Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Արմեն Ավետիսյան

Հնարավորինս համադրել տեսակետները

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ


- Ինչու՞ հայ արմատական ազգայնականությունը չպաշտպանեց ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի:

- Մինչընտրական ու ընտրական ժամանակահատվածում Հայ Արիական Միաբանությունը մի շարք ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, որում մանրամասնորեն բացատրություն էր տրված, թե ինչու՞ ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին: Բոլոր 9 թեկնածուներին էլ անդրադարձել էինք այդ հայտարարության մեջ՝ նշելով նրանց դրական կամ բացասական կողմերը, անհամապատասխանությունը մեր սկզբունքներին:

Ինչ մնում է ՀՀ նախագահի ընտրությանը մեր մասնակցությանը, ապա հիշյալ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների հազարավոր անդամներ ու համակիրներ մասնակցել են քվեարկությանը ու որեւէ թեկնածուի ձայն չեն տվել, ինչը նույնպես մեր համատեղ որոշման պահանջներից էր: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, պաշտպանել ենք մեր ընտրելու իրավունքը եւ հայտարարած դիրքորոշումը:

Հետընտրական ընթացքում եւ մարտի 1-2-ի դեպքերից հետո էլ առաջարկել ենք մեր միջնորդական առաքելությունը՝ հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ բերելու նպատակով: Բայց՝ ապարդյուն: Իսկ հետո՝ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվել ենք քաղաքական ու բարոյական գնահատական:

- Որպես հայ ազգայնական ինչպե՞ս եք վերաբերում ՀՀ նախագահին: Համագործակցելու ե՞ք:

- Հանուն ազգային ու պետական շահի, բայց առանց ոտնահարելու մեր գաղափարական ու բարոյական սկզբունքները պատրաստ ենք համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, ովքեր էլ նրանք լինեն: Ինչպես արդեն ասացի, մենք որեւէ նախագահի թեկնածուի չենք պաշտպանել: Ով էլ հաղթեր, մենք նույն պատրաստակամությունն էինք հայտնելու համագործակցության առումով: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում էլ ճանաչել ենք մարդկանց՝ ում հետ աշխատել ենք հանուն մեր երկրի: Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ աշխատել ենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հիմա ամեն բան կախված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից, կցանկանա՞ իրապես հզորացնել հայ ազգայնականությանը՝ կհամագործակցենք, կփորձի ՀՀԿ-ին կցորդ ինչ-որ կառույց դարձնել արմատական ազգայնականներին՝ չենք համագործակցի, ինչպես վերը նշեցի՝ սկզբունքային տեսակետից: Կլինեն առանձին պաշտոնյաներ, ովքեր կգործեն մեր նպատակների շրջանակներում՝ կհամագործակցենք նրանց հետ: Այսօր ազգայնականները նույնիսկ եվրոպական չափանիշներով ապրող երկրներում լուրջ ուժ են եւ կյանքի ու հանրային յուրաքանչյուր ոլորտում կարողանում են պիտանի լինել ազգային շահերին, դիմագրավել օտար ուժերին ու բարոյազուրկ կամ ապազգային գաղափարներին: Խոսքը իրական ազգայնականների մասին է, այդկերպ ապրող մարդկանց, ոչ թե միայն խոսող, ու որ ավելի վատ է՝ ազգայնականությունը վարկաբեկող ուժերի կամ անհատների:

- Ընդդիմության հետ ունե՞ք համագործակցության եզրեր:

- Նույն կերպ, ինչ ասացի իշխանությունների պարագայում՝ հանուն նպատակի, այլ՝ ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ ոմանց: Մեզ համար հայը հայ է՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, հավատավոր, թե աթեիստ: Կարծում եմ՝ իշխանությունն ու ընդդիմությունն էլ պիտի փնտրեն համագործակցության եզրեր:

- Իսկ հնարավո՞ր է իշխանությունների եւ ընդդիմության հետ համագործակցել միաժամանակ:

- Իհարկե: Երկու կողմերում էլ հայեր են: Միայն հակամարտելով խնդիրները չեն լուծվի: Անհրաժեշտ է հակամարտել այդ խնդիրները վեր հանելու, հրապարակայնացնելու համար, հետո՝ համագործակցել դրանք լուծելու նպատակով: Եթե իհարկե կամքը երկկողմանի է: Այլ բան է, երբ որեւէ կողմը չի ցանկանում ճիշտ համագործակցել: Հատկապես իշխանությունները կարծում են, թե համագործակցելը ամեն բանում իրենց հետ համաձայնվելն է, սեփական կարծիքը չպնդելը: Նման ոճով ազգային համերաշխության երբեք չես հասնի: Ամեն մեկն իր գործը պիտի անի, իր գաղափարա-քաղաքական ու տնտեսական մոտեցումները հետապնդի: Տեսակետները պիտի հնարավորինս համադրվեն:

- Դուք նման ձեւով եք մտածում նաեւ կրոնակա՞ն տեսանկյունից:

- Միանշանակ: Ինքս հրապարակել եմ գրքույկ, որը կոչվում է «Հայ-Արիականություն. Հեթանոսություն-Քրիստոնեություն՝ հաշտեցման եզրեր»: Բայց նախ ասեմ, որ բազմակուսակցությունը այժմ պետք է, որպեսզի բազմազան աշխարհում ամեն ուժի հետ մենք՝ հայերս հարաբերվենք յուրովի: Գոնե այսօր պետք են ժողովրդավարներ, համայնավարներ, ազատականներ ու ընկերվարականներ եւ, ի
հարկե, ազգայնականներ: Բայց սրանք պիտի սկզբունքային լինեն՝ իրական, գաղափարական, ոչ թե փոփոխական, ամեն իշխանության հետ ուսադիրը փոխող: Նույնը մեր հավատքային ոլորտում է: Այսօր հավատքի ազատության անվան տակ ինչ տիպի աղանդ ասես թափանցել է Հայաստան: Չգիտես ինչու այս հարցում աչք կարողանում են փակել, բայց այ՝ ազգային հավատի՝ հեթանոսության-արիականության առաջխաղացումը բորբոքում է շատերին: Կան կրոնավորներ, որոնք հեթանոսությունը քրիստոնեական աղանդ են համարում: Վստահ եմ, որ գիտեն թե այդպես չէ, բայց՝ ստում են: Ինչպես կարող է բացարձակ տարբեր աշխարհայացքով ու աստվածներով հավատամքը լինել մեկ այլ աշխարհայացքով ու աստծո պաշտամունքով կրոնի աղանդ: Հատկապես՝ երբ հեթանոսությունը քրիստոնեությունից շուտ է եղել… Թե որն է աղանդ՝ դեռ պիտի պարզել: Հետո անհրաժեշտ է ի վերջո կրոնը տարանջատել հավատից: Կրոնը ազգային չի լինում, այն համամարդկային է՝ անդեմ, իսկ հավատը ազգային է՝ ուրույն դեմքով, հստակ աստվածակարգով ու տիեզերածնական բնական համակարգով: Մենք՝ հայ-արիականներս, պատրաստ ենք համագործակցել նաեւ հավատամքային ոլորտում՝ ինչպես քաղաքականում ու գաղափարախոսականում: Բայց պետք է համարժեք վերաբերմունք զգանք մեր քրիստոնյա ազգակիցներից: Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ մահմեդականացված հայերի հետ ու առհասարակ ամեն հայի հետ: Ազգային միասնությունը կհաղթանակի, երբ բոլորս կլսենք բոլորիս ու յուրաքանչյուրս մեր կարողությունները (հոգեւոր, գաղափարա-քաղաքական, դրամա-տնտեսական եւ այլ) ի նպաստ կդնենք հանուն ազգի ու հայրենիքի:

Հետաքրքիր է, որ հայ արմատական ազգայնականները պատրաստ են համագործակցել ինչպես այլակարծիք քաղաքական ուժերի, այնպես էլ՝ այլ հավատքի հայերի հետ, սակայն նույնը չես ասի առավոտից իրիկուն ժողովրդավարական կամ քրիստոնեական հանդուրժողականությունից խոսող կառույցների մասին:

Վաղինակ Տերտերյան

«Փակագիծ», 29.04.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։