Պետական եւ ազգային պատվի հարց – Ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Որ մեր մշակույթի բնագավառում կան ազգային արժանապատվություն չունեցող գործիչներ՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ լուսաբանելու: Այդ գործիչները վաստակ ունեն, չենք հերքում, բայց ժամանակ առ ժամանակ մի բան են բլթացնում ու, պարզվում է, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է մշակույթն իրականում: Ու նրանք ակամա դառնում են ազգային արժանապատվությունից զուրկ:

Թե ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում, թողնում ենք ընթերցողի դատին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: Ու վե՜րջ… սկսեցին բողոքել, տարբեր հայրենասերների մակդիրներ կպցնել, տնտեսական դատողություններ անել՝ ապացուցելու համար, թե առանց թուրքական ապրանքների չենք կարող: Մշակույթի գործիչների պես մեր տնտեսագետներն էլ սկսեցին սոցիալական հարցերը խառնել տնտեսական քաղաքականության հետ: Բանը հասավ նրան, որ սկսեցին «ապացուցել», իբր  Թուրքիային մեր տված փողը մեր դեմ զենք չի դառնում:  

Անկեղծ ասած՝ հիմա եմ հասկանում, թե ինչու մեր գործարարներից մեկը, ով, հասկանալի է, տնտեսության մարդ լինելով, ավելի գործնական է, տանել չի կարողանում տեսաբաններին: Ես ոչ տնտեսագետ եմ, ոչ գործարար, տնտեսական թեմաներով գրող  եմ: Եվ ուզում եմ հարց տալ տնտեսագետներին. լա՛վ, ասենք, Թուրքիային մեր տված փողը զենք չի դառնում մեր դեմ, ազգային արժանապատվությունը մի կողմ թողնենք (ազգությամբ ոչ հայերը, պարզ է, հայ ազգային արժանապատվության տիրույթում չեն լինի), մարդկային տարրական ինքնասիրություն էլ չունե՞նք, որ առեւտուր ենք անում մեզ վրա հարձակվողի հետ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասել էր, որ արգելանք դնելը պայմանավորված է շփման գծում պատերազմական գործողություններով եւ ազգային շահից ելնելով՝ դա արդարացված է. «Ինչու՞ պետք է մեր գումարները թողենք թուրքական ձեռնարկություններին, նրանք դրանից հարկեր մուծեն, զենք արտադրեն, տան Ադրբեջանին, հետո էլ այդ զենքը ուղղեն մեր դեմ»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ թե՝ Թուրքիա ներթափանցած հայկական գումարը թուրքական կառավարության համար այնքան չնչին է, որ արգելանք դնելու հարց չկա. «Թուրքիայի ՀՆԱ-ն 2017թ. կազմելու է 721 մլրդ ԱՄՆ դոլար: Հիմա, մենք այդ 140 միլիոնով, եթե նույնիսկ 10% շահութաբերություն ենք ապահովվում թուրքական ընկերությունների համար, այն կկազմի 14 մլն դոլար, եթե դրանից նույնիսկ շուրջ 30%-ն էլ հարկ վճարեն, ապա այդ ամբողջ գումարներից՝ 5 մլն դոլար թուրքական բյուջե գումար չի մտնում: Հետեւաբար, այն վարկածը, որ այդ միջոցների հաշվին Թուրքիան կարող է ֆինանսավորել Ադրբեջանի թեկուզ մի չնչին մասի, որ կարող է կրակել Հայաստանի վրա, սուտ է»- ասել է տնտեսագետը:

Հաշվարկների ճշտությունը վիճարկելը այս նյութի թեման չէ, բայց ուզում եմ հարց տալ: Ի՞նչ է, այդ 5 մլն-ն քի՞չ է, թեկուզ 1 մլն դոլար, քի՞չ է, 5 մլն-ով ոչինչ չե՞ն կարող մեր դեմ պտտել:

Կամ՝ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասում է, թե՝ ««Թուրքիայի հետ առեւտուր անողները չադապտացվող խավն են, 20 տարի է՝ նույն բանն են անում,եւ ակնհայտ է, որ հիմա խնդիրներ կունենան նրանք, չեն իմանա՝ ինչ անել: Այնպես որ, դա թեկուզ փոքր, բայց էական խնդիր կառաջացնի»:

Այ, այս փաստարկը «համոզիչ» է: Փաստորեն, պետությունը այսքան տարի հետո հազիվ որոշել է ազգային քաղաքականության տեսանկյունից սպասված քայլ ձեռնարկել, բայց պետք է կանգ առնի, քանի որ «չադապտացվող խավ» կա: Ինչպես ասում են, մի դիմում էլ Աշոտ Խուրշուդյանին գրեմ. այսքան տարի «Լուսանցք»-ը գրում է, պարզաբանում է, համոզում ու ապացուցում է, որ թուրքական ապրանքների մուտքը Հայաստան պետք է արգելվի (ի միջի այլոց, միակ քաղաքական ուժը, որ այս ամբողջ տարիների ընթացքում խոսել է նույնի մասին, Հայ Արիական Միաբանությունն է), «նկատող» չկար, նոր-նոր են խոսում: Բա մեր հարցը ո՜նց է լինելու: Մենք էլ չադապտացվող խավ ենք, թուրքի հետ ոչ մի կերպ չենք ադապտացվում: Ինչու՞ մի չադապտացվող խավի շահերը հաշվի եք առնում, մյուսինը՝ ոչ:

Կամ՝ ասում են, պետք է գնահատենք քաղաքական ռիսկերը: Ի՞նչ ռիսկի մասին է խոսքը, այն ռիսկի, թե միջազգային հանրությունը ի՞նչ կասի: Ո՞ր միջազգային հանրությունը, այն, որ բազմակի ստանդարտներով է ապրում՝ մշտապես ողղակիորեն պաշտպանելով ռազմական, տնտեսական ու ընդհանրապես հանցագործներին: Ո՞ր հանրությունը, որ անդեմ է ու իրականում չկա՞: Հա՜, այ սրան համաձայն եմ, քաղաքական ռիսկ է վախենալ մեկից, ում դեմքը չես տեսնում:

Տնտեսագետներից ավելի տնտեսական խոսեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով ասել էր, թե «էդ շատ թույն գաղափար ա. արգելել ապրանքները թուրքական», բայց միայն պիտի զուգահեռ մաքսայինը սկսի թափանցիկ աշխատել, տնտեսությունն էլ ազատականացվի, ապօրինի մենաշնորհները վերացվեն: «Բնականաբար, էլ չեմ խոսում սեփական արտադրությունը խրախուսելու մասին. թող նույն սեփական տրիկոտաժը արտադրողներին արտոնություններ տան, թուրքականը ինքը կչորանա, կընկնի»:

Հավելեմ իմ կողմից. տրիկոտաժը դեռ մի կողմ, բա որ թուրքական գյուղմթերք են ուտում, այսօր մարսում են, հետեւանքները վաղն են տեսնելու (թուրքական գյուղմթերքի որակի մասին շատ եմ գրել): Ի դեպ, որ թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին, համոզված է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Ինչեւէ, պետության գործերում հարցեր կան, որոնք վիճակագրական տվյալներից ելնելով լուծելը ճիշտ տարբերակ չէ: Օրինակ, հենց այս թեման, որ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական հարց է: Սա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարցն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը իրականում քառօրյա չէր: Այդ պատերազմը կա ու կշարունակվի, քանի դեռ մենք վերջնականապես չենք հաղթել թյուրքին: Ապրիլյան զոհերը մեզ համար հերոսապատում են, նրանք հերոսներ են, որոնցով չզոհվածներս հպարտանում ենք, բայց եւ նրանց պակասից՝ որբանում: Հիմա գնանք ու մեր հերոսների շիրիմներին ասենք, թե՝ առեւտուրը չենք դադարեցնում, որովհետեւ վիճակագրություն ու քաղաքականություն կա՞: Առանց երկմտելու կասեմ՝ խոսքս պաթոս չէ, վիրավորվածություն է մեր նահատակների փոխարեն ու վիրավորանք է՝ ուղղված մեր տեսաբան «վիճակագիրներին»:

Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Հ.Գ. - Ապրիլյան այդ օրերին տանս հեռախոսը զանգում է: «Բարեւ ձեզ, ձեր այսինչ հարկի հարեւանն է»: «Բարեւ»,- ասում եմ, թեեւ չեմ ճանաչում: «Թուրքական լվացքի փոշի կա, կարող ա՞ ուզեք»,- ասում է:

Բերանս բացեցի ու չեմ թաքցնում, տեղը տեղին հայհոյել էի ուզում, բայց 3-ամյա դուստրս սենյակ մտավ: Չկարողացա հայհոյել. ես նրա համար օրինակելի մայր եմ:

«Դուք գիտեք չէ՞, ում եք զանգել»,- հարցնում եմ: «Հա, իհարկե, կներեք,- ասում է,- ես էդպես էլ գիտեի, որ թուրքական չեք առնի»:

Գիտեր, ու ամեն դեպքում զանգել է: Դե, նա էլ իր վիճակագրությունն է անում…

«Լուսանցք» թիվ 14 (404), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։