Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Գետնախնձորով աղցան
Բաղադրությունը – Գետնախնձոր – 1 կգ, համեմ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կիտրոն – 1 հատ:
Խյուսի համար՝ քունջութ – 1 բաժակ, սպիտակ գինի – 50 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, աղ:
Պատրաստման եղանակը – Գետնախնձորը լվանալ, աղով տրորել, լավ մաքրել, նորից լցնել ջրի մեջ, հետո բարակ կլորաձեւ կտրատել: Համեմը եւ մաղադանոսը մանր կտրատել եւ լցնել վրան:
Խյուսը պատրաստելու համար քունջութը բովել եւ ծեծել հավանգով: Ավելացնել բուսայուղը, սպիտակ գինին, կիտրոնահյութը եւ աղով համեմել:
Եվ մատուցելուց առաջ խյուսը լցնել գետնախնձորի վրա:
Եվրատեսիլ. ճաշակին ընկեր չկա
Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկության համակարգը 2016թ. արմատապես փոխվելու է։ Նախորդ տարիներին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես միասնական արդյունք:
Պրոֆեսիոնալ ժյուրին եւ յուրաքանչյուր երկրի հեռուստադիտողները հնարավորություն կունենան իրենց միավորները (1-8 եւ 10-12) տալ իրարից անջատ:
Ըստ կազմակերպիչների, դա նշանակում է, որ լավագույն 10 երկրները միավորներ կստանան եւ՛ ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից, որը նոր հուզումներ կառաջացնի Եվրատեսիլի հազարավոր հեռուստադիտողների մոտ Եվրոպայում եւ այլուր:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Բելառուսը ներկայացնող երգիչ Ալեքսանդր Իվանովը (IVAN) պատրաստվում է շոկի ենթարկել մրցույթի հանդիսատեսին եւ ոչ միայն նրանց: Երգչի պրոդյուսերը ռուս Վիկտոր Դրոբիշն է: Մրցույթը տեղի կունենա մայիսի 10-14-ը:
Lifenews-ի փոխանցմամբ, երգիչը բեմ դուրս կգա ամբողջությամբ մերկ: Եվ բացի այդ, նրանք մտադիր են բեմ դուրս բերել նաեւ կենդանի գայլեր:
Գիշատիչների հետ կապված գաղափարն իրականություն դարձնելու եւ իր համարում գայլերին օգտագործելու համար Ալեքսանդր Իվանովը պետք է հատուկ թույլտվություն ստանա:
Վիկտոր Դրոբիշի խոսքով, այս պահին ինքն անում է ամեն հնարավորը, որ շվեդական կողմի հետ բանակցությունները բարեհաջող ավարտվեն:
* * *
«Եվրատեսիլ-2016»-ի մեր մասնակից՝ գերմանահայ Իվետա Մուկուչյանը եւս նախատեսում է ինքնատիպ մոտեցումներ: Նրա տեսահոլովակի շնորհանդեսը արդեն եղել է ու այն քվեարկվում է համացանցում: Նկարահանվել է նաեւ հայաստանյան տեսաբացիկը, ներկայացվել են որոշ մանրամասներ ու բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից:
Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, եւ արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:
Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ դրանց այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է: «Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ՝ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշել է ռեժիսորը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը շատ կարեւորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք լավ հնարավորություն են տալիս ներկայացնելու եւ՛ երգչին, եւ՛ երկիրը: «Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ՝ Դուք էլ կհավանեք այն»,- նշել է Իվետա Մուկուչյանը: Տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել եվրատեսիլյան օրագրի շրջանակներում հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=kfRHvp0_S7w:
Իվետա Մուկուչյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հրաժարվեց բոլոր ծրագրերից, ասուլիսներից, չնայած դրա կարիքը ուներ մրցույթից առաջ ճանաչվելու առումով: Բայց արցախյան դեպքերի ժամանակ հրաժարվեց՝ ասելով, որ հայրենիքի համար այս դժվարին օրերին ճիշտ չի համարում նման ելույթները, երբ պատերազմ է ու մարդիկ են զոհվում:
Սա իրենց ականջներին օղ պիտի անեն հայաստանյան այն «արվեստի գործիչները», որ համերգներ են տալիս Թուրքիայում՝ ֆինանսապես նպաստելով այդ երկրի բյուջեի հավելմանը… Ուրեմնեւ՝ Ադրբեջանի զինմանը:
Հ.Գ. – «Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանն ունեցել է իր առաջին փորձը – «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մասնակիցներն արդեն ժամանում է Ստոկհոլմ: Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ռուսաստանի, նաեւ Հայաստանի մասնակցիներն ունեցել են իրենց առաձին փորձը «Գլոբե Արենա»-ում: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Նշվում է, որ Հայաստանի մասնակցի ելույթն ուղեկցվում էր լուսային էֆեկտներով հագեցած շոուով: Հիշեցնենք՝ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել էր, որ բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի. «Լինելու է գրաֆիկական, լուսային էֆեկտներով հագեցած շոու:
Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմում հանդես է գալու «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչ:
Գոհար Վանեսյան
* * *
«Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ Միշան, ով հանդիսատեսին հայտնի է՝ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: Այս մասին տեղեկանում ենք «Արցախի ձայներ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կայացել է ապրիլի 18-ին, որի ընթացքում ընտրվել են այն մասնակիցները, ովքեր պետք է ներկայացնեն իրենց երկիրը՝ «Նոր ալիք 2016»-ի եզրափակիչ փուլում: Այն կայանալու է Ղրիմի «Արտեկ» կենտրոնում՝ օգոստոսի 11-13-ը:
Եզրափակիչ փուլում հանդես են գալու նաեւ Ռուսաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Կորեայից, Լատվիայից, Մալթայից, Ուկրաինայից, Ղազախստանից 16 ներկայացուցիչ:
Ազատության հրապարակում ռազմական պարեր են
Պարի միջազգային օրը մայրաքաղաքում նշվում է արդեն ավանդական դարձած համերգային ծրագրով:
«Այսօրվա երեկոն նվիրում ենք նահատակ եւ կենդանի հերոսներին, ովքեր ապացուցեցին, որ անգամ ժամանակակից սպառազինությունն ունակ չէ սպանել հայի ոգին»,– այսօր կայացած միջոցառման շրջանակներում ասաց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982թ. ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.): Այս տարի այն համընկնել է «Կարին» երգի-պարի ավանդական խմբի ամենամսյա բաց դասերի հետ. «Մենք մեր պարերը միշտ նվիրում ենք ինչ-որ բանի. այսօրվա միջոցառումը նվիրում ենք քառօրյա պատերազմի զոհերին: Հայոց սահմանը անխախտ պահող տղաները եկան, որ ապացուցեն հայ լինելը դժվարին է, բայց հպարտություն է նաեւ: Մարդիկ են, որոնք կարողացան խաղաղություն պարտադրել թշնամուն, ով այդպես էլ մարդու կերպարանք չստացավ»,- նշեց համույթի ղեկավարը:
Պարերը հիմնականում ռազմական ուղղվածություն ունեն, իսկ մասնակցող խմբերն էլ 10-ից ավելի են: Գագիկ Գինոսյանը նշեց, որ ռազմական պարերը բարձրացնում են հայի մարտական հոգին: Նա կարեւորեց, որ հարկավոր է հասնել խաղաղության, սակայն ոչ մի թիզ հող չհանձնելու միջոցով միայն: Միջոցառման մասնակիցներից տասնմեկամյա Գագիկ Մարտիրոսյանը հպարտությամբ նշում է, որ Գագիկ Գինոսյանի սանն է, արդեն 1 տարուց ավել է, ինչ սկսել է պարել խմբում: Գագիկը վստահեցնում է բանակ է գնալու` ընկերներին պարել սովորեցնի:
Երեւանը նշեց Ջազի միջազգային օրը
Երեւանն արդեն 5-րդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշեց Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ՝ Լեւոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ: Միջոցառման եւս մեկ անակնկալը հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով: Ջազային ռիթմերը Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երեւանցիներին, այլեւ մայրաքաղաքի տասնյակ հյուրերին:
Կենդանաբանական այգու 2016թ.-ի տարեշրջանի պաշտոնական բացումը՝ Մայիսի 1-ին
Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում` նվիրված Կենդանաբանական այգու 2016թ. տարեշրջանի պաշտոնական բացմանը: Վաղ առավոտից Այգու հանրային տարածքում անցելուներին են սպասելու հայտնի մուլտերի սիրված հերոսներն ու խաղավարները: Իսկ ժամը 11:00-ից այգու օղակաձեւ բեմահարթակում կմեկնարկի տոնական համերգ, որը կշարունակվի մինչեւ երեկոյան 17:00-ն: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական հանդիսությանը կմասնակցեն Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանները ներկայացնող մշակութային կենտրոնների և երաժշտական դպրոցների սաները:
Տեղեկացնենք` մայիսի 1-ից Կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչեւ ժամը 21:00-ն: Տոմսարկղը կաշխատի մինչև 20:00-ն: Այս մասին նշվել է Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հ.Գ. – Կենդանաբանական այգին այցելուների համար բաց է – Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի ու կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին: Քաղաքապետի տեղակալը, որդիների եւ այգու այցելուների հետ, նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով: Նշենք, որ 2013-2015թթ. Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության պայմանները: Կացարանները հիմնականում ջեռուցվում են, ինչը, ինչպես նաեւ այգու աշխատակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում, ձմեռացումից հետո կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել: Ավելին, հենց այս գիշեր 2-ով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի եւ Պոնի ցեղատեսակի ձիու ծնունդներով:
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2-րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Այգու պատասխանատուները վստահեցրել են, որ կարվի հնարավորը, որպեսզի Երևանի կենդանաբանական այգին բոլոր այցելուների, ու հատկապես երեխաների համար լինի գրավիչ ու գեղեցիկ: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այգու հետ կապված բոլոր աշխատանքները քաղաքապետարանի եւ անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն: Նշենք նաեւ, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



