաընկերությունների հետ եւ հույս ունի՝ ի դեմս որակյալ երաժշտության՝ հակակշիռ ձեւավորել զանգվածային լրատվական դաշտում դոմինատ դարձած համատարած անճաշակությանը:

Ահա հենց նման քայլեր են պետք, եւ յուրաքանչյուրն ի՛ր ոլորտում պիտի նախաձեռնի հայկականացման գործը: Այսպես կարող են ընդհանրական նախագծեր եւս առաջ քաշել, ինչը եւ համախմբման առիթ կտա ոչ միայն ստեղծագործողներին, այլեւ մշակույթի ու գիտության այլ ներկայացուցիչների: Իսկ ազգի ու հայենիքի համար պայքարող մտավորականության ձայնը անպայման կդառնա համաժողովրդակա՛ն, ապաեւ՝ համազգայի՛ն՝ համահայկակա՛ն:

Նարե Մշեցյան եւ Անի Մարության

Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը տանում է դեպի վարչապե՞տ

Արդեն քանի անգամ է, Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը փակած գառնեցիներին հեռախոսազանգերով սպառնում են: Այս մասին Ա1+-ին ահազանգել են Գառնիի բնակիչներից՝ չցանկանալով նշել իրենց անունները: Մեկը պատմել է, որ հեռախոսազանգով իրենց նաեւ հայհոյել են, իսկ բողոքի ցույցի ժամանակ պաշտոնյաների հետ բարձր, կոպիտ տոնով խոսացած գառնեցիների տվյալները հավաքագրվում են…

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գառնի գյուղի բնակիչները փակել էին Գառնի-Գեղարդ-Երեւան  ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները, քանի որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ եւ ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն ու Նարեկ գյուղերը: Ցույցի մասնակիցները պահանջել են, որ  իրենց հետ գա եւ հանդիպի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ նա այստեղ իր անձնական շահն ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաեւ այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները:

Չնայած Կոտայքի մարզի ոստիկանությունը խոստացել էր մի խումբ ոստիկաններ ուղարկել Ազատի կիրճ՝ իրավիճակին ծանոթանալու եւ աշխատանքները դադարեցնելու համար, բայց… ոստիկանները անգամ ցուցարարներին առաջարկել էին մի քանի հոգով միանալ իրենց եւ տեղում համոզվել, որ աշխատանքներն այդ պահից եւեթ դադարեցվում են։ Հետո պարզվեց, որ ոստիկանության վարչության պետի ուղարկած խումբը ճանապարհի կեսից վերադարձել էր եւ ցուցարարներից ազատել ճանապարհը:

Կիրճում շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Ֆոր Դիրեքշըն» ՍՊԸ-ն: Շինարարներն այդ տարածքում հատել էին ծառերը, հատվածաբար մասնատել էին «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքի շարունակությամբ գառնեցիներին պատկանող հողերը ոռոգելու համար անկացված ջրատար խողովակները։ Ընկերության ղեկավար Վաչե Դավթյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2015թ. իրենք մրցույթով շահել են «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքը,  «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հետ ունեն պայմանագիր, նաեւ՝ Գառնիի համայնքապետի թույլտվությունը տարածքում աշխատանքներ կատարելու վերաբերյալ եւ տվյալ գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Ներկայացրած արտոնագիրը տրված էր ԼՂՀ-ի համապատասխան նախարարության կողմից, ինչը խոսում է այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ՀՀ-ում նման գործունեություն ծավալելու իրավունք չունի։

Ընկերության ղեկավարը նաեւ պարզաբանել էր, թե ում ֆինանսավորմամբ են իրենք աշխատում, առայժմ աշխատում է իր սեփական միջոցներով, մինչեւ գումարը կփոխանցվի։

«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։