…Այս դեպքում՝ ինձ նմանների համար միեւնույնն է, այդ թշնամական պետբյուջեն հայ պոռնիկի (որ ստամբուլներում կամ անթալիաներում է քարշ գալիս) փողերո՞վ է լցվում. թե՞ հայ երգչի կամ առեւտրականի (որն աչքերը չռած քեզ է նայում, երբ հրաժարվում ես Երեւանում թուրքական ապրանքից)…
…Մեր երկրում մշակութային ոլորտի պետական քաղաքականությունը հեռու է լավագույնը լինելուց, սա անգամ քննարկման ենթակա չէ, այնքան ակնհայտ է: Իսկ որ միջին մակարդակից չի բարձրանում տարիներ շարունակ, այլ հաճախ մակարդակազրկվում է, արդեն քննարկելու բան կա…
«Լուսանցք»-ը Հասմիկ Պողոսյանի մշակույթի նախարարության (այստեղ, ըստ էության, չկա պետական, առավել եւս ազգային մշակույթի նախարարություն) անմշակույթ անցյալին, ներկային եւ այսպես ընթացող ապագային բազմիցս անդրադարձել է: Մենք տեղյակ ենք, որ «Լուսանցք»-ի մի շարք մշակութային անդրադարձեր հայտնվել են հետաքննչական մարմինների մոտ, ոստիկանական եւ դատախազական, սակայն ո՛չ այդ գործերն են առաջ գնում, ո՛չ նախարարն է իր պաշտոնից զրկվում: Իսկ սա մեկ բան է նշանակում՝ հայկական մշակույթը ներքին սպանդից բացի, շարունակելու է արտաքին աշխարհում ցեղասպանվել՝ դանդաղորեն ոչնչանալով ֆիզիկապես, բայց մինչ այդ՝ որպես հայկական մշակութային արժեք: Որովհետեւ դրանք հետզհետե համարվում են թուրքական կամ ադրբեջանական, նաեւ վրացական եւ այլն: Եվ որեւէ միջազգային դատ-դատաստան, որեւէ գիտա-մշակութային բանավեճ հայկական պետությունը չի նախաձեռնել ցայսօր: Իսկ հազարամյակների արժեքը ո՛չ թուրքական կամ ո՛չ ադրբեջանական ու ո՛չ վրացական լինելն ապացուցելը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է:
Անգամ կարելի է համացանցում շրջող այս անեկդոտը (որ նաեւ իրականություն է) պատմել ՅՈՒՆԵՍԿՕ-ում. «Մի անգամ հայը, ռուսը, վրացին, թուրքն ու ադրբեջանցին որոշում են հանդիպել: Երբ հավաքվում են, հանդիպմանը եկած են լինում հայը, ռուսը եւ վրացին, իսկ թուրքն ու ադրբեջանցին չեն լինում, որովհետեւ այդ ժամանակ թուրք, առավել եւս ադրբեջանցի չկար աշխարհում»: Մենք համացանցում մի ուղղում արեցինք մեր ձեւով՝ անեկդոտը շարունակելով, որ «հանդիպմանը միայն հայն է լինում, որովհետեւ… սա՛ է բացարձակ իրականությունը»: Իսկ չէ որ սա էլ կարելի է արժանահավատ անեկդոտից գիտա-պատմական տեսությամբ ներկայացնել ու վերջ… ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական մարմին չէ՝ կասեն: Մենք էլ պատմագիտական եւ այլ փաստարկներ կպահանջենք մյուսներից՝ սպասելով, թե այդ հազարավոր տարիների պատմությունը ինչպես եւ որտեղից են բերելու: Իսկ քաղաքական վերաբերմունքը այլ միջազգային պատկան ատյաններից կարող ենք պահանջել: Իհարկե, այնպես չէ, որ մենք հակված են կարծելու, թե բոլոր մեր դիմումները հաղթանակած են վերադառնալու, բայց կմիջազգայնացնենք մեր բազմաթիվ խնդիրներ, նախադեպեր կստեղծենք պատմակեղծարարության դեմ մարտնչելու՝ նաեւ այսպես ծավալելով մեր պահանջատիրական նպատակները:
Այսօր ոչ միայն մեր հայրենիքին են տիրել մեր թշնամիները, այլ մեր բնիկության հետքերն են վերացնում: Չնայած, ի վերջո կա համաշխարհային պատմություն, որի քարտեզների վրա «չեն հիշվում» Թուրքիա, Ադրբեջան կամ Վրաստան անունները (ամենահնագույն քարտեզներում՝ անգամ Իրան-Պարսկաստանը), բայց մենք մե՛րը պիտի պահպանե՛նք ու նախ եւ առաջ մեզ համար, մեր գալիք սերունդների: Նաեւ պատմական արդարության ժամանակի գալուն զուգահեռ, որն ընթանում է, պիտի արդեն ունենանք այն հզորությունը, որ մեր փաստերը եւ իրավունքները ամրացնենք մեր տանկերի ու ինքնաթիռների վրա, դեպի թշնամու դիրքերը թռչող մեր հրթիռների ու արնախում թշնամուն պատերի տակ սատկացնող մեր զենքերից արձակված փամփուշտների վրա...
Իսկ այժմ, չի կարելի մոռանալ, որ պատմա-մշակութային ոլորտն է ճանապարհ հարթում ազգային քաղաքականության ու հանրային գործունեության համար, որ հետո ռազմա-քաղաքական որակներ է ստանալու: Պատմա-մշակութային ուսումնասիրությունները հզորացնում են պատմա-քաղաքական ոլորտը, ինչը նպաստում է պետության ներքին կյանքի ազգայնացմանն ու բարոյականացմանը: Դրանից էլ հզորանում է երկրի ռազմա-քաղաքական բնագավառը, որն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում ամուր (միջազգայինի հետ համադրելի) հենասյուն է դարձնում ազգային-համազգային քաղաքականությունը:
Այս ամենը չգիտակցողները (հիմնականում արվեստագետ հորջորջվողները) դեռ անմիտ (երբեմն էլ իրենց պարզապես ձեռնտու) հայտարարություններ են անում, թե մշակույթն ու արվեստը քաղաքականությունից հեռու են: Դե արի ու նմաններին բացատրի, որ թուրքը մեր հայրենիքի մեծ մասին տիրելու համար, Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրականացրեց պատմա-մշակութային ցեղասպանություն: Մեր թշնամիները լավ գիտեն հայի մշակութաստեղծ արարչահաղորդ հոգին եւ այդ հոգու կապը ազգային ու բնօրրանաշունչ արմատների հետ… Այդ նորօրյա «շոուբիզնեսյան արվեստագետները» չգիտեն դրա մասին, քանզի սրանց շարժիչ ուժը ոչ թե ազգային ակունքներն են կամ ավանդական արժեհամակարգը, այլեւ փողի վրա կառուցված եւ իրենց խոնարհվողներին փող շպրտող հակազգային ու հակամարդ անտեսանելի բուրգը՝ իր կանոններով:
Եվ միջազգային կոչված բազմադեմ արվեստի աշխարհը ոչնչացնելով ինքնատիպ յուրաքանչյուր մշակութագեն տարր, իրականում վերածվում է միադեմ արվեստի, որն առավելապես անդեմ պիտի համարել այլեւս:
Սա է պատճառը, որ ցայսօր թուրքերը, ադրբեջանցիները եւ վրացիները, երբեմն նաեւ իրանցիները (պարսիկները) եւ արաբները ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործածում են իրենց քաղաքական նպատակների համար, հայկական մշակութային արժեքները (այդ թվում՝ հավատքային հուշարձանները) սեփականացնելով ու հայկական տարածքներն իրենց «պատմական հայրենիքը» դարձնելով:
Սա քաղաքականություն չէ՞: Անգամ մարզական խոշոր միջոցառումներն են ակնհայտ քաղաքականացվում, իսկ ոմանք դեռ մշակույթի հզոր քաղաքական լծակ լինելը չեն հասկանում: Եվ միջազգայնորեն իրականացվող մշակութային ցեղասպանդը նաեւ տարբեր երկրների (այդ թվում՝ Հայաստանի) դրամաշնորհային քաղաքականությամբ սնվող հանրային, հասարակական, հոգեւոր ու մշակութային որոշ կազմակերպությունների ու անձերի միջոցով են իրականացնում:
Մեր մշակույթի նախարարությունը վաղուց է տանուլ տալիս ազգային շահերն ու արժեքները միջազգային ասպարեզում: Այս ոլորտի պատասխանատուների համար հայկական կարեւորագույն հուշարձաններն ու հնավայրերը (որ նաեւ զբոսաշրջությամբ են հայտնի) ռեստորանային համալիրից ոչնչով չեն տարբերվում ու հաճախ «փողեր բերելու» միջոցների են վերածվում… Էլ սրանցից ինչպե՞ս պահանջես, որ միջազգային ասպարեզում պաշտպանեն մեր ազգային արժեքները:
Ազգի, մարդու ներսից հանում կամ նենգափոխում են նրա պատմությունը եւ՝ միջավայրն արդեն պատրաստ է ազգայինից ապազգայինի վերածվելու համար: Իսկ թե ինչի է ընդունակ ապազգային մարդը, անկախ իր ունեցած գործից ու սոցիալական կարգավիճակից, պարզից էլ պարզ է: Այսպես էլ գրավվել են աշխարհի երկրները՝ երբ ազգերն ու ժողովուրդները այլեւս կտրվել են իրենց արմատներից՝ կորցնելով ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու կեցակարգը:
Իսկ չէ՞ որ կարելի է պատմա-հնագիտական լուրջ խումբ ստեղծել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, թե այլուր կարողանա ապացուցել, որ խաշ, խաշլամա կամ տոլմա ուտում էին այն ժամանակ, երբ թուրքն ու ադրբեջանցին անգամ երկրագնդի վրա գոյություն չունեին: Նույնն է՝ կարասի, գինու կամ գարեջրի դեպքում, որ վրացիներն ու էլի ոմոնք հանգստանան այլեւս… Ու այսպես շարունակ: Չէ՞ որ սա էլ վերածվում է մեկ այլ քաղաքականության, երբ հայը (Հայաստանը) որպես պահանջատեր է հանդես գալիս ոչ միայն իր հայրենի տարածքների, մշակույթի, այլեւ իր խոհանոցի, արհեստների, արվեստների, արարած ամեն ինչի (ոչնչացված, թե առկա) համար:
Մի՞թե վատ հայրենատիրական քաղաքականություն է սա՝ հարգելի՛ մշակույթի գործիչներ: Բայց չէ՜, հանուն փողի ավելի շահեկան է վազվզել թուրքիաներում երգելու, պարելու… Միեւնույնն է, հետո գալիս Հայաստանում հայրենասիրական ճառեր ու երգեր են ասում եւ մարսում ազգադավության տանող արարմունքները (նկատելով, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց չիմանալով, որ ազգի հիշողությունը հավերժ է եւ մի օր պատժում է)… Այսպիսիներն անգամ չեն էլ մտածում, որ այն շահույթը, որ ունենում են իրենք, ի վերջո թշնամու ավելի խոշոր շահույթից է բաժին հանվում, իսկ այդ խոշորը զենք-զինամթերքի տեսքով մեր երկրի սահմաններին է հայտնվում…
Այս դեպքում՝ ինձ նմանների համար միեւնույնն է, այդ թշնամական պետբյուջեն հայ պոռնիկի (որ ստամբուլներում կամ անթալիաներում է քարշ գալիս) փողերո՞վ է լցվում. թե՞ հայ երգչի կամ առեւտրականի (որն աչքերը չռած քեզ է նայում, երբ հրաժարվում ես Երեւանում թուրքական ապրանքից)… Այս վերջինների վրա մի քիչ կենտրոնանանք, քանզի «փորձել» եմ հասկանալ նմանի տրամադրվածությունն ու տրամաբանությունը: Երբ ասում եմ, որ այսօրվա այդ ապրանքի գումարը վաղը զենքի տեսքով կարող է քո եղբոր կամ հարազատի վրա կրակել մեր սահմաններին, անկենդան, տխմար մի հայացք են ուղղում եւ նույն հարցն է հնչում՝ իսկ դա ի՞նչ կապ ունի, էժան ապրանքը մեր մարդկանց էլ ձեռք է տալիս… ու նման բաներ: Հասկանում էի, թե հաջորդ ասածս ինչ է լինելու եւ աշխատում էի փախչել այդ խանութից, որպեսզի ստիպված չլինեմ դրանց մի լավ քոթակել ու ոստիկանության ձեռքն ընկնել: Ի՞նչ իմանամ, թե այդ թուրքական խանութը ու՜մն է, որ ազատորեն այդքան թշնամական ապրանք է բերել մեր երկիր: Իսկ թե հայ ոստիկանն էլ ինչպես կհասկանա արժանի հայհոյանքիս ճշմարիտ լինելը, անպատասխան հարց է:
Գոնե այս օրերին հաճելի տեսարաններ էինք նկատում մեր երկրում, Երեւանում ու մարզերում, Սփյուռքում: Մեր քաջարի զինվորների համար իրերի արդեն որերորդ խմբաքանակն էր հավաքվում, երբ հանդիպեցի երիտասարդների խմբին Մաշտոցի պուրակում: Առաջին անհրաժեշտության իրեր էին հավաքվում, սնունդ, հագուստեղեն եւ այլն: Ցուցապաստառ կար նաեւ՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», այսինքն՝ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչները նույնպես բաժին կստանան այդ օգնություններից:
Այսպես՝ մեր ազգի մեծ մասն ընդգրկվել է մեր զինվորներին աջակցելու գործին, բայց մի չնչին մասը շարունակում է անել հակառակը՝ օգնել մեր թշնամիներին, որ նաեւ իրենց փողասիրության պատճառով չդադարեցնեն կրակը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին:
Ազգային պետությունում այսպես չպետք է լիներ… Ուրեմն՝ դեռ խնդիր ունենք նախ եւ առաջ ա՛յդ պետությունը կերտելու, այլապես համաշխարհայնացման ծավալած համահարթեցումը չի խնայի նաեւ մեր արարչական գենը: Իսկ որ մինչ այսօր այդ գենի շնորհիվ ենք դեռ հայ մնացել, անկասկած է: Մենք հարյուրամյակներ շարունակ որեւէ լուրջ անվտանգության, ինքնապաշտպանության համակարգ չենք ստեղծել, որ դա պահեր մեզ: Մեր հոգեւոր թաքնագիտության մասին էլ չասենք, որի իմացությունից եւ կիրառումից հրաժարվել ենք շատ վաղուց:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 12 (402), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



