Մի թե՞ դավադիրներ կան հայոց բանակում – Ցավալի է, որ մեր ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել…

Պաշտպանության նախարարությունում դավադրության, ավելին՝ դավաճանության մասին է խոսել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կարծես ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անգործության մասով (ապրիլի 1-2-ի սահմանային դեպքերի առումով) կասկածները քիչ էին, հիմա էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղությամբ են կասկածներ պտտվում: 

Ցավալի է, որ Հայաստանի ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել:

ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրենը Newspress կայքին տված հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնյաների՝ միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաեւ այդ անձանց պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել:

Ինչպես նշվում է հարցազրույցում, համագործակցության ընթացքում մասնագետները պարզել են, որ այդ մարդիկ ոչ միայն չեն անում իրենց գործը, այլ նաեւ թաքցնում են պետական հույժ կարեւոր տեղեկություններ ոչ միայն պաշտպանության նախարարից, այլեւ երկրի նախագահից:  

«Պետական դավաճանությունը միայն թշնամու հետ համագործակցելը չէ, նաեւ սեփական զինուժի նկատմամբ միտումնավոր անգործությունն ու վնասարարությունն է»,- հայտարարել է Կարեն Վարդանյանը:

Նա միաժամանակ նշել է, որ 700 ինժեներ կամավորների հետ սպասում է հրամանի, որ իրագործեն այն ծրագրերը, որոնց կարիքն ունի մեր բանակը:

ՊՆ որոշ ներկայացուցիչներ փորձեցին զլմ-ներով հերքել այս լուրերը՝ նշելով, թե ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների առաջարկած գները շատ բարձր են, որի հնարավորությունը չունի ՊՆ-ն, սակայն իրականում խնդիրն այլ է: Եվ այն գնի կամ արժեքի մեջ չէ, այլ՝ մոտեցումների, վերաբերմունքի, որից կախված է հայկական բանակի արդիական զինանոց ունենալը:

ՀՀ պաշտպանության նախարարը վերջերս հանդիպել է տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ նրանց հետ քննարկել հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների դերի վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնել է նաեւ ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի հրատապ խնդիրներ ի հայտ եկան, որոնց համար իրենք կարող են լուծումներ առաջարկել: Օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, չեզոքացում, հարձակողական զինատեսակների ստեղծում, բանակի կառավարում, կապի միջոցների ստեղծում եւ այլն: Նա հայտնեց, որ իր նշած 700 ինժեներները եւ 50 ընկերություններ պատրաստ են կամավոր հիմունքներով տեխնոլոգիաների ոլորտում օժանդակել բանակին, եթե, իհարկե, լինի համապատասխան հրաման:

«Պարզապես չգիտենք՝ որն է նպատակը: Որ տարածքներ չենք հանձնելու՝ հասկացանք, բայց մյուս ճանապարհն էլ հայտնի չէ, ցավոք, մենք հաղթելու հրաման չենք ստանում: Մարդիկ ոգեւորված են, բայց ոգեւորությունը կապված է նպատակից»,- ասել է ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրենը եւ հավելել, որ գործող բանակը գիտի՝ ինչ խնդիրներ կան, այսինքն՝ ավելի արդյունավետ մարտ վարելու համար ինչպիսի զինատեսակների կամ տեխնիկայի անհրաժեշտություն կա: Հայաստանում մտավոր եւ այլ ռեսուրսներ կան ռազմարդյունաբերության զարգացման համար, եւ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, հնարավոր կլինի նաեւ որոշակի բաներ արտահանել ու ֆինանսավորել ռազմարդյունաբերությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իսրայելը: Այսօր Հայաստանում խնդիր կա գոնե ռազմարդյունաբերության ոլորտի մինիմալ բաներ արտադրել, նշում են մասնագետները:

Անդրադառնալով ՊՆ 3 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նաեւ Ալիկ Միրզաբեկյանի հրաժարականին, Կարեն Վարդանյանը նշել է, որ դա ողջունելի է, սակայն պետք է այդ գործընթացի նկատմամբ շարունակական հետաքրքրություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Կարեն Վարդանյանը հայտարարել էր, որ «ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ռազմաարդյունաբերական, ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետերը պետք է հեռանան, քանի որ նրանք ռազմարդյունաբերության ոլորտում զբաղված են սաբոտաժով»…

Սրանք կոնկրետ մեղադրանքներ են եւ, կարծում ենք, իրավապահ մարմինները պիտի վճռականորեն քննեն նմանատիպ բոլոր հարցերը:

Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ ներուժ ունի. կարծում են մեր գիտաշխատողները: Ժամանակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության եւ արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ, որը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին՝ ներկայացնելու իրենց կողմից իրականացվող եւ կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Աթոյանը:

Նշենք նաեւ, որ այդ նպատակով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով գիտաժողով: Սա կազմակերպել են երիտասարդ մասնագետները, ովքեր փորձում են կապ ստեղծել ՏՏ ոլորտի ինդուստրիայի եւ գիտական կառույցների միջեւ, իրականացնել համատեղ նախագծեր ու ստեղծել հարմարավետ միջավայր՝ գաղափարները կյանքի կոչելու համար:

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր լուրջ հաջողություններ ունի, գիտաշխատողներն իրենց գաղափարները վերածում են ծրագրերի, ինչի մասին տեղեկացրել են գիտնականները: «Գաղափարների եւ ծրագրերի պակաս չունենք, հնարավոր է, որ դրանք հանրության համար տեսանելի չեն, քանի որ դրանք լայն լուսաբանման ենթակա չեն, սակայն ինստիտուտում անցկացվում են լուրջ հետազոտություններ՝ երիտասարդ մասնագետների մասնակցությամբ»,- ընդգծել է Տիգրան Աթոյանը, ով այդուհանդերձ, համարում է, որ պետք է խթանել գիտության եւ ՏՏ ոլորտի փոխգործակցությունը: Խնդիրն այն է, որ համալսարանը պատրաստում է լավ կադրեր, հետո այդ կադրերն աշխատում են մասնավոր ընկերություններում, ինչի արդյունքում գիտական պոտենցիալը կորչում է:

Օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում մասնագետները կարողանում են իրենց կարողությունները ծառայեցնել թե կոմերցիոն ընկերությունում, թե գիտությունում, նույնը պետք է անել այստեղ: Ի վերջո, արդյունաբերությունն առանց գիտության եւ գիտությունն առանց արդյունաբերության չի կարող առաջ գնալ:

Ինչ վերաբերում է ՏՏ-ի եւ ռազմարդունաբերության փոխգործակցությանը, ապա, ըստ գիտաշխատողի, մեր ռազմարդյունաբերությունը զարգանալու լուրջ հիմք ունի, բայց այն, ինչ արվում է, պարտադիր չէ բարձրաձայնել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։