Ի՞նչ է «Ավրորա»-ն, ո՞վ է Ավրորան – Հեղինակավոր մրցանակաբաշխություն՝ միջազգային հանձնաժողով՝ արժանի դափնեկիրներ…  «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը» – Հայոց ցեղասպանության կանգուն եւ ապրեցնող վկան…

Ի՞նչ է «Ավրորա»-ն, ո՞վ է Ավրորան

Երեւանում փակցված՝ «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը» վերտառությամբ պաստառները ոչինչ չէին ասում ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի շատ մարդկանց: Մրցանակաբաշխության կազմակերպումը եւս անակնկալ էր շատերի համար: Ոմանք անգամ դա կապում էին հոլիվուդյան հանրահայտ աստղ՝ Ջորջ Քլունիի երեւանյան այցի հետ…

Նախ նշենք, որ «Ավրորա»-ն՝ Aurora Prize for Awakening Humanity, 100 LIVES նախաձեռնության կողմից սահմանված մարդասիրական մրցանակ է: 100 LIVES-ը ստեղծվել է հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից ու կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են բազմաթիվ հայեր։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է հանուն ուրիշների իրենց կյանքը վտանգած մարդկանց՝ հերոսների: Այս տարի մրցանակը շնորհվեց առաջին անգամ: Հաղթողը ստացավ 1 միլիոն դոլար գումար եւ այն, ըստ կարգի, հատկացվեց այն կազմակերպություններին, որոնք նրան ոգեշնչել են մարդասիրական քայլեր կատարել:  

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» մրցանակի արձանիկի հեղինակն է Մանվել Մաթեւոսյանը, այն կրում է «Դեպի հավերժություն» անվանումը:

Մրցանակի հավակնորդները 4-ն էին՝ Մարգարիտ Բարանկիցե՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինա՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա՝ Պակիստանից եւ Հայր Բեռնար Կինվի՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Մրցանակը հանձնվեց 30 հազար կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին:

 «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»

Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան, ծնվել է 1901թ. հունվարի 12-ին՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր եւ ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ 4 եղբայր եւ 3 քույր: 1915թ.. Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների եւ քույրերի դաժան սպանությունը: Արշալույսը առեւանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում:

Անցնելով դժոխքի միջով (խոշտանգվել ու պատվազրկվել է գերմանացի սպաների կողմից, թուրք եւ քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում)՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ: Նա մեկնեց այդ երկիր՝ ոչ միայն փրկվելու, այլեւ հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին:

Այդ առաքելությունը նա փայլուն է կատարել: 1918թ. ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան»» (Ravished Armenia) գիրքը: 1918թ. նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Ravished Armenia (https://www.youtube.com/watch?v=uTnCaW-Uo_s), որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր:

Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արեւելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.՝ 93 տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով…

Այսպե՛ս ճանաչենք Ավրորային՝ Արշալույսին, ում կյանքի պատմությունը մեկն է այն բազմաթիվ տպավորիչ ու զգայացունց պատմություններից, որի միջոցով կարելի է պատմել Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։