Էությամբ՝ դավադրություն – …Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում (ՀԱՄ առաջնորդ)…

Վերջերս անսպասելի լուրեր էին պտտվում, թե կարելի էր Արցախյան քառօրյա պատերազմի մասին նախապես իմանալ եւ կանխել շատ անցանկալի դեպքեր: Ճիշտն ասած, տրամաբանությունն էլ էր այդպես հուշում, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ադրբեջանցիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությանը:

Սակայն, ինչպես պարզվում է, մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է կատարել ժամանակին, այլեւ հարձակման մասին տեղեկացրել է մեր բանակի ղեկավարությանը: Ինչպես համացանցում է տարածվել, ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր» բիլիարդի սրահում՝ Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի հետ: Ժամը 18:30-ին գալիս է գլխշտաբի պետի օգնականը եւ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է թշնամու լայնամասշտաբ տեղաշարժ: Գլխշտաբի պետը սա լսելուց հետո բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել, իբր սովորականի նման տեղաշարժեր են:

Նյարդայնացած ու ապշած եմ՝ ինչպե՛ս կարելի է պատերազմական ու փխրուն զինադադարի կարգավիճակում գտնվող երկրում այսպես անտաղանդ լինել: Թե՞ խաղամոլությունն է գերակշռում բանակի գլխշտաբի պետի մոտ: Իսկ մնացածի՞… Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի… Սա եթե դավաճանություն չէ, ապա նվազագույնը՝ դավադրություն է իր էությամբ:

19:30-ին օգնականը կրկին մտնում է սրահ՝ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ ադրբեջանցիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ ու ծավալուն:

Անհավանական է, բայց, ըստ լրատվության (lragir.am-ից է քաղված համարյա բառացի), Յուրի Խաչատուրովից ստանում է նույն պատասխանը՝ ուշադրություն մի դարձրեք: 20:00-ին նորից է մտնում ու ասում, որ հետախուզությունը հայտնում է, թե հակառակորդի լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաեւ զինտեխնիկայի տեղաշարժ, որ թշնամին ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:  

Օգնականը նաեւ զեկուցել է, որ հետախուզությունը պնդում է, թե պետք է հայտարարել համար առաջին տագնապ ու զինվորներին ետ քաշել առաջնագծից, որ հրետակոծման ժամանակ զոհեր չտանք… սա ի դեպ ռազմական մարտավարություն է: Արդեն զարհուրելի է, բայց գլխշտաբի պետը նորից է հրամայում ոչինչ չձեռնարկել եւ ժամը մեկ զեկուցել իրեն, որից հետո խփում է  վերջին հաղթական գնդակը՝ Կարեն Ճշմարիտյանի հետ խաղում, եւ նրանից պահանջում «Մակալլան» տեսակի պարտված խմիչքը:

Ապրիլի 2-ի գիշերը ժամը 2-ին, ադրբեջանցիները հրետակոծեցին ԼՂՀ սահմանը, հարձակմանը անտեղյակ զինվորները մնացին ռմբակոծման տակ՝ խրամատներում, եւ քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զոհվել են բանակի ընդհանուր զոհերի մոտ 70%-ը: Պատասխան տալու՞ են մեղավորները, թե բիլիարդի նոր խաղին են անցնելու…

Զինվորների մեծ մասը զոհվել են հենց հրետակոծման հետեւանքով, այն ժամանակ, երբ հավանաբար հայոց բանակի գլխավոր շտաբի պետը ըմբոշխնում էր 250 դոլար արժողությամբ կոնյակը:

Եղան պաշտոնանկություններ, բայց գլխավոր պատասխանատուների անունները չկան (ճշտումներ են արվում): Աշխատանքից ազատվել են ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանին, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։

Սա քիչ էր, Երեւանում նոր խայտառակություն արձանագրվեց: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն է հայտարարել, թե «որոշ ազատագրված տարածքներ կարելի է վերադարձնել, եթե Ղարաբաղն անկախ կարգավիճակ ձեռք բերի» (ու yerkir.am-ը սա տալիս է առանց վերաբերմունքի)… ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նաեւ ԵԽԽՎ մեր պատվիրակության նախագահն է՝ ասել է թե «մենք կարող են տարածքներ զիջել»: Ավելի ստույգ՝ այսպես. «Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Ուստի, ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂՀ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա իրավունք չունենք, չենք ուզում… Սա մեր «բուֆերնի զոնան» է, անվտանգության երաշխիքն է»,- ասել է այս պաշտոնյան՝ կապկելով Եվրոպային:

Ավարտեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ այստեղ շատ տեղին հնչող խոսքով. «Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում»…

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Ռուսական «Կոմերսանտ»-ը բացահայտել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառները՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցին եւ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառներին: Նախ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերսկսումը, որոնք պետք է սկսվեին Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար բարենպաստ պայմանների բացակայության մասին, որի մասին արդեն ավելի վաղ հայտարարել էին Բաքվում ու Մոսկվայում: Հայաստանի նախագահը նաեւ պայմաններ չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասով ու ամենեւին էլ «նոր» չի համարում այն առաջարկները, որոնք անցած շաբաթ Երեւան էր բերել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

Ըստ պարբերականի՝ Bloomberg-ին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը սառեցրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վերսկսմամբ ոգեւորվածների կրքերը: Այն մասին, որ Երեւանն ու Բաքուն պատրաստ են վերսկսել բանակցությունները, հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Ալի Հասանովը, սակայն Սերժ Սարգսյանը շտապեց չհամաձայնել Բաքվի ու Մոսկվայի հայտարարությունների հետ: Պատճառներից մեկը վստահության ու անվտանգության երաշխիքների բացակայությունն էր: Նշվել էր նաեւ, որ Հայաստանի հասարակական կարծիքը հիասթափված է Ռուսաստանի գործողություններից, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Երեւանի ու Բաքվի միջեւ: Ավելին, որ հիասթափությունը կարող է ավելի խորանալ:

Պարբերականը նշում է, որ Bloomberg-ին տված հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը փոփոխություններ կատարեց երկրի ուժային կառույցների ղեկավար մարմինների կազմում՝ աշխատանքից ազատելով միանգամից 3 բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանին, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։ Նշվում է, որ սա անմիջական կապ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող վերջին իրադարձությունների հետ:

Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել այն բանի պատճառով, որ չի կարողացել երկրի բարձրագույն ղեկավարությանը նախապես իրազեկել այն մասին, որ Ադրբեջանը ծանր սպառազինություն է մոտեցնում շփման գծին: Խոսքը, մասնավորապես, ТОС-1А համակարգի մասին է, որի կիրառման հետեւանքով հայ զինծառայողները մեծ կորուստներ են կրել: Բացի այդ՝ պարբերականը հաղորդում է, որ ԼՂ հիվանդանոցներում տուժածների համար չեն եղել հակաայրվածքային միջոցներ, որոնք շտապ կարգով Մոսկվայից ուղարկվել են: Ալիկ Միրզաբեկյանն աշխատանքից հեռացվել է «հայ զինծառայողներին մատակարարման հետ կապված թերացումների» համար, իսկ Կոմիտաս Մուրադյանի պաշտոնակության պատճառը «զորքերի միջեւ խնդիրներն են եղել, որ ի հայտ են եկել հակամարտության սրացման ժամանակ»:

Կրեմլում դեռ չեն մեկնաբանում Երեւանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հարցի վերաբերյալ, սակայն Երեւանում նոր խայտառակություններ են արձանագրվում: Ինչպես հոդվածի վերջաբանում նշվեց, նախ՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի, ապաեւ՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից (որոշ վերլուծաբաններ այս պաշտոնյային այլեւս անհամարժեք են համարում ԱԺ փոխնախագահի պաշտոնում մնալու առումով)…

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։