Աշխարհայացքային մարտահրավեր.- Ազգը՝ մարդ-սպառողի եւ մարդ-փախչողի դեմ (ռուս ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկով)… Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը (բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկով)…

Ազգը՝ մարդ-սպառողի եւ մարդ-փախչողի դեմ

Արցախյան քառօրյա պատերազմը շատերի մոտ է հայացքային վերատեղափոխումներ կատարել: Հայության համախմբվածությունը, հանուն հայրենի երկրի նահատակության գաղափարը, մարտական ոգով քանակապես շատ եւ զինական առումով գերազանցող թշնամուն ջախջախելը եւ էլի նման բաները դարձել են անգամ գերհզոր երկրների անվտանգության քննարկելիք հարցերը: Ցայսօր այդ վերլուծությունները օրակարգում են:

Ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկովը եւս անդրադարձել է այս խնդրին: Նրան հատկապես ապշեցրել է, որ հայ միլիոնատերն իր որդուն հանել է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկել պատերազմ:

«Հայ զինվոր» պարբերականի փոխանցմամբ՝ ռուս փորձագետն ասել է. «Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաեւ աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է մարդ սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ մարդ փախչողը-փախստականը:

Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ, հարազատների հետ երգ ու պարով գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր: Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:  

Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ: Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, եւ այն սպասի նման կարելի է գդալով ուտել»:

http://www.hayary.org/wph/?p=5376 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (2-րդ մաս) – Բոգդան Գեմբարսկի / «Նամակներ աշխարհին» – Հայաստանի հաշվին Ռուսաստանը պատերազմում էր Պարսկաստանի, Պարսկաստանը՝ Թուրքիայի եւ Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ

http://www.hayary.org/wph/?p=5357 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա

«Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը»

Բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը «Երեւանյան աշխարհաքաղաքական ակումբ» պորտալի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետով։

Ստորեւ կներկայացնենք բուլղարացու ազնիվ պոռթկումը, որը չի կարողացել թաքցնել այս օրերին՝ գտնվելով Հայաստան-Արցախում:

* * *

«Ինձ հանկարծակիի չբերեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա կանխատեսելի զարգացում էր։ Այն, որ Ռուսաստանին սահմանակից հատվածներում ու այդ երկրի համար բարեկամական պետություններում լինելու է իրավիճակի թեժացում, պարզապես ակնհայտ էր:

Բայց ինձ զարմացրեց, ցնցեց մի բան. Հայաստանն իր տարածքով մոտ 2 անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, բնակչությունը եւս զիջում է Ադրբեջանին։ Հայաստանը չունի կասպյան նավթ, չունի թիկունքին կանգնած հզոր Թուրքիա: Հակառակը՝ այդ երկիրը շրջապատված է ազգերով ու ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամեն վայրկյան վերացնել նրան։ Համապատասխանաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բարձր կենսամակարդակ, մեծ բանակ ու ռազմական բյուջե:

Սահմանն ահռելի է, եւ ամբողջ սահմանը կարելի է վստահ անվանել ռազմադաշտ: Բացառություն են միայն Վրաստանի ու Իրանի հետ սահմանները։ Ռազմատակտիկական տեսանկյունից՝ նման պայմաններում երկիրն ու ժողովրդին պաշտպանելն անիրագործելի առաքելություն է թվում: Իսկ լայնամասշտաբ պատերազմ տանելն առավել քան անիրագործելի է թվում։

Այնուհանդերձ, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա: Արցախցիները ցույց տվեցին, որ պատրաստ են կռվել մինչեւ վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում մի քանի հենակետ են կորցրել, միանգամայն բնական է: Յուրաքանչյուր հենակետում գտնվող 5-6 զինվոր չէր կարող երկար դիմակայել ծանր զրահատեխնիկայի դեմ:

Ես մի ցնցող տեսանյութ եմ տեսել, որում հայ մարտիկները, զինվորական համազգեստ հագած, ռազմաճակատ մեկնելուց առաջ պարում են իրենց սիրելի աղջիկների, քույրերի, մայրերի ու կանանց հետ: Ու այդ ամենը կատարվում է իրենից մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հետ մահացու մարտի մեկնելուց առաջ։ Հակառակորդ, ով իրեն սատանայի պես է պահում՝ ավերում է դպրոցները, սպանում աշակերտներին, խոշտանգում սպանված ծերերի դիակները, կտրում է նրանց ականջները, գլխատում երիտասարդ զինվորին։ Հակառակորդն իրեն «Իսլամական պետության» պես է պահում: Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանի բանակում ծառայում են թուրք զինծառայողներ ու ԻՊ-ի գրոհայիններ։

Ինձ տպավորեց այն փաստը, որ ողջ հայ ժողովուրդը, որպես կամավորական, նետվեց ի պաշտպանություն հայրենիքի: Ուշագրավ է, որ կամավորականները ոչ միայն Հայաստանից էին ու Արցախից, այլ՝ ամբողջ աշխարհից: 21-րդ դարում, երբ առեւտուրը, դավաճանությունը, մարդկային արժեքների զգալի անկումն ու խամաճիկային ռեժիմները չարորակ ուռուցքի պես ներթափանցել են բոլոր երկրները, նման համախմբվածություն ու ինքնազոհողությունն ինձ ուղղակի ապշեցրեց։

Հայաստանի հազարավոր տարիների պատմության ընթացքում զավթողները եկել ու գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին:

Այս անցած 4 օրերն ինձ ստիպեցին լրջորեն խորհել շատ բաների մասին։ Տեսնում եմ, որ 2016թ. ապրիլին հայ ժողովուրդը հանձնեց հերոս ազգ կոչվելու իրավունքը ստանալու քննությունը։ Ազգ, որը եղել է, կա ու կլինի: Ազգ, որի միլիոնատերերն իրենց որդիներին ուղարկում են կռվելու հակառակորդի հետ անհավասար պայմաններում ընթացող մարտերում, առանձնահատուկ է: Նման ազգին չի կարելի հաղթել: Կարելի է սպանել, վերացնել, բայց ոչ մի դեպքում հաղթել:

Կուզենայի, որ նման ծանր, ճգնաժամային պահին իմ հարազատ բուլղարացի ժողովուրդն իր մեջ ուժ գտներ ու հայ ժողովրդի օրինակով նույնպիսի քննություն հանձներ»։

«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.