Քլունիի պատասխանը Հիտլերին – Հայոց ցեղասպանության անպատիժ մնալն ու հաջորդած ցեղասպանությունները… Երբ խոսում է գենը ու նաեւ ճշմարտությունը… Հաստատում են երանելիների շարքը դասված Մայր Թերեզայի հայկական ծագումը…

Քլունիի պատասխանը Հիտլերին

«Այս ընթացքում, որ անցկացրել եմ Հայաստանում, հասկացել եմ, որ ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է ու հիմա կցանկանամ կենաց ասել՝ թեեւ խմիչք չունենք այս պահին»,- «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասել է օսկարակիր դերասան. «Ավրորա» մրցանակի մրցույթի Ընտրական հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Նա նշեց, որ ցանկանում է խմել Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կենացը, ովքեր 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներն են. «Այն, ինչ արել եք ու անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է: Եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ վայրում, հավանաբար, ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով ու այստեղ լինելու համար»:

Հայտնի դերասանի խոսքով, ցեղասպանության հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրցված ոչնչացումը: «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսեւորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսեւորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները:

Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ: Մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատեւել իբրեւ տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ո՛չ Սիրիայի, ո՛չ Հարավային Սուդանի, ո՛չ Կոնգոյի ժողովրդից: Մենք նրանց անվանում ենք փախստականներ, բայց նրանք մարդիկ են ինձ ու ձեզ պես: Եթե կանգնեք նրանց դեմ դիմաց ու նայեք նրանց աչքերի խորքը, կտեսնեք նույն այն իռլանդացի հողագործին, ով սովից փախչում էր Ամերիկա, երիտաստարդ հայ կնոջը, որի անունը Ավրորա էր, ով տուն էր փնտրում: Մեր պատմության ինչ-որ փուլում մեզ ընծայվել է մարդկության պարգեւը:  

Այսօրվա մրցանակը մեծարում է այն հերոսությունը, խիզախությունը, որն ավելին է, քան մեզանից շատերը կարող են անել իրենց կյանքում: Բայց մյուս կողմից՝ մեր հավակնորդները դա չեն սովորել ինչ-որ հերոսական դպրոցում, նրանք եղել են սովորական մարդիկ, որոնց տեսնում ենք ամեն օր, ովքեր տեսել են կարիքն ու արձագանքել, բացառիկ քայլ կատարել: Այսօր մենք պատվում ենք նրանց: Մենք պատվում ենք այն 1,5 միլիոն կյանքերը, որ կորան 101 տարի առաջ:

Մենք ողբերգությունը կոչում ենք իր անունով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն,- ասել է Ջորջ Քլունին եւ հիշեցրել Հիտլերի հայտնի խոսքը՝ Հոլոքոսթի իրականացումից առաջ,- այսօր ո՞վ է հիշում հայերին». «Սա է պատասխանը՝ մենք բոլորս»:

Երբ խոսում է գենը …

Ամերիկյան The Washington Post հեղինակավոր թերթի հրապարակախոս, խմբագիր Դեվիդ Իգնատիուսը առաջնորդվում է «Ճշմարտությունը հզոր զենք է» սկզբունքով:

Մարզահամերգային համալիրում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բազմաթիվ հյուրերին նա տեղեկացրեց, որ ինքը հայկական արմատներ ունի, իր տատն ու պապը պատմական Հայաստանի Խարբերդ նահանգից են:

Որ իր հիշողությունները կապված են պապի՝ Հովսեփ Պիղատոսյանի ապրումների հետ: «Իմ պապը այն 300 գաղթականների մեջ է եղել, ովքեր գաղթեցին Խարբերդից: Նա հիշում էր, որ գաղթականները տանջահար էին, հազիվ էին շարժվում»,- ներկայացրել է հեղինակավոր ամսագրի խմբագիրը: «Իմ լրագրողական գործն է ճշմարտությունը գտնելը: Պիտի ունենալ պատասխանատվություն անցյալի դեպքերի նկատմամբ: Փաստերին շատ լուրջ ենք վերաբերում: Իմ ղեկավարը ինձ միշտ ասում էր՝ ամեն ինչ զուր է, եթե չկան փաստեր»,- նշել է հրապարակախոսը: Նրան ոգեւորել են Թուրքիայում ապրող այն մտավորականներն ու գործիչները, ովքեր մեկ տարի առաջ ոգեկոչում էին ցեղասպանության 100-ամյա զոհերին:

Նա հիշեցրեց, որ օրերս հայազգի Փիթեր Բալաքյանը հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Օզոնային ամսագիր» բանաստեղծությունների հավաքածուի համար, որում ներկայացրել է, թե ինչպես են Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները հ րտությունը այտնաբերել սիրիական անապատում:

… Եվ նաեւ ճշմարտությունը

Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխությանը Լրագրողների միջազգային կենտրոնը «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր է հռչակել  New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Լրագրությունը, իմ կարծիքով, անկարգությունների առաջին պաշտպանական գիծն է:

Հենց լրագրողներն են տեսնում դրանք: Մենք չենք կանգնեցնում վայրագությունները, բայց կարող ենք բարձրացնել աշխարհի տեղեկացվածությունը, դանդաղեցնել դրանք»,- մրցանակը ստանալով՝ ասաց օրաթերթի թղթակիցը:

Նա պատմեց, որ եղել է Հյուսիսային Իրաքում, հանդիպել եզդի կանանց, ովքեր բռնաբարվել էին ԻՊ ահաբեկիչների կողմից. «Կանայք իրենց տուն հրավիրեցին, խոսեցինք ամենացավոտ թեմաների մասին:

Հարց էին ուղղում՝ եթե խոսում ենք, արդյո՞ք բռնաբարությունները կդադարեն: Սա լրագրության ամենադաժան պահն է:

Նրանք ներկայացնում են իրենց պատմությունները, սպասում, որ որեւէ բան կլինի, կփոխվի:

Հույս ունեմ, որ ականատեսը լինելով այդ ցավերի, որեւէ կերպ կարող ենք օգնել, մեղմացնել նրանց ցավերը»:

Հաստատում են Մայր Թերեզայի հայկական ծագման վարկածը

«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն՝ եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան՝ ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանից): Հրաչուհի Փալանդուզյանի այս ֆեյսբուքյան գրառումը տարածվել է համացանցում:

Պարգեւ Սրբազանը հաստատել է լուրի ճշմարտացիությունը եւ ասել, որ Վազգեն Առաջինն այն հայտնել է Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաեւ Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում նա կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական ազգանունը Բոյաջյան է, հայրը Արեւմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Իսկ հանդիպումից անմիջապես հետո, երբ 20-25 միաբաններով հավաքված էինք, Վազգենն Առաջինը, որին լուրը ոչ միայն ուրախացրել էր, այլ նաեւ զարմացրել, այդ մասին պատմեց մեզ»:

Մայր Թերեզա Կալկաթացու իսկական անունը Ագնես Գոնջա Բոյաջիու է, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu: 1931թ. իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով՝ 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը՝ ի պատիվ 1927թ. սրբերի շարքը դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), ով հայտնի էր իր բարությամբ ու գթասրտությամբ։ Մայր Թերեզան Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979թ.)։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը։ Մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում:

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։