Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք… Նվազագույն անելիքը – Կիրականացվի դրամական աջակցություն եւ այլ օժանդակություն զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին…

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ մեր պայքարը պիտ ավարտվի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:

– Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց դեռ խորհրդային ժամանակներում՝ Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման:

Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

2016-ը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմ կոչվԵց, սա եւս կհիշատակվի որպես նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի…  

Հայ արիները Եռաբլուրում Եռատոնը կշնորհավորեն, այդ թվում՝ երկիրը պահողի՝ երկրապահի տոնը, եւ կասեն.

– Փա՛ռք մեր բոլոր նահատակնախնիներին, նաեւ Արցախյան պատերազմի մասնակիցներին, որ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տալով՝ պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

– Փա՛ռք քաջ հայ զինվորականներին, որ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք հակահայ ուժերի դեմ կռվեցին եւ ազգին փրկեցին նոր թուրքական սպանդից:

– Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Փա՛ռք հային ու Հայքին…

Նվազագույն անելիքը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 5-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացրած ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:

«Խիստ կարեւոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի եւ կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երեւանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երեւանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ‘ կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:

«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ, արդեն իսկ ամփոփվում են զոհված երեւանաբնակ զինծառայողների վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները:

Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը եւ կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք եւ տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սեփ.լրատվություն

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։