Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ռուսները վերջապես բարեհաճեցին տալ մեր շահած մրցանակ-տանկը… Հայ մարզիկները ջախջախեցին ադրբեւջանցուն եւ թուրքին… Ադրբեջանցիները տմարդի են նաեւ սպորտում… Շախմատային, ֆուտբոլային եւ այլ լուրեր…

Վերջապես բարեհաճեցին

Ռուսաստանի ՊՆ-ն Հայաստանին է փոխանցել 2 տարի առաջ մրցույթում շահած մրցանակ-տանկը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Տ-90Ս տանկն էր: Այն արտադրվել է 2015թ. դեկտեմբերին եւ կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի 2-րդ տեղը եւ որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ ՊՆ-ից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների՝ հայկական ԶՈւ հավաքականը կազմված էր նաեւ ժամկետային զինծառայողներից։

Ջախջախեց ադրբեջանցուն

Մոսկվայի Լուժնիկի» համալիրում OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 56 կգ պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրաթազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով եւ Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին, սահմանին կանգնած զինվորին:

Մենամարտը շատ կարճ տեւեց: Ալբերտը մրցակցին արագ գետնելով՝ սկսեց հարվածների տարափ տեղալ գլխին, իսկ հետո խեղող հնարքի դիմեց: Ադրբեջանցին հանձնվելու նշաններ էր տալիս, բայց Ալբերտը շարունակում էր: Մրցավարը ստիպված ադրբեջանցուն բառիս բուն իմաստով փախցրեց հայ մարզիկի ձեռքից: Հաղթանակից անմիջապես հետո ասպարեզ բերվեց Արցախի դրոշը եւ հենց այդ ժամանակ Ալբերտը եւ նրա մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեցին, որ հաղթանակը նվիրում են հայ ազգին, հայ զինվորներին, ովքեր այսօր «պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են»:

Հետաքրքիր է, որ Ռուսլան Մուրթազովը իրենց «ազգին» հատուկ պոռոտախոսությամբ նախքան մենամարտը տեսաուղերձ էր հղել հայ մարզիկին՝ ասելով, որ հույս ունի, թե Ալբերտը հարվածը պահել է սովորել՝ «այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»: Տեսաուղերձում «վախեցնող» հայացքով Ռուսլան Մուրաթազովը նաեւ պնդում է, որ մարտից հետո Ալբերտը կարող է արագ տուն գնալ:

Ինչպես ասում են, մեր հայ մարզիկը ոչ միայն մի լավ դաս տվեց էկրաններից այն կողմն իրեն առյուծ երեւակայող ադրբեջանցուն, այլև բացատրեց, թե ում տուն գնալու ժամանակն է:

Հաղթեց թուրքին

Ալբերտ Ղազարյանի հաղթանակին հաջորդել է մեկ այլ հայ մարզիկի՝ Դավիդ Վարդանյանի հաղթանակը, ով  պարտության է մատնել թուրք մարզիկ Մարատ Հասանովին:

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ եւ փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:
Մեկ այլ մենամարտում եւս մրցակիցները եղել են հայ եւ ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում նույնպես, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաեւ ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետեւ ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:  

«Տպավորություն էր, թե նախապես ծրագրված է եղել այդ սադրանքը ու դրա համար են ազերիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին»,-գրում է լրատվամիջոցը:

Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները եւ սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Մինչ հայ մարզիկները մրցագորգի վրա արժանավայել հաղթանակ են տանում հակառակորդի նկատմամբ, ադրբեջանցի մարզիկներն ու մարզիչները Եվրոպայի մեջ ու Եվրոպայի աչքի առաջ իրենց գռեհիկ պահվածքով վարկաբեկում են մարզական աշխարհի հեղինակությունը եւ անցկացվող առաջնությունը:
Արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

Դավիթ Սաֆարյանը կմասնակցի օլիմպիական խաղերին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը իրավունք է ստացել մասնակցելու 2016թ. օլիմպիական խաղերին: Սերբիայի վարկանիշային մրցաշարի 65 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգրեր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու եւ Բելառուսը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիեւի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, նրանք որակազրկվել են եւ չեն կարող մասնակցել օլիմպիական խաղերին: Նրանց ուղեգրերը հանձնվել են վերը նշված մրցումներում կիսաեզրափակիչ մտած Դավիթ Սաֆարյանին եւ վրացի ըմբիշ Զուրաբի Իակոբիշվիլուն:

Այդպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ում հանդես կգա հետեւյալ կազմով. 57 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Մնացականյան, 65 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:

Ռիո-2016-ի ուղեգրերի համար կպայքարի 2 հայ աթլետ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի 2 անդամները՝ Ամալյա Շառոյանը եւ Լեւոն Աղասյանը, առաջիկայում կմասնակցեն 2016թ. օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: Մեր աթլետները նախ կմեկնեն Աթենք, որտեղ մայիսի 14-ին մեկնարկել է վարկանիշային առաջին մրցաշարը:

Մայիսի 21-ին նրանք կմասնակցեն նաեւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք նմանատիպ մրցաշարում:

Մայիսի 28-29-ը տեղի կունենա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային կլինի նրանց համար:

Ուժեղագույնների մրցակիցները երեխաներն են

Մայրաքաղաքի մանկական զբոսայգու ճեմուղիներից մեկում, Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն, մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը համաժամանակյա խաղի սեանս են անցկացրել:

Ընդհանուր թվով 30 խաղատախտակների վրա համաժամանակյա սեանսին մասնակցել են Հայաստանի առաջնությունների մասնակից մինչեւ 12 տարեկան երեխաները, որոնցից շատերը նաեւ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների են մասնակցել: Փոքրիկ շախմատիստները նշել են, որ իրենց համար հայկական շախմատի «հսկաների» հետ մրցելը մեծ պատիվ ու նաեւ բացառիկ հնարավորություն է՝ հմտությունները կատարելագործելու տեսակետից:

Հավաքականի շախմատիստները իմաստուն խաղի մեր վաղվա օրը համարվող երեխաներին պաշտպանությունից հարձակման անցնելու, դիրքային գրոհներ կազմակերպելու եւ խաղային մարտավարական մի շարք այլ հմտություններ էլ են բացատրել: Վարպետ շախմատիստները խոստացել են համաժամանակյա՝ նման խաղի անցկացումը դարձնել ավանդական:

Արագ շախմատի մրցաշարի հաղթողը

Իսպանիայում ավարտվեց «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր 12 երկրի 129 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր եւ 8 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ գրավեց 1-ին տեղը:

Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարեն Մովսիսյանը, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Բայց հաղթեց կայծակնայինում

Մեր շախմատիստ Կարեն Գրիգորյանն  անկայուն հանդես եկավ Չեռնոգորիայում անցկացվող «Ցետինյե-2016» միջազգային մրցաշարում եւ չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել՝ վերջին 2 խաղերն ավարտելով ոչ-ոքի: Նա վաստակեց 6 միավոր եւ գրավեց 10-րդ տեղը՝ 3-րդ տեղից հետ մնալով ընդամենը կես միավոր:

Ի դեպ, սույն մրցաշարից առաջ անցկացված Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարում Կարեն Գրիգորյանը կայծակնային շախմատի մրցումներում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, զբաղեցրել է 1-ին տեղը եւ արժանացել գլխավոր մրցանակին:

Էլինա Դանիելյանը՝ 11-րդն էր

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց Գրանդ-պրին:

Վերջին՝ 11-րդ փուլում, Էլինա Դանիելյանն արդեն 19-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Աննա Մուզիչուկի հետ:

Մեր ուժեղագույն շախմատիստուհին վաստակեց 4,5 միավոր եւ մնաց 11-րդ տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան, ով 3 միավորով գերազանցեց մեր առաջատար շախմատիստուհուն:

Կմասնակցի «Աշխարհի պատանի աստղեր»-ին

Մայիսի 15-ին ՌԴ Կիրիշի քաղաքում կկայանա «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Արամ Հակոբյանը: Այս մրցաշարը համարվում է պատանիների շրջանում անցկացվող ուժեղագույն մրցաշարերից մեկը, որում տարբեր տարիներին հաղթող են դարձել Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Դմիտրի Անդրեյկինը եւ մի շարք այլ ուժեղագույն շախմատիստներ: Հայ շախմատիստներից այս մրցաշարի հաղթող են դարձել Կարեն Գրիգորյանը եւ Տիգրան Հարությունյանը:

Կունենանք 7 շախմատիստ

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն 7 շախմատիստներ: Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը կմասնակցեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին եւ կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 փուլից:

Լիլիթ Մկրտչյանը՝ Ռուսաստանի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի բրոնզե մեդալակիր է: Մեր հավաքականի անդամն այդ երկրի շախմատի կանանց ակումբային առաջնությունում հանդես եկավ «Յուգրա» թիմի կազմում: Վերջին՝ 9-րդ փուլում, սիբիրյան ակումբը հենց Լիլիթ Մկրտչյանի տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է ոչ-ոքի խաղալ իր գլխավոր մրցակցի՝ Սանկտ Պետերբուրգի մարզադպրոցի թիմի հետ, վաստակել 11 միավոր եւ գրավել մրցանակային 3-րդ տեղը:

Հավելենք, որ թաթարական «Լադյա» թիմի կազմում հանդես է եկել նաեւ մեր հայրենակից, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Նա 2-րդ փուլում հանդիպել էր հենց Լիլիթ Մկրտչյանի հետ եւ ոչ-ոքի խաղացել: «Լադյա»-ն 16 հնարավորից վաստակելով 4 միավոր, գրավել է նախավերջին 8-րդ տեղը:

«Արարատ»-ը դուրս մնաց մեդալների համար պայքարից

Կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 25-րդ փուլի հանդիպումները: Կենտրոնական խաղում 2-րդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալեց իրեն հետապնդող «Փյունիկ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Իսկ ահա վերը նշված երկյակին հետապնդող «Գանձասար-Կապան»-ն իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Երեւանի «Միկա»-ին եւ էլ ավելի մոտեցավ մրցանակային 3-րդ տեղին: Այժմ կապանցիներին ու փյունիկցիներին բաժանում է ընդամենը 1 միավոր: Իսկ ահա մրցանակային տեղերին հավակնող 5-րդ թիմը՝ Երեւանի «Արարատ»-ը, այս տուրում իր հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց առաջնության ետնապահ «Բանանց»-ին: Այդպիսով, արարատցիները ավելի ետ մնացին առաջատար քառյակից եւ կարելի է ասել, դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Հավելենք, որ «Ալաշկերտ»-ն ու «Բանանց»-ն արդեն նվաճել են եվրոգավաթներին մասնակցելու իրավունք, իսկ մնացած երկու ուղեգրերի հավակնում են «Շիրակ»-ը, «Փյունիկ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը, որոնց առաջիկա խաղերը մեծ նշանակություն ունեն մարզական առումով:

25 խաղից հետո թիմերն ունեն հետեւյասլ միավորները՝ 1. Ալաշկերտ՝ 52, 2. Շիրակ՝ 43, 3. Փյունիկ՝ 41, 4. Գանձասար-Կապան՝ 41, 5. Արարատ՝ 34, 6. Միկա՝ 29, 7. Բանանց՝ 29, 8. Ուլիս՝ 2:

Բանանց»-ը՝  Հայաստանի գավաթակիր

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը կկրի Հայաստանի 2016թ. գավաթակրի տիտղոսը:«Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոյի սաները ուժերը չափեցին «Միկա»-ի հետ, որը մարզում է ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանը: Գավաթային պայքար չստացվեց, քանի որ արդեն 1-ին խաղակեսում «Միկա»-ի պաշտպանները 2 կոպիտ սխալ թույլ տվեցին եւ ակամայից օգնեցին մրցակցին գրավել դարպասը: 2-րդ խաղակեսում «Բանանց»-ի ֆուտբոլիստները հիմնականում զբաղված էին սեփական դարպասի պաշտպանությամբ եւ խաղն ավարտվեց 2:0 հաշվով:

«Ալաշկերտ-2»-ը՝ 1-ին խմբի հաղթող

Կայացան Առաջին խմբի առաջնության 25-րդ փուլի հետեւյալ հանդիպումները՝ «Արարատ-2»-«Բանանց-2»՝ 1:0, «Գանձասար-Կապան-2»-«Միկա-2» 0:3 եւ «Շիրակ-2»-«Փյունիկ-2» 0:3: Հայաստանի 1-ին խմբի առաջնության ավարտից 3 փուլ առաջ «Ալաշկերտ-2» թիմը անհասանելի է մրցակիցների համար եւ նվաճում է առաջնության հաղթողի կոչումը:

Համլետ Մխիթարյանն ու «Բորուսիա»-ն չեն պայմանավորվում

Գլխավոր պատճառը, որը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ին խանգարում է նոր պայմանագրի ստորագրման հարցում, փոխհատուցման գումարի վերաբերյալ կետն է, որի վճարման դեպքում գերմանական ակումբը պարտավոր կլինի բաց թողնել ֆուտբոլիստին, անկախ իր ցանկությունից: Մեր ֆուտբոլիստն ու նրա գործակալը պնդում են, որպեսզի նման կետ մտցվի նոր համաձայնագրում, իսկ «Բորուսիա»-ի ղեկավարությունը կտրականապես դեմ է դրան:

Դորտմունդյան ակումբը հայտարարել է, որ 2013թ. հենց նման կետի պատճառով է կորցրել իր «ծագող աստղ» Մարիո Գյոտցեին, ով ընդամենը 37 մլն. եվրոյով տեղափոխվեց ավելի հարուստ ակումբ՝ Մյունխենի «Բավարիա»: Իհարկե, Հենրիխ Մխիթարյանը բանակցություններում շահեկան դիրքում է, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչեւ 2017թ. ամառը: Այդ իսկ պատճառով «Բորուսիա»-ն կամ պետք է զիջումներ կատարի բանակցություններում, կամ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառի առաջիկա ամռանը՝ գոնե որոշակի ֆինանսական միջոցներ վաստակելու համար:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։