Հոշոտված Հայաստանն ինքն է օգնում հոշոտվողներին – Միջազգային մրցանակաբաշխություն՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին…

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Այս մրցանակաբաշխությունը եւս մեկ անգամ հավաստում է, որ հայությունն ու Հայաստանը, անցնելով բազում զրկանքների ու դաժանությունների միջով, չեն չարացել ու հեռու մնացել այլ մարդկանց ու երկրների դժբախտությունների նկատմամբ: Եղել են, կան ու մնալու են առողջ մարդկությանը հասնող եւ աջակցող ազգ ու պետություն:

Միջազգային ասպարեզում հայտնի է, որ Հայաստանն ինքը կարիք ունի ամենատարբեր աջակցության, բայց անտարբեր չի մնում աշխարհի տարբեր անկյուններում առկա անարդարության ու վտանգի նկատմամբ եւ կարողանում է իր ունեցածից կտրելով՝ գնահատել արժանիներին՝ լինել նրանց կողքին:

«Ավրորա»-ի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017թ, ապրիլի 24-ին Երեւանում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողությանը: Մրցանակաբաշխությանը նրա հետ միասին հետեւել են տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, մեր երկրի պաշտոնատար անձինք, հատուկ հրավիրյալներ Հայաստանից ու Սփյուռքից, ինչպես նաեւ եւ միջազգային հյուրեր: Ընդհանուր առմամբ, մրցույթին հրավիրված էր 900 մարդ:

Այսուհետ եւս մրցանակաբաշխության դափնեկիրն ստանալու է 100.000 դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա»-ի այս տարվա մրցանակի 4 հավակնորդներն էլ հայտնի մարդիկ էին, որ իրենց կյանքը նվիրել են այլ մարդկանց կյանքերի փրկությանը: Իմիջիայլոց, մրցանակաբաշխության ընթացքում որոշվեց լրացուցիչ 75.000 դոլար նվիրել մյուս հավակնորդներին՝ 25-հազարական, իրենց ոգեշնչող կազմակերպությանը նվիրելու նպատակով:  

Դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի այս կինը պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին ու երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008թ. հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ զլմ-ների ու մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Հաջորդը՝ Սայիդա Ղուլամ Ֆաթիման, իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդ, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Հայր Բերնարդ Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու 4 քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012թ. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին նշեց. «Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»:

Իսկ «Ավրորա»-ի դափնեկիրը հիշեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը, որից հետո հանրահայտ հայ շանսոնյեն բեմ բարձրացավ:

«Կսպասեք, որ հայերեն խոսեմ, բայց բեմ եմ դուրս գալիս երգելու համար»,- ասաց Ազնավուրը, ու նաեւ հայտնեց, որ հայերեն այնքան էլ լավ չի խոսում, ավելի շուտ՝ ընտանեկան լեզվով:

Նա շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության նախաձեռնողներին, ովքեր որոշեցին հենց Հայաստանում ստեղծել նման հիմնադրամ, որը, ըստ նրա, կարծես «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի շարունակությունը լինի:

Իմիջիայլոց, մրցանակաբաշխությունն ավարտվեց հենց Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգով:

«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հիշեց հենց այս երգի վերջին տողերը, որոնք, ըստ նրա, ամենակարեւորն են՝ Հայաստանի ճակատագիրն ի՛ր ձեռքերում է:

Նա նաեւ երգեց իր երկրի հիմնը, հատուկ ընդգծելով մեկ տող՝ սերը միշտ կհաղթի. «Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն… ոչինչ»:

Այս մրցանակաբաշխությունը իսկապես հաջողված ծրագիր եղավ, որը վստահաբար կբարձրացնի Հայաստանի վարկը ինչպես  միջազգային բարեգործական, այնպես էլ քաղաքական ասպարեզում: Նաեւ՝ մեր երկրի ճանաչողական առումով:

Հատկապես կարեւոր էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո, այս տարի չնվազեց հայության նպատակասլաց ու միասնական գործունեությունը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում:

Իսկ այս մրցանակաբաշխությունը եկավ նոր որակ տալու մեր պայքարին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։