Պահանջատիրությունը՝ իրավական նորմ – Հայկական պահանջատիրությունն անխուսափելի է, քանզի շատ բան չի փոխվել, այսօր էլ մարդկությունը պակաս ունի մարդկայնության եւ ցեղասպանություննների կանխման, անգամ՝ կրկնման…

Հայաստանին նախագահը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվեց «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի պաշտոնական նոր դիրքորոշումն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում շարունակում է 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված ու հաստատված համահայկական վճռականությունը: Իսկ այն որդեգրել է «Հիշի՛ր եւ պահանջի՛ր» կարգախոսը:

Այս միջոցառման առաքելությունն էր՝ վերհանել ցեղասպանությունների կանխարգելման առկա հիմնախնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները եւ համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը՝ 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վճռական հաղթանակ տանելու նպատակով:

«Այսօր՝ մեկ տարի անց, համոզված կարող եմ ասել, որ այն հաջողվեց, առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս: Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ եւս խոսի մարդածին ծանրագույն չարիքի՝ ցեղասպանության մասին։ Դրանով էր հիմնավորված մեր որոշումը՝ այս համաժողովը մշտական հարթակ դարձնել այն անհատների, ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների եւ, իհարկե, այն պետությունների ու միջազգային կառույցների համար, որոնք վճռական են ու միակամ իրենց լուման բերելու համամարդկային այս պայքարին»։

Այո, 2015-ը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված 100-ամյա պայքարը։ Եվ այդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով: Այն հաստատակամությամբ, որ մեր երկիրը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումը հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար:  

«2015թ. կարեւոր էր այս առումով՝ աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ, կրոնական կազմակերպություններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Ներկա աշխարհի զարգացման տրամաբանությունն աներկբայորեն փաստում է. մենք այլեւս փոխկապակցված ենք՝ փոխկապակցված այնքան, որ որեւէ մեկիս ձախողումը բերում է մյուսների ձախողմանը, հաջողությունը՝ հաջողությանը, տառապանքը՝ տառապանքին։ Այսօր դժվար է պատկերացնել անվտանգության դեմ ուղղված մի մարտահրավեր, որ սպառնա միայն մեկ երկրին։ Հետեւաբար որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարսափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում, որ վերապրում են մեր ժամանակակիցները՝ 21-րդ դարում, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլեւս երբեք»՝ անկախ այն գնից, որ յուրաքանչյուրս վճարելու ենք։ Այս տրամաբանությունը մեզ հուշում է նաեւ, որ աշխարհի որեւէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետեւանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: Ուստի, շատ բնական է, որ ցեղասպանության ենթարկվածները, այն վերապրողներն ու նրանց սերունդները իրենց հայացքները շարունակելու են ուղղել միջազգային հանրությանը՝ արդարություն հայցելով։ Համաժողովի այս տարվա խորագիրը՝ «Ցեղասպանության վերապրած վկաները», թույլ է տալիս մեզ վեր հանել ինչպես հետեւանքների վերացման, այնպես էլ կանխարգելման առումներով կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերը: Եվ այսօր մեզ հետ այս դահլիճում, մեր կողքին են ցեղասպանության վերապրած վկաները։ Մարդիկ, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել ցեղասպանությունների՝ բառերով անփոխանցելի սարսափները, կորստի, կարոտի, հայրենազրկման անամոքելի ցավը՝ մի պահ, թերեւս, հրաժեշտ տալով անցյալին ու ապագային։ Նրանցից յուրաքանչյուրի համար դժվար է եղել լավատես լինելը, բայց նրանք այստեղ են՝ փաստելու համար, որ ցեղասպանություն իրականացնողները չեն հաղթել։ Վստահ եմ՝ նրանք բոլորն էլ անցել են հերոսական մի ճանապարհ եւ այդ ճանապարհին հանդիպել մարդկանց, ովքեր ձեռք են մեկնել, ովքեր օգնել են ոտքի կանգնել, ովքեր հույս են ներշնչել… Մարդիկ, ովքեր ընդվզել են ժամանակի չարիքների դեմ՝ չհամակերպվելով անտարբերության հետ, սեփական շահն անտեսել՝ չհամակերպվելով անարդարության հետ, վտանգել են իրենց՝ հանուն եւս մի մարդկային կյանքի փրկության»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Շատ բան չի փոխվել, այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաեւ ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսեւորվում է նաեւ հիշելու եւ իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին եւ նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը:

Միաժամանակ, մեր երկրի ղեկավարը կարծում է, որ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաեւ փախստականների հետ կապված միջազգային իրավական կարգի մասին: Կարեւոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերեւս անհնար է համակարգված ձեւով մոտենալ խնդրի լուծմանը:

Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաեւ կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Ասվածը բնականաբար վերաբերում է նաեւ ցեղասպանություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածներին: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաեւ իրականացնել այն:

«Ինչպես ցույց տվեցին վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունները, մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական եւ հրատապ: Վերջին շրջանում աշխարհը սարսափած հետեւում է, թե ինչպես են Մերձավոր Արեւելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել եւ որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։ Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու եւ իրականացնելու համար»,- նշել է մեր երկրի նախագահը:

Նա նաեւ հարց է ուղղել. «Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով. նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսեւորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող եւ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու»:

Միջազգային հանրությունը, նաեւ մենք, պետք է նույնքան արագ ու վճռականորեն արմատախիլ անենք ցեղասպանածին այսօրինակ երեւույթները, որտեղ էլ որ դրանք դրսեւորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երեւույթների հստակ ու հասցեական դատապարտում: Այլապես, եթե նման արատավոր երեւույթները արմատախիլ չարվեն դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետեւանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, ի դեպ, մեր մայրցամաքում նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթն ավարտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հայաստան այցելած երկրների ղեկավարներին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելով: Այդ տարի նաեւ ուղերձ հղվեց ողջ աշխարհին: Այս տարի էլ մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Ասում են, որ ժամանակը բուժում է վերքը, ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան նաեւ վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժելու. միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք: Սրանից 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված այդպիսի մի վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ, այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է: Յուրաքանչյուր հայ գիտի, թե ինչ եղավ 1915-ին Արեւմտյան Հայաստանում ու Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում ապրող մեկ ու կես միլիոն ժողովրդի հետ, գիտեն, որ ուրիշ հարյուրավոր հազարներ դարձան վտարանդի, ճակատագրի սեւ օրերը քշեցին աշխարհով մեկ, ոմանք էլ բռնաճնշումների ներքո ստիպված եղան ուրանալու հավատ եւ ազգություն: Այսօր արդեն ողջ աշխարհը գիտի այս մասին…

2015թ. Եղեռնի նահատակների սրբադասումը նույնպես հայոց համազգական կամքի արտահայտությունն էր, որ դարձել էր հրամայական՝ նոր ներշնչում եւ ուժ հաղորդելու առաջադեմ մարդկանց, լսելի դարձնելու արդարության ձայնն աշխարհին:

Արարատի առջեւ վեր խոյացող Ծիծեռնակաբերդի հուշարձանն էլ կորուստի զգացում չպիտի ծնի մեր մեջ, այլ հաղթանակի կամք պիտի դաստիարակի մեր ոգում՝ շարունակելու պայքարը, լծվելու անկախ Հայաստանի, ազատագրված Արցախի վերամիավորմանը, սփյուռքի ազգային զարթոնքին…

Ապրիլի 24-ին միջազգային զլմ-ները հեղինակային եւ այլ ընդարձակ նյութեր են հրապարակել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ու ոգեկոչման արարողությունների վերաբերյալ՝ առանձին տեղ հատկացնելով նաեւ Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության քննադատությանը։

Huffington Post-ը կոչ է արել ԱՄՆ-ին՝ վերջապես պաշտոնապես սերմանող ու քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու ի վերջո:

Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումը համախմբում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային իրավունքի ականավոր մասնագետների, առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ այլ շահառուների:

Ֆորումի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այս տարվա քննարկումները եւ մտքերի փոխանակումը խթան կհանդիսանան ցեղասպանության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների եւ իրագործելի լուծումների մշակման, ու այդ ոճրագործությունը մեր ներկայից ու ապագայից մեկնընդմիշտ վերացնելու համար:

Հայոց ցեղասպանության խնդիրը մտել է նոր փուլ, որ շուտով պիտի կոչվի պահանջատիրական:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։