Արեւմուտքը Իրանին ազատեց պատժամիջոցներից եւ իրանական գազի ու նավթի արտահանման նոր քաղաքականությունը իր ծավալումներում ներառեց նաեւ Հայաստանը: Ավելի շուտ՝ Արեւմուտքի քաղաքականությունն էր դա, պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի վերջին ժամանակներս կատարվող քայլերին համահունչ: Պաշտոնական Երեւանը հակված է ոչ միայն շարունակել փոխլրացնող քաղաքականությունն արտաքին ոլորտում, այլեւ՝ նպատակ ունի արտաքին ասպարեզում գործել առավել անկաշկանդ եւ ոչ պարտադրված քայլերով, ինչը միշտ առկա է ռուսական կողմի քաղաքականությունում:
Արեւմուտքը լավ է հասկացել, որ իր նաեւ անուղղակի ճնշումները Հայաստանին պահում են ռուսական քաղաքականության տիրույթում, ինչն էլ հնարավորություն է տալիս Մոսկվային Կովկասում միշտ ունենալ սեփական խաղը: Հարյուրամյակներ շարունակ ԱՄՆ-ի ու Եվրոպայի թուրքամետ եւ ադրբեջանամետ քաղաքականությունը ստեղծել է հայ-ռուսական մի բարեկամություն, որն առավելապես Ռուսաստանի շահերի ամրագրմանն է ծառայում տարածաշրջանում: Անկարան եւս իր խաղն է տանում Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ եւ ամեն անգամ մի կողմից մեկ այլ կողմը հեռանալու սաստումներով իր շահերն է ամրապնդում Հայկական լեռնաշխարհում, Կովկասում ու Մերձավոր Արեւելքում:
Բայց գալիս է մի պահ, երբ Անկարայի նորօսմանական կամ մեծթուրանական նկրտումները հոգնեցնում են ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին ու Բրյուսելին եւ գալիս է Թուրքիային պատժելու ժամանակը: Ահա այստեղ է, որ Հայաստանը միշտ կաշկանդված է եղել, քանի որ Երեւանի փոխարեն Մոսկվան է խոսել հայկական շահերից… Ինչն էլ վերածվել է Արեւմուտք-Ռուսաստան նոր առճակատման՝ ի վնաս Հայաստանի ու հայերի:
Տասնյակ տարիներ Կովկասում ԱՄՆ-ն գործել է՝ Վրաստանին համարելով իր դաշնակիցը: Այս տրամաբանությամբ էլ Եվրոպան դաշնակցել է Ադրբեջանի հետ: Իսկ Հայաստանը մնացել է Ռւսաստանի տիրույթում: Այսպես հավասարապես բաժանել են Կովկաս ասվածը նաեւ եվրոպական հզոր երկրները՝ Գերմանիան Վրաստանի հետ է գործակցել, Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան՝ Հայաստանի:
Սա կարծես մի չգրված օրենսդրությամբ է ամրագրվել:
Բայց, ըստ ամենայնի, հասունացել է աշխարհի վերաձեւման պահը, իսկ Հայաստանի կտրուկ քաղաքական շրջադարձը կարող է շատ բան փոխել տարածաշրջանում: Ընդհուպ մինչեւ Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկաս ասվածից:
Եվ դառնալով Իրանի դերին՝ արդեն ավելի պարզ պատկերացնենք, թե ինչու է Արեւմուտքը փորձում Իրան-Հայաստան-Վրաստան կապը Սեւ ծովով հասցնել Եվրոպա: Սա միանգամից դուրս է մղում Ռուսաստանին Կովկասից ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական առումով: Բայց Արեւմուտքը լավ գիտի նաեւ, որ Ադրբեջանը որպես թյուրքական պետություն, կարող է վարվել Թուրքիայի նման՝ պատերազմել Հայաստանի հետ եւ տարածաշրջան հրավիրել ռուսական կողմին՝ որպես հաշտեցնողի: Այս փորձը ունենալով ռուս-թուրքական հարաբերություններում՝ Արեւմուտքը կփորձի բարձրացնել Հայաստանի դերը տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ եղբայրական կապը փլուզվեց միանգամից՝ Թուրքիւային ու Ադրբեջանին թողնելով առանց միջնորդ տարածքային կապ տվող երկրի… Վրաստանն այնքան էլ հակված չէ Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ միշտ օգտվել է այն բանից, որ թուլացած ու մեկուսացած Հայաստանից կարելի է միշտ մի բան վերցնել, այդ թվում՝ նաեւ տարածքներ (ցայսօր դեռ Ջավախքի հարցը կա)…
Բայց այժմ պիտի փակի ախորժակը պաշտոնական Թբիլիսին, քանի որ Արեւմուտքը այլ խաղի կանոններ է թելադրել: Իրան-Հայաստան-Վրաստան կապը իրապես կարող է դառնալ Եվրոպա-Ասիա կապի նոր առանցք, ինչը եւ սարսափեցնում է ինչպես Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես էլ Ռուսաստանին, որ կզրկվի իր միակ անդավաճան գործընկեր երկրից տարածաշրջանում:
Արցախյան քառօրյա պատերազմը նաեւ Իրանին ու Վրաստանին պիտի ստիպեր կողմնորոշվելու: Եթե Իրանի համար դա հեշտ էր, քանի որ պաշտոնական Թեհրանը լավ գիտակցում է, թե ինչ խնդիրներ կունենա, եթե թյուրքական դաշինքը խառնվի իր ներքին ադրբեջանական խնդիրներին: Եվ իրանական կողմը առավելապես դիվանագիտորեն արտահայտվեց ու կողմերին կոչ արեց դադարեցնել առճակատումը:
Վրացական կողմը միշտ անթաքույց աջակցել էր Ադրբեջանին՝ տարածքային անձեռնմխելիության սուրը ճոճելով: Բայց այս անգամ այլ էր: Անգամ Ուկրաինայում նահանգապետ աշխատող Միխեյիլ Սաակաշվիլին հայտարեց, թե պետք է դադարեցնել պատերազմը, որը երկու կողմերին էլ լավ բանի չի հանգեցնի: Հասկանալի է, որ Արեւմուտքի տիրույթում գտնվող ուկրաինական հատվածում աշխատող նախկինում բացահայտ հակահայ Վրաստանի նախկին նախագահն այլ հայտարարություն չէր կարող անել, եւ նա այս հակամարտությունը համարել է «Վլադիմիր Պուտինի սադրանք՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը սրելը ներկայում ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին, եւ շատ նման է Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պուտինյան սադրանքին, որը վնասում է նաեւ Հայաստանին»:
Այն որ սա սադրանք էր, դա այդպես է, բայց Վրաստանի նախկին նախագահը մոռանում է, որ թուրքերը միշտ հարմար պահ են ընտրել հայերին ոչնչացնելու համար, երբ աշխարհը այլ հարցերի մեջ է ընկղմված եղել: Իսկ Մերձավոր Արեւելքի պայթյունավտանգ իրավիճակը, որն ամեն օր ահաբեկչություններ է ծնում նաեւ աշխարհի այլ տարածաշրջաններում, այսօր համաշխարհային հանրության ուշադրության կիզակետում է: Աֆրիկայի ու Ասիայի միլիոնավոր փախստականների խնդիրը եւս սարսափեցնում է Եվրոպային: Եվ չի բացառվում, որ դեպի Եվրոպա ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ճանապարհող Անկարան նոր ահաբեկչությունների կսատարի, որպեսզի այդ ընթացքում կարողանա Ադրբեջանի հետ լուծել հայկական խնդիրը… Անկարան ու Բաքուն նաեւ շատ լավ գիտեին, որ եթե ադրբեջանական բանակը կարողանար մտնել Ստեփանակերտ (ինչի համար իսկապես հզոր պատրաստություն էր կատարվել), ապա աշխարհը կլռեր ինչպես միշտ: Ավելին՝ դա նոր իրավիճակ կստղծեր՝ թուրք-ռուսական հարաբերությունները Երեւանում շարունակելու եւ մի նոր մոսկովյան պայմանագրով արդեն այս Հայաստանը մեջ-մեջ անելու համար…
Ոմանք կասեն՝ չափազանցություն է, բայց մենք ապավինում ենք մեր պատմության դասերին: Իսկ Միխեյիլ Սաակաշվիլին իր խոսքը շարունակել է այսպես. «Արցախյան իրադարձությունների այս զարգացմանը Մոսկվան վաղուց էր պատրաստվում՝ ինտենսիվորեն զինելով երկու կողմերին, իսկ վերջին տարիների ընթացքում արագ ճանապարհ կառուցեց Դաղստանից մինչեւ Վրաստան, որը միաժամանակ Ադրբեջան ներխուժելու ամենակարճ ճանապարհ է: Սադրելով այս հակամարտությունը՝ Ռուսաստանը հետապնդում է միանգամից մի քանի ռազմավարական նպատակ, հնարավորություն ստանալով ներխուժել եւ գրավել այն տարածքները, որոնցով անցնում են Ադրբեջանի գազատարները: Այսպիսով՝ Եվրոպան կարող է կորցնել Ադրբեջանից եւ Թուրքմենստանից էներգակիրների ստացման այլընտրանքային աղբյուրը: Իսկ Իլհամ Ալիեւի կառավարությունը, որը միշտ վարել է անկախ քաղաքականություն, կարող է դրվել ծայրաստիճան բարդ վիճակի մեջ»: Այնուամենայնիվ, տեսակետ է առաջ քաշվել, թե պետք է սպասել այն պահին, ինչը կլինի մոտ ապագայում, երբ Պուտինի դիրքերն անպայման կթուլանան: Որից հետո մի տեսակետ է ընդգծվում, ինչն ապացուցել է իր չգոյության փաստը, «այդ ժամանակ տարածաշջանի բոլոր հակամարտությունների շուրջ պայմանավորվելու հնարավորություն կառաջանա, ելնելով Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի շահերից»… Ինչեւէ, Վրաստանի նախկին նախագահի մոտ ակնհայտորեն բացակայում է հակահայկականությունը, մնացել է բացառապես հակառուսական կողմնորոշումը, ինչն այսօրվա արեւմտյան քաղաքականության բաղադրիչն է:
…Բայց նրա փոխարեն Ուկրաինայից հոխորտաց Ուկրաինայի ԶՈւ մաս կազմող «Վրացական լեգիոն» կոչվող խմբավորման հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին: Աբխազական բանակի կողմից լավ քոթակ կերած այս պետլած կինտոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ «Վրացական լեգիոն»-ի մաս կազմող սպաների շփման գիծ ուղարկելով: Ափսոս չստացվեց, այլապես աբխազական բանակի քոթակը այս լեգիոնի «ռազմիկների» համար մերսում էր թվալու, երբ հարվածներ ստանային Արցախի բանակից… Ինչպես ստացան թուրքական գորշգայլերը, ադրբեջանցի ահաբեկիչ իլիպականները եւ այլք:
EurAsia Daily պարբերականը մի հետաքրքիր նյութ էր հրապարակել՝ նվիրված հայ-վրացական դարավոր «բարեկամությանը» եւ «արյունակցական» հարազատությանը։ «Պարզվում է՝ վրացիները հոգով-սրտով ցավում են ադրբեջանցիների համար եւ ձգտում են դեպի Ղարաբաղ՝ մահացու կռվի հայերի դեմ։ Հասկանալի է՝ Վրաստանում կան նաեւ նորմալ վրացիներ, որոնք համակրում են հայերին, բայց, կարծում ենք, նրանք փոքրամասնություն են։ Հիմնականում ռուսատյաց զանգվածն ինքնըստինքյան պաշտպանում է Ադրբեջանին, քանզի համոզված է, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին»։
Մեջբերենք այլ հատվածներ EurAsia Daily-ի նյութից, որպեսզի պարզ լինի վրացական ստվերոտ կողմի դերն ու նշանակությունը։ Ամենաառաջին տեսակետն այն էր, որ վրացիները Ղարաբաղում ճիշտ այնպես են կռվելու, ինչպես կռվել են Աբխազիայում, Հարավային Օսիայում, իսկ այսօր էլ՝ Ուկրաինայում: «Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ կապված՝ Ադրբեջանին զորակցություն հայտնած, այսպես կոչված «Վրացական ազգային լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին, Ուկրաինայի ԶՈւ կազմում կռվում է Ռուսաստանի տիրույթում գտնվող ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ։ «Ի զորակցություն Ադրբեջանի ժողովրդի՝ Վրացական լեգեոնը պատրաստ է իր բարձրորակ սպաների մի մասին Վրաստանից ուղարկել Ղարաբաղ՝ հակամարտության գոտի, որտեղ այսօր Ադրբեջանի անբաժանելի մասում՝ Ղարաբաղում, ծավալվում է ադրբեջանա-հայկական հակամարտությունը»,- ասվում է Մամուկա Մամուլաշվիլու հայտարարության մեջ։ «Վրացական ազգային լեգեոնի» մարտիկները, որոնք վերջին 2 տարիներին կռվում են Ուկրաինայում՝ Կիեւի կողմից, մինչ այդ պայմանագիր էին ստորագրել ծառայությունն Ուկրաինայի ԶՈւ-ում կրելու համար՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ (Կիեւում այդպես են անվանում ռազմական գործողությունները Դոնբասում)։ Լեգեոնը պաշտոնապես դարձավ առաջին օտարերկրյա զինված կազմավորումը ուկրաինական ԶՈւ կազմում, քանի որ Վրաստանն օրենսդրական մակարդակով 2015թ.-ից իր քաղաքացիներին թույլատրել է մասնակցել մարտական գործողությունների այլ պետությունների պաշտոնական իշխանությունների կողմում՝ արգելելով մասնակցությունն անօրինական զինված կազմավորումներին, այդ թվում եւ Մերձավոր Արեւելքում»։
Այս ամենը ժամանակավորապես դնենք մի կողմ, քանի որ իրականում այդ վրացական լեգիոն կոչվածն իրենից ոչինչ չի ներկայացնում, առավելապես մսաղացում հայտնվողների սաակաշվիլիական մի խումբ կարելի է համարել: Իսկ ի՞նչ են մտածել պաշտոնական Թբիլիսիի պատասխանատուները: Այս մի դրվագը կհամոզի, որ Վրաստանը կտրուկ փոխել է ադրբեջանամետ իր քաղաքականությունը: Վրաստանի խորհրդարանի հայ եւ ադրբեջանցի պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը եւ Ալի Մամեդովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների վերջերս դրսեւորվող ակտիվության կապակցությամբ: «Կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին՝ հատկապես մեր հայ եւ ադրբեջանցի քաղաքացիներին, խաղաղություն պահպանել ու զերծ մնալ այնպիսի բնույթի հայտարարություններ եւ գործողություններ անելուց, որոնք կարող են վնասել Վրաստանի տարածքում այդ երկու ազգային խմբերի գոյակցության բազմադարյա ավանդույթին: Վրաստանը միշտ էլ տարբերվել է բազմամշակութային հարստությամբ ու բարիդրացիական հարաբերություններով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակցել տվյալ ավանդույթի պահպանմանը»,- ասված է հայ եւ ադրբեջանցի պատգամավորների համատեղ հայտարարությունում: Հիշեցնենք, որ նախկինում, երբ որոշակի սրվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, դրանք իրենց ազդեցությունն են թողել նաեւ Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների վրա եւ խորհրդարանում հայ պատգամավորների խոսքն ավելի շատ է արգելափակվել, ինչը միշտ անհավասար պայմաններ է ստեղծել մեր ազգակիցների համար Վրաստանում: Բայց հիմա բոլորովին այլ քայլ արվեց, ինչից արդեն դժգոհ են Բաքվում:
Քառօրյա պատերազմի օրերին Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնակատար Սերգի Կապանաձեն հետաքրքիր հարցաշար էր ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշել էր. «Լեռնային Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը, եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետեւյալ հարցերի վերաբերյալ. – Թու՞յլ ենք տալիս արդյոք ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի: – Անցկացնո՞ւմ ենք արդյոք Ռուսաստանի ռազմական շարասյուները՝ Գյումրիի ռազմաբազաների ուժեղացման նպատակով: – Անցկացնո՞ւմ ենք արդյոք թուրքական բանակը, կամ Ադրբեջանին տրամադրվելիք այլ տիպի օգնություն: – Եթե անցկացնում ենք, ապա պաշտոնական համաձայնագրո՞վ, թե՞ ոչ պաշտոնական համաձայնության հիման վրա: – Բացո՞ւմ ենք արդյոք մեր նավահանգիստները՝ հայկական կամ ադբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ տեսակի բեռներ ստանալու համար: – Ի՞նչ դիրք ենք զբաղեցնոմ տարբեր միջազգային կազմակերպություններում նախաձեռնված բանաձեւերի պարագայում: – Ընդունու՞մ ենք արդյոք փախստականներին, ինչպես եւ որքան: – Ինչպե՞ս ենք վարվում միջնորդության գործընթացում, ո՞ւմ կողմից ենք հանդես գալիս: Նման իրավիճակում յուրաքանչյուր տեսակի դիրքորոշումը, կամ դիրքորոշում չունենալը նշանակո՞ւմ է արդյոք դիրքորոշման ցուցաբերում: – Ինչպե՞ս ենք վարվում Ջավախքում Ռուսաստանի կողմից ակտիվացված գործողությունների դեպքում: – Ո՞ւմ ենք օգնում մարդասիրական տեսանկյունից, որքան գումար ունենք նախատեսած սրա համար: – Տրամադրո՞ւմ ենք արդյոք մեր տարածքները միջազգային դիտորդական եւ այլ առաքելություններին, որոնք հակամարտությունում միջամտության հետաքրքրվածություն ունեն։ – Իրականացնո՞ւմ ենք արդյոք բարձր մակարդակի այցելություններ եւ եթե այո, ապա դեպի ուր եւ ինչ հերթականությամբ:
Ավարտելով իր գրառումը՝ Սերգի Կապանաձեն գրել է՝ «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի պատերազմ: Չգիտեմ ով կհաղթի, բայց մեծ է հավանականությունը, որ Վրաստանը պարտված դուրս կգա»: Սա իսկապես կարող է համարվել նոր վրացական մտածողություն, որտեղ հստակ հակահայկականությունը գոնե առերեւույթ հանված է, նույն տրամաբանությամբ՝ հստակ ադրբեջանամետությունը եւս: Կարծում ենք այսպիսի մտածողությամբ Վրաստանը կարող է միանալ Իրան-Հայաստան դեպի Եվրոպա գնացող կապին:
Հիշեցնենք, որ այդ օրերին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ եւ լրջորեն քննարկել են արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրումն ու հնարավոր հետեւանքները: Վրացական կողմը այստեղ եւս կարեւորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հուսանք, որ Անկարայի մերձեցման փորձերը Թեհրանի հետ եւս հաջողություն չեն ունենա եւ Իրանը չի գնա մասնակի ու մանր խաղերի՝ ընդդեմ Իրան-Հայաստան-Վրաստան կապի: Իսկ որ թուրքերն ամեն ինչ կանեն իրենց հին՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կապը վերականգնելու համար, ակնհայտ է:
Այստեղ շատ կարեւոր է նաեւ Հայաստանի դերակատարման մեծացումը, մեր արտաքին քաղաքականության օրակարգի ընդարձակեցումը, ինչը Արեւմուտքին եւ Ռուսաստանին կհամոզի, որ հայկական քաղաքականությունը միայն տարածաշրջանային չէ:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



