Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը…

Արցախի անկախության ճանաչման արահետը

Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը

Վերջին օրերին ադրբեջանական կողմը զորախմբերի նոր շարժ է կատարում արցախա-ադրբեջանական սահմանների մոտ: Ինչպես մեր ՊՆ-ն է հավաստում, դրանք նախորդի նման չեն, ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը: Ահա այս պայմաններում է, որ պիտի քաղաքական որոշում կայացներ Հայաստանը՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ որեւէ այլ ելք չի թողնվում՝ Արցախի հարցը բանակցային սեղանի շուրջ վստահորեն լուծելու համար:

Որեւէ խոսք, գրավոր, թե բանավոր, ինչը կկապվի Բաքվի պատասխանատվության հետ, այլեւս վստահելի չէ: Անգամ զարմանալի չի լինի, եթե ադրբեջանական կողմը որեւէ փաստաթղթի ստորագրումից րոպեներ անց խախտի այն:

Ուստի՝ կարեւորվեց Արցախի անկախության պաշտոնապես ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը ընթացք կտա ԼՂՀ միջազգային ճանաչմանը, որն էլ թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին: Ինչը պատահեց Նախիջեւանի հայության հետ:  

Այս վտանգների մասին էր – ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

«25 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետեւ ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրեւ թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության եւ դրանց հաջորդող տեղահանության նպատակով: «Օղակ» գործողությունը շարունակություն դարձավ 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի գյուղերում իրագործված էթնիկ զտումների, որոնք նպատակ էին հետապնդում սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային-ազատագրական պայքարը եւ հայրենազրկել նրանց։ Ադրբեջանի ղեկավարությունը չէր թաքցնում, որ «Օղակ» գործողությունը դիտարկում է որպես ողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափման սկիզբ։ Տանկերի, ռազմական ուղղաթիռների եւ հրետանու կիրառմամբ իրականացված գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե 10.000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ. նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ:

25 տարի անց՝ 2016թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական ղեկավարությունը հերթական ագրեսիան սանձնազերծեց ԼՂՀ դեմ, որը, ինչպես եւ 1991թ., ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով ու ԼՂՀ խաղաղ բնակիչների ու զինծառայողների հանդեպ իրագործված ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրետակոծություններով, քաղաքացիական անձանց սպանություններով, ինչպես նաեւ սպանվածների մարմինների անարգմամբ ու խոշտանգումներով: Սակայն ինչպես 1991թ., այնպես էլ հիմա Արցախի ժողովրդին ահաբեկելու եւ կոտրելու, նրա ազատության ձգտումը խեղդելու եւ, վերջնական արդյունքում, նրան հայրենազրկելու ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ:

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը միայն ամրապնդում է արցախցիների վճռականությունը՝ կերտելու ու ամրապնդելու սեփական անկախ եւ ազատ պետությունը՝ որպես իրենց անվտանգության ու խաղաղ գոյության գրավական: Միջազգային հանրության կողմից նշված փաստի ըմբռնումը եւ որպես դրա հետեւանք՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը թույլ կտան վերջ դնել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին, ու կապահովեն ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:

Վերլուծաբանները Արցախի անկախության ճանաչման խնդիրը համարում են այնպիսի քաղաքական քայլ, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո՝ նոր միջազգային սեւեռում կբերի Հայաստանի վրա: Հայ մեկնաբանները եւս այդ կարծիքին են, ըստ նրանց, միջազգային հանրությունը Հայաստանի մասին երկար կխոսի մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսվի: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն, ի թիվս այլ հարցերի, նաեւ հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները: Նաեւ՝ ինչպես են ընկալվում թուրքական նորօսմանական եւ համաթուրքական նկրտումները: Իսկ սա կարեւոր է մեր հետագա անելիքների համակարգման համար:

Վերջերս անգամ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ արեցին միջազգայնորեն ճանաչել Արցախի անկախությունը: ԵԽ Կանաչների խմբի փոխնախագահ, իսպանացի պատգամավոր Խոսե-Մարիա Տերիկաբրասը պահանջել էր ներառել Լեռնային Ղարաբաղը ընթացող խաղաղ բանակցություններում եւ կոչ արել միջազգայնորեն ճանաչել Արցախը՝ հիմք ընդունելով 1991թ. ժողովրդավարական հանրաքվեն, ինչպես նաեւ Ղարաբաղի գործող ժողովրդավարական ինստիտուտներն ու հարգված դատական համակարգը:

Ինչ մնում է Հայաստանին, ապա մեկ անգամ չէ, որ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն գուշացրել է, որ ադրբեջանական ռազմական լուծման տանող քայլերը կստիպեն Երեւանին ճանաչել Արցախի անկախությունը: Այդ դեպքում Հայաստանը կդառնա Արցախի պաշտպանության երեշխավորը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի նախագահը հանձնարարել էր, որ երկու հայկական պետությունների ԱԳՆ-ները մշակեն միմյանց աջակցելու եւ փոխգործակցության միասնական ծրագիր, որի աշխատանքներն սկսվել են արդեն:

Չնայած ավելի կողմ եմ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի այն ձեւակերպմանը, որ «վաղուց անցել է Արցախի անկախության ճանաչման առաջնայնությունը, այժմ դա ոչինչ չի փոխի արտաքին քաղաքական ասպարեզում: Դեռւես մի քանի տարի առաջ դա ելակետային նշանակություն ուներ, իսկ հիմա կնմանվի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությանը: Հիմա էլ պիտի հաշվենք, թե քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը: Իսկ որպեսզի դա չանենք, միանգամից պետք է հայտարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորման որոշման եւս մեկ անգամ ու վերջնական հաստատման մասին»…

Իսկ վերոնշյալ՝ ադրբեջանական զորքերի կուտակման մասին տեղեկատվությունը գալիս է հավաստելու, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայասպան ծրագրերից: Ուստի, ապրիլի 5-ին մեր կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ եզրակացությունը:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Ինչպես գործադիրի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»:

Հայաստանի կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաեւ արտաքին գործոնները:

Սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահը եւ պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

ՀՀ Ազգային Ժողովում պետք է քննարկվի ու քվեարկվի հետեւյալ նախագիծը (Պ-987-06.04. 2016-ԱՀ-010/0)՝

Հայաստանի  Հանրապետության օրենքը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Օրինագծում նշվում է, որ՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, քանի որ‘

ա) Արցախի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը՝ իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է.

բ) Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների եւ, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել Արցախի Հանրապետության համար.

գ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեեւ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տեւապես պատրաստակամություն եւ քաղաքական կամք են դրսեւորել՝ գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որեւէ լուծում մերժելու եւ Արցախի ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին՝ պաշտոնական Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, եւ նորացված՝ 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետեւաբար եւ Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաեւ ՀՀ ազգային անվտանգությանը.

դ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը…», իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը», 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, Արցախի Հանրապետությանը ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվել՝ բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանը Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.

ե) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլեւ հաջորդած 2 տարիների ընթացքում անկենսունակ եւ ոչ ճշմարիտ դարձան: Հայաստանի Հանրապետության օրենքով Արցախի Հանրապետությունը ճանաչելու փաստն ամենեւին չի հակասում միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ՝ ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ՝ միակողմանի (ՄԱԿ): Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունն ու առկա ստատուս-քվոն, չի վկայում խնդրի՝ բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին (ԵԱՀԿ փաստաթղթերով ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի Հանրապետությունն է բանակցային կողմ, եւ նա չի հրաժարվում ու հրաժարվել բանակցելու պատրաստակամությունից), քանի որ այդպիսի զարգացումները բացառապես այլ գործոններով են պայմանավորված, ինչպես՝ միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությունը եւ դրանում հավասարակշռության (պարիտետի) խախտումը, հակամարտության հետ կապված միջազգային ու կողմերի ազգային ուժերի (ռազմա-քաղաքական, տնտեսական հավասարակշռությունը) հաշվեկշռի փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դիվանագիտական կարողությունները եւ այլն.

զ) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի՝ de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) եւ իրավական առումով՝ de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից: Սույն օրենքով Արցախի Հանրապետության ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրեւ վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին եւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:

Միաժամանակ եւ հետեւապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը՝ Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:

Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը՝ այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը:

Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաեւ թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության եւ շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետեւանքների վերացմանը՝ խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին եւ տարածքների վերաբնակեցմանը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։