Հայ արիականներ.- Մայիսյան տոներ, որ հայրենատիրության՝ Հայ Դատի ակունքներն են տանում

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտ ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում ու նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, միացյալ հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր մեր սերնդի ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը՝ մեր կորսված հայրենիքից խոսելու:  

– Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

Հպարտ ենք, որ 2016-ի ապրիլը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ քառօրյա պատերազմ կոչվեց, որի ժամանակ աննախադեպ սխրանքներ գործեցին 18-20-ամյա հայորդիները, որ դեռ ոսկե տառերով կգրվեն համաշխարհային ռազմական պատմության մեջ… իսկ մենք ապրիլյան այդ օրերը կհիշատակենք որպես հերոսական նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի…

Հայ արիները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում  նշեցին քրմական հաղթության ծեսով, այդ թվում՝ շնորհավորեցին երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը ու փառաբանումներ հղեցին.

– Փա՛ռք մեր բոլոր նահատակ նախնիներին, Ավարայրից մինչ Սարդարապատի հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, որ որպես նվիրյալ մահապարտներ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տվեցին՝ ազգին պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

– Փա՛ռք քաջ հայ զինվորականներին, մեր հայրերին ու պապերին, որ առաջադեմ մարդկության հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք հակամարդ, նաեւ հակահայ ուժերի դեմ կռվեցին արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, ազգին փրկելով նոր թուրքական սպանդից:  Իսկ 2-րդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դաշնակից Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ ամբողջ Կովկասին տիրելու համար…

– Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, բոլոր մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Փա՛ռք Հայքին ու Հային, որ ինչպես մեծն Նժդեհը կասեր, հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ…

Հայ Արիական Միաբանություն

08.05.2016թ.-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։