Թուրքական խանութ – յուների ներքին թուրքերը – Երբ թշնամու հետ գործ բռնող ադապտացված խավ ունենք… Մեր պետության պատասխանատուները չեն հասկանու՞մ, որ որոշ պաշտոնյաներ ու խանութչիներ լցնում են Թուրքիայի բյուջեն ու զինում են Ադրբեջանին հենց Հայաստանից…

Ըստ «Որոտան» պարբերականի մայիսի 5-ի թողարկման, «մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս քաղաքում ««թուրքի խանութ» բացվելու համար»: Նրանք նշել են, որ «դեմ չեն մարդկանց՝ սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի խանութ կա» խոսակցությունը»… Իսկ սա հայ մարդկանց մոտ չի կարող լարվածություն չառաջացնել՝ դրանից բխող հետեւանքներով:

Իմիջիայլոց, պետք է նշենք, որ «թուրքական խանութ» կա նաեւ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: Իհարկե, խանութի  հենց ճակատին գրված չէ թուրքական խանութ, բայց ապրանքների ճնշող մեծամասնությունը թուրքական արտադրության է (կան նաեւ 100%-ով թուրքական ապրանք ունեցողներ): Վաճառողներն անգամ «փոքրիկ գաղտնիքներ» են բացահայտում մտերիմներին, այն է՝ կան չինական կամ կորեական ապրանքներ, որոնց պիտակները թուրքական են դարձվում, որ ավելի լավ վաճառվեն, իսկ երբեմն նաեւ եվրոպական ապրանքներ են թուրքականացվում…

Ողբամ զքես հայ ժողովուրդ, այս ու՞ր ես հասել:

Երեւանում մի քանի այդպիսի խանութի եմ հանդիպել, երբեմն այցելում եմ տեսնելու, թե ինչ է կատարվում, մի անգամ նյարդայնացած լուրջ վիճաբանություն սարքեցի, քանի որ խանութում հնչող երաժշտությունն էր նաեւ թուրքական… Եվ սա Հայաստա՞նն է:

Վերջերս այդ խանութները պակասեցին կարծես, մեկն էլ օրերս պիտի փակվի, ինչպես վաճառողներն ասեցին: Իբր առեւտուրը պակասել է: Իսկ թե ինչպես են նրանք թուրքական ապրանքների գովքն անում, դա մի առանձին զզվանք առաջացնող տեսարան է: Շատ կուզենայի, որ պետական մարմիններն այս «թուրքական խանութների» փակման հետեւում կանգնած լինեին, եւ առհասարակ թշնամու ամեն բան արգելված լիներ մեր երկրում:  

Դառնալով Սիսիանի «թուրքական խանութին»՝ նշենք, որ մարդկանց մտահոգել է հատկապես այն, որ ««թուրքի խանութը» բացվել է հենց այս օրերին, երբ սահմանին հայ զինվոր է զոհվում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները պատերազմական են»: Երիտասարդների խումբը շարժվել է դեպի այդ խանութի ուղղությամբ՝ զգուշացնելու խանութի «թուրք տիրոջը», որ իրենց ուշադրության կենտրոնում են: Երիտասարդների՝ խանութի մոտ հավաքվելը եւ իրենց մտահոգությունն արտահայտելը անհամարժեք է ընդունվել խանութի աշխատակցուհու կողմից, ով փորձել է հավասարակշռությունից հանել երիտասարդներին՝ կնոջ ճվճվան ու ճղճղան մեթոդներով: Մի քանի երիտասարդ մտել են խանութ՝ բացատրելու աշխատակցին իրենց մտահոգող խնդիրը, իմանալու՝ ճի՞շտ է, արդյոք, խանութի սեփականատիրոջ՝ թուրք լինելը, սակայն աշխատակցուհին շարունակել է իր ղժղժան ձայնի հետ գործի դնելով նաեւ ձեռքերը:

Այդ պահին խանութի տարածք մտած ոստիկանության աշխատակիցը հանդարտեցրել է կողմերին: Պարզաբանում է տրվել, որ խանութի սեփականատերը թուրք չէ, տարածքը վարձակալված է, աշխատակցուհին նույնպես թուրք չէ, բայց եւ չի հերքել նրա առնչությունը ստամբուլցի թուրքի հետ, ով, ինչպես նշել են ներկաները, արդեն գնացել է Սիսիանից: Կիսելով երիտասարդների մտահոգությունը, բայց՝ հենց այս օրերին ավելորդ լարվածություն չստեղծելու հորդորով՝ ոստիկանության աշխատակիցը հավաստիացրել է, որ ամեն ինչ իրենց տեսադաշտում է, եւ մտահոգության ու անհանգստության կարիք չկա: «Երիտասարդները նշել են, որ բավարարված են իրենց տրված պատասխաններից եւ հավաստիացումներից՝ կարեւորելով այն հանգամանքը, որ իրենց մտահոգության ու մտավախության ձայնը լսելի եղավ»: Ինչպես նշել է պարբերականը. «Առիթն, իհարկե, փորձեցին օգտագործել մի քանի «խանութպաններ», ովքեր անձամբ իրենք են ապրանք բերում Թուրքիայից. նրանց, անշուշտ, նոր մրցակիցներ հարկավոր չեն: Բայց, ինչպես նշեցին հենց երիտասարդները, դա բնավ չխանգարեց, որ իրենք կարողանան իրենց ասելիքը լսելի դարձնել եւ ծառայեցնել նպատակին»:

«Լուսանցք»-ն այս թեմային միշտ անդրադառնում է, ուստի մեկ անգամ եւս ստիպված ենք հայտարարել, որ Հայաստանի սահմաններից ներս թափանցող թշնամական որեւէ երկրի ապրանքը չի կարող տեսանելի չլինել համապատասխան մարմիններին անցակետերում: Այնպես որ, ամեն ինչ պետք է սկսել մաքսակետերից…

Ուստի՝ նրանց պատասխանատվությունը, իսկ ավելի ճիշտ նրանց անպատասխանատվությունը նույնպես ակնհայտ է: Նրանք եւս նպաստում են, որ Հայաստանի բնակիչները, կամա թե ակամա, մասնակցեն Թուրքիայի բյուջեի հավելմանը եւ Անկարայի կողմից՝ Ադրբեջանի օժանդակության ավելացմանը…

Եվ այս ամենը մեր պատերազմող երկրում՝ հօգուտ մեր թշնամիների:

Կարեն Բալյան

Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը – Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի անձնակազմի թվաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ՊՆ ԳՇ պաշտոնական կայքը հաղորդում է, որ 2016թ. մայիսի 1-ի դրությամբ՝ այդ երկրի զինված ուժերում ծառայում են 613.419 զինծառայողներ, որոնցից 358-ը գեներալներ եւ ծովակալներ են:

Թուրքիայի ԶՈւ շարքերում ծառայում են 39.353 սպաներ եւ 96.593 ենթասպաներ: Ժանդարմերիայի շարքերում ծառայում են 21.597 պայմանագրային զինծառայողներ:

Թուրքիայի ԶՈւ շարքերում կրտսեր հրամանատարների թիվը կազմում է 73.716 մարդ, իսկ պահեստային սպաների թիվը՝ 7.087:

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։