Երեւանյան Վերնիսաժ.- ձեռագործ արվեստների թագավորությունը – Ինչ կհուշի տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը… Պարտք ունենք լինել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին…

Երեւանյան Վերնիսաժ.- ձեռագործ արվեստների թագավորությունը – Ինչ կհուշի տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը

Ֆրանսերեն չգիտեմ: Իմացողներն ասում են, թե Վերնիսաժ-ը ֆրանսերենից բառացի թարգմանությամբ նշանակում է ավարտուն նկարի ցուցադրություն: Երեւի թե հենց այս տրամաբանությամբ, օրինակ, ռուսական շատ կայքերում հանդիպեցի, երբ Երեւան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ժամանակի սղության պարագայում Հայաստանի ամբողջ կոլորիտը տեսնել մեկ վայրում՝ Վերնիսաժում, «բայց դրա համար գնալ ոչ թե Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայք, այլ՝ Խանջյան փողոց»:

«Վերնիսաժը Երեւանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի»,- դեռ մարտին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հանձնարարել գլխավոր ճարտարապետին, ինչպես նաեւ «Երեւաննախագծին» Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման եւ արդիականացման նախագիծ:

Ի դեպ, դրանից հետո Վերնիսաժի հարցը անընդհատ ուշադրության կենտրոնում եղավ, եւ քննարկումները բազմակողմանի եղան: Անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ բազմակողմանի քննարկումը չեղավ այնպես, ինչպես հաճախ սովոր ենք, որ լինի՝ թղթի վրա ու թե ինչպես եւ ում հետ, պարզ չէ: Այս պարագայում ամբողջական քննարկում իսկապես եղավ եւ իրապես հանրային եղավ: Ամեն անգամ հետեւել եմ խնդրո առարկայի հետ կապված շարժերին: Քննարկումներ եղել են թե՛ տարածքի վարձակալի, թե՛ Վերնիսաժի տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող անձանց, թե զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների, թե՛ հանրային հատվածի հետ: Քննարկումներին հետեւեցին, այսպես ասած, կիրառական քայլերը: Գործընթացը ներկայացնենք ըստ զարգացումների:  

Տարոն Մարգարյանի նշյալ հանձնարարությւնից հետո նույն ամսում՝ մարտին քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր:

Ապրիլին  Վերնիսաժի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման նախագծի իրագործման նպատակով քաղաքապետարանում հանդիպում-քննարկում անցկացվեց տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող անձանց հետ ու ներկայացվեցին 4 տարբերակները: Ըստ այդմ, նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի Վերնիսաժը: Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի եւ կկանաչապատվի: Երեւանի կենտրոնում կձեւավորվի հանգստի գոտի, որը միաժամանակ կլինի նաեւ միանգամայն նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ եւ առեւտրային տարածք:

Նկատենք, որ Վերնիսաժում առեւտուր անողները հնարավորություն ունեցան շրջանառվող լուրերի իսկությունը առաջին ձեռքից ճշտել: Նրանց տեղեկացվեց, որ տարածքում շինարարությունն արվելու է փուլային տարբերակով՝ տեղում առեւտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել եւ շարունակել իրենց աշխատանքը:

Երկու օր անց Վերնիսաժի բարեկարգման եւ արդիականացման ծրագրի իրականացման նպատակով կազմված նախագծային առաջարկների էսքիզային տարբերակները քննարկվեցին Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի նիստում: Սրան մեկ օր անց հաջորդում է մեկ այլ քննարկում՝ այս անգամ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցեցին թե էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային վարչության պետը, թե Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենը եւ թե Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչները, նաեւ տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը, համայնքային թանգարանների տնօրեններ եւ ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ: Ոլորտի մասնագետները, ծանոթանալով նախագծերին, ներկայացրին իրենց մոտեցումներն ու առաջարկները: Մասնավորապես, Վերնիսաժի տարածքում զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար առանձին կայանատեղիներ են պետք: Քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ այն անպայման հաշվի կառնվի նախագծերում:

Ընդգծելով, որ վերակառուցումից հետո Վերնիսաժը Երեւան այցելող զբսաշրջիկներին ներկայացվելու է որպես մայրաքաղաքի եւ, առհասարակ, հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրօրինակ այցեքարտ, ներկաները կարեւորեցին նաեւ տարածքում արվեստանոցների ստեղծումը, որոնցում մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անձամբ, օրինակ, կավից որեւէ առարկա պատրաստել կամ էլ գորգագործությանը ծանոթանալ:

Հաշվի առնելով Վերնիսաժի բազմագործառութային նշանակությունը՝ առաջարկ եղավ նաեւ միջոցառումների կազմակերպման համար առանձին փոքր հրապարակ-հարթակ ունենալ, որտեղ շաբաթ-կիրակի, նաեւ տոն օրերին կներկայացվեն ազգային մշակութային միջոցառումներ: Խոսք եղավ նաեւ Վերնիսաժում վաճառվող ապրանքատեսականու մասին, այն է՝ նախագծի իրագործումից հետո հարկ է, որ այստեղ ներկայացվեն միայն վերնիսաժային ապրանքներ՝ արվեստի գործեր, ձեռագործ աշխատանքներ եւն:

Մեկ օր անց կրկին քննարկում եղավ: Հերթականը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների հետ էր: Սրան անմիջապես հետեւեց ամփոփիչ հանրային բաց լսումը:

Քննարկմանը մասնակցեցին  Երեւանի ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող ու շահագրգիռ այլ անձինք: Դարձյալ հետաքրքիր առաջարկներ, թեժ քննարկում: Վստահեցվեց, որ դրանք մասնագետները կքննարկեն եւ հանրությանը կներկայացվի Վերնիսաժի բարեկարգման վերջնական նախագիծը:

Քննարկումներին նույն ամսում՝ ապրիլին հետեւեցին 1-ին փուլով նախատեսված շինհրապարակի կազմակերպման եւ սահմանազատման աշխատանքները:

Վերնիսաժի տարածքի բարեկարգումը կմեկնարկի նախագծի վերջնական տարբերակը հանրությանը ներկայացնելուց հետո: Ապրիլի վերջին քաղաքապետին ներկայացվեցին նախագծերի լրամշակված տարբերակները:  Տարոն Մարգարյանին նախագծող խմբի անդամները վստահեցրել են, որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային բաց քննարկումների եւ լսումների ժամանակ ներկայացված, ինչպես նաեւ գրավոր ուղարկված առաջարկները, որոնք մասնագետներն ուսումնասիրել են եւ, դիտարկելով դրանց իրագործման հնարավորությունը, որոշները ներառվել են նախագծերում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը պետք է փոխընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Նրանց հետ քննարկումների արդյունքում ձեւավորված վերջնական նախագիծը կներկայացվի հանրությանը:

Թե ինչ իրենից կներկայացնի այդ վերջնականը, շուտով պարզ կլինի: Բայց մի բան հաստատ է. Երեւանի կենտրոնում անբարեկարգ տարածք չպետք է լինի, եւ ապրանքատեսականին վերակառուցված հատվածում ցուցադրելն ավելի ձեռնտու է նախ՝ մեզ, ապաեւ՝ հաճելի՝ զբոսաշրջիկների համար: Մանավանդ, որ շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվել մասնակցելու իրենց աշխատանքային տարածքի լավորակմանը:

Հ.Գ.- «Եթե ուզում եք ձեռք բերել գեղանկարներ, կավե արձանիկներ, ձեռագործ պայուսակներ, գորգեր, սփռոցներ, հին դրամներ, գրքեր,  զարմանալի գունեղ ու ճաշակով զարդեր՝ արծաթյա ու ոչ արծաթյա եւ անգամ ընտանի կենդանիներ, ապա համեցեք 600 մետրանոց այս շուկան, ասում են՝ Խանջյանի վրա, բայց իրականում Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած: Չնայած պետք էլ չէ փողոցների տեղը հարցնել, յուրաքանչյուր ոք ձեզ սիրով ցույց կտա Վերնիսաժի տեղը»:

«Եթե ժամանակ չունեք պատմական այս հին երկրով շրջելու, ապա Հայաստանի ամբողջ հմայքը կարող եք տեսնել Վերնիսաժի շուկայում»:

«Այստեղ ձեռագործ են մրգամաններն ու ծաղկամանները: Եթե տեսնեք, թե ինչպես են դրանք կերտվում փայտերից»:

«Երեւանյան Վերնիսաժը ձեր իմացած ոչ մի վերնիսաժի չի նմանվում»:

Այս կարգի գրառումներով ռուսաստանյան տուրօպերատորներն իրենց փաթեթներում ներառում են Վերնիսաժ այցերը:

Անի Մարության

Պարտք ունենք

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 25-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված եւ վիրավոր երեւանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները եւ ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված եւ վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են փորձում ուսումնասիրել նրանց առաջնային կարիքները: Այս առումով, նախ եւ առաջ հանգամանալից ուսումնասիրեք եւ գնահատեք երեւանաբնակ այդ ընտանիքների առաջնային կարիքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրի մասով ցուցաբերել անհատական մոտեցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին եւ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարել է քննարկել Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորությունը:

«Կարող է որոշակի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն առաջանալ: Ու հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի տարեկան ծրագիրն ու դրա ֆինանսական բաշխվածությունը նախօրոք սահմանված է, փորձենք վերանայել մասնավորապես մշակութային միջոցառումների համար նախատեսված բյուջետային միջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում սատար կանգնենք այդ ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի ավագանու ապրիլի 27-ի նիստի ընթացքում Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Մեր պարտքն է լինել զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին, նրանց մեր ուշադրության ներքո պահել: Հանձնարարական է տրվել ուսումնասիրել զոհված հերոսների ընտանիքների բնակարանների կարիքների հարցը: Նրանք, ովքեր վարձով են բնակվում Երեւանում, մեր կողմից բնակարաններ կստանան: Այսինքն՝ եթե անհրաժեշտություն լինի, կապահովենք բնակարաններով»:

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։