Վայնասուն՝ Արցախի անկախության ճանաչման շուրջ – ադրբեջանական գործիչների ու զլմ-ների խուճապային տրամադրություններից կարելի է չափել նրանց վախի աստիճանը…

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը հավանության արժանացնելն «ուղղակի շոու է»: Հայաստանի կառավարության որոշմանը այսպես է արձագանք ել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: «Կարծում եմ՝ սա ուղղակի ներկայացում է: Մենք սպասում ենք այս գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցների ու հանրության համապատասխան արձագանքին»,- ասել է նա: Բայց այն նյարդային վիճակը, որ տիրում է ադրբեջանական զլմ-ներում, չի հիմնավորում ադրբեջանցի պատգամավորի ասածները:

Ինչպես եւ ենթադրվում էր, Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը»: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որեւէ իմաստ չի ունենա, ու Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը»,,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:  

Այդ համապատկերում Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պեկինում՝ Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը. «Կարեւոր է, որ միջազգային հանրությունը պահանջի, որ խստորեն իրականացվեն միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը»: Նրա խոսքով՝ այս հակամարտությունը սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

Այս ամենը ծիծաղելի է այն աստիճանի, որ անգամ մեկնաբանելու կարիք չի զգացվում: Տարիներ շարունակ բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը խախտող, զինադադարը անտեսող երկրի խամաճիկները մեկը մեկի հետեւից հոխորտում են իրենց տիրոջ հրահանգով...

Ադրբեջանցի դիվանագետ, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին էլ ռուսական «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի երեկոյան եթերում ակնարկում էր, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի նոր պատերազմի: Այսինքն՝ քառօրյա պատերազմում քթները լավ չի ջարդվել: Ցավոք, հայկական կողմը շուտ գնաց հրադադարի բանակցության:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, որպես այդպիսին, սադրանք է: Թեեւ ադրբեջանական տարածքի գնդակոծությունները շարունակվում են, Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է խաղաղ բանակցությունների շարունակմանը: Եթե  [Լեռնային Ղարաբաղի ճանաչումը] տեղի ունենա, կնշանակի, որ խախտվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ԵԽԽՎ ու մի շարք եվրոպական պետությունների որոշումները: Ավելին, դա զրոյին կհավասարեցնի Մինսկի խմբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները: Ռուսաստանն, ի դեպ, այդ խմբի համանախագահներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ միջնորդները պետք է հստակ արտահայտվեն այդ թեմայով»,- նախորդ ադրբեջանական պնակալեզների պես ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը:  Ապա շարունակել է, թե կարծում է, որ նման որոշում կայացնելու դեպքում «ողջ պատասխանատվությունը լինելու է հայաստանցի պատգամավորների ու Հայաստանի ներկայիս ղեկավարության ուսերին: Հետեւանքները շատ բացասական կլինեն»:

Այս դիվանագետը ի պատասխան ադրբեջանական հերթական զորաշարժերի, որ սկսվել էին մինչեւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, պատասխանել է, թե «զորավարժությունների ընթացքում կատարվում են առաջադրանքներ, որոնց նպատակն է անօդաչու սարքերի նախանշումը: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երկրի հատկապես որ շրջանում է իրականացնում ասենք՝ ռուսական արտադրության ԾհՁԸ-հ տիպի հրետանային կայանքների փորձարկումները, չի նշում դեսպանը:

Հայաստանի խորհրդարանում Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու օրինագծի ներկայացումը բուռն արձագանք է ստացել ադրբեջանական մամուլում: Haqqin.az քարոզչական կայքը գրել է, թե իբր Բաքվի «կոշտ արձագանքը ազդեցություն է թողել պաշտոնական Երեւանի վրա»: «Թնդանոթներն արդեն 3 անգամ կրակել են, իսկ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Ղարաբաղը» վերնագրով հոդվածում կայքը մեջբերել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, որ օրակարգում Արցախի անկախության հարցի ներառումը դեռ չի նշանակում ԼՂՀ անկախության ճանաչում: Քարոզչամիջոցները Շավարշ Քոչարյանի հայտարարությունից եզրակացրել են, թե իբր Հայաստանը ընդամենը խաղարկում է Արցախի անկախության ճանաչման հարցը: Ադրբեջանական կայքերը շրջանառում են նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որ Հայաստանը չպետք է լինի ԼՂՀ-ի անկախությունը ճանաչած առաջին պետությունը: Minval.az կայքը մեկնաբանել է, թե իբր Արցախի հայերը դեմ են իրենց իսկ անկախության ճանաչմանը եւ խնդրում են Հայաստանին՝ չգնալ այդ քայլին: Այսպիսով՝ ադրբեջանական մամուլի այդպիսի խուճապային եւ իրենք իրենց համոզելու քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ Բաքվում շատ լրջորեն մտահոգվել են, թե Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, ինչը կարող է շղթայաբար ծավալվել միջազգային ասպարեզում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։