Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանին գնահատում ու նկատում են բոլորը… Շախմատային անցուդարձ… Այլ մրցաշարերում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հենրիխ Մխիթարյանին նկատում են բոլորը

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն. եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է մեր ֆուտբոլիստի համար: Ընթացիկ խաղաշրջանում նա մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել եւ գոլային 29 փոխանցում կատարել:

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ իր ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Իտալական «Յուվենտուս»-ը հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Արսենալ»-ը: Սակայն, «Բորուսիա»-ն մտադիր է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել էր «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

2009թ., 20-ամյա հայ ֆուտբոլիստը, այն ժամանակ դեռեւս ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգ»-ի խաղացող, հայտարարել էր «Արսենալ»-ին երկրպագելու մասին. «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել»:

Ինչեւէ, Հենրիխ Մխիթարյանին պահելու համար «Բորուսիա»-ն մտադիր է ձեռք բերել անգլիական «Էվերթոն»-ի ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Գերմանական ակումբի ղեկավարությունը լրջորեն մտադրված է ձեռք բերել այդ 22-ամյա ֆուտբոլիստին: Մարիո Գյոտցեի վերադարձը Մյունխենի «Բավարիա»-ից ու բելգիացի հարձակվողի ներգրավումը պետք է համոզեն թիմի առաջատարներին, որ «Բորուսիա»-ն ամրանում է, որպեսզի երկարաձգեն պայմանագրերը: Այսպիսով, դորտմունդցիների ղեկավարությունը մտադիր է ոչ միայն ուժեղացնել կազմը, այլեւ պահպանել առաջատարներին՝ Հենրիխ Մխիթարյանին, Մարկո Ռոյսին ու Մատս Հումելսին:

«Ալաշկերտ»-ը դժվարությամբ հաղթեց ետնապահին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը 24-րդ փուլի խաղում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Բանանց»-ին՝ 2:1: Այդպիսով, ալաշկերտցիներն ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում եւ այժմ չեմպիոն դառնալու համար նրանց մնում է վաստակել ընդամենը 3 միավոր մնացած 4 խաղերում:

Զուգահեռաբար կայացած «Միկա»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4:1: Արդյունքում, միկացիները կարեւոր 3 միավոր կորցրին եւ զրկվեցին բրոնզե մեդալ նվաճելու շանսից: «Շիրակ»-ը վաստակեց 42 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն նրան հետապնդող «Փյունիկ»-ը դեռեւս խաղ պետք է անցկացնի «Արարատ»-ի հետ:

Հայաստանում սպորտով զբաղվում են 41 հազար երեխաներ

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են տարբեր գերատեսչություններին պատկանող 176 մանկապատանեկան մարզադպրոցներ: Դրանք տեղակայված են հանրապետության 56 համայնքներում, այդ թվում 60-ը գործում են Երեւանում: Մարզադպրոցներում պարապում են մոտ 41 հազար երեխաներ: Պետբյուջեյով ֆինանսավորվող բոլոր մարզադրպրոցներում ուսուցումն անվճար է»,- ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը:

Ինչպես նշեց նույն վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի ղեկավար Գոհար Թադեւոսյանը, անցած տարվա համեմատ մարզվող երեխաների թիվն ավելացել է մոտ 1000 հոգով: Սակայն պարզվեց, որ Հայաստանում սպորտով զբաղվում են դպրոցական տարիքի երեխաների 11%-ը: Ըստ բաժնի վարիչի, դա բավականին ցածր ցուցանիշ է: «Մանկապատանեկան սպորտի զարգացման համար շատ կարեւոր է 3 հիմնական խնդիրների լուծումը: 1.՝ նորմատիվ իրավական դաշտն է, 2. նյութատեխնիկական բազայի ապահովումը, եւ երրորդ՝ որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը: Այդ 3 ուղղությամբ նախարարությունում տարվում են աշխատանքներ: Օրինակ, անցած տարի իրավական ակտ ընդունվեց, որի համաձայն 2018թ  հուվարից բարձրանալու է մարզիչ-մանկավարժների աշխատավարձը»,- հավելեց Գոհար Թադեւոսյանը: Իսկ թե ինչու է տոկոսային առումով քիչ երեխաներ ընդգրկված մարզադպրոցներում, բանախոսներն այդպես էլ պատասխան չի տրվում:

Մայիսի 1-ին Երեւանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երեւանի կիսամարաթոնի թիմի եւ «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վազքուղին մեկնարկելու եւ անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10 կմ, 5 կմ եւ հատուկ երեխաների համար՝ 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։

Մրցույթը  բարեգործական է, եւ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է  մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: Աղբյուրը հայտնում է, որ մրցույթին մաս՝ նակցելու համար կարելի է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։  

Հայաստանի լողի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանվել

Երեւանի ,,Գրանդ Սպորտ,, մարզաառողջարարական համալիրում շարունակվում է Հայաստանի լողի մեծահասակների առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձեւում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Գարիկ Բարսեղյանը տարածությունը լողաց 59,64 վայրկյանում: 1982թ.-ից ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59,90 վայրկյան): Հայաստանի չեմպիոններ դարձան Տաթեւիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200 մետր ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50 մետր թիկնալող), Լեւոն Խաչատրյանը, Ջուլիետա Գեւորգյանը (200 մետր համալիր լող), Արթուր Բարսեղյանը, Ջուլիետա Գեւորգյանը (100 մետր դելֆին):

Հ.Գ. – Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում այսօր ավարտված լողի Հայաստանի մեծահասակների առաջնությունում գրանցվել է հերթական ռեկորդը: Լողորդուհի Մոնիկա Վասիլյանը 50 մետր դելֆին լողաձևում սահմանել է հանրապետության նոր ռեկորդ (0,30,71 վայրկյան)՝ թարմացնելով 1977թ Արմենուհի Մկրտչյանի ցույց տված արդյունքը: Ներկայացնում ենք լողի Հայաստանի 2016թ. նորընծա մյուս չեմպիոններին.

Աղջիկներ

100 մ բրաս՝ Էլեն Եսայան

100 մ թիկնալող՝ Անի Պողոսյան

4×50 մ ազատ ոճ փոխանցալող՝ «Նեպտուն»

Տղաներ

50 մ ազատ ոճ՝ Վահան Մխիթարյան

100 մ բրաս՝ Վանիկ Բարսեղյան

100 մ թիկնալող՝ Արթուր Անտոնյան

50 մ ազատ ոճ՝ Արտաշես Ադամյան

200 մ բատերֆլայ՝ Արթուր Բարսեղյան

400 մ համալիր լող՝ Լեւոն Խաչատրյան

4×50 մ ազատ ոճ փոխանցալող՝ Դավիթ Համբարձումյանի անվան լողի մարզադպրոց

Հ.Գ. – ամբողջական – ավարտվել է ՀՀ լողի մեծահասակների առաջնությունը – «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ավարտվել է Հայաստանի լողի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են 120 լողորդներ: Առաջնության ընթացքում 50 մ բատերֆլայ լողաոճում Մոնիկա Վասիլյանը, իսկ 100 մ բատերֆլայ լողաոճում՝ Արթուր Բարսեղյանը, սահմանել են Հայաստանի Հանրապետության ռեկորդներ: Առաջնության 2-րդ եւ 3-րդ օրերին առանձին լողաոճերի հաղթողներ են դարձել՝

Լողաոճ —-Տղամարդիկ -Կանայք

50 մ բրաս – Վանիկ Բարսեղյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

Տաթեւիկ Բադանյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

200 մ բրաս – Վանիկ Բարսեղյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

Էլեն Եսայան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Ռաֆայել Վասիլյան)

50 մ թիկնալող – Արթուր Անտոնյան  (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Արմինե Ավետիսյան)

Անի Պողոսյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

200 մ թիկնալող – Արամ Նալթակյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Արմինե Ավետիսյան)

Անի Պողոսյան անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

100 մ ազատ ոճ – Վահան Մխիթարյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Հայկ Անանյան)

Մոնիկա Վասիլյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Ռաֆայել Վասիլյան)

200 մ ազատ ոճ – Վլադիմիր Մամիկոնյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Արմինե Ավետիսյան)

Անի Պողոսյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

800 մ ազատ ոճ – Ջուլիետա Գեւորգյան անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

1500 մ ազատ ոճ – Արտաշես Ադամյան անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

—————————————————————–

50 մ բատերֆլայ – Վահան Մխիթարյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Հայկ Անանյան)

Մոնիկա Վասիլյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Ռաֆայել Վասիլյան

100 մ բատերֆլայ – Արթուր Բարսեղյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Արմինե Ավետիսյան)

Ջուլիետա Գեւորգյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

200 մ համալիր լող – Լեւոն Խաչատրյան (անձնական մարզիչներ՝ Միսակ Գաբրիելյան, Արմինե Ավետիսյան)

Ջուլիետա Գեւորգյան (անձնական մարզիչներ՝ Արման Վահանյան, Իգոր Սաֆարյան)

4 x 100 մ համալիր լող – Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց՝ «Նեպտուն» ակումբ

Գասպարյան-Գլավաչկովա զույգը` Պրահայի մրցաշարի հաղթող

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը  չեխ Անդրեա Գլավաչկովայի հետ միասին հիանալի է հանդես եկել Պրահայի թենիսի զուգախաղերի մրցումներում: Այս զույգը դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակչում պարտության մատնելով Մարիա Իրիգոյեն (Արգենտինա) – Պաուլա Կանյա (Լեհաստան) զույգին: Գրանցվել է 6:4, 6:2 հաշիվ: Եզրափակիչ մրցավեճը տեւել է 1 ժամ, 15 րոպե:

Մարգարիտա Գասպարյանի համար այս տիտղոսը 3-րդն է WTA-ի մրցաշարերի զուգախաղերի մրցումներում, իսկ Անդրեա  Գլավաչկովայի համար` 16-րդը:

Խուլերի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի խուլերի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի մայիսին Թեհրանում կայանալիք աշխարհի առաջնությանը: 2016թ. մայիսի 1-9-ը Թեհրանում կայանալիք աշխարհի խուլերի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սահակ Թադեւոսյանը (50 կգ), Սենիկ Սերոբյանը (50 կգ), Սամվել Հովհաննիսյանը (55 կգ), Սարգիս Սարգսյանը (59 կգ), Արգիշտի Բաբայանը (60 կգ), Տիգրան Պետրոսյանը (61 կգ), Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (74 կգ), Գարիկ Պողոսյանը (74 կգ), Արտակ Տերտերյանը (75 կգ), Նարեկ Նիկողոսյանը (85 կգ) եւ Հովհաննես Այվազյանը (98 կգ):

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց վերջին խաղը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթը Նորվեգիայում ընթացող շախմատի գերմրցաշարում: Վերջին 9-րդ փուլում նա սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: Կողմերը առանց հետախուզության նետվեցին մարտի, արագ փոխանակեցին խաղաքարերը եւ արդեն 39-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: Նրան կարող է հասնել եւ շրջանցել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով այժմ ձգտում է հաղթել ուկրաինացի Պավել Էլյանովին: Մյուսներն այլեւս չեն կարող գերազանցել Լեւոն Արոնյանի արդյունքը:

Հ.Գ. – Մագնուս Կարլսենն օգտվեց Լեւոն Արոնյանի ոչ-ոքիից՝ դառնալով Norway Chess 2016-ի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվում է Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարի վերջին՝ 9-րդ փուլում, ինչպես արդեն հաղորդել էինք, հայ շախմատիստը սեւ խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ՝ ընդհանուր վաստակելով 5,5 միավոր 9 հնարավորից: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 8-րդ փուլից հետո կիսում էր առաջին հորիզոնականն մեր առաջատարի հետ, կարողացավ սպիտակ խաղաքարերով հաղթել ուկրաինացի Պավել Էլյանովին՝ դառնալով մրցաշարի հաղթող, վաստակելով ընդհանուր 6 միավոր:

Էլինա Դանիելյանը հաղթեց Մարիա Մուզիչուկին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 2-րդ հաղթանակը տարավ Բաթումում շարունակվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում: 7-րդ փուլում նա սպիտակներով հանդիպեց իր անմիջական մրցակցի, ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ եւ կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ ու տիրել նախաձեռնությանը: Նա հաշվենկատ քայլերով անցումային 2 զինվոր ստացավ, որոնք էլ փակուղու առջեւ կանգնեցրին սեւերի նավակին: Արդյունքում, 65-րդ քայլին Էլինա Դանիելյանը հասավ իր նպատակին եւ մրցակցին ստիպեց հանձնվել:

Մեր շախմատիստուհին վաստակեց 3 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստուհիներ, ովքեր ունեն 4,5-ական միավոր: Նրանցից մեկը, Նանա Ձագնիձեն, կլինի Էլինա Դանիելյանի մրցակիցը 8-րդ փուլում: Մեր շախմատիստուհին հանդես կգա սեւ խաղաքարերով:

Հ.Գ. – Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը անհաջող է հանդես գալիս - Կայացած նախավերջին՝ 10-րդ փուլում, նա հանդիպեց մրցաշարի ետնապահ Բելա Խոթենաշվիլու հետ: Ավաղ, մեր ուժեղագույն շախմատիստուհին չկարողացավ անակնկալի բերել իր մրցակցին եւ 41-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքի հետ: Էլինա Դանիելյանն առայժմ վաստակել է 4 միավոր եւ շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը: Նա կարող է շտկել իր մրցաշարային գործերը, եթե վերջին տուրում սպիտակներով հաղթի ուկրաինուհի Աննա Մուզիչուկին, իսկ գլխավոր մրցակիցները միավոր կորցնեն: Այդ դեպքում նա կարող է հավակնել 6-7-րդ տեղերին, հակառակ դեպքում մեր շախմատիստուհին կարող է անգամ վերածվել ետնապահի: Ի դեպ, Բաթումի Գրան-պրիում արդեն հայտնի է հաղթողը: 1-ին տեղը ժամանակից շուտ զբաղեցրել է ռուսաստանցի Վալենտինա Գունինան, ով հաղթելով չինացի Քսյու Ժաոյին, վաստակել է 7 միավոր եւ անհասանելի դարձել հենց չինուհի գրոսմայստերի համար,  որը մինչ այդ պարտությունը ետ էր մնում ընդամենը կես բալով:

Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային խաղում հաղթանակ է տոնել

Ապրիլի 30-ից մայիսի 11-ը Սոչիում ընթանում են Ռուսաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի ակումբային առաջնությունները: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը «Յուգրա» ակումբի կազմում մասնակցում է կանանց առաջնությանը: Առաջին փուլում Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Անաստասիա Սազոնովայի նկատմամբ, իսկ «Յուգրա» ակումբն ընդհանուր 3,5:0,5 հաշվով հաղթել է «Բուկավուշկի» թիմին:

Ռուսաստանի տղամարդկանց ակումբային առաջնությանը մասնակցում է 5 թիմ, որոնք միմյանց դեմ կմրցեն 2 փուլով` շրջանային մրցակարգով:

Հովհաննես Գաբուզյանը 2-րդ տեղը գրավեց

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Թբիլիսիսում կայացած «Նոնա-75 տարեկան» միջազգային մրցաշարում: Մեր երիտասարդ գրոսմայստերն անցկացրած 9 խաղերում վաստակեց 7 միավոր եւ Էմիլ Սուտովսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց իսրայելցի գրոսմայստերը, իսկ Հովհաննես Գաբուզյանն արժանացավ արծաթե մեդալի: Մեր մյուս շախմատիստներն ավելի համեստ արդյունքներ արձանագրեցին: Ահա նրանք. 8. Մանվել Պետրոսյան՝ 6 միավոր, 14. Վահե Բաղդասարյան՝ 5,5, 15. Տիգրան Կ. Հարությունյան՝ 5,5, 23. Արման Միքայելյան՝ 5, 25. Արամ Հակոբյան՝ 5, 33. Շանթ Սարգսյան՝ 4,5, 35. Արթուր Դավթյան՝ 4,5, 42. Հովհաննես Հ. Հակոբյան՝ 4, 50. Սարգիս Ռ. Մկրտչյան՝ 4, 51. Սիրանուշ Ղուկասյան՝ 3,5, 57. Վահե Դանիելյան՝ 3,5, 63. Սուսաննա Գաբոյան՝ 2,5, 64. Մարկ Բասենջյան՝ 2,5, 66. Արմինե Բաբայան՝ 1:

Գարի Կասպարովը մրցում է ԱՄՆ-ի մեդալակիրների հետ

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է կայծակնային շախմատի ուշագրավ մրցաշար: Դրան մասնակցում են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ շախմատի ԱՄՆ-ի 2016թ. առաջնության 3 մրցանակակիրները՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ Վեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 18 փուլից: Առաջին օրը կայացած 9 խաղից հետո աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան եւ Վեսլի Սոն, որ վաստակել են 5-ական միավոր: Գարի Կասպարովը ունի 4,5, իսկ ԱՄՆ-ի չեմպիոն Ֆաբիանո Կարուանան՝ 3,5 միավոր:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար: Հաղթողը կստանա 20 հազար պերգեւավճար, 2-րդ տեղը՝ 15 հազար, 3-րդը՝ 10 հազար, 4-րդը՝ 5000: Գարի Կասպարովը հայտարարել է, որ իրեն հասանելիք գումարը փոխանցելու է այս տարվա շախմատային օլիմպիադայի մասնակից ԱՄՆ-ի հավաքականին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։