…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…
«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:
«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:
Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ:
«Գարուն ա», Միհր արեւ աստուածն է ժպտում Արմինա-հայ լեռնաշխարհին: Լոյսով վառուած ժպիտ է ցանում արտերի ցորեանի ծովակների ալեակներին, իր սրտի տաք շունչն է հոսում շէներին: Իրենց թեւերը դէպի արեւ տարած ծառերը, նրա լոյսի կրակն են ըմպում, որ կանաչ յուռթեն, որ այնտեղ ծաղիկ պայթի: Սպիտակ պատմուճան հագած լեռների ձիւնոտ գագաթներն են նրա լոյսի շողերից սարսռում: Նրա ջերմ համբոյրից արտասւում են լեռները, արցունքոտ ջրերի շիթերն են ընկնում հողին, առուակներ եղած ուրախ քրքիջով հոսում հեռուներ: Լեռների հողի շունչից, ձիւնէ պատմուճաններն են պատռում հազար-հազար գոյների ծաղիկներ, ձնծաղիկներ, փրափիոն ծաղիկներ: Մանկական մատներով փորել եմ Մուսաների Լեռան լանջերի ձիւնը, ձնծաղիկ եմ հանել հողից, փնջեր արած եկել փարել մօրս, մեր աշխարհի գարունը նրան աւետել: Ձնծաղիկների ծաղկաբոյլերի թերթիկներից լոյսի հազար գոյնի երանգներ են ցոլում, նրանց սրտերից աստղերի հմայքն է պայթում: Ասում են, որ Արմին-հայերի Աստղիկ Դիցուհին ամէն գարնան գալիս է հայոց լեռներ, ձնծաղիկների ծիածանացած թերթիկներ քաղում, սաւառնում հայոց շէների վրայ, ափերով այն ներքեւ ցանում, որ մայրերը այդ ձիւնոտ ծաղիկների նման փթիթ դուստրեր ծնեն, ահա ինչու են Արմին-հայերի աղջիկները այդքան սիրուն-սիրուն, հրաշագեղ Աստղիկի նման սիրուն-սիրուն:
«Գարուն ա», հայոց աշխարհի հողն է արեւ աստուած Միհրի լոյսից վարարում: Ռանչպարներն են հանդերում, հողն է տաք-տաք շնչում, նրանք ափերով այն վերցնում են, տանում երեսներին, համբոյր շաղում նրա տաքուկ դէմքին: Հողի պաշտամունք է հայոց աշխարհում, ռանչպարների սրտերից պաշտամունքի ոգի է ծորում նրա դէմքին: «Հայրենի», «Մայրենի» են կոչել այն, յաւիտեան «թեթեւ» ննջում նրա գրկում, մինչեւ որ փոքր Մհեր դուրս ելնի ժայռի սրտից՝ յարութիւն պարգեւի արդարներին: Իրենց յափշտակուած աշխարհից մի փշուր հող են տներ բերում, աղօթք մրմնջում այնտեղ հոսած նախնիների խոնջանքին, նրա պաշպանութեան մարտերում նահատակուած արեւորդիների արեան զոհաբերութեանը:
«Գարուն ա», Ծովինարի արարած ջուրն է հոսում հայոց աշխարհի դաշտեր, կեանք պարգեւում հողին: Աստուածացած տիրուհի Ծովինարը հէքիաթ է, ինքը «ջրածին», ինքը ջրից յղիացած, ինքը ջրում ծնել Սանասար, Բաղտասար որդիներին, ինքը տիեզերական հեռուներից ջուր անձրեւում: Սասնայ Մհերն է իջել ջրեր, հեծել թամբած «Քուրքիկ Ջելալին», կապել «Թուր Կեծակին», ջրից թռել, ճախրել դէպի արեւ: Քուրքիկ Ջելալին էր կանչել՝ «Ո՞ւր ես տանում ինձ, կը գնամ արեւ… կ՝այրեմ քեզ նրա կրակում»: Մհերն էր իջել նրա իրանի տակ, կանչել՝ «Չես կարող ինձ այրել, տա՝ր ինձ դուշմանի դէմ կռուի»:
«Գարուն ա, ձիւն ա արել»: Չէ՜ Վարդապետ, հայոց աշխարհը «ձիւն չի արել»: Վարդապետ, այլեւս «կարմիր» ձիւն չի գայ:
«Գարուն ա, ծաղիկ ա արել» հայոց լեռնաշխարհը, Մայր Անահիտը, գարուններին ծաղիկ է փռում հայոց հանդերին, լեռների լանջերին, որ Հայ ալուան աղջիկներ այնտեղ «Համբարձում Եալա» տօնախմբեն, հայոց գուսանների տաղերը հնչեն, որոնք հովիկների թեւերին յենած գնան աշխարհին աւետեն հայոց ու նրանց երկրի հրաշափառ վերածնունդը: Չէ՜ Վարդապետ, հայոց աշխարհի ընդերքի հազար գոյնի քարերից՝ հայոց մայր ոստանը, շէները «Կրակէ շապիկ» են հագել, հայերի ակներից ծիծաղի արցունք է հոսում:
Վարդապետ, հանգիստ ննջիր մայրենի հողում: Հայոց հին աստուածները տիեզերական իրենց տաճարից նորէն աստղ են ճամբել հայոց լեռնաշխարհի երկնակամար, լոյսի կրակ է հոսում նրանց սրտերին, զէնք են վերցրել, կռուի են ելել: Չէ՜, այլեւս չեն թողնի, որ «Կարմիր» ձիւն գա Հայոց լեռաշխարհին: Հայ մշակները քու հորովելներով հողն են ակօսում, սերմնացանները ցորեան են շաղ տալիս հողի երեսին, այգիներում ծաղկի ծիածան կապած ծառերի հէքիաթ է, հայոց աշխարհի մարդիկ գարուն են դարձել:
«Գարուն ա»: Գնում էինք Արարատին նայելու, կանգնում վիրապի բլուրին, դիմացը հայոց լեռնաշխարհի սրտից վեր խոյացած Արարատ-Մասիսներն են: Ինչո՞ւ է լեառն այդ ոգի ժայթքում, ինչո՞ւ է նրա «խորհուրդ-խորինը» շանթում «Ար» արեւ աստուծոյ որդիների հոգիները: Նրա շուրջն էր ծաղկել մարդու երազային աշխարհը՝ Եդեմ-ը, նրա ստորոտին նորէն «Կեանք», «Մարդ» էր ծաղկել: Բարեպաշտութեան, հողի պաշտամունքի, արարչութեան լոյս էր այնտեղ, Աստուածների անհատնում բարիք, խնդութիւն, առատութիւն էր:
«Գարուն ա»: Արարատ, քարեղէն սիրտը հայոց աշխարհի, ձեռքերնիս երկարում էինք, որ հպենք նրա անուշ դէմքին, ձնծաղիկ քաղենք նրա ձիւնոտ հողից, որ տանէինք Վահագնի ծնունդին… Հայոց նախնիները, իրենց հին աստուածների հաւատքի տաճարները՝ Միհր աստուծոյ անունով մեհեան են կոչել: Սպաննեցին իրենց բարեպաշտ հին աստուածներին, փլեցին նրանց հաւատքի փառաբանման տները: Նրանց լացող վէմերով նոր հաւատքի տաճարներ պատեցին, ցեղակից յոյներից փոխ առած «Եկեղեձջ» անուանեցին: Եկեղեցի էին պատել բլուրին: Խորը վիրապ կար այնտեղ: Աւանդել են, որ այնտեղ էր տասնըհինգ տարիներ գոյատեւել Պարթեւաց ցեղից, Արշակունի տոհմի արքայասպան Անակ իշխանի որդի՝ Սուրէնը: Գրիգոր դարձած եկել հայոց աշխարհ, զինուորագրուել հայոց բանակ, տոհմի մե՞ղքը քաւելու, թէ՞ դաւելու:
Հայոց արքայ Տրդատն էր այդ վիրապում բանտարկել Սուրէն-Գրիգորին, թշնամու դէմ տարած յաղթանակի պատուին իր պաշտած աստուածներին, Մայր Անահիտին ծաղկեպսակ չմատուցանելու համար: Հայոց արքաները, օրինախախտների, յանցաւորների նկատմամբ մահուան վճիռներ չէին արձակել, բանտարկել եւ անշուշտ նրանց կերակրել էին: Այդ բլուրը՝ իրենց նախնիների Արմինա երկրի լքուած բերդ էր եղել՝ վերածուել բանտի:
Արեւմուտքում կրթութիւն ստացած իմաստուն Տրդատ Գ. Արքան, տարբեր հաւատքներ դաւանող երկու սահմանակից կայսրութիւնների ցեղերին ու մշակոյթներին չձուլուելու համար, մտադրուել էր իր թագաւորած երկիրը «Քրիստոնեայ» նոր հաւատքին առաջնորդել: Հարիւր-հարիւր տարիներ առաջ նրա առաքեալները հասել էին հայոց աշխարհի հարաւ, քարոզել էին իրենց հաւատքի ուսմունքը: Տրդատ արքան, այդ ուսմունքում նկատել էր նաեւ իր նախնիների Միհրական տիեզերական հաւատքի բարեպաշտութեան ու սիրոյ լոյսը: Հազար-հազար տարիներ իրենց փոխանցուել էր նախնիների աւանդութիւնը, որ հայոց աստուածները իրենց երկրի հերոս, քաջ, առաքինի առաջնորդներն էին եղել, այնքան արդար ու սիրելի, որ նրանց աստուածացրել էին, ինչպէս Արա-յին, Հայկ-ին, Միհր-ին, Տիր-ին, Վահագն-ին, Վանատուր-Ամանոր-ին, Անահիտ-ին, Ծովինար-ին, Աստղիկ-ին, Նանէ-ին, պատերազմներում յաղթանակած Վահագնին պատկերացրել էին բոցերից յառնած, նրանց իւրաքանչիւրին փառաբանել էին բնութեան հէքիաթի իմաստութեան տարբեր երեւոյթներով:
Տրդատ արքան պատժից ազատել էր Գրիգորին, հրամայել հայոց երկրում օտար Աստուծոյ Որդու հաւատքի ուսմունքը դաւանել:
Այդ ինչպէ՜ս եղեւ, որ այդ իմաստուն արքան դաւեց Արմինա երկրի նախնիների հաւատքին: Սպաննեցին այն, սպաննեցին իրենց նախնիների աստուածացած առաջնորդների ուսմունքը, սպաննեցին իրենց հազար-հազար դարերի երկնած իմաստութիւնը, քանդեցին նրանց տաճարները, որ Արմին-Հայը չփառաբանէր նրանց սքանչանքը: Արմին-Հայը իր հետ անմահութիւն տարաւ հին աստուածներին, նրանց փառաբանման ծնունդի խրախճանքը տօնախմբում Միհրի տաճարում: Հռովմի կայսրերն էին նաեւ դաւանել Միհրի ուսմունքը, նրա ծնունդը տօնել ձմռան արեւադարձին՝ դեկտեմբերի քսանհինգին: Բազում դարեր յետոյ, հռովմէացիք այն համարեցին իրենց նոր հաւատքի Վարդապետի ծննդեան օր: Զուգադիպութի՞ւն, թէ՞ իրենց հին հաւատքի յուշերի յաւերժացում:
«Գարուն ա, ծաղիկ ա արել», իրենց ցեղի աստուածացած հերոս առաջնորդների փառաբանման ոգով արբեցած պարմաններ, ճախրել էին Երաստի ջրերի վրայով, մտել Արարատի վիհեր, ձնծաղիկ քաղելու համար բարձրացել Արարատի լանջեր, այն ընծայելու համար Վահագնի ծննդեան տօնին: Վիհում հանդիպել էին ժայռին շղթայուած Արտաւազդ արքային, փշրել էին նրա ժանգած շղթաները, ազատ արձակել:
Գառնի փլած ամրոցի առաջ տիեզերքը խորհրդանշող Միհր արեւ աստուծոյ սինազարդ մեհեանն է խրոխտ կանգնած, դիմացը՝ որսորդութեան հմայքով յափշտակուած Խոսրով Կոտակ արքայի որսատեղի լայնատարած անտառն է: Ընդերքի խռովքը փլել էր տաճարը: Հայ քարագործ վարպետները, տաճարի վերականգման ճարտարապետի հետ տեղաճշտել էին փլած տաճարի բեկորները, կորածների փոխարէն նորերը տաշել եւ նոյն վեհութեամբ յաղթ կագնեցրել: Արմին-հայերի լոյսի փառաբանման Միհր արեւ ասուծոյ միակ կանգուն մեհեանն է այն:
«Գարուն ա, ծաղիկ ա արել», «Աստուածամարդ Նահապետ» Հայկի, հայկազուն արքաների, հին աստուածների ոգու խորհուրդը իրենց սրտերում հայոց պարմաններ, Արարատի վիհից Արտաւազդ արքային Միհրի մեհեան էին առաջնորդել: Նրա հրապարակում հազար-հազար Արմին հայեր տօնական ցնծութիւն էին շեփորում, թմկահարն էր ուժգին զարկում, ծիրանի փողերն էին թունդ հնչում: Շուրջպարի շարքերն էին լոյսի ճառագայթներին յենած պար բռնել: Արքան էր բարձրացել մեհեան, քրմուհիներն հեթանոսական տաղերով էին դիմաւորել նրան: Ատրուշանի մոխիրն էր խառնել, հազար-հազար տարիների Միհրի անշէջ կրակ վերցրել, երկինք նետել, որ հայոց աշխարհում կրակի ու լոյսի հրավառութիւն լինէր:
«Գարուն ա, ծաղիկ ա արել», Վահագնի ծնունդն էր: Տաճարի աստիճաններից իջնում էին արեգակունք ակներով, Միհրի արեւահուր վարսերով, կրակ պատմուճանով Վահագնը, եղէգնեայ ջահը վեր պարզած Արտաւազդը, հայոց մայր ոստանի Արմէն քուրմը: Բամբեր էին որոտում, ծիրանի փողեր, փանդիռներ հնչում, հազար-հազար արմիններ Վահագնի ծնունդի երգն էին թնդում: Մեհեանի աստիճաններին, շարան-շարան արեւալոյս քրմուհիները Արմինայի աստուածներին ձօնուած տաղերն էին հնչում, Արտաւազդն էր եղէգնեայ ջահի կրակալոյսը հոսում տաճարի հրապարակի Արմին-հայերի սրտերին: Հայոց հին աստուածները Արարատի գագաթից բուռ-բուռ ձիւն էին տեղում տաճարի հրապարակ: Արմին հայերը, լայն շրջանակներ կազմած, հեթանոս նախնիների պարերն էին բռնել: Սեղմել էին շարքերի բոլորակը, Վահագնին ու Արտաւազդին գրկել, ձեռքերի վրայ վերեւ բարձրացրել, որ նորէն բարեպաշտութիւն, միասնութիւն հոսէր հայոց սրտերին, հայոց աշխարհին:
«Գարուն ա»… Հայոց մայր ոստանի փողոցներ էին ելել հազար-հազար Արմին-հայեր, խնդում, ժպտում, ողջոյնում իրար: «Բամբ Որոտան» քայլերգով Արտաւազդին առաջնորդել Արմինա-Հայաստան երկրի մայր ոստանի պալատ, որ նորէն հայոց աշխարհին թագաւորէր հայկազուն արտաշէսեանների տոհմի զարմից արքան:
Այո, մի նոր գարնան օր, Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու իրենց հին աստուածների բարեպաշտութեամբ, ճշմարտութեամբ, իմաստութեամբ, արդարամտութեամբ:
Պօղոս Արմէնակ Լագիսեան
ԱՄՆ, Կլենտէյլ, Ապրիլ, 2016
«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



