Իսկ սովետական բորբոսի հետքերը չեն անցնում.- «Քոսոտ երկրի» ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանն է… Քոսոտ ենք, որովհետեւ թույլ ենք տալիս, որ ռադիկմարտիրոսյանները երկիրը քաոսի վերածեն ու հետո տան մեզ, թե՝ վերցրեք՝ լուծեք, դասավորեք…

«- ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝  ընդգծելով, որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձեր կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:

- Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազար ու մի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:

Սա հատված է «Հայկական ժամանակ» թերթին տված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցից:

Բնականաբար, եղան արձագանքներ: Դրանցից ամենահակիրճը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքն էր. ««Ակադեմիկոսները թող այնպես անեն, որ մենք ունենանք ժամանակակից զենք: Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին այդ է՝ պաշտպանել իրենց երկիրը»: Հետո հիշեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Եթե ձեր գիտությունից հայ ժողովուրդը օգուտ չունի, ուրեմն թքալ եմ ձեր վրա էլ, գիտության վրա էլ»:  

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Խորենացուն մեջբերելով էր պատասխանել. «Խորենացով ասեմ՝ «փոքր, բայց հպարտ երկիր ենք», եւ մեր երկրում էլ միշտ կատարվել եւ կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ։ Ըստ երեւույթին, պարոն Մարտիրոսյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկա մրցակցության պայմաններում աշխարհում զենք արտադրող երկրները գերտերություններն են, եւ շատ դժվար է փոքր երկրների համար զենքի կամ զինատեսակի մի ամբողջական ցիկլ ունենալ։ Մենք փոքր, ուժեղ, հպարտ եւ մեծ հեռանկար ունեցող երկիր ենք»: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից զենքի արտադրության հնարավորություններին, ապա, կրթության եւ գիտության նախարարի համոզմամբ, դա փոքր երկրների դեպքում հսկայական ծախսեր է ենթադրում, բացի այդ, ըստ նախարարի, միջազգային շուկա մուտք գործելու համար բազմաթիվ դժվարություններ կան։ Լեւոն Մկրտչյանի կարծիքով, սակայն, Հայաստանը կարող է ունենալ շատ լուրջ ռազմաարդյունաբերական համալիր՝ այդ ոլորտում համագործակցելով իր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ:

Այդ օրերին առաջարկներ հնչեցին թոշակի ուղարկել ԳԱԱ-ի 80-ամյա նախագահին այս հայտարարության համար: ԿԳ նախարարը, մեղմ ասած, շատ քաղաքավարի գտնվեց. «ԳԱԱ-ն ինքնուրույն մարմին է, եւ իրենք այդ խնդիրները կարգավորում են: Ես կարծում եմ, որ մեր բազմավաստակ գիտնականներին երբեմն թույլատրելի է նաեւ վրիպում կատարելը: Այսինքն՝ նաեւ մարդու կենսագրությունը հաշվի առնելով եւ այլն: Իր ասածի իմաստն այն էր, կրկնում եմ, որ փոքր պետությունները չեն կարող ամբողջական ցիկլով նման խնդիր լուծել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը Էդմոն Մարուքյանը ելք էր առաջարկել. «Սերնդափոխություն է պետք, եթե ակադեմիայում սերնդափոխություն լինի, այդ եւ մյուս բոլոր խնդիրները կլուծվեն: Սովետական մոտեցումներից պետք է ազատվել, Խորհրդային Միության բորբոսը պետք է հանել երկրից, հենց  որ այդ բորբոսը հանենք ոչ միայն ակադեմիայից, այլ բոլոր համակարգերից, ահագին առաջ կգնանք… Եթե մի քաղաքացի աղքատության իր պայմաններից ելնելով մտածի, որ Հայաստանը քոսոտ երկիր է, կարելի է ինչ-որ տեղ այդ մարդու բարկությունը հասկանալ, չնայած բոլորը պետք է հպարտանան, որ պետություն ունենք, բայց որ Հայաստանում պաշտոնատար անձն է ասում Հայաստանը քոսոտ երկիր է, դա արդեն ծայրահեղ անընդունելի ու դատապարտելի է»: Բացի այդ՝ պատգամավորը նաեւ հավելել էր, թե որեւէ երկիր չի կարող արգելել Հայաստանին զենք արտադրել: «Նման բան չկա, մենք, իհարկե, իրավունք ունենք, դրա համար պետք է ընդամենը տնտեսություն զարգացնել, հնարավորություններ ստեղծել, ինչը մենք 20 տարի  չենք արել: Իրավունքի խնդիր չէ, հնարավորության խնդիր է, տեսլական ունենալու խնդիր է: Հիմա եթե մեկի ուղեղը սահմանափակ է, տեսլական չունի, չի պատկերացնում 21-րդ դարում ինչ կարելի է անել, դա այլ հարց է»:

Գիտության պետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը  զարմացել էր. «Բայց ես Ռադիկ Մարտիրոսյանին շատ վաղուց եմ  ճանաչում ու չեմ կարծում, որ այդպիսի բան ասած լինի: Եվ չեմ կարծում, որ նա այնքան միամիտ էր, որ նման անհեթեթ արտահայտություն թույլ տար: Նա շատ է սիրում մեր երկիրը ու համոզված եմ, որ այդպես ասած չի լինի»: Գիտպետկոմի նախագահը միաժամանակ հավելել էր, թե՝ «միանշանակ մենք ունենք  զենք արտադրելու  բավականին փորձ: Եվ խորհրդային  ժամանակշրջանում  Հայաստանը մեծ ներդրում է ունեցել զենք արտադրելու մեջ:  Լինելով փոքրիկ երկիր՝ մենք ունենք բավականին լուրջ ֆունդամենտալ գիտություն ու զենքի արտադրություն ոլորտում կարող ենք գրանցել լուրջ հաջողություններ»:

Եվ այս ամենից հետո արձագանքներն «ամփոփում» է Ռադիկ Մարտիրոսյանը՝ նկատելով, թե ինքը որեւէ միտում չի ունեցել մեր երկիրը վիրավորելու, ընդհակառակը՝ իր ամբողջ  գիտակցական կյանքը նվիրել է մեր երկրի զարգացմանը: Եվ որ իր արտահայտած «քոսոտ» բառը ազատ խոսակցության ժամանակ վրիպակ է եղել իր կողմից, որի համար ափսոսում է. «Մեր ազատ խոսակցության ժամանակ օգտագործվել է մի բառ, վիրպում է տեղի ունեցել: Անարդարացի է՝ ազատ խոսակցության ժամանակ անզգույշ օգտագործած բառը պաշտոնական հարցազրույցի մեջ մցնելը»:

Հիմա գանք սկզբից: Նախ՝ ոչ մի թյուրըմբռնում չկա. մեր երկրի ԳԱԱ նախագահը մեր երկիրը քոսոտ է անվանում: Չգիտես ինչու, բայց ինձ թվում է, որ Ռադիկ Մարտիրոսյանին զայրացրել էր ՆԱՍԱ-ի հայազգի ինժեների համոզվածությունը: Ո՜վ է թույլ տվել, որ հայազգին, թեկուզ ՆԱՍԱ-ից նման տեսակետ հայտնի: Այ, որ ռուս լիներ ասողը, այլեւս չէր քննարկվի:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, իր բնավորության համաձայն, բավականին մեղմ ու քաղաքավարի է պատասխանել: Իսկ քաղաքավարի մարդը գիտի, որ տարեցներին հարգել է պետք ու ներողամտությամբ վերաբերել է պետք նրանց զառանցանքներին:

«Լուսավոր Հայաստանի» Էդմոն Մարությանը չգիտեմ, բորբոքվել էր թե ոչ, բայց խնդրի լուծման ուղին էր տվել՝ խորհրդային Միության բորբոսը պետք է հանել մեր երկրից:

Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանն էլ էր ճիշտ, երբ ասում էր, թե չի կարծում, որ Ռադիկ Մարտիրոսյանն այնքան միամիտ է, որ նման անհեթեթ արտահայտություն թույլ տար: Գուցե Սամվել Հարությունյանը սայթաքեց, բայց ճիշտ տարբերակ հուշեց. Ռադիկ Մարտիրոսյանը միամիտ չէ եւ հենց այնպես չի ասել «քոսոտը»:

Այս ամենից կարո՞ղ եմ հետեւություն անել, որ ԳԱԱ նախագահը մեր երկիրը մտածված է քոսոտ ավանել: Իհարկե, կարող եմ: Որովհետեւ ԳԱԱ նախագահը հարցազրույց է տվել լրագրողին ու պարտավոր էր ուշադիր լինել, եւ լրագրողին հարցազրույցը ամենեւին էլ ազատ խոսակցություն չէ: Արդյո՞ք պետք է հավատալ այն տարբերակին, թե Ռադիկ Մարտիրոսյանի նման մարդը ուղղակի վրիպում է թույլ տվել:

Ոչ: Որովհետեւ նման «ազատ խոսակցությունները» ներելով՝ մենք իսկապես քոսոտ երկրի ենք վերածվում: Ներում ենք մշակութային գործիչների, դեսպանների, գիտնականների «ազատ խոսակցությունները», ինչ է թե՝ կյանք են անցել, վաստակ ունեն: Իսկ որ լրագրողն է մի վրիպում թույլ տալիս, վե՜րջ, պետական դավաճանոթյան հոդվածը պատրաստ է: Այնպես որ, Ռադիկ Մարտիրոսյանը իր տեսակի մեջ ճիշտ է. մենք քոսոտ ենք, որովհետեւ գիտելիքահենք տնտեսության զարգացումը (վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ասել չէ՞, թե տնտեսությունը պիտի գիտելիքի վրա հիմնված լինի) վստահել ենք Ռադիկ Մարտիրոսյանին, մարդու, ով իր երկրի ուժերի վրա վստահ չէ: Մարդու, ով ամեն ինչին դեռ խորհրդային խոշորացույցով է զննում եւ հաստատ մեզ խորհրդային ծավալների հետ համեմատելով է ասել քոսոտ: Բայց ա՛յն խորհրդային ծավալների, որի միջուկային էներգետիկայի, ռազմական արդյունաբերության ակունքներում հայեր են կանգնած:

Քոսոտ ենք, որովհետեւ ով ինչ բլթացնում է, չի պատժվում, կամ պատժվում է այն մարդը, շարքայինը, ում բլթոցը ոչինչ չի որոշում: Բայց Ռադիկ Մարտիրոսյանի նման մարդը այդ օրերին չէր իջնում ադրբեջանական կայքերի էջերից, բայց դրանից հետո հրապարակավ ներողություն չխնդրեց, այլ պարզաբանում տվեց լրատվամիջոցի:

Քոսոտ ենք, որովհետեւ թույլ ենք տալիս, որ ռադիկմարտիրոսյանները երկիրը քաոսի վերածեն ու հետո էդ քաոսը տան մեզ, թե՝ վերցրեք՝ լուծեք, դասավորեք: Իսկ մենք էլ սպասում ենք, թե երբ պիտի անցնի սովետական բորբոսը: Մինչդեռ բորոսն ինչքան էլ մաքրես, բորբոսահոտը մնում է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։