Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն, որում ասվում է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատեւ եւ արդար կարգավորում։
Հետեւաբար, մենք կոչ ենք անում հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը եւ չբարդացնել ընթացող բանակցությունները։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր եւ ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ.-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։ Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները։ Ծանր զինտեխնիկայի կիրառումը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները, անընդունելի են եւ լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաեւ խաղաղ բնակիչները։
Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաեւ 1994թ.-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը եւ կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։
Այս գրավոր հայտարարության տակ արդեն ստորագրել է ԵԽԽՎ 44 պատգամավոր: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Բաքվի ու Անկարայի համար այն միակ եվրակառույցն է մնացել, որի միջոցով, Բաքվի խավիարային քաղաքականության օժանդակությամբ հնարավոր է լինում հակահայ բանաձեւեր հաստատել: Չնայած այդ բանաձեւերը պարտադրող ուժ չունեն, սակայն Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ հակահայկականությունը չդադարի շահարկվել եվրակառույցներում: Մինչեւ քառօրյա պատերազմի սկսելը, հենց ԵԽԽՎ նախագահն ու որոշ երկրների ծախու պատգամավորները Իլհամ Ալիեւի բաժանած «աշխատավարձերից» հետո հաստատեցին մի բանաձեւ, որտեղ մեղադրում են Հայաստանին՝ Ադրբեջանի 20%-ը զավթելու մեջ: Սա նաեւ այն ԵԽԽՎ-ն է, որ փորձում էր մի հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվեր Արցախի հարցով: Սա արդեն մի այնպիսի քայլ էր, որ անգամ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն ընդվզեցին՝ հասկացնելով իրենց եվրոպացի կաշառակերներին, որ հարցեր կան, որտեղ չի կարող մտնել բանանային քաղաքականությունը:
Բայց այստեղից արդեն պարզ է դառնում, թե ինչու էր Բաքուն փորձում ԼՂ հարցին զուգահեռ քննարկել Սարսանգի ջրամբարի համատեղ գործարկման հարցը: Բաքվում վստահ էին, որ լայնածավալ պատերազմին Հայաստանը չի դիմանա, իսկ իրենք՝ հենվելով ԼՂ-ի մասով բանաձեւի վրա, նաեւ Սարսանգի ջրամբարի համատեղ գործարկման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրականացրել են ռազմական գործողություն եւ վերականգնել ԵԽԽՎ-ում քննարկված արդարությունը: Այո, լավ մշակված ռազմա-քաղաքական ծրագիր էր, որ շատ անհաջող ավարտ ունեցավ Բաքվի համար:
Հայ պատվիրակներն իրենց ելույթներում եւս ներկայացրել են որոշ պարզաբանումներ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը հայտարարություն է տարածել՝ գործընկերների ուշադրությունը հրավիրելով «Պանամյան փաստաթղթերի» եւ Ալիեւների ընտանիքի կոռուպցիոն գործարքների վրա: Նշվեց, որ այս ամենը ճարպկորեն թաքցնում են ադրբեջանական ժողովրդից՝ վախենալով ներքին ցասման ալիքի բարձրացումից: «Պետք չէ թերահավատ լինել նաեւ այն պնդումների նկատմամբ, որ Պանամյան փաստաթղթերի հրապարակումը այն կարեւոր պատճառներից մեկն էր, որը Իլհամ Ալիեւին ստիպեց լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այս փաստաթղթերի հրապարակումից առաջ՝ սեփական ժողովրդից այս պայթյունավտանգ սկանդալը կոծկելու նպատակով»,- ասել է մեր պատվիրակը:
ԱԺ փոխանախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, որի համար ներկայացվել էր 3 վերնագիր. ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին եւ ողբերգական էսկալացիան» վերնագիրը։ Սակայն ԵԽԽՎ բյուրոն որոշեց մերժել Ղարաբաղի վերաբերյալ քննարկումը՝ փոխարենը օրակարգում ներառելով Պանամա թղթերի հետ կապված հարցը։ Թե ինչով էր պայմանավորված բյուրոյի նման որոշումը, իր կարծիքն է հայտնել ՀՀ փոխխոսնակը: «Բյուրոյի համար բավական խնդրահարույց էր, որ նույն թեմայի համար առաջարկվել էին 3 տարբեր ձեւակերպումներ եւ դա ստեղծեց լուրջ փակուղի, անհանգստություն առաջացրեց, որ մտնելով այս թեմայի մեջ, իսկապես ԵԽԽՎ-ն կարող է ամենածայրահեղական քայլերի գնալ, որոնք գործընթացների վրա ազդելու, բարելավելու առումով որեւէ օգուտ չունեն ու բերելու են միայն իրադարձությունների անտեղի սրման։ Այստեղ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի՝ ապրիլի 2-ի հայտարարությունից հետո եղավ շատ լուրջ դժգոհություն, որն արտահայտվեց հայաստանյան հանրության մեջ։ Այդ դժգոհությունը մենք՝ որպես ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակություն, հասցրեցինք ԵԽԽՎ նախագահական կոմիտեին, բյուրոյին եւ խորհրդարանականների լայն շրջանակներին։ Նման գործընթացների մեջ բյուրոյի զգուշավորությունը թելադրվեց նաեւ նրանով, որ հունվարյան նստաշրջանում ունենալով ծանր բանավեճ ու նախագահին ուղղված այս հանդիմանանքը, ԵԽԽՎ-ն ձեռնպահ մնաց նման լայն քննարկումից»։
ԼՂ հարցը չքննարկվեց վեհաժողովում, սակայն այն ընդգրկված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեի օրակարգում: Այս առումով նիստ կանցկացնի, որի ժամանակ տեղի կունենա մտքերի փոխանակում այն մասին, թե ինչպես պետք է գործընթացն իրականացվի։
ԵԽԽՎ-ում ՀՀ մյուս պատվիրակ Նաիրա Կարապետյանի ելույթն ամբողջովին նվիրված էր Ադրբեջանի նախագահին ու նրա ընտանիքին: Սա պատահական քայլ չէր, քանի որ այդ ընթացքում խոսվել է նաեւ սպառազինության վրա ծախսվող միլիոնավոր դոլարների եւ դրանից բխող հետեւանքների մասին:
Արտակ Հայոցյան
* * *
Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը եւ լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվել է։ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինայի (Չեխիայ) հետ հանդիպմանը, ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների շուրջ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու տարբեր բանաձեւերի զանգվածային խախտումներով։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւս ընդունել է ԵԽ չեխ պատգամավորին եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին: ԵԽ պատգամավորն այն եվրոպացիներից է, որ Եվրախորհրդարանում ծավալել են ակտիվ գործունեություն, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ւադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կտրվածքով:
Կարեւորելով հենց այս ընթացքում կատարած այցը՝ Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է քառօրյա պատերազմին առնչվող մանրամասներ, որ կարող են պետք գալ ԵԽ պատգամավորներին, որպես ճշմարիտ տեղեկատվություն:
Միջազգային դատական ատյաններին դիմելու համար հավաքվել են բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ինչպես հարձակման լուրջ ծրագրավորումը, այնպես էլ ադրբեջանական զինուժի անմարդկային վայրագությունները:
«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



